Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՔՎՈՒՄ

-Իշխանությունները լռում էին,- հռետորին ընդհատեց ինքը՝ նախագահող Գորբաչովը,- բայց միաժամանակ իրենց մոտ, Կենտկոմում խոստովանել են. եթե Ադրբեջանը չմաքրեն Ժողովրդական ճակատի ծայրահեղականներից, ապա ոչինչ չի ստացվի։ Բոլորը՝ վերևից մինչև ներքև, ահաբեկության են ենթարկվել։

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Խորհրդի նախագահից, որն, ի դեպ, կին է, ատրճանակի սպառնալիքի տակ պահանջել են փաստաթուղթ ստորագրել ԽՍՀՄ կազմից Նախիջևանի դուրս գալու մասին։

-Նրանք չէին լռում, Միխայիլ Սերգեևիչ,- շարունակեց ներքին գործերի մինիստրը,- օրինակ, նույնիսկ շատ էլ բարձր բողոքում էին, երբ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահությունն արտակարգ դրություն մտցրեց Բաքվում։ Այնպես որ, դա լռություն չէ։ Դա դիրքորոշում է, որն ամբողջությամբ և լիովին համընկնում է  Ժողովրդական ճակատի ծայրահեղականների դիրքորոշման հետ։

Կարծում եմ, բոլոր այս փաստաթղթերի մասին այսօր պետք է իմանա ղարաբաղյան կարգավորման Մինսկի խումբը։ Եվ իմանա գործուն, արդյունավետ կերպով։ Վստահ եմ, անչափ պետք է, որ իմանա։

…ԽՍՀՄ  պաշտպանության մինիստր Դ. Տ. Յազովն իր զեկույցում է՜լ ավելի կոնկրետ էր։ ՙԲաքվի իրադարձությունների նախօրեին բանդիտները թալանեցին սահմանամերձ ուղեկալների ամբողջ զինապահեստներ… Մեկ այլ տեղում նրանք առևանգեցին 133 ինքնաձիգ, 500 նռնակ, զինամթերքի ահռելի քանակ… Աղդամում ադրբեջանցիները հարձակվեցին ռադիոլոկացիոն դասակի վրա։ Զինվորներին կապեցին, գողացան 40 ինքնաձիգ և շարքից հանեցին ռադիոլոկացիոն կայանը…՚։

Պաշտպանության մինիստրը արձագանքեց իրենից առաջ ելույթ ունեցած ադրբեջանցի պատգամավորի խոսքին. ՙԿցանկանայի պատասխանել ակադեմիկոս Աբասովին, որն այս ամբիոնից հայտարարեց, թե իբր զորքերը քաղաք են մտել գիշերով, մթության քողի տակ, մտել են անսպասելի։ Դա ի՞նչ անսպասելիություն էր, եթե մի ողջ շաբաթ իրենք էին իսկական ամրոցներ կառուցում։ Կառուցում էին ոչ թե ինչ-որ մնացորդներից ու մետաղաջարդոնից, այլ ԿՐԱԶ-ներով ու ԿԱՄԱԶ-ներով, որոնց արանքում պարտադիր կարգով կանգնած էին բենզատարներ՝ կողքերից կախված դյուրավառ հեղուկի շշերով։ Մի՞թե դա կարելի է անվանել անսպասելիություն։ Գրեթե բոլոր մարդատար և բեռնատար մեքենաները, տաքսիներն ու ավտոբուսները գտնվում էին բանդիտական կազմավորումների տրամադրության տակ, որոնք զինված էին ոչ միայն զենքով, այլև կապի միջոցներով։ Ի՞նչ մթության քողի մասին, ի՞նչ անսպասելիության մասին կարող է խոսք գնալ, եթե ծայրահեղականները գիտեին զինվորականների յուրաքանչյուր քայլի մասին՚։

…Յազովի հնչեցրած յուրաքանչյուր պարբերություն ուղեկցվում էր բարձր բղավոցներով։ Դրանք մեծամասամբ հրահանգավորված կանայք էին՝ ադրբեջանական պատգամավորական կազմից։ Գորբաչովի դիտողություններին նրանք ուշադրություն չէին դարձնում։ Հանկարծ Ադրբեջանի բոլոր պատգամավորները, ակնհայտորեն հրամանով, միանգամից վեր ցատկեցին տեղերից և աղմուկ-աղաղակով լքեցին դահլիճը։ Դմիտրի Տիմոֆեևիչը շարունակեց խոսել. ՙԱփսոս, որ նրանք գնում են, այնինչ կուզենայի հենց իրենց հիշեցնել ամենաիսկական սրբապղծության մասին, երբ 49 դիակների համար հատուկ փորեցին 150 գերեզման։ Եվ այդ ամենն արվում էր իրենց վրայից պատասխանատվությունը հանելու համար։ Քարոզչական նպատակներով հորինված խոսակցություններն իսկույն ևեթ հայտնվում էին եթերում և մամուլի էջերում։ Նրանց խոսքերը բարձրաձայն կրկնում էր ընկեր Կաֆարովան (Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն Խորհրդի Նախագահության նախագահը.-Խմբ.), մեզ մեղադրելով արտակարգ դրություն մտցնելու համար։ Հարգելի շեյխը զայրույթ արտահայտեց, թե իբր մի ծեր կնոջ վրա զինվորներն արձակել են 73 գնդակ։ Ես ասում եմ հարգելի շեյխին, որ նման բան չէր կարող լինել, եկեք պաշտոնական արտաշիրմում կատարենք, ինչպես ընդունված է օրենքով։ Իսկ հարգելի շեյխն ինձ պատասխանում է, թե իրենք ունեն իրենց՝ մահմեդական օրենքը, որով արտաշիրմումն արգելված է՚։

