[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՏԵՐԱԶՄ... ԹԵ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ

Ապրիլյան պատերազմի երկրորդ տարելիցի նախօրյակին փորձ արեցի գնահատել առաջատար քաղաքական գործիչների, կուսակցությունների, Հայաստանի ու Արցախի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների, քաղաքագետների, վերլուծաբանների եւ լրագրողների գաղափարական եւ քարոզչական գործունեությունը 2016թ. մարտ -2018թ. մարտ ընկած ժամանակահատվածում։

Հայաստանի տպագիր եւ էլեկտրոնային տասնյակ լրատվամիջոցներում հրապարակված հարյուրավոր հոդվածների, հայտարարությունների եւ մեկնաբանությունների հիման վրա ուսումնասիրվել են Հայաստանում 2016թ. մարտ ամսին տիրող քաղաքական եւ բարոյական մթնոլորտը, պատերազմին հասարակության պատրաստությունը եւ հասարակական-քաղաքական տրամադրությունների փոխակերպումը մինչեւ 2018թ. մարտը ժամանակահատվածում։

Իհարկե, այս հոդվածի ձեւաչափում հնարավոր չէ ներկայացնել մանրակրկիտ վերլուծություն, ուստի կնշեմ միայն ավելի ընդհանուր հետեւություններ եւ եզրակացություններ։ Ամենեւին չհավակնելով լինել ճշմարտության վերջին ատյան, իսկ գուցե եւ հենց այդ պատճառով, կցանկանայի, որ նշված թեման դառնար լայն քննարկման առարկա եւ պետական շինարարության բոլոր ոլորտներում կոնկրետ եւ արդյունավետ քայլերի ազդակ։

Եթե շատ հակիրճ բնութագրենք 2016թ. մարտ ամսվա հրապարակումների հասարակական-քաղաքական տրամադրությունները, ապա դա զգոնության կատարյալ կորուստն է, մոտեցող պատերազմի իրական սպառնալիքները ընկալելու ցանկության բացակայությունը եւ անկարողությունը։ Հանդիպում ենք տասնյակ հոդվածների, որ հիմնավորում, ապացուցում, համոզում եւ երաշխավորում են Արցախի անվտանգությունը։ Առանձնացնեմ նախապատերազմական իրավիճակի գնահատման երեք ուղղություն։

Առաջին. Ադրբեջանը թույլ է կամ  բավարար գիտակից, որպեսզի չվերսկսի պատերազմը։

Երկրորդ. Հայկական բանակը բավական ուժեղ եւ պատրաստված է, որպեսզի օպերատիվորեն եւ առանց շոշափելի մարդկային եւ նյութական կորուստների կասեցնի ցանկացած ագրեսիա։

Երրորդ. Մեղմ ասած` միամիտ իդիոմ, որ ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում։

Ի հակակշիռ այդ տրամաբանության, ապրիլյան պատերազմը եղավ անսպասելի, բայց այն ստիպեց, որ մենք բաց խոսենք կուտակված հիմնախնդիրների եւ պետական, մասնավորապես՝ բանակային շինարարության թերացումների մասին, այն մասին, որ հնարավոր չէ գոյատեւել եւ զարգանալ գոյություն ունեցող հիմնախնդիրները քողարկելու և դրանք անտեսելու պայմաններում։

Ասես ճգնելով լրացնել բացը` ապրիլյան հրատարակությունները հեղեղված էին հարյուրավոր տեղեկատվական եւ վերլուծական հոդվածներով, որոնցից կառանձնացնեմ հետեւյալ հետեւությունները եւ դասերը.

առաջին. հոգեւոր եւ բարոյական արժեքների կորստի մասին բոլոր դատողություններն անհիմն էին։ Պատերազմի առաջին իսկ օրը բացահայտեց հանուն հայրենիքի մինչեւ վերջ կանգնելու պատրաստակամություն։ Այն, ինչ կատարեցին 18-20 տարեկան մեր զինվորները, խիզախություն է հանուն հայրենիքի, դա պատիվ է ցանկացած ազգի համար։ Եւ ամենակարեւորը՝ դա պետք է յուրաքանչյուրիս համար օրինակ լինի։

Երկրորդ. մենք քաջ, օժտված, ծանրագույն պահերին համախմբվելու ընդունակ ժողովուրդ ենք։ Բայց եկեք այդ մասին չհիշենք միայն այն ժամանակ, երբ պատերազմը բախում է մեր դռները։ Թեկուզեւ փխրուն խաղաղության, բայց անցած ավելի քան երկու տասնամյակները չօգտագործված հնարավորությունների եւ լուրջ կորուստների ժամանակ էին։

