Logo
Print this page

ԱՄՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԿՍՏԻՊԵ՞Ն ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՃԱՆԱՉԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ

Մոսկվայի համար գնալով ավելի դժվար է դառնում  Բաքվի և Երևանի  աթոռների վրա միաժամանակ նստած մնալը

 2018թ. փետրվարի 29-ից ուժի մեջ է մտել ԱՄՆ Կոնգրեսի պատժամիջոցների նոր փաթեթը, որն ուղղված է Ռուսաստանի և ռուսական ձեռնարկությունների դեմ, որոնց թվում է ՙՌոսօբորոնէքսպորտը՚: Ամերիկացիների համաձայն՝ այն պետությունները, որոնք Ռուսաստանի Դաշնությունից սպառազինություն են ձեռք բերում, կարող են իրենք պատժամիջոցների տակ հայտնվել՝ այն դեպքում, եթե Վաշինգտոնը գնումների ծավալն էական համարի։ Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը և Հայաստանը երկու երկրներ են, որոնք ռուսական զենք են գնում և փաստացի գտնվում են պատերազմական դրության մեջ լեռնայինղարաբաղյան հակամարտության պատճառով, սուր հետաքրքրություն է հարուցում ամերիկյան Կոնգրեսի պատժամիջոցների փաթեթի հանդեպ նրանց հնարավոր արձագանքը։ Ներկայումս ադրբեջանական և հայաստանյան ԶԼՄ-ներում՝ ռուսաստանյան որոշ նյուզմեյքերների մասնակցությամբ, բանավեճ է ծավալվում։ Փոքր-ինչ պարզեցված սխեմայով իրավիճակը հետևյալ կերպ է դասավորվում. Երևանի համար զենքի հարյուրտոկոսանոց մատակարարը Մոսկվան է։ Ու եթե Ռուսաստանի նկատմամբ զենքի մատակարարման մասով պատժամիջոցներ կիրառվեն, ապա Հայաստանը կարող է զրկվել զենքի գլխավոր աղբյուրից։ Ադրբեջանի պարագայում պատկերն այլ է.  զենքի 60-65%-ը նա գնում է Ռուսաստանից, մնացածը՝ Ուկրաինայից, Բելառուսից, Իսրայելից, քիչ՝ Թուրքիայից։ 

Իհարկե, այդ համաչափությունը կարող է փոխվել։ Ինչպես հայտարարել է ռազմական փորձագետ, գնդապետ Շաիր Ռամալդանովը, Բաքուն ՙսպառազինություն է գնում աշխարհի 20 երկրներում ու այդ պատճառով էլ լիովին կարող է գլուխ հանել առանց ռուսականի՚։ Բայց Ադրբեջանի համար ռուսական զենքը միայն թնդանոթը չէ, որ կրակում է։ Դա նաև քաղաքականություն է, որի միջոցով իրեն է կապում Մոսվկային։ Նրանից կտրվելը շեշտակիորեն փոխում է տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Եթե ԱՄՆ-ն փորձի ազդել Ադրբեջան կատարվող զենքի մատակարարումների վրա հակառուսական պատժամիջոցներով, դա կնշանակի, որ Վաշինգտոնն ունի կամ կարող է ունենալ լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորման իր բեմագիրը` այն իրավիճակում, երբ Ռուսաստանը հարկադրված կլինի հրաժարվել զուգահեռականության դիրքորոշումից և հանդես գալ միայն Հայաստանի օգտին։ 

Չպետք է մոռանալ, որ Մոսկվան Լեռնային Ղարաբաղում 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ հանդես է եկել միջնորդի դերում մարտական գործողությունների դադարեցման հարցում։ Բայց ոչ այնքան այն պատճառով, որ իրեն դիրքավորեց որպես տարածաշրջանը կառավարող գլխավոր դերակատար, այլ որովհետև ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այդ իրավիճակում լիակատար պասսիվություն ցուցաբերեցին։ Դեռ ավելին, 2016թ. աշնանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես եկավ ուշագրավ հայտարարությամբ. ՙՓակ դռների հետևում մեզ վրա ճնշում են գործադրում՝ նպատակ ունենալով ստիպել համաձայնելու Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը,- ասել է նա։- Մենք շատ մանրամասներ չենք բացահայտում, քանի որ դիվանագիտության կանոններ կան։ Ադրբեջանը երբեք չի համաձայնի դրան՚։ 

