[ARM]     [RUS]     [ENG]

ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ԴԱՐՁԵԼ Է ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԽՆԴԻՐ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումն անցկացվեց Լեհաստանի Կրակով քաղաքում։ Արդյունքները գնահատելը միամտություն կլիներ՝ նկատի ունենալով ադրբեջանական կողմի՝ ստանձնած պարտավորություններից անմիջապես հրաժարվելու  ավանդույթը։

Դրական տեղաշարժի մասին խոսում են միայն միջնորդները։ Նրանք իրենց հայտարարության մեջ ընդգծել են հետևյալը. արտգործնախարարներն սկզբունքորեն համաձայնել են համանախագահների վերամշակած հայեցակարգային փաստաթղթին, որը վերաբերում է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը` ցանկություն հայտնելով, որքան հնարավոր է, շուտ ավարտուն տեսքի բերել փաստաթուղթը:ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանն անհրաժեշտ համարեց արտահայտել հայկական կողմի՝ այդ կարգի բոլոր հանդիպումներին մասնակցելու կառուցողական տրամադրվածությունը։ Նա միաժամանակ նշել է, որ բանակցությունների առաջմղման նպատակով Հայաստանը համանախագահների հետ միասին շարունակելու է աշխատել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթնաժողովներում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ։ Բնականաբար, խոսքը շփման գծում լարվածության թուլացման, 1994-95թթ. զինադադարի եռակողմ անժամկետ  համաձայնագրին հետևելու, ինչպես նաև պարբերաբար դիտարկում իրականացնող Ա. Կասպշիկի գրասենյակի հնարավորությունների ընդլայնման մասին է։   

Նալբանդյանն ուշադրություն է հրավիրել մեկ այլ հանգամանքի վրա. համանախագահները տարիներ շարունակ հայտարարում են, որ իրենց կողմից փուլային իրականացմամբ փաթեթային հանգուցալուծման նպատակով առաջարկվող տարրերն ու սկզբունքները մեկ ամբողջություն են հանդիսանում և դրանցից մեկին նախապատվություն տալու փորձերն անհնարին կդարձնեն կարգավորումը։ Որքան շուտ Բաքուն գիտակցի այս իրողությունը, այնքան ավելի հեշտությամբ հնարավոր կլինի գործնական հունի մեջ դնել խաղաղ գործընթացը։ 

Պետք է որ պարզ լինի, թե ինչու է Հայաստանի արտգործնախարարը ադրբեջանցի պաշտոնակցին, ինչպես նաև համանախագահներին հիշեցրել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլային ու փաթեթային տարբերակները։ Կրակովի հանդիպումից առաջ հայտարարությամբ հանդես եկավ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նա իր տարեկան ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ հիմնախնդիրը մեկ փաստաթղթում մեկընդմիշտ հնարավոր չէ լուծել։ Անհրաժեշտ է փուլային մոտեցում, որը կարտացոլի պայմանավորվածությունն այն մասին, թե հիմա ինչ է հնարավոր, և կորոշի աշխատանքի ուղիներն այն հարցերի շուրջ, որոնք պահանջում են հավելյալ քննարկումներ՝ հանուն վերջնական կարգավորման, որն իր մեջ կներառի նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Որոշողը կողմերն են, ասել է ՌԴ արտգործնախարարը։ 

Ադրբեջանը ողջունեց Լավրովի հայտարարությունը, քանի որ ռուսական կողմը խոսել է նախկինում մերժված տարբերակի մասին, որը համընկնում է ադրբեջանական շահերին ու պատկերացումներին։ Հայաստանի ԱԳՆ-ն խոսնակի մակարդակով հակադարձեց Մոսկվային՝ շեշտելով, որ խոսքը փաթեթային լուծման մասին է՝ փուլային իրականացմամբ, ինչի մասին բազմաթիվ անգամ հայտարարել են համանախագահ երկրները։

Ստեփանակերտի արձագանքը հարցականների համար տեղ չթողեց։ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը Լավրովի հետ համաձայնել է այն հարցում, որ ժամանակ է պետք խնդրի քայլ առ քայլ կարգավորման համար, ինչն առաջին Ղարաբաղյան պատերազմից ի վեր լրջորեն բարդացել է։ Նրա խոսքով՝ ՌԴ արտգործնախարարի ասածն արմատապես տարբերվում է այն ՙփուլային՚ տարբերակից, որ պնդում է Ադրբեջանը։ Լեռնային Ղարաբաղի փուլային օկուպացում. ահա թե ինչ է պնդում Ադրբեջանը։ Բաբայանն այնուհետև հավելել է, որ հայ հասարակության մեջ ադրբեջանցիների հանդեպ ատելություն չկա, հայերն Ադրբեջանի ժողովրդին թշնամի չեն համարում։ Թշնամին ֆաշիստական ու նացիստական գաղափարախոսություն քարոզող ադրբեջանական իշխանություններն են։ Ֆաշիզմն ատելի է ոչ միայն մեզ, այլ նաև քաղաքակիրթ բոլոր երկրների համար։   