Երրորդ. ժամանակակից պատերազմը, ռազմականից բացի, ունի եւս երեք ոչ պակաս կարեւոր գործոն՝ տնտեսական, դիվանագիտական եւ տեղեկատվական։

Եւս մի կարեւոր դաս՝ մենք հասկացանք, որ ինքներս պետք է լուծենք մեր հիմնախնդիրները։ Ոչ մի ռուսական գումարտակ չի զոհվելու մեր հայրենիքի համար, ոչ մի օտարերկրյա կապիտալ մեզ անվերադարձ չի նվիրվելու։ Արտաքին ամենատարբեր կառույցներին հասկանալու, օգնելու, պաշտպանելու խնդրանքով դիմումները պետք է իրենց տեղը զիջեն ավելի արդյունավետ սկզբունքին՝ օգնիր ինքդ քեզ։ Գերտերություն մենք հազիվ թե դառնանք, բայց պարտավոր ենք լինել երկիր, որի շահերը հարկ է հարգել, որի տնտեսական, գիտատեխնիկական ներուժը պահանջված լինի շատերի կողմից։ Ամուր տնտեսությամբ, զարգացած գիտությամբ եւ կրթական համակարգով, համարժեք կադրային քաղաքականությամբ, կոռուպցիայի եւ գանձագողության, բյուրոկրատական անկրթության դեմ արդյունավետորեն պայքարող երկիր։

Հատուկ ուշադրություն պետք է դարձվի երիտասարդության դաստիարակության գաղափարական եւ բարոյական բաղադրիչին։ Հայրենիք եւ հայրենասիրություն հասկացությունները, համամարդկային արժեքները պետք է բացառեն ոչ մի սահման չճանաչող սպառողականության պաշտամունքը։ Հասարակության մեջ պետք է արմատավորվի պարադիգմա, որը հավասարության նշան կդնի կոռուպցիոներների, գանձագողերի եւ նրանց միջեւ, որ սահմանին սպանում են մեր զինվորներին։ Մի քանի տասնյակ միլիոնի սպառազինության բացակայությունը մեզ մի քանի տասնյակ կյանք է արժեցել։ Եւ ինչքան էլ սատանայական հնչի, դոլարով չափվող բազմամիլիոն առանձնատների հիմքերում դրվում են իրենց կյանքով հայրենիքը պաշտպանած հերոսների ոսկորները։ Եւ արդեն ապրիլյան պատերազմից երկու տարի անց հնչեցին Հայաստանի նախագահի խոսքերը, որ բանակի եւ պետության միջոցների յուրացումը դավաճանությանը հավասար աններելի հանցանք է։

Բայց սրտերում եւ գիտակցության մեջ հեղափոխության կոչերը, որ հեղեղել են լրատվամիջոցները, կմնան ձայն բարբառո հանապատի, եթե բանակային գնումներից առասպելական կարողություն կուտակողներն ավելի ու ավելի են բարձրանում ծառայողական աստիճաններով, եթե օֆշորային բազմամիլիոնանոց հաշիվների տերերը, որ բացահայտվել են միջազգային մակարդակով, շարունակում են համալրել օլիգարխ պատգամավորների շարքերը։ Եւ պետք չէ ժողովրդին հիմարի տեղ դնել, իբր նա հավատում է կեղծ կոպեկանոց բարեգործությանը կամ եկեղեցի կառուցող սատանայապաշտների անկեղծությանը։ Հասարակական-քաղաքական պատվեր պետք է դառնա շքեղության հարկումը։ 

Պետության ուժը գալիս է ներսից եւ հենվում է տնտեսական հզորության վրա։ Բայց անկախության քսանհինգ տարիներին մենք այդպես էլ չհասկացանք եւ չորոշակիացրինք, թե ինչպիսի Հայրենիք ենք կառուցում եւ ինչպիսին ենք ուզում կառուցել։ Հրապարակայնության, թափանցիկության, բոլորի համար հավասար պայմանների, արդարության եւ օրինականության առկայությունը մրցունակ բիզնեսի կայացման եւ տնտեսության մեջ խոշոր ներդրումների ներգրավման հիմնական գործոններից մեկն է։ Պետք է հստակ գիտակցել, որ տնտեսական աճի ոչ մի տասը, նույնիսկ տասնհիգ տոկոսի քայլերով, որ արվում են բնական սուղ պաշարների կամ գյուղատնտեսության հաշվին, մենք չենք կարող հասնել Ադրբեջանի տնտեսությանը, որ աճում է շնորհիվ նավթագազային զորեղ ներարկման։