Մինչ օրս բաց է մնում հարցը՝ ո՞վ է ճնշում գործադրել, իսկ գուցե, նաև գործադրում Բաքվի վրա՝ նրա կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու նպատակով։ Առկա տեղեկատվության համաձայն՝ նման նախաձեռնությունը բխում էր ամերիկյան կողմից, ինչը հիմքեր է տալիս ենթադրելու. հակամարտության կարգավորման ԱՄՆ-ի հնարավոր նոր նախագիծը դժվար թե զարգանա ադրբեջանական բեմագրով։ Միլլի մեջլիսի պատգամավոր և ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովն այս ամենի մեջ նաև տեսնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա ռուս-ամերիկյան դիմակայության որոշակի ազդեցության հնարավորությունը։ 

Չեզոքացնելով Ադրբեջանում Մոսկվայի ունեցած ազդեցությունը Բաքու ռուսական զենքի մատակարարումների դադարեցման միջոցով` ամերիկացիները նախադրյալներ կստեղծեն, նախ, Մոսկվայում ռազմաարդյունաբերական համալիրի հետ կապված ադրբեջանական լոբբիի ազդեցության չեզոքացման համար։ Երկրորդ, տարածաշրջանում իրենց քաղաքականության ակտիվացման համար` հասկանալով, որ Հայաստանն օբյեկտիվ կերպով գոյություն ունեցող աշխարհաքաղաքական գործոնների բերումով կմնա Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը և նրա հետ կլինի մեկ ռազմական դաշինքում։

Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, եթե համալիր կերպով գնահատենք իրավիճակը, կարելի է ասել. այդ հոլովույթի գոյության պարագայում նրան ընտրության առաջ կկանգնեցնեն և կկրճատեն տարածությունը ոչ միայն բազմավեկտոր քաղաքական-դիվանագիտական մանևրի, այլ նաև ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու ձգտման մեջ ուժային բեմագրի կիրառման համար։ Եթե նախանշված միտումն սկսի թափ հավաքել, ապա անխուսափելի է Մինսկի խմբի աշխատանքի լուրջ սրբագրումը, որտեղ համանախագահ երկրները հակամարտության կարգավորման հարցում առայժմ հանդես են գալիս ընդհանուր դիրքերից։

Տարածաշրջանում ուժերի հավասարակշռության փոփոխությունը, ինչին կարող է հանգեցնել պատժամիջոցների կիրառումը, Ռուսաստանին էլ կստիպի փոխել տարածաշրջանում վարած իր քաղաքականությունը՝ կիրառվող զուգահեռականության բանաձևի ռեսուրսի կրճատման պատճառով։  Նա նույնպես ստիպված կլինի ընտրություն կատարել, բայց այնպես, որպեսզի աշխարհաքաղաքական նոր դասավորությունների ձևավորման ընթացքում խլի գործելու նախաձեռնությունը՝ կշռադատելով բոլոր իրական ու հնարավոր ռիսկերը։ Իրավիճակից իդեալական ելք կլիներ լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ առաջարկված նախագիծը, որը կգոհացներ հակամարտող կողմերին, ինչը ներկա պահին Բաքվի և Երևանի անհաշտելի դիրքորոշումների պատճառով հնարավոր չի պատկերանում։ 

Մյուս բեմագրի իմաստը կայանում է Լեռնային Ղարաբաղի անկախության նախագծի սատարման մեջ, որի մասին Արևմուտքում խոսում են արդեն բարձր ու բացեիբաց։ Հիմա Ադրբեջանը հայտարարում է հայկական հողերի նկատմամբ ունեցած իր պատմական իրավունքների մասին։ Գուցե, Ռուսաստանի համար ևս եկել է ժամանակը՝ հիշելու 1813թ. Գյուլիստանի հաշտության պայմանագիրը, որում նշված է, որ Լեռնային Ղարաբաղը ՙառհավետ՚ իրեն է պատկանում։ Այդ առումով Անդրկովկասում անհրաժեշտ է պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի և Իրանի ջանքերի առավել սերտ համակարգում։ Իրադարձությունները տարածաշրջանում սկսել են այնպես զարգանալ, որ Մոսկվայի համար արդեն ավելի է բարդանում միաժամանակ երկու` հայկական և ադրբեջանական, աթոռներին նստած մնալը: Դուռը թակում է նոր քաղաքականություն։ 

Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ

regnum.ru

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.