[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐՔԻՆ ՈՒ ԱՐՏԱՔԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՆՐԱ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԴԱՐՁՆՈՒՄ ԵՆ ԱՌԱՎԵԼ ԱԳՐԵՍԻՎ

Ադրբեջանի նախագահական ներկայիս ընտրարշավի ընթացքին վերաբերող քաղաքական գնահատականները գրեթե նույն բովանդակությունն ունեն, ինչ ունեին նախորդ նախագահական ընտրությունների առնչությամբ միջազգային կառույցների կողմից հնչեցված կոչերն ու հայտարարությունները։

Հիշենք ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի, Եվրոպայի խորհրդի, Վենետիկյան հանձնաժողովի եզրակացություններն առ այն, որ ադրբեջանական իշխանությունների համար անընդունելի է ժողովրդավարական բարեփոխումների, ազատ ու թափանցիկ ընտրությունների գաղափարը, որի պատճառով էլ նրանք ընդդիմանում են ժողովրդի կամքի ազատ արտահայտմանը, խոչընդոտում քաղաքական մրցակցության համար անհրաժեշտ միջավայրի ստեղծմանը։ Սրանից կարելի է պարզ հետևություն անել. Ադրբեջանի ղեկավարությունն ի վիճակի չէ ապահովել երկրի բնականոն զարգացումը, նրա քաղաքական ուղեգիծը չի համատեղվում իր քաղաքացիների պահանջներին ու ձգտումներին, հետևապես, նման իշխանությունը դառնում է վտանգավոր ինչպես հասարակության, այնպես էլ տարածաշրջանի ժողովուրդների համար։   

Ծանոթանալով միջազգային կազմակերպություններից մեկի՝ ՙԸնտրությունների դիտարկման և ժողովրդավարության ուսուցման կենտրոնի՚ հայտարարությանը, որում ներկայացված է Ադրբեջանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների շուրջ ստեղծված պատկերը, դժվար չէ նկատել այն շեշտադրումները, որոնք վկայում են երկրի իշխանությունների որդեգրած քաղաքական անփոփոխ ուղեգծի մասին։ Հայտարարությունում գլխավորապես հետևյալ միտքն էր ընդգծվում. ադրբեջանական հիմնական ընդդիմադիր ուժերի կողմից ընտրությունները  բոյկոտելու և ՙՀանրապետական այլընտրանք՚ շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի բանտարկված լինելու հանգամանքը թույլ են տալիս եզրակացնել, որ այս ընտրություններն անցկացվելու են  առանց քաղաքական այլընտրանքի։    

Ադրբեջանական իշխանություններն իրենց նախընտրական քարոզարշավը երբեք  չեն պատկերացրել առանց հայկական կողմին ուղղված սպառնալիքների, ըստ երևույթին, կարծելով, թե այդպես ավելի հեշտ է արժանանալ քաղաքացիների հանդուրժողական վերաբերմունքին։ Այդ իշխանությունները խոսում են հայկական տարածքներին ՙտիրանալու՚ մասին, որովհետև չեն ցանկանում խոսել իրենց երկրի տնտեսական անկման, սոցիալական լարվածության, ժողովրդավար  աշխարհի հետ ունեցած հակասությունների մասին։ Կարծում ենք` ուշադրության են արժանի Moody’s միջազգային վարկանիշային կազմակերպության կողմից Ադրբեջանի տնտեսական ցուցանիշների վերաբերյալ վերջերս հրապարակված տեղեկությունները։ ՙՏնտեսական դիվերսիֆիկացման հեռանկարներ՚ խորագրով զեկույցում նշված է, որ ադրբեջանական մասնավոր բանկերը կապիտալի ավելացման կարիք ունեն, հակառակ դեպքում կկանգնեն փակվելու ռիսկի առաջ։ Ըստ կազմակերպության ուսումնասիրությունների՝ բանկերի վարկավորման հնարավորությունները խիստ սահմանափակ են, ինչն իր ազդեցությունն է ունենում տնտեսական ընդհանուր ցուցանիշների վրա։ Ադրբեջանի ֆինանսական շուկաների վերահսկիչ պալատի փոխանցմամբ՝ 2018-ի հունվարի 1-ի դրությամբ բանկային մասնաճյուղերի թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 60-ով։ 

Ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցն անդրադարձել է ֆինանսների նախարարության տեղեկություններին՝ գրելով, որ, ըստ պաշտոնական տվյալների, հունվարի 1-ի դրությամբ երկրի արտաքին պետական պարտքը կազմում է 16 միլիարդ մանաթ, նախորդ տարվա համեմատ այն աճել է 4 միլիարդով։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ադրբեջանցի շատ  տնտեսագետներ գտնում են, որ պաշտոնական այս տվյալները ամբողջությամբ չեն արտացոլում իրականությունը, շատ ավելի մեծ թիվ է կազմում արտաքին պարտքը։      

Դառնանք վերը նշված կազմակերպության հայտարարությանը, որում լավագույնս են արտացոլվել ադրբեջանական ներկա իրողությունները, մասնավորապես բռնապետական վարչակարգի քամահրական վերաբերմունքը  ժողովրդավարական բարեփոխումների պահանջ ներկայացնողների նկատմամբ։ ՙԸնտրությունների դիտարկման և ժողովրդավարության ուսուցման կենտրոնի՚ դիտարկումներով՝ Ալիևի հրամանագիրն ընտրություններին նախապատրաստվելու որոշ դժվարություններ է առաջացնում բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ հնարավոր թեկնածուների, ինչպես նաև տեղական և միջազգային դիտորդների համար։ Ընտրությունների նշանակումը մեկ անձի կողմից, ով հանդիսանում է այդ ընտրություններում շահագրգիռ կողմ, չի համապատասխանում ժողովրդավարական կառավարման կանոններին։ Ժողովրդավարության տեսանկյունից նրա քայլերը չեն կարող օրինական համարվել։ Կազմակերպությունն այնուհետև ուշադրությունը սևեռում է խոսքի ազատության և քաղբանտարկյալների խնդիրներին. Ադրբեջանում կա ավելի քան 140 քաղբանտարկյալ,  2017-ի մարտից արգելափակվել են մի շարք զանգվածային լրատվամիջոցների կայքեր, քաղաքացիական ակտիվիստները ենթարկվում են հետապնդումների, բացակայում է ժողովրդավարական մթնոլորտը։  2013-ի հոկտեմբերին կայացած նախագահական ընտրություններից հետո քաղաքացիական ակտիվիստների և իրավապաշտպան կազմակերպությունների նկատմամբ շարունակվել են քաղաքական ճնշումները, ինչը մասնավորապես խոչընդոտել է ընտրությունների տեղական մոնիտորինգի պատշաճ կազմակերպմանը։ Հայտարարության մեջ կոչ է արվել վերականգնել արտասահմանյան ռադիոկայանների գործունեությունը և դադարեցնել անկախ լրատվամիջոցների կայքերի արգելափակումը, պետական հեռուստատեսությամբ եթերաժամեր տրամադրել քաղաքական ուժերին, այդ թվում՝ ընտրություններին մասնակցելու հայտ  չներկայացրածներին։ 

Նախագահական ընտրարշավը չափազանց կարևոր է ալիևյան կլանի համար, ասել է թե՝ նման հայտարարությունները չեն կարող որևէ կերպ փոխել նրա քաղաքական օրակարգը։ Նրա սպառված բառապաշարում սպառնալիքներն են, չհիմնավորված հավակնությունները հայկական պատմական տարածքների նկատմամբ: Այսպես կոչված ադրբեջանցի պատմաբանը կարող է հայտարարել, թե Կովկասում երբեք հայկական պետություն չի եղել։ Այդ երկրի քաղաքական վերնախավի համար պետք է որ հասկանալի լինի, որ նման անհեթեթությունները լուրջ չեն ընդունվում ո՜չ Ադրբեջանում, ո՜չ էլ նրա տարածքներից դուրս։  

