[ARM]     [RUS]     [ENG]

ՙ88-ԻՆ ՍԿՍՎԱԾ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է՚

Ղարաբաղյան շարժման սկզբնական փուլում բանագնացների մի քանի խմբեր են մեկնել Մոսկվա՝ ժողովրդի ձայնը հասցնելու ԽՍՀՄ գերագույն մարմիններին։ Առաջին երկու խմբերի մեկնումն սկզբում գաղտնի էր պահվում. նրանց մասին ժողովուրդն իմացավ հետո:

 Բանագնացների երկրորդ խմբում էր նաև Յուրի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, կամ, ինչպես մարտական ընկերներն են անվանում՝ գիշեցի Յուրան… Քաջ ու հայրենասեր մի անձնավորություն, ով այսօր էլ հավաստիացնում է, որ նույն զինվորն է մնացել ու պատրաստ է հարկ եղած դեպքում զենք վերցնել՝ հանուն հայրենի հողի պաշտպանության… Յուրան նաև Շարժման ընդհատակյա փուլի ակտիվիստներից է։ Նրա մասին զինակից ընկերը՝ Սլավիկ Առուշանյանը, ասում է. ՙՅուրան հիվանդ է Ղարաբաղով...՚։

Պատմում է Յուրի Գրիգորյանը։

- Ամեն անգամ այն ժամանակները հիշելիս սիրտս լցվում է հպարտությամբ, տարվում եմ քաղցր, հաճախ էլ դառը հուշերով…

Շարժումն ինձ համար սկսվել է 1987-ի կեսերին, երբ մի խումբ ակտիվիստներ գաղտնի սկսել ենք  ստորագրահավաքներով։ Քարոզչության անհրաժեշտություն թերևս այնքան էլ չկար, ժողովուրդն ինքն էր ցանկանում ազատվել ստրկության լծից ու վերամիավորվել  Մայր հայրենիքին։ 1987թ. դեկտեմբերի 26-ին մեկնեցի Երևան, ներկայացա Շարժման կենտրոնական շտաբ, որը գտնվում էր Գնունի փողոցի վրա։ Քննարկեցինք մի շարք հարցեր՝ կապված բանագնացների մեր խմբի՝ Մոսկվա մեկնելու հետ։ Նշեմ, որ պատվիրակության կազմում էին Արկադի Կարապետյանը, Սերժ Առուշանյանը, Քրիստափոր Խաչատրյանը (Ստեփանակերտ), Վազգեն Բալայանը (Սոս), Արթուր Մկրտչյանը (Հադրութ), Սլավիկ Առուշանյանը (Ասկերան), Գուրգեն Շահրամանյանը, Գևորգ Սաղյանը (Մարտունի), Ջամիլ Մարտիրոսյանը (Նորագյուղ), Արմո Առստամյանն ու ես։  Մենք բոլորս՝ առանձին խմբերով, Արցախից մեկնեցինք Երևան։ Յուրաքանչյուրն իր հաշվին արձակուրդ էր ձևակերպել՝ իբր անձնական գործով է գնում։ Նույնիսկ մեր ընտանիքի անդամները չգիտեին, թե ուր և ինչու ենք գնում։ Ամեն ինչ գաղտնի էր պահվում։ Երևանում հանդիպեցինք Զարեհ Մելիք-Շահնազարյանի տանը, որն այդ ժամանակ, ինչպես հասկացանք, գաղտնի հավաքատեղի էր։ Այնտեղ էին նաև Իգոր Մուրադյանն ու Զորի Բալայանը։ Զորին ամեն տեղ ուղեկցում էր մեզ։ Եկավ նաև Սերո Խանզադյանը, զրուցեց մեզ հետ… Ոգեշնչված էր, մեզ էլ ոգևորեց, խորհուրդներ տվեց։

Հունվարի 5-ին տարբեր ուղերթներով մեկնեցինք Մոսկվա։ Մեզ այնտեղ դիմավորեցին և տեղավորեցին տարբեր հյուրանոցներում (Զորի Բալայանը նախապես այդ մասին հոգացել էր)։ Մեր պատվիրակությունը ղեկավարում էր Իգոր Մուրադյանը։ Նախապես իմանալով, որ ԽՄԿԿ Կենտկոմում գոյություն ունի ազգամիջյան հարցերի գծով ենթաբաժին, որի ղեկավարն էր Վ. Միխայլովը, ուզում էինք հանդիպել նրան, սակայն իմացանք, որ Միխայլովը հիվանդ է, աշխատանքի չի գալիս։ Որոշեցինք հանդիպել Քաղբյուրոյի անդամներից որևէ մեկին։ Մեզ հայտնեցին, որ մեր պատվիրակությանը կընդունեն հունվարի 7-8-ին։ Իրոք, այդպես էլ եղավ։ Հունվարի 7-ին պատվիրակության անդամներս հավաքվել էինք ԽՄԿԿ Կենտկոմի ընդունարանի մոտ։ Ընդունարանի վարիչ Ա.Կրիգինը, լսելով մեզ, դիմեց Իգոր Մուրադյանին. ՙՀասկացանք, սրանք ղարաբաղցիներ են և իրենց հարցով են եկել, իսկ դուք ինչի՞ համար եք եկել…՚: Մինչ Իգորը կպատասխաներ` Ջ. Մարտիրոսյանն անմիջապես ասաց. ՙԵրբ ռուսներին սպանում էին Կիրովաբադում և այլուր, դուք անտարբե՞ր էիք երևույթի հանդեպ՚: Կրիգինը ոչինչ չպատասխանեց:

