Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

Մասիս ՄԱՅԻԼՅԱՆ.ՙԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՄԻԱՅՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՐՑ Է՚

Երկու տարի է անցել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ապրիլյան սրացման պահից։ 2016թ. արյունալի իրադարձությունները լուրջ հետևանքներ ունեցան:

Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի գործողություններն ավելի հրատապ դարձրին այդ պետության միջազգային ճանաչման հարցը։ Բնակավայրերին ու դպրոցներին հասցված հրետանային հարվածներ, զոհված ծերեր ու երեխաներ՝ այս ամենն իսկույն արձանագրվել էր Արցախ մուտքի թույլտվություն ստացած լրագրողների, այդ թվում նաև՝ Լուրերի դաշնային գործակալության (ԼԴԳ) թղթակիցների կողմից։ 

Երկու տարի անցնելուց հետո իմաստ կա հանրագումարի բերել տեղի ունեցածի որոշ հետևանքներ։ Այս և այլ թեմաների մասին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս ՄԱՅԻԼՅԱՆԸ պատմել է ԼԴԳ-ին տված բացառիկ հարցազրույցում։ -Մասիս Սամվելովիչ, Արցախում ի՞նչ գնահատական են տալիս 2016թ. ապրիլյան իրադարձություններին։ Սա հերթական սրացո՞ւմ է, թե՞, այնուամենայնիվ, երկրորդ պատերազմ։ 

-2016թ. ապրիլյան իրադարձությունների բնութագրման համար կիրառվում է տարաբնույթ տերմինաբանություն՝ սրացում, էսկալացիա, ռազմական բախումներ, բռնության պոռթկում և այլն։ Համարում եմ, որ առավել ստույգ տերմինը ՙապրիլյան պատերազմն է՚, որը սահմանափակված էր ժամանակի ու կիրառված սպառազինությունների տեսակների առումով։ Մարտական գործողություններն առավել ինետենսիվ ընթացել են ապրիլի 2-5-ը, այդ պատճառով էլ կիրառվում է ՙքառօրյա պատերազմ՚ եզրույթը։ Բայց իրականում Արցախի տարածքների հրետանային արկակոծությունները, բայց ավելի փոքր ինտենսիվությամբ, շարունակվել են նաև հետագա մի քանի շաբաթներին։ 

ՙԱպրիլյան պատերազմը՚ ի սկզբանե Ադրբեջանի կողմից ծրագրված չէր որպես տևողությամբ ու ծավալներով սահմանափակ մարտական գործողություն։ Զգուշանալով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հակահարձակումից, արդեն ապրիլի 3-ին Ադրբեջանը հայտարարեց կրակի միակողմանի դադարեցման մասին, թեև շարունակում էր մարտական գործողություններ վարել։ 

-Ինչպիսի՞ն  էր և կա՞ միջազգային հանրակցության արձագանքն այն բանի հանդեպ, ինչ տեղի ունեցավ երկու տարի առաջ։ 

-Միջազգային հանրակցությունը միասնական դիրքորոշում ու շահագրգռվածություն ցուցաբերեց տարածաշրջանում խաղաղության պահպանման հարցում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ գործող նախագահը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը կոչ արեցին անշեղորեն հետևել 1994թ. կրակի դադարեցման ու 1995թ. դրա ամրապնդման մասին համաձայնագրերին։ Միայն Թուրքիան և Պակիստանը բացեիբաց սատարեցին ադրբեջանական ագրեսիան: Անկարայի նման դիրքորոշումն ուղղակիորեն հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամի նրա կարգավիճակին։ 

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի, ներառյալ հայ կամավորների, արդյունավետ գործողությունները, համաշխարհային ուժային կենտրոններից հակամարտող կողմերի վրա գործադրված աննախադեպ ճնշումը, այդ թվում նաև` կայունացման գործընթացին Ռուսաստանի քաղաքական և ռազմական ղեկավարության ակտիվ ներգրվածությունը ադրբեջանական կողմին ստիպեցին դադարեցնել սկսած պատերազմը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրներից միայն Ռուսաստանն է օժտված օպերատիվ հնարավորություններով ու համապատասխան գործիքակազմով մեր տարածաշրջանում։ 