Հարկավոր է որակական, ոչ ստանդարտ թռիչք։ Իսկ դա հնարավոր է միայն շնորհիվ ինտելեկտուալ-կրթական միջավայրում մշակված գիտատեխնիկական հեղափոխության։ Ժամանակակից աշխարհում զարգացումը եւ հարստությունը որոշվում են ոչ թե տարածքով եւ նավթի քանակով, այլ խելացի մարդկանց քանակով եւ որակով։ Ցավոք, չնայած որակյալ կրթության հարցին բազմաթիվ եւ ամենատարբեր մակարդակներով անդրադարձին, առայժմ չկա այն ընկալումը, որ կրթական համակարգի ճգնաժամի հաղթահարումը հնարավոր չէ մակերեսային կիսամիջոցներով։ Այդ գործոնի թերագնահատումը բերում է մտավոր ներուժի նշանակալի արտահոսքի։ Հայ մտավորականությունը բազմաթիվ երկրների գիտա-կրթական, տեխնիկական, ի վերջո՝ տնտեսական ոլորտի դոնոր է դարձել։

Իհարկե, չի կարելի եւ անհնար է աղեղի լարը միշտ ձգած պահել։ Այդ իսկ պատճառով հարկ է ըմբռնումով ընդունել ապրիլյան պատերազմին նվիրված հոդվածների քանակի եւ լարվածության որոշակի եւ անշեղ անկումը։ Բայց նրա դասերը չի կարելի ոչ մոռանալ, ոչ անտեսել։ Ապրիլյան պատերազմի գլխավոր դասը ձեռք բերված խաղաղության բանաձեւն է՝ պարտադրել խաղաղություն։ Դա այն բանի ընկալումն է, որ, անկախ նրանից, թե ինչ կերպարանքով է հանդես գալիս հակառակորդը, Ադրբեջան-Թուրքիա սիամական սիմբիոզը՝ Ցյուրիխյան արձանագրություններից մինչեւ Երեւանի գրավման մտադրությունը, հայկական կողմը պետք է պատրաստվի պատերազմի՝ ամեն րոպե եւ ամենուր։ Պատից կախված հրացանը վաղ թե ուշ կրակելու է։ Հզոր հարձակողական սպառազինությունների բազմամիլիարդանոց գնումները Ադրբեջանի մտադրության մասին կասկածի տեղ չեն թողնում։ Ի հակակշիռ ՙղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում՚ մանտրայի, առկա իրողություններով հակամարտությունը կարող է ունենալ միայն ռազմական լուծում։ Հակամարտության հանգուցալուծումը կարող է լինել միան խաղաղության պարտադրումը։

Լարվածության պարբերական ցուցադրումները, որ ժամանակ առ ժամանակ լիցքաթափվում են ռազմական բախումներով, կոչված են ապակողմնորոշել մեր պետականության զարգացման վեկտորը եւ մեր դիմակայությունը գիտատեխնիկական մրցակցության ստեղծարար հարթությունից, որտեղ ազերիների հաջողության շանսերը չնչին են, տեղափոխել ամենից առաջ մեզ հյուծող սպառազինությունների մրցավազքի ապակառուցողական հարթություն։ Բայց այստեղ խիստ անհրաժեշտ է ՙպատերազմին պատրաստվածության՚ իդիոմը հասկանալ ոչ նեղ-ուղղակի ռազմական ընկալմամբ՝ որպես ավելի ու ավելի ժամանակակից սպառազինությունների կուտակում։ Պատերազմին պատրաստվածությունը ապրիլյան պատերազմում հարյուրավոր կյանքերի գնով նվաճված հրադադարի ամեն մի օրը առավելագույնս արդյունավետ օգտագործումն է։ Գերազանց զինված եւ մարզված բանակը միայն այսբերգի գագաթն է՝ վերնաշենքը, որի հիմքում պետք է դրվի տնտեսության բոլոր ոլորտների պետական արդյունավետ կառավարումը, պետական եւ հասարակական ինստիտուտների, արտաքին քաղաքական կառույցների եւ համագործակության մեխանիզմների ստեղծման արդյունավետ աշխատանքը։ Եւ այդ գործունեության ռազմավարական ուղղությունների ողջ համալիրը պետք է օժտվի երիտասարդության գիտակրթական, աշխարհայացքային դաստիարակության բարձրորակ գաղափարախոսությամբ։

Գագիկ ԲԱՂՈՒՆՑ

ԱՀ ԱԺ պատգամավոր