Վերը շարադրվածի համատեքստում դիտարկենք ադրբեջանական այն զարգացումները, որոնք հետևեցին Լավրովի հայտարարությանը։ Պաշտոնական մամուլի հրապարակումներից երևում է, որ Բաքուն, ոգևորված ՌԴ արտգործնախարարի հայտարարությամբ, այնուամենայնիվ, այն չի համարել Հայաստանի դեմ ուղղված ինչ-որ քայլ, մանավանդ նկատի ունենալով Հայաստանի ԱԳՆ-ի զգաստացնող արձագանքը։ Դա նշանակում է, որ ադրբեջանա-ղարաբաղյան  խաղաղ կարգավորման գործընթացում Ադրբեջանը չի կարող հույսը դնել կոնկրետ մեկ պետության աջակցության վրա։ Այս դեպքում ռուսական աջակցությունը դիվանագիտական ժեստերից այն կողմ չի անցել։ Որ Ադրբեջանը կարող է իր ուզածի չափ ռուսական զենք գնել, դրանում ոչ ոք չի կասկածում։ Բայց սրանք տարբեր բաներ են։

Ադրբեջանական պաշտոնական կայքերի տեղեկություններով՝ արտգործնախարար Էլմար Մամեդյարովն աշխատանքային այցով եղել է Ֆրանսիայում և հանդիպել եվրոպական գործերի նախարար Ժան Բատիստ Լեմուանի հետ։  Զրույցը ծավալվել է ղարաբաղյան կարգավորման ներկա փուլի շուրջ, Մամեդյարովը կարծիք է հայտնել, ըստ որի՝ Ֆրանսիայի կառավարությունը պետք է կանխի ղարաբաղյան իշխանությունների ներկայացուցիչների մուտքն այդ երկիր։ 

Կարելի է ենթադրել, որ ադրբեջանական կողմին և Մամեդյարովին՝ մասնավորապես, զայրացրել է ՙՖրանսիայում Արցախի օրեր՚ փառատոնի կազմակերպումը, որը մեկնարկեց անցյալ տարի, շարունակվում է առ այսօր և դեռ էլի կշարունակվի։ Ֆրանսիական և արցախյան քաղաքների միջև բարեկամության և համագործակցության հռչակագրերի ստորագրումը վկայում է երկկողմ կապերի ընդլայնման ու խորացման մասին։ Եթե Մամեդյարովը կարծում է, թե հնարավոր է կանխել արցախցիների մուտքը Ֆրանսիա կամ եվրոպական մեկ այլ երկիր, ուրեմն, նա բավականին հեռու է դիվանագիտությունից։ 

Արցախի հետ  երկկողմ հարաբերություններ զարգացնելը կարևորվում է ոչ միայն Ֆրանսիայում։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունը կոչ արեց իր գործընկերներին կոտրել արհեստական պատնեշները, որոնք խոչընդոտում են փոխադարձ այցելությունների իրականացմանը և հաղորդակցային կապ հաստատելու հեռանկարին։ Նա  բանաձև է ներկայացրել ԱՄՆ-ի և Արցախի միջև ազատ այցելության և հաղորդակցության մասին։ Վերջինիս հեղինակներն առաջարկում են թույլ տալ ԱՄՆ-ի տարբեր մակարդակի պաշտոնյաների այցելել Արցախ, բաց և անմիջական շփման մեջ մտնել արցախցի գործընկերների հետ։ Խրախուսել երկու կողմերի օրենսդիր և գործադիր ճյուղերը ներկայացնող պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների բաց հաղորդակցությունը, հանդիպումներն ու շփումները, հետամուտ լինել ԵԱՀԿ-ի՝ Արցախի Հանրապետության ապագային առնչվող բանակցային գործընթացներին Արցախի լիարժեք ու անմիջական մասնակցությունն ապահովելուն։ 

Բանաձևի այս վերջին մասը բավականին խոսուն է։ Կոնգրեսում կան մեր հանրապետության անկախությունը ճանաչող մարդիկ, ովքեր բանակցային ներկա ձևաչափը համարում են խեղված և առաջ են քաշում արցախյան կողմի լիարժեք ու անմիջական մասնակցության հարցը։ 

Քանի որ մեր դիտարկումը կրակովյան հանդիպմանն է վերաբերում, մասնավորապես ձեռքբերված ՙսկզբունքային համաձայնությանը՚, ապա այստեղ բավական է վկայակոչել շփման գծում հակառակորդի վերջին գործողությունները։ Հունվարի 20-ին հյուսիսային ուղղությունում ադրբեջանական կողմը հայ դիրքապահների ուղղությամբ գործողության մեջ դրեց անօդաչու թռչող սարք՝ ականանետի արկի կիրառմամբ։ ՊԲ հաղորդագրության համաձայն՝ անօդաչու սարք կիրառելուց հետո նույն ուղղությունում գործողության մեջ է դրվել ևս մեկ հարվածային ԱԹՍ, բայց այս անգամ ականանետի արկի փոխարեն՝ սովորական բաժակի մեջ կաղապարված ձեռքի սարք, այսինքն՝ տնայնագործական զինամթերք։

Ադրբեջանական ձեռագիր։ Կասպշիկի ընդլայնվող թիմը գլուխ կհանի՞ դրանից, և, առհասարակ, Ադրբեջանը պատրաստվո՞ւմ է հետևել զինադադարի պահպանմանն ուղղված  պայմանավորվածություններին։ Միջնորդներն այս մասին պիտի մտածեն, որովհետև 1994-95 թվականների զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրից հրաժարվելը Ադրբեջանի համար դարձել է սկզբունքային խնդիր, իսկ նման պարագայում կարգավորման փուլային ու փաթեթային տարբերակները կորցնում են իրենց հրատապությունը։    

    

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