[ARM]     [RUS]     [ENG]

ԻՆՏՐԻԳԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԼՌԵՑՆԵԼՆ Է

Իսկ ինչի՞ մասին է ակնարկում ՙԿոմերսանտը՚

 Պաշտոնական Բաքվի մտահոգության առանցքում դարձյալ նախագահական ընտրություններն են, ինչի մասին վկայում են ալիևյան վարչակազմի՝ իշխանությունը բոլոր հնարավոր միջոցներով պահպանելու  նախաձեռնությունները։ Ադրբեջանական լրատվամիջոցներն օրերս իրազեկեցին, որ նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել ապրիլի 11-ին  արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին։  

Մինչ այդ, նախագահական  ընտրությունների օր էր հայտարարված հոկտեմբերի 17-ը։ Եթե նկատի ունենանք այդ երկրում արտակարգ իրադրության բացակայության հանգամանքը, ապա կարող ենք պնդել, որ Իլհամ Ալիևը որոշել է նախատեսվածից 6 ամիս առաջ լուծել իր անձնական խնդիրը։ Հավելենք, որ  աշխարհաքաղաքական գործոնը նույնպես կարող է իր դերը խաղալ. խոսքը մարտ ամսին Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք նախագահական ընտրությունների մասին է, ինչը  որոշ չափով կարող է ՙծածկել՚ ադրբեջանական կեղծիքը։ Արտահերթ ընտրությունների առնչությամբ իշխանական հորինվածքը, որով հանդես են եկել տարբեր տրամաչափի պաշտոնյաներ, կարելի է ասել, ի ցույց է դնում նրանց մտավարժանքների ամբողջ սնանկությունը։     

Երկրի ապագայով մտահոգ առաջադեմ ուժերն իրենց վերաբերմունքն արդեն արտահայտել են. Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը որոշել է բոյկոտել արտահերթ ընտրությունները և բողոքի ակցիաներ իրականացնել։ ՙՄենք որոշել ենք բոյկոտել այս ֆարսը, որը կոչվում է նախագահական ընտրություններ, մենք դիմելու ենք ժողովրդին՝ դիմակայելու այս իշխանություններին՝ օգտագործելով բոլոր իրավական և քաղաքական միջոցները՚,- հայտարարել են ժողովրդավարական ուժերի ներկայացուցիչները։ Ազգային խորհրդի բնորոշմամբ՝ դա ընտրությունների ինստիտուտի ծաղրանք է, քանի որ վերացնում է այն ամենը, ինչ փոքրիշատե պահպանվել է այդ ինստիտուտից։ Ինչպե՞ս կարելի է նախընտրական քարոզարշավն սկսելուց ընդամենը 5 օր առաջ տեղեկացնել նման կարևորության  ընտրությունների մասին։ 

Մինչ Ալիևի շրջապատը հանրությանը մոլորեցնելու նպատակով իր ՙփաստարկներն՚ էր ժողովում, արտահերթ ընտրություններին վերաբերող հրամանագիրը մեկնաբանեց  ՙԹուրան՚ գործակալությունը՝ գրելով, որ դա կարող է թելադրված լինել գլխավորապես նրանով, որ Ալիևի կառավարման ժամանակահատվածում նախագահական ընտրություններն առաջին անգամ տեղի են ունենում տնտեսական և առհասարակ համակարգային ճգնաժամի պայմաններում, որն իշխանության համար որոշ ռիսկեր է ստեղծում։ Վերջինս ձգտում է ընտրություններն անցկացնել առանց էքսցեսների և լրացուցիչ խնդիրների ստեղծման։ Համաձայն հիշյալ գործակալության մեկնաբանության՝ արտահերթ ընտրությունները դասական ընդդիմության, ներիշխանական մրցակիցների մանևրի համար քիչ ժամանակ են թողնում, կամ էլ` ընդհանրապես չեն թողնում։ Արևմուտքի համար նույնպես, որը վերջին տարում գործողության մեջ է դրել ալիևյան ռեժիմի վրա ճնշում գործադրելու գործիքակազմ` փողերի լվացման և Վոլոնտեի գործերը, կեղտոտ դրամական հոսքերի արգելափակում։ 