Եվս մեկ անգամ արձանագրենք, որ ադրբեջանական քարոզչության մեջ կենտրոնական տեղ է զբաղեցնում  ռազմական հռետորաբանության բաղադրիչը։ Ամեն անգամ զենքի նոր խմբաքանակ ստանալուց հետո պաշտոնական Բաքուն գործի է դնում սպառնալիքների լեզուն։ Երևանն ու Ստեփանակերտը միջազգային հանրության ուշադրությունը սևեռում են այդ իրողության վրա՝ մատնացույց անելով Բաքվի՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին հակազդող քաղաքականությունը։       

Որքան շատ է ժողովրդավար հանրությունը դատապարտում Ադրբեջանին, այնքան ավելի ագրեսիվ է դառնում նրա ղեկավարության վարքագիծը։ Իլհամ Ալիևի դեպքում այդ ագրեսիվությունը վերածվել է աննորմալ, հոգեկան հավասարակշռությունը կորցրած մարդու պահվածքի։

Գուցե հենց այս ագրեսիվությունը նկատի ունենալո՞վ է ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Դեն Քոաթսն իր զեկույցում նշել, որ 2018-ին չի բացառվում իրադրության սրացում Լեռնային Ղարաբաղում։ Առկա լարվածությունը կարող է վերաճել լայնամասշտաբ ռազմական հակամարտության Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչն իր հերթին կարող է դրդել Ռուսաստանին աջակցություն ցուցաբերել իր տարածաշրջանային ռազմավարական դաշնակցին։ Զեկույցում նշված էր, որ ռազմական արդիականացմանն ուղղված Ադրբեջանի չդադարող ջանքերը և Հայաստանի կողմից ռուսական սպառազինության ձեռքբերումն այն գործոններն են, որոնք 2018-ին պահպանելու են լայնածավալ բախումների վտանգը։ 

Ինչ խոսք, այստեղ իրենց զգացնել են տալիս երկու ուժային կենտրոնների միջև առկա մրցակցությունը, բայց, դրա հետ մեկտեղ, ի ցույց են դրվում ռազմական ներուժի բազմապատկմանն ուղղված Ադրբեջանի գործողությունները։ Ամերիկյան կողմն ավելի անաչառ կլիներ, եթե, փաստն արձանագրելուց բացի, որպես համանախագահող պետություն, նաև ապառազմականացման կոչ ուղղեր ադրբեջանական ղեկավարությանը։   

Հարևան երկրի սպառնալիքներին Արցախը, որպես կանոն, հակադարձում է հավուր պատշաճի։  Փետրվարի 13-ին Ստեփանակերտում Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված հանրահավաքին ունեցած ելույթում ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը գնահատական տվեց պաշտոնական Բաքվի քաղաքականությանը՝ ի մասնավորի ընդգծելով, որ Ադրբեջանը չի հրաժարվում արցախյան խնդիրն ուժային տարբերակով լուծելու իր նպատակներից. դիմում է սադրանքների, ամեն օր խախտում  զինադադարի ռեժիմը, ագրեսիվ քաղաքականություն վարում Արցախի և Հայաստանի դեմ՝ տեղեկատվական, քաղաքական, դիվանագիտական և այլ հարթություններում։ Իսկ 2016-ի ապրիլին անցնելով լայնածավալ հարձակման` Ադրբեջանը պլանավորում էր սրընթաց պատերազմի միջոցով ոչնչացնել արցախյան պետականությունը։  Բոլոր այդ փորձերը ձախողվեցին, թշնամին հետ շպրտվեց` տալով զգալի մարդկային, նյութական և բարոյական կորուստներ։ Այդպես եղել է և այդպես կլինի ընդմիշտ։ Դրա երաշխիքը մեր հզոր բանակն է, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, իր երկիրը և հուսալի ապագան սեփական ուժերով կերտող մեր ժողովուրդը, հայրենիքի պաշտպանության ժամանակ կոփված հայրենասեր ու հզոր անկախության սերունդը։ 

 

 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