Հունվարի 8-ին մեզ պետք է ընդուներ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի առաջին տեղակալ Պ.Դեմիչևը: Ասացին` կընդունեն միայն մեկին: Ապա ճշտեցին` Վազգեն Բալայանին` որպես Գերագույն խորհրդի պատգամավորի: Բայց քանի որ Վազգենը ռուսերենին լավ չէր տիրապետում, միջամտեցինք, որ մեկն էլ գոնե հետը գնա: Թույլատրեցին Արթուր Մկրտչյանին: Դեմիչևն իր և կենտրոնական իշխանությունների անհանգստությունը հայտնեց մեր կողմից բարձրացված հարցի առնչությամբ, բայց միաժամանակ նաև հուսադրեց. պահանջի մեջ ազգայնամոլության նշույլ չկա, խնդիրն արդարացի է դրված: Ասաց, որ կստեղծվի հատուկ հանձնաժողով, որը մանրամասն կուսումնասիրի հիմնահարցը: Արթուր Մկրտչյանը ցույց տվեց Ղարաբաղի կանոնադրությունը, որի մեջ հայերի և հայկական մարզի մասին բառ անգամ չկար: Նա հավելեց, որ այդ կանոնադրությունը կազմողները հայաթափման նպատակ են հետապնդել, և այդպես շարունակվելու դեպքում Ղարաբաղը Նախիջևանի օրին կհասնի։

Հունվարի 11-ին մեզ հաջողվեց հանդիպել նաև Վ. Միխայլովի հետ: Նրա մոտ ևս դատարկաձեռն չմտանք. տարել էինք փաստաթղթերի կրկնօրինակները, բազմաթիվ նամակներ, դիմումներ ժողովրդի անունից: Բոլորին ընդունել հնարավոր չէր, որոշեցին ընդունել հինգ հոգու: Մտնողներից մեկն էլ մեր հայրենակից գեներալ-մայոր Ռաֆիկ Հարությունովն էր` Մարտակերտի շրջանի Սարով գյուղից: Նա Ղարաբաղի հիմնախնդիրը ներկայացրեց ռազմական ասպեկտով, Սլավիկ Առուշանյանը` քաղաքական, Արթուր Մկրտչյանը` պատմական, իսկ Իգոր Մուրադյանը` տնտեսական: Քաղաքավարությամբ ընդունելով  և ուշադիր լսելով՝ Վ. Միխայլովը խոստացավ հարցն ուսումնասիրել և ամեն ինչի մասին զեկուցել Կենտկոմի բարձր ատյաններին: 

Հունվարի 12-ին մեր պատվիրակությունը վերադարձավ Երևան: Զ. Բալայանի և Ի. Մուրադյանի հետ դարձյալ հավաքվեցինք Զարեհ Սամսոնովիչի տանը: Զորին մեզ գրքեր նվիրեց: Գաղտնի էլ պիտի վերադառնայինք Ստեփանակերտ` որոշելով ժողովրդի մեջ միառժամանակ լուրեր չտարածել: Բայց պարզվեց, որ մեր գնալուց հետո Բաքվից զանգել էին կուսակցության ԼՂ մարզկոմ և ասել` ո՞ւր են ձեր կոմունիստները, ինչո՞ւ եք թույլ տվել նրանց մեկնել Մոսկվա…

Հետո ամեն ինչ սկսեց զարգանալ արագ թափով. ցույցեր, հանրահավաքներ, քայլերթեր, նստացույցեր, գործադուլներ, որոնց մասին միայն գրքերում էինք կարդացել, կինոնկարներում դիտել… 

Մեր քաղաքակիրթ պահանջներին, ցավոք, Ադրբեջանը պատասխանեց բռնություններով, ապա և`պատերազմով: Ղարաբաղյան շարժման պատերազմական փուլն էլ պատվով պսակվեց` շնորհիվ մեր ժողովրդի միասնության, իրար հանդեպ ունեցած փոխադարձ սիրո, որի արդյունքում էլ ունեցանք ազատ ու անկախ Արցախը: 

Արցախյան հիմնախնդրի լուծումն այնքան բարդ չէ, ինչքան արհեստականորեն բարդացվել է: Պարզապես չկամությունն է ծնել այս խառնակությունը, որը ձեռնտու է աշխարհի չար ուժերին:  

Երեք տասնյակ տարիների հեռվից հետադարձ հայացք ձգելով այն օրերին` համոզված կարող եմ ասել, որ Շարժումն, իրոք, անհրաժեշտ էր: 88-ին սկսված պայքարը շարունակվում է։ Թե պետք լինի՝ վաղը կռվի կելնեն նահատակների զավակները, կենդանի մնացածներս, քանզի երեսուն տարի առաջ վանկարկած ՙՄի-ա-ցում՚-ը, ժողովրդական իղձը այդ են պահանջում...

Տարիների հեռվից ինձ այսօր ավելի շատ մի բան է մտահոգում. մեր պայքարի յուրաքանչյուր դրվագ, մեր առաջընթացի յուրաքանչյուր շրջադարձ, թեկուզ մի աննշան դիպված` պետք է ճշմարտացի ներկայացնել: Դա պետք է ոչ միայն մեզ: Դա պետք է նաև գալիք սերունդներին:

 

Գրի առավ 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