Ադրբեջանական տեղեկատվական աղբյուրի մեկնաբանության մեջ կարելի է տեսնել իրականության ոչ ամբողջական արտացոլումը։ Այն, որ Ադրբեջանը հայտնվել է տնտեսական ու համակարգային ճգնաժամի մեջ, և իշխանության համար պայքարն ընթանում է ոչ միայն քաղաքացիական հասարակության կողմից, այլև բուն իշխանության ներսում, որևէ կասկած չի հարուցում։ Փաստ է նաև ալիևյան կլանի նկատմամբ Արևմուտքի ազդեցության լծակների կիրառման հանգամանքը, ինչը որոշակի դեր է խաղում հակաժողովրդավարական ուղեգիծ որդեգրած իշխանությունների քաղաքականությունը դատապարտելու գործընթացում։ 

Գործակալության հրապարակումը կարող էր անաչառ և ամբողջական լինել, եթե դրանում հստակ ներկայացված լինեին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Ալիևի ապակառուցողական դիրքորոշման, ավելի ճիշտ՝ բանակցությունները մշտապես փակուղի մտցնելու քաղաքականության բացասական հետևանքները։ Հարկ է նկատել, որ հիշյալ լրատվամիջոցը հակամարտությանն առնչվող մեկնաբանությունը ներկայացրել է ճիշտ այնպես, ինչպես իշխանությունը։ Այդ իսկ պատճառով էլ համոզմունք է հայտնել, թե արտահերթ ընտրությունները թույլ կտան օպերատիվ ձևով շարունակել բանակցային գործընթացը, որն ակտիվացել է միջազգային միջնորդների շնորհիվ և ՙմոտ ապագայում խնդրի միջանկյալ կարգավորման հեռանկարն է իր մեջ ներառում՚։  

Ղարաբաղյան խաղաղ կարգավորման ադրբեջանական տեսլականը մեզ, բնականաբար, չի մտահոգում։ Այդ երկրի իշխանություններն ապատեղակատվության միջոցով փորձում են խնդրի շուրջ թյուր պատկերացում ստեղծել ինչպես միջազգային հանրության, այնպես էլ սեփական քաղաքացիների շրջանում։ Ասենք, որ նման աշխատաոճն արդեն հակադարձվում է միջազգային հանրության կողմից, որովհետև Արցախի հետ շփումների, ինչպես նաև կոռուպցիոն գործարքների բացահայտումների արդյունքում ջրի երես է հանվել պաշտոնական Բաքվի անհեռատես քաղաքականությունը։

Իշխանական խոսափողը միացված է։ Ալիևյան վարչակազմին հավատարիմ մեջլիսական Ռասիմ Մուսաբեկովը հանրության հետ ՙկիսվելու՚ կարիքից դրդված հայտարարեց, որ իր երկրի նախագահի քայլը պայմանավորված է Ղարաբաղի շուրջ փոխզիջումներով։ Ապրիլին Հայաստանում բարձրագույն իշխանության վերաձևափոխում է սպասվում, որի արդյունքում երկրի փաստացի ղեկավար կդառնա ոչ թե նախագահը, այլ վարչապետը, և որպեսզի ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացը չերկարաձգվի մինչև հոկտեմբեր, Ադրբեջանում որոշել են փոխել ընտրությունների օրը։ Միլլի մեջլիսի պատգամավորի խոսքից պարզ երևում է, որ խաղաքարտը դարձյալ ղարաբաղյան խնդիրն է, փոխվել են միայն ձևակերպումները։ Այսինքն՝ Ալիևն առաջիկա ընտրություններում իր հաղթանակն ապահովելու համար լռեցնում է հասարակությանը, ինչպես միշտ, մեջտեղ բերելով ղարաբաղյան խնդիրը, նաև ցուցադրելով, թե իբր Ադրբեջանը շահագրգռված է խաղաղ կարգավորման գործընթացով։ Նույնիսկ չի ուզում այն ընդհատված տեսնել։           

