[ARM]     [RUS]     [ENG]

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ ԵՎ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔՆԵՐ

30 տարվա գոյապայքարի ճանապարհին, ի թիվս այլ հաջողությունների, Արցախը ձեռք է բերել նաև  բարեկամներ աշխարհի տարբեր ծագերում, ովքեր մեզ հետ կիսում են մեր ուրախությունը և շնորհավորական խոսքով դիմում ժողովրդին։ Տեսաուղերձով հոբելյանը շնորհավորել են.

 Էլեն ԹԵՈՀԱՐՈՒՍ, Եվրախորհրդարանի պատգամավոր. -Այսօր ես ձեզ հետ նշում եմ Ղարաբաղյան շարժման 30-ամյակը:  Ողջունում եմ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված համաղարաբաղյան հանրահավաքի բոլոր մասնակիցներին և շնորհավորում բոլորիդ,  իմ սիրելի արցախցիներ: Ես միշտ եղել ու այսուհետ էլ լինելու եմ ձեր կողքին: Ես պաշտում եմ Արցախը, հիանում եմ այդ տարածաշրջանի մարդկանցով: 10 տարի անընդմեջ այցելել եմ Արցախ և շարժման ընթացքում աշխատել եմ Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում, իսկ ձեր Զինված ուժերի կողմից Ադրբեջանի զավթողական ռեժիմի դեմ տարած փառապանծ հաղթանակն ուղղակի հիացրել էր ինձ: Ես անչափ հպարտանում եմ ձեր ձեռքբերումներով և Եվրախորհրդարանում պայքարում եմ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման համար: Սիրելի՜ հայրենակիցներ, ես միշտ ձեզ հետ եմ ու հպարտ եմ վերադառնալ Ստեփանակերտ ցանկացած պահի, երբ զգաք իմ կարիքը: Կեցցե՛ Արցախի ժողովուրդը:

 

Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ, Լիբանանի ՙԱզդակ՚ օրաթերթի խմբագիր. - Ղարաբաղյան շարժումը, համոզված եմ,  ժամանակակից պատմության ամենաբախտորոշ իրադարձությունն է, որ մեզ վերակերտեց իբրեւ ազգ եւ պետականություն։ Այն փոխեց հայկական աշխարհը, ստեղծեց պետականություն և երաշխավորեց մեր հայրենիքի անվտանգությունը` ամբողջ Սփյուռքի մտայնությունը փոփոխության տանելով դեպի հայրենակենտրոն մտածողություն:   Արցախցիներդ մեզ ուժ ու կորով եք տալիս՝ նպատակաուղղված աշխատելու առումով: Մենք ձեր կողքին ենք և բոլորս միասին ծառայում ենք Արցախի Հանրապետությանը: Շնորհավորում եմ Շարժման 30-ամյակի առթիվ և նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ եմ մաղթում:

 

Դեյվիդ ՎԱԼԱԴԱՈ, ԱՄՆ կոնգրեսական. -30 տարի առաջ Արցախի ժողովուրդն սկսեց Ղարաբաղյան շարժումը` հիմք դնելով Խորհրդային Միությունում առաջին իրապես ժողովրդավարական գործընթացին: Այդ շարժման շնորհիվ միլիոնավոր մարդիկ ձեռք բերեցին երկար փայփայած ազատությունը: Մենք ասացվածք ունենք Ամերիկայում՝ ազատությունը հենց այնպես չի տրվում: Անցյալ տարի ես այցելել եմ Արցախ և անընդհատ զարգացող, ժողովրդավար Արցախի Հանրապետության ակնատեսն եմ եղել: Մի հանրապետության, որը դեռևս պայքարում է պատերազմի արհավիրքները վերացնելու համար: Արցախի ժողովուրդը տպավորել է ինձ իր բարությամբ և ժողովրդավարության ձգտումով: Ես ու իմ կոնգրեսական գործընկերները շարունակելու ենք աջակցել ձեր ջանքերին միջազգային ճանաչում ձեռք բերելու, անվտանգ ու բարգավաճ հայրենիք կառուցելու համար: Մենք անհամբեր սպասում ենք տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատմանը: Հակամարտության մեջ ներգրավված բոլոր ժողովուրդները միայն շահելու են ձեր` ազատության և խաղաղության հասնելու աննկուն կամքից: Ընդունեք լավագույն մաղթանքներս այս լավագույն առիթի կապակցությամբ:  

 

Ֆրանկ ԷՆԳԵԼ, Եվրախորհրդարանի պատգամավոր. -Երեսուն տարի առաջ այս օրը մարդիկ դուրս եկան հրապարակ`պահանջելու պատմական արդարության վերականգնումը: Սակայն ժողողվրդի այս պահանջը չլսվեց, փոխարենը պատերազմ եղավ, որի արդյունքում դուք հաղթեցիք, հաղթահարեցիք դժվարությունները մեծ զոհողությունների գնով։ Արդյունքում ունեցաք ձեր սեփական պետությունը, ժողովրդավարությունը, սեփական ինստիտուտները, ձեռք բերեցիք ապագայում ձեր սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը: Շնորհավորում եմ տոնի կապակցությամբ: Բարձր եմ գնահատում այն բոլոր ջանքերը, որ դուք գործադրել եք 30 տարիների ընթացքում: Պինդ եղե՜ք, մենք ձեզ հետ ենք։