[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐ՝ ԶՍՊՄԱՆ ՓՈԽԱՐԵՆ

Դասական բռնապետություն համարվող Թուրքիայում գնալով ավելի է մեծանում իշխանության և հասարակության միջև անջրպետը, երկրի ղեկավարը դառնում է ավելի ագրեսիվ ու վտանգավոր։

Այս միտումն իրեն զգացնել տվեց դեռևս 2016թ. հուլիսյան պետական հեղաշրջման փորձի ձախողումից հետո, երբ նախագահ Էրդողանը իրավապահ համակարգը գործի դրեց ամենայն խստությամբ՝ պատժի տարբեր տեսակներ կիրառելով տասնյակ հազարավոր մարդկանց նկատմամբ։ Նրանցից շատերն ազատազրկման ենթարկվեցին, իշխանությունը դաժան գտնվեց հատկապես զինվորականների նկատմամբ։ Թուրքական աղբյուրների իրազեկմամբ՝ վերջերս էլ դատարանը մեղավոր է ճանաչել և ցմահ ազատազրկման դատապարտել հեղաշրջման փորձին մասնակցած ռազմածովային ուժերի 65 սպաների, որոնցից 47-ը իրենց պատիժը կկրեն առավել խիստ պայմաններում։

Նկատելի է մեկ այլ միտում. հայրենիքից հեռու և մանավանդ եվրոպական երկրներում ապրող թուրքերն առավել մեծ ակտիվությամբ են քննադատում էրդողանյան վարչախումբը՝ համարելով այն արգելակ երկրի զարգացման ու ժողովրդավարացման ճանապարհին։ Օրինակ, Գերմանիայում անցյալ տարվա սեպտեմբերին երկու հեղինակավոր  համալսարանների կողմից անցկացված սոցիոլոգիական հարցման տվյալներով՝ այդ երկրի քաղաքացիություն ունեցող թուրքերը մեծ համակրանք ունեն կանցլեր Անգելա Մերկելի նկատմամբ, իսկ Էրդողանին ընդունում են որպես անհանդուրժելի բռնապետ։ Հայկական աղբյուրի փոխանցմամբ՝ Գերմանիայի թուրք քաղաքացիների 35%-ը քվեարկել է երկրի քաղաքական դաշտում ազդեցիկ դերակատարություն ունեցող Սոցիալ-դեմոկրատական և Ձախերի կուսակցությունների օգտին, իսկ Թուրքիայի իշխող ՙԱրդարություն և զարգացում՚ կուսակցության հետ լավ հարաբերություններ ունեցող ՙԳերմանացի դեմոկրատների դաշինքին՚ սատարել է նրանց 12%-ը։ Սոցհարցման մասնակիցների 66%-ը դեմ է արտահայտվել Թուրքիայի եվրաանդամակցությանը։ Հարցման արդյունքներն ամփոփելուց հետո համալսարանականները հայտարարել են, որ Մերկելը Գերմանիայի թուրքերի համար ավելի ընդունելի քաղաքական գործիչ է, քան Թուրքիայի ներկա ղեկավարը։ 

Եվ ինչքան շատ է ընդգծվում  Թուրքիայի հանդեպ ժողովրդավար աշխարհի վերաբերմունքը, այնքան կատաղի է դառնում թուրքական արձագանքը։ Մյուս կողմից էլ մերձավորարևելյան տարածաշրջանի իրողություններն են նրան մղում ագրեսիվ քայլերի, ինչի արդյունքում այդ երկրի քաղաքականությունը դառնում է ավելի վտանգավոր։  

Աչքի առաջ ունենանք վերջերս Անկարայում ԱՄՆ դեսպանատան վրա ահաբեկիչների հարձակումը, որի նախաձեռնողը ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումն էր։ Հաղորդագրություն տարածվեց մեկ տասնյակից ավելի ահաբեկչի ձերբակալության մասին։ Թուրքական իշխանությունների և ծայրահեղական իսլամիստների փոխգործակցության հավաստիության մասին փաստարկները հիմնավորում են ահաբեկչական այդ հարձակման և Թուրքիա-Արևմուտք հակասությունների միջև կապը։ Վերհիշենք ոչ հեռավոր անցյալում Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը։ Ուրեմն, երբ թուրքական կողմը խնդիրներ է ունենում համաշխարհային ուժային կենտրոնների հետ, դիմում է ահաբեկչական գործողության։ Սա թուրքական ձեռագիր է, ահաբեկչական պետությանը յուրահատուկ մարտավարություն։ 