Բաքվի արյունալի օրերին մեծ գիտնական, ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Դմիտրի Լիխաչովը, նկատի ունենալով և՜ ՙսումգայիթը՚, և՜ ՙբաքուն՚, ասաց. ՙՀիշողությունը մեզ պետք է ոչ թե վրեժի համար, այլ որպեսզի գործուն հիշեցում ունենանք մարդկության և մարդկայնության դեմ կատարված հանցագործությունների դիմաց պատժի անխուսափելիության մասին՚։ Դմիտրի Սերգեևիչը ՙսումգայիթը՚ և ՙբաքուն՚ համարում էր իսկական ցեղասպանություն, ինչպես դա եղել է 1915 թվականին։ Այն գիտակցումով, որ ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի։ Սակայն միայն Մ. Ս. Գորբաչովն էր համարում, որ Բաքվի և Սումգայիթի հանցագործությունները չի կարելի որակել որպես ցեղասպանություն։ Իբր՝ ՙձևաչափերն՚ այն չեն։ Եվ կրթությամբ իրավաբան այդ անձնավորությունը ղեկավարում էր մի երկիր, որը վավերացրել էր ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ընդունած Համաձայնագիրը ցեղասպանության և դրա համար պատիժ կրելու մասին։ Այնտեղ սևով սպիտակի վրա ձևակերպված է. ՙՑեղասպանության տակ հասկանում ենք հետևյալ գործողությունները, որոնք կատարվել են որևէ ազգային, ռասայական կամ կրոնական խմբի որպես այդպիսին լիովին կամ մասնակիորեն ոչնչացնելու մտադրությամբ… քանակական բնութագիրը որոշիչ նշանակություն չունի ցեղասպանության որակման համար և հաշվի չի առնվում վաղեմության ժամկետը։ Ցեղասպանություն է համարվում ազգային խմբի նույնիսկ մի քանի ներկայացուցիչների սպանությունը, եթե այդ սպանությունը կատարվել է տվյալ ազգային խումբը որպես այդպիսին ոչնչացնելու նպատակով՚։

Ամեն տարի հունվարին և փետրվարին սրտի ցավով հիշելով և հրապարակավ նշելով Սումգայիթի և Բաքվի ողբերգական իրադարձությունների փաստը, մենք մեր պարտքն ենք կատարում մեր հայրենակիցների հիշատակի առջև, որոնք հրեշավոր բարբարոսության զոհը դարձան։ Մինչդեռ, ինչպես ասում էր լեգենդար Մայր Թերեզան, պարտքը առաջին հերթին ՙգործողությունների մղելն է՚։ Ահա արդեն  երեսուն տարի անց՝ ՙսումգայիթից՚ և ՙբաքվից՚ հետո, մեզ գործելու է մղում կարևորագույն և պարտավորեցնող փաստաթուղթը՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի Համաձայնագիրը՝ ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատիժ կրելու մասին, առանց վաղեության ժամկետ ճանաչելու։ Իսկ դա նշանակում է, որ Սումգայիթում, Բաքվում և Բուդապեշտում հայերի ցեղասպանության կազմակերպիչների և կատարողների անվերապահ պատժումից հետո միայն կարելի է խոսել ղարաբաղյան գործուն, համակողմանի և լիարժեք կարգավորման մասին։ Այլ բան տրված չէ։

Հ.Գ. – Կասկածից վեր է, որ այն ժամանակ ԽՍՀՄ պետական անխտիր բոլոր հայտնի գործիչների ելույթները փաստարկավորված ապացուցում էին, որ Բաքվում իրենց հանրապետության ղեկավարության հովանու ներքո ադրբեջանցի ոճրագործները իրականացրեցին ցեղասպանություն։ Եվ այսօր Ադրբեջանը համառորեն հրաժարվում է ընդունել, որ Սումգայիթում, Բաքվում, Բուդապեշտում կատարվել է հայերի ցեղասպանություն, իմանալով վաղեմության ժամկետի սկզբունքի մասին։ Նրանք տեղյակ չեն, որ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի Համաձայնագրում հստակ նշվում է. ՙՎաղեմության ոչ մի ժամկետ չի կիրառվում մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ, անկախ նրանից, դրանք կատարվել են պատերազմական, թե խաղաղ ժամանակներում՚։

Դեռ Արիստոտելն է նախազգուշացրել. ՙԱնպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ՚։

Զորի ԲԱԼԱՅԱՆ

(Սկիզբը՝  ՙԱԱ՚ թիվ 5, 6)