Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՍԿԱՆԱԼ ԵՆ ՏԱԼԻՍ, ՈՐ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՒՏԱԿՄԱՆ ՄԵՋ ՉԷ

Արևմուտք-Ռուսաստան գլոբալ առճակատման համապատկերին ծավալվող աշխարհաքաղաքական զարգացումները փոքր-ինչ ստվերեցին Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններում զենքի մատակարարման ծավալների սահմանափակման հետևանքով ի հայտ եկած լարվածությունը։

Դրան հետևած զարգացումները միանգամայն ուշագրավ են և չեն կարող իրենց ներգործությունը չունենալ տարածաշրջանի ռազմաքաղաքական պատկերի վրա։ Ադրբեջանի համար շրջադարձային էր մեկ ամիս առաջ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի կողմից ՀՀ խորհրդարանում արված հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունը հետևություններ է արել 2016 թվականի ապրիլյան պատերազմից և այսուհետ նույն մասշտաբի զենք չի մատակարարի Ադրբեջանին։ Ռուսաստանյան կողմի ընկալումներում նման փոփոխության ի հայտ գալը չէր կարող գոհացնել պարբերաբար զենք գնող կողմին։ Թե ինչ հետևություններ են արվել Բաքվում, դժվար է գուշակել, բայց միջազգային մամուլի համար մատչելի դարձած տեղեկատվությունը, որում արտահայտվել է ադրբեջանական կողմի դժգոհությունը, տեղիք է տալիս որոշ ենթադրությունների։ Մարտի վերջերին հայկական աղբյուրը, մատնացույց անելով Լեհաստանում տպագրվող ՙБеларуская Прауда՚ պարբերականը, հանրությանը ներկայացրել է բավականին ուշագրավ մանրամասներ 2017թ.անցկացված ռազմատեխնիկական համագործակցության ռուս-ադրբեջանական փակ նիստի վերաբերյալ։ Ըստ այդ հրապարակման՝ Բաքուն նախկինում իրականացված և գործող պայմանագրերի շրջանակներում արծարծել է զենքի մատակարարման գործընթացում Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների հարցը։ Հիմնական բողոքները վերաբերել են ՙմատակարարված տեխնիկայի անհամապատասխանությանը պայմանագրով նշված տեխնիկական լրակազմի ցուցակին, տեխնիկական փաստաթղթերի բացակայությանը, գործարանային խոտանի պատճառով որոշ զենքերի շարքից դուրս գալուն, ինչպես նաև վերանորոգման համար լրացուցիչ պահեստամասերի բացակայությանը՚։ Առավել հետաքրքրաշարժը, թերևս, ադրբեջանական կողմի դժգոհությունն էր առ այն, որ ՙՍմերչ՚ տեսակի հրթիռները կրակելիս չեն պայթում, ՙԲՏՐ-82Ա՚-ի հրանոթների ռազմամթերքը չի հասնում նշանակետին, իսկ ՙՄ-35՚ ուղղաթիռների շարժիչը գործարկել չի լինում։ 

Առաջին հայացքից զվարճալի թվացող այս պատմությունը պետք է որ լուրջ հիմնավորումներ ունենար։ Կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանին պարզապես հասկանալ են տվել, որ հակամարտության կարգավորման գործընթացում սպառազինության կուտակումը նշանակալի դեր չի խաղում. արցախյան հիմնախնդիրը հնարավոր չի լինի լուծել ուժի դիրքից։ Մյուս կողմից էլ՝ սրանում պետք է տեսնել բավականին կոպիտ տոնայնությամբ արտահայտված ադրբեջանական կողմի դժգոհությունը։  

Լեհական պարբերականի հիշյալ հրապարակումից մի քանի օր անց ՏԱՍՍ լրատվական գործակալությունն իրազեկեց Ի. Ալիևի հետ ունեցած հարցազրույցի մասին։ Որ Ադրբեջանի նախագահի հետ հարցազրույցը արվել է քաղաքական պատվերի շրջանակներում, կարելի է դատել միայն մեկ նախադասությունից. ՙՄենք  Պուտինի հետ չունենք փակ թեմաներ՚։ Ի հայտ եկած հարցերը քննարկվում են հեռախոսով կամ հանդիպումների ժամանակ, հարաբերություններում առկա անհարթությունները կարգավորվում են, ասել է Ադրբեջանի նախագահը։ Ալիևի խոսքերը, ամենայն հավանականությամբ, ռուսական զենքի թեման են շոշափում և թույլ են տալիս ենթադրել դրա շուրջ  Պուտին-Ալիև հավանական զրույցի մասին։

Գործակալությանը տված հարցազրույցում Իլհամ Ալիևը, խոսելով ադրբեջանական բանակի վերազինման գործընթացի մասին, նշել է, որ այն գործնականում արդեն ավարտին է մոտեցել, ադրբեջանական բանակը հագեցած է պաշտպանական և հարձակողական ժամանակակից բարձր ճշգրտության աստիճան ունեցող սպառազինությամբ։ Նա իր բանակը դասել է աշխարհի 50 մարտունակ բանակների շարքը՝ այդ գնահատականը վերագրելով միջազգային ռազմական փորձագետներին։ 