Լինելով Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ, Թուրքիան ժամանակ առ ժամանակ, պահի թելադրանքով, սերտացնում է կապերը Մոսկվայի հետ, և դա հատկապես ընդգծվեց սիրիական հակամարտության ֆոնին, որի նպատակը Մերձավոր Արևելքում սեփական քաղաքական նկրտումների իրագործումն է։ Այս քաղաքականությունը մի դեպքում նպաստում է Էրդողանի ծրագրերի առաջմղմանը, մեկ այլ դեպքում էլ հակառակ արդյունքն է տալիս։ Թուրքիայի նախագահը փորձում է խուսանավել աշխարհի ուժային կենտրոնների միջև՝ ինքն էլ հայտնվելով նրանց մրցակցային պայքարի կիզակետում։ Այս հարթությունում դիտարկենք ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման ուղղությամբ թուրքական ջանքերի հետևողականությունը և դրանով պայմանավորված խնդիրների ի հայտ գալը։ ՀՕՊ համակարգերի առաջին խմբաքանակի մատակարարման վերաբերյալ ռուս-թուրքական պայմանագրով՝ չորս մարտկոցներից երկուսը Թուրքիա կհասցվեն 2020 թվականին։ Պայմանագրի արժեքը կազմում է 2,5 միլիարդ դոլար։ Օրերս Էրդողանն անդրադարձել է Սպիտակ տան այն հայտարարություններին, ըստ որոնց՝ ամերիկյան կողմը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ, եթե վերջինս չհրաժարվի Ռուսաստանից հակաօդային պաշտպանության համակարգերի գնման մտադրությունից։ ՙԹող նրանք հարգանք ցուցաբերեն մեզ համար նուրբ հարցերի նկատմամբ, նրանք, ովքեր քննադատում են մեզ S-400 համակարգերը գնելու համար, նախ թող իրենց նայեն։ Հունաստանի հարցում ինչո՞ւ ձայն չեք հանում, բայց Թուրքիայի դեպքում ասացիք, որ չեք թողնի գնել այդ համակարգերը՚, -ասել է Էրդողանը՝ զգուշացնելով, որ ինքը հետամուտ է լինելու իր ծրագրերի կյանքի կոչմանը։ Կարելի է կռահել, թե ինչ է ակնարկում  Էրդողանը՝ ՙնուրբ հարցեր՚ ասելով, հասկանալի է նաև Արևմուտքի բացասական վերաբերմունքը։ ՆԱՏՕ-ում գտնվելը դեռ չի նշանակում  դաշինքի գլխավոր դերակատարի հովանավորությամբ ագրեսիվ ծրագրեր իրականացնել հարևան պետության դեմ։     

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հանդես է եկել սպառնալիք հիշեցնող մեկ այլ հայտարարությամբ: Նա Վաշինգտոնի ուղղությամբ ազդակ է ուղղել առ այն, որ Սիրիայում ՙԻսլամական պետություն՚ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը ԱՄՆ-ն վերածել է թատերական ներկայացման՝ դարձնելով պայքար Թուրքիայի դեմ։ Այս մասին տեղեկացրել է թուրքական ՙԱնադոլու՚ գործակալությունը՝ մատնացույց անելով հայտարարության դրդապատճառը՝ ԱՄՆ-ի մտադրությունը՝ շարունակելու ֆինանսական աջակցությունը Սիրիայի քուրդ զինյալներին՝ ՙՔրդական ժողովրդի պաշտպանության ուժերին՚։  Էրդողանն այս անգամ խոսել է թվերի լեզվով. ՙԻՊ՚-ի դեմ պայքարում ամերիկացիները ծախսել են կես միլիարդ դոլար, հիմա էլ նպատակ ունեն այդ թիվը հասցնել 3 միլիարդի։ Բայց այդ ընթացքում նրանք քանի՞ ահաբեկիչ են սպանել, հռետորական հարց է հնչեցրել Էրդողանը։ Միաժամանակ անդրադարձել է ամերիկյան հրամանատարի խոսքերին, ըստ որոնց՝ եթե Սիրիայում թուրքական զինված ուժերն իրենց հարվածեն, պատասխանը չի ուշանա։  Այդպես խոսում են նրանք, ովքեր դեռ չեն տեսել օսմանյան բռունցքը, հոխորտացել է Թուրքիայի նախագահը և ահաբեկիչներին չաջակցելու խորհուրդ տվել հյուսիսատլանտյան իր դաշնակցին։ Չբավարարվելով դրանով՝ կոչ է ուղղել Միացյալ Նահանգների ժողովրդին՝ հակազդելու այդ քաղաքականությանը, քանի որ գումարները գալիս են բյուջեից, այսինքն՝ մարդկանց գրպաններից։ 