Հարկ է նկատի ունենալ մեկ այլ հանգամանք. Ադրբեջանում իշխանության համար կլանային պայքարն ավելի է սրվել, սակայն այս խնդիրը մեծ հաշվով ադրբեջանական առաջադեմ ուժերին  այնքան էլ չի հուզում, որովհետև այդ ուժերը շահագրգռված են համակարգային փոփոխության մեջ։ Դրա վկայությունը Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի գնահատականներն ու կոչերն են։    

Նշենք նաև, որ մարտի 18-ին նախագահական ընտրություններ են սպասվում նաև Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ այդ պաշտոնի գլխավոր հավակնորդ է համարվում գործող նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս ֆոնին դիտարկենք ռուսաստանյան հայտնի ՙԿոմերսանտ՚ թերթի՝  Ալիևի հրամանագրի վերաբերյալ մեկնաբանությունը։ ՙԳլխավոր ինտրիգն այն է, որ Բաքվում և Երևանում միաժամանակյա  քաղաքական ակտիվությունը կարող է անդրադառնալ տարածաշրջանային իրավիճակի, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության վրա՚,- գրում է թերթը։  

Կարծում ենք` սա հենց թերթի քաղաքական հովանավորների ինտրիգն է. զանգվածային լրատվամիջոցն արտահայտում է Մոսկվայի դիրքորոշումը, որը, ըստ էության, հանգում է հարավկովկասյան տարածաշրջանում ՌԴ-ի դերակատարության կարևորմանը։ Ակնարկը պարզ է. Ռուսաստանի անմիջական ազդեցությամբ Հայաստանի և  Ադրբեջանի ներքաղաքական զարգացումները կարող են տարածաշրջանային կայունություն ապահովել։ 

Սա  էլ արտաքին լսարանի համար է, աշխարհի մեկ ուժային կենտրոնից մյուսին ուղղված ազդակ՝ որոշ նրբերանգներով։ Բայց արտաքին աշխարհի համար էլ գաղտնիք չէ, որ Մոսկվան շահագրգռված չէ Իլհամ Ալիևի իշխանության կորստի մեջ։  

Ավելորդ է նկարագրել, թե ինչպիսի պաթոսով է պաշտոնական Բաքուն գովազդում նախագահի գլխավոր թեկնածուին։ Քարոզարշավն սկսվեց հրամանագրի հրապարակումից անմիջապես հետո։  Փետրվարի 6-ին Ալիևն ընդունեց  Հարավային Կովկասի հարցով Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին և, առիթը բաց չթողնելով, հայտարարեց, որ նախորդ տարում երկրում բացվել է 177 հազար աշխատատեղ։ Մեկնաբանությունն, իսկապես, ավելորդ է։ Անկասկած, բռնապետական, ահաբեկչական ռեժիմի պահպանման համար հարևան երկրում օգտագործվելու են բոլոր միջոցները, այդ թվում՝ բռնարարքները։ Այդ ամենին մենք ականատես կլինենք առաջիկա երկու ամիսների ընթացքում։ Այս պարագայում առանձնահատուկ նշանակություն են ձեռքբերում  ադրբեջանական հասարակության հակազդեցությունը, ներքաղաքական պայքարի ուղղությունն ու նպատակները։ Երկրի զարգացման ընթացքը կարող են փոխել նրա քաղաքացիները, ասել է թե՝ նախագահական ընտրությունները լավագույնս են ցուցադրելու այդ հասարակության դիմադրողականության աստիճանը։  

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