-Աշխարհում մեծացե՞լ է, արդյոք, հետաքրքրությունն Արցախի անկախության ճանաչման խնդրի հանդեպ, որը կրկին դարձավ իր հարևանի կողմից հարձակման առարկա: 

-2016թ. ապրիլյան պատերազմը միջազգային հանրակցության ուշադրությունը գրավեց ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության՝ ընդհանուր առմամբ, և, որպես հետևանք, Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցի վրա։ Մեր կարծիքով, աշխարհում աճում է այն ընկալումը, որ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի փաստի հիման վրա։ Վերջին տարիներին պարզորոշ կերպով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում իր ապագայի  որոշման մեջ Արցախի ժողովրդի վճռորոշը դերը գնալով ավելի շատ ճանաչելու միտում է դիտվում։ 

Արցախի անկախությունը կայացած ու անշրջելի փաստ է, որի ճանաչումը միջազգային հանրակցության կողմից միայն ժամանակի հարց է։ Վերջին տարիների ընթացքում Արցախի Հանրապետությունը հետևողականորեն ու համակարգված կերպով խորացրել է գոյություն ունեցող միջազգային կապերն ու ընդլայնել է համագործակցության աշխարհագրությունը։  

Մեր խորին համոզմամբ, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կդառնա Արցախի անվտանգության ապահովման և տարածաշրջանային պատերազմի կանխարգելման հավելյալ քաղաքական-դիվանագիտական մեխանիզմ։ 

-Ի՞նչ դիրքորոշում ունի Արցախի ԱԳՆ-ն միջնորդական ձևաչափի հանդեպ։ Պահպանվո՞ւմ է, արդյոք, կարգավորման գործող ձևաչափի նկատմամբ վստահությունը։ 

-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ ի դեմս Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, միակ համաձայնեցված ձևաչափն է, որն ունի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ միջնորդական առաքելություն իրականացնելու միջազգային հանրակցության մանդատը։ Ինչպես բազմիցս հայտարարել են ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներն իսկ, իրենց նպատակը ոչ թե կողմերին հակամարտության լուծում պարտադրելն է, այլ նրանց դիրքորոշումների մերձեցումը։ Բացի դրանից, ծագող սպառնալիքներին ինչպես ուղղակիորեն, այնպես էլ միջնորդավորված կերպով արձագանքելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ունակությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում փխրուն խաղաղության պահպանման կարևոր գործոնն է։ 2016թ. ապրիլին էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների վճռական դիրքորոշումը կարևոր ներդրում դարձավ մարտական գործողությունների դադարեցման գործում։ 

-Ի՞նչ դասեր քաղեց Արցախի Հանրապետությունը քառօրյա պատերազմից։ Շտկվե՞լ են, արդյոք, սխալները։ Նախանշվա՞ծ են, արդյոք, ապագայում ողբերգական իրադարձությունների կրկնության կանխարգելման համար նոր վեկտորները։ 

-Առաջին հերթին, վերանայվել են Արցախի ռազմական անվտանգության ապահովման հարցի ու նրա պաշտպանունակության բարձրացման հանդեպ որոշ մոտեցումներ։ Ձեռնարկված քայլերի  արդյունավետության մասին խոսում է այն փաստը, որ կարճ ժամանակահատվածում հաջողվել է լիովին զրոյացնել ադրբեջանական բանակի դիվերսիոն ակտիվությունը սահմանին։ 

Մարտական գործողությունների վերսկսման փորձերից Ադրբեջանին հետ պահելու ռազմական և ռազմատեխնիկական մեխանիզմների կատարելագործման միջոցով երկրի ռազմական անվտանգության ամրապնդման հետ զուգահեռ մեծ ուշադրություն է հատկացվում տարածաշրջանային կայունության ու անվտանգության պահպանման քաղաքական և դիվանագիտական միջոցներին։ Այդ համատեքստում մեր արտաքինքաղաքական առաջնահերթ խնդիրն է հանդիսանում Արցախի ինտեգրումը միջազգային գործընթացներին և հանրապետության մեկուսացումը թույլ չտալը։