Այս վերջին արտահայտությունը, իրոք, զավեշտ է. քուրդ զինյալին կարելի է ահաբեկիչ համարել և զայրույթով ընդունել նրանց հանդեպ ցուցաբերվող ամերիկյան  աջակցությունը, բայց չխոսել քաղաքակիրթ աշխարհին սպառնացող իսլամիստ ծայրահեղականների մասին, որոնց էլ հենց Թուրքիան է աջակցում։ Էրդողանին զայրացնում է արևմտյան դաշնակիցների կողմից իր թշնամիներին՝ քրդերին պարբերաբար ցուցաբերվող ֆինանսական օգնությունը, բայց նա չի մտածում, որ նույն ձևով ինքն է ՙմտնում՚ իր ղեկավարած երկրի քաղաքացիների գրպանները։ Եվ ոչ միայն, նրանց զրկում է ազատ մտածելու իրավունքից։ 

Աշխարհի ուժային կենտրոնների  հետ թուրքական պետության հարաբերությունների համատեքստում հարկ է անդրադառնալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մարտի 1-ի ելույթին, որում նա, ցուցադրելով իր երկրի ռազմական ներուժը, Արևմուտքին զգուշացրել է, որ Ռուսաստանի և նրա դաշնակիցների դեմ միջուկային զենքի ցանկացած կիրառում դիտվելու է որպես հարձակում։  Ռուսական ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար, փորձագետ Անատոլի Ցիգանոկը News. am-ի հարցադրումներին ի պատասխան հանդես է եկել մեկնաբանությամբ՝ մասնավորապես շեշտելով, որ եթե որևէ մեկը հարձակվի ՀԱՊԿ-ի անդամ երկրներից որևէ մեկի, ասենք, Հայաստանի վրա, ապա Մոսկվան անպայման դրան կարձագանքի և իր դաշնակցին պաշտպանելու համար համապատասխան միջոցներ կձեռնարկի։ Այն հարցին, թե իրականում ինչ է նկատի ունեցել Ռուսաստանի ղեկավարը՝ խոսելով ոչ այնքան սովորական հարձակման, որքան միջուկային զենքի կիրառման մասին, Ցիգանոկը միտքը պարզեցրել է. ամերիկացիներն անընդհատ հայտարարում են, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինեն նույնիսկ մարտավարական միջուկային զինամթերք կիրառել։ Արևելյան Եվրոպայում նման 200 զինամթերք է մնացել, որոնցից 30-ը՝ Թուրքիայում։ 2016թ. Էրդողանի իշխանությունը տապալելու անհաջող փորձից հետո ամերիկացիները Թուրքիայի տարածքից դուրս են բերել այդ զինամթերքը, քանի որ Արևմուտքի հետ հակասությունների խորացմանը զուգահեռ պակասել է նաև փոխվստահությունը։ 

Ռուս փորձագետին կարելի էր ևս մեկ հարց տալ՝ արդյո՞ք Ռուսաստանի կողմից ավելացել է այդ երկրի հանդեպ վստահությունը և մի՞թե արդարացված քաղաքականություն է Թուրքիային հակաօդային պաշտպանության համակարգերի տրամադրումը։ Մերձավորարևելյան և հարավկովկասյան տարածաշրջաններում  իրավիճակի ապակայունացման գլխավոր գործոնը հենց այս պետությունն է, որի քաղաքականությունը հղի է աներևակայելի հետևանքներով։ Թուրքիային զսպելը աշխարհի ուժային կենտրոնների համար դառնում է հրամայական, բայց, դժբախտաբար, տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահեր հետապնդող պետությունները ելնում են ոչ թե այս իրողությունից, այլ  առաջնորդվում են գլխավորապես քաղաքական հաշվարկներով։                          

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