Ադրբեջանի նախագահի խոսքից կարելի է որոշ հետևություններ անել։ Նախ՝ Ռուսաստանի նախազգուշացումը մատակարարվող զենքի ծավալների կրճատման մասին հարուցել է ալիևյան կլանի խոր մտահոգությունը։ Բայց այս հանգամանքն ինչո՞ւ չօգտագործել ներքին լսարանի համար, օրինակ, հայտարարել, որ բանակում գլխավոր անելիքներն արված են,  և զենքի գնման ծավալների կրճատումը պայմանավորված է տնտեսական ցուցանիշների անկմամբ ու հասարակության մեջ դժգոհության աճով։ Նախագահը կարող է հավաստիացնել իր ժողովրդին, որ սպառազինության ձեռքբերման նպատակով նախկինում ծախսվող  պետական միջոցներն այսուհետ ուղղելու է սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը։ Դասական պոպուլիզմ՝ ընտրարշավի եզրափակիչ փուլում։ 

Ռազմաքաղաքական համագործակցության հարթությունում, կարծում ենք, որոշակի հետաքրքրություն է ներկայացնում Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի միջև փոխըմբռնման նոր հուշագրի ստորագրումը։  Թուրքական Գիրեսուն Քաղաքում հանդիպել են երեք երկրների պաշտպանության նախարարներ Նուրեթին Ջանիքլին, Լևան Իգորիան և Զաքիր Հասանովը։ Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ ընդգծվել է պաշտպանության ոլորտում երեք կողմերի միջև այն համագործակցության ընդլայնումը, որի սկիզբը դրվել է 2014-ի օգոստոսին, Նախիջևան քաղաքում։ Հուշագրի ստորագրումից հետո պաշտպանության նախարարները մամուլի ասուլիս են անցկացրել՝ նպատակահարմար գտնելով փաստաթղթում նշված առանձին ծրագրերին առնչվող մանրամասների հանրայնացումը։ 

Հիշյալ երեք երկրների համագործակցությունը դիտարկենք տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում։ Նախ հիշեցնենք անցած ամսին Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից  արված հայտարարությունը, ըստ որի՝ Դաշինքն արձանագրել է չորս երկրի, այդ թվում՝ Վրաստանի և Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումները։ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մարտի առաջին տասնօրյակում հանդիպել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին և Բրյուսելում ՙԱզատություն՚ ռադիոկայանին տված հարցազրույցում ընդգծել, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը կնպաստի դաշինքի կայունությանը ամբողջ Եվրոպայում։ Նկատենք, որ Վրաստանի նախագահն իր պահանջը ներկայացրել է միանգամայն պատեհ առիթով. օրերս ամերիկյան դեսպանատունն իր գոհունակությունն էր հայտնել Ռուսաստանի դեսպանին Թբիլիսիից արտաքսելու որոշման առթիվ։ Վրացական աղբյուրի իրազեկմամբ՝ դեսպանի պարտականությունների հանձնակատար Էլիզաբեթ Ռուդը ողջունել է Վրաստանի որոշումը՝ միաժամանակ ի ցույց դնելով Ռուսաստանի դեմ ձեռնարկված դիվանագիտական դեմարշին մասնակցող երկրների միասնությունը։ 

Հարևան երկրի ռազմաքաղաքական նորությունները հարստացան ևս մեկով. հայտնի դարձավ հունիս ամսին Բաքվում զինվորական շքերթ անցկացնելու մասին Ադրբեջանի մտադրությունը։ Հաղորդվում է, որ ՙշքերթը նվիրված կլինի երկրի  զինված ուժերի ստեղծման 100-ամյակին, կցուցադրվեն գերժամանակակից զենք և ռազմական տեխնիկա՚։  Հետաքրքիր է՝ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության կողմից  ցուցադրվելիք ռազմական տեխնիկայի շարքում կլինե՞ն ռուսական արտադրության զենքեր, որոնց վրա ալիևյան կլանը միլիարդներ է ծախսել։ Կցուցադրվե՞ն արդյոք չպայթող ՙՍմերչ՚-ները, նշանակետին չհասնող հրանոթային ռազմամթերքը, գործածության համար ոչ պիտանի ռազմական ուղղաթիռները։ Ռազմական փորձագետները, հավանաբար, իրենց վերլուծություններում կտան գնահատականներ այդ երկրի ռազմական ներուժի, բանակի մարտունակության ընդհանուր մակարդակի մասին։ 

Իլհամ Ալիևը պետք է գիտակցի մի բան. անկախ նրանից, թե համաշխարհային որ ուժային կենտրոնի հետ է խորացնում ռազմական համագործակցությունը,  որտեղից է ձեռքբերում զենքը և  որ բևեռի հետ է ռազմավարություն մշակում, ամենաարդիական  սպառազինության առկայությունը հաղթանակներ արձանագրելու գլխավոր պայմանը չէ։  Ադրբեջանական բանակում ծառայող վարձկան զինվորն ու դիպուկահարը չունեն հայ զինվորի մարտական ու բարոյական ոգին. նրանք գործում են շահի և ոչ  թե զգացմունքների թելադրանքով։ 

Ադրբեջանը պարզապես պետք է հետևի ապրիլյան պատերազմից հետևություններ անող միջազգային հանրակցության օրինակին։ 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