[ARM]     [RUS]     [ENG]

ԱՌԱՋԻՆ ԱՅՑԸ, ԱՌԱՋԻՆ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ

Մայիսի 9-ին Արցախ ժամանեց ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը` մասնակցելու Մայիսյան եռատոնի հանդիսավոր միջոցառումներին:

Օրվա երկրորդ կեսին Ստեփանակերտի ՙՎալեքս Գարդեն՚ հյուրանոցային համալիրի կոնֆերենց-դահլիճում նա հրավիրեց մամուլի ասուլիս, որին ներկա էին շուրջ հինգ տասնյակ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ ինչպես Արցախից ու Հայաստանից, այնպես էլ արտերկրից։

Ողջունելով ներկաներին՝  Ն. Փաշինյանը նախ տեղեկացրեց Արցախում մինչ այդ պահն ունեցած պաշտոնական հանդիպումների և դրանց արդյունքների մասին, այնուհետև պատասխանեց լրագրողների ավելի քան երկու տասնյակ հարցերին, որոնք մեծամասամբ առնչվում էին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացին։  

Ն. Փաշինյանը հավաստիացրեց, որ առանձնակի է կարևորում Արցախի և Հայաստանի հարաբերությունները, և որ կասկած չկա, որ այդ հարաբերությունները հետայսու ևս կզարգանան բնականոն հունով և ձեռք կբերեն նոր դրսևորումներ, որոնց արդյունքում միանշանակ կուժեղանան Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դիրքերը միջազգային հարթակներում, նոր շունչ ու նոր թափ կհաղորդվի Արցախի միջազգային ճանաչման գործընթացին։ Անշուշտ, ԱՀ իշխանությունների և Պաշտպանության բանակի հրամկազմի հետ ունեցած հանդիպմանը քննարկվել են երկու հայկական հանրապետությունների անվտանգության վերաբերյալ խնդիրներ. ըստ վարչապետի, Արցախի և Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրները լինելու են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում։ Նրա համոզմամբ՝ անվտանգության առումով համագործակցությունը կլինի արդյունավետ։ 

Ն. Փաշինյանը ԼՂ հակամարտության կարգավորման ամենակարևոր բաղադրիչը համարում է ճիշտ ձևաչափով բանակցությունները, որին` որպես հակամարտող կողմ, անպայման պետք է մասնակցություն ունենա Արցախը։ Ի՞նչ քայլեր կգործադրվեն Արցախը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար։ ՙԵս կարծում եմ` մենք պետք է հստակ պատասխանենք մի հարցի՝ ուզո՞ւմ ենք լուծել այս հակամարտությունը, թե՞ չենք ուզում,-ասաց ՀՀ վարչապետը։- Եթե միջազգային հանրությունը, այդ թվում՝ Ադրբեջանը, ցանկանում են լուծել այս հարցը, անտրամաբանական է, որ խնդիրը քննարկվում է մի ֆորմատով, որով այն չի կարող լուծվել։ Ինչպե՞ս կարող է բանակցային այս ֆորմատը լուծել մի հարց, որի առանցքային մասնակիցներից մեկը ներգրավված չէ բանակցություններում։ Այսինքն՝ սա էմոցիաների խնդիր չէ, սա պրագմատիկ խնդիր է։ Արցախի անունից կարող է խոսել Արցախի իշխանությունը՚։

Ինչ վերաբերում է հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը՝ ապա նա ասաց, որ  հայկական կողմը միշտ էլ կողմնակից է եղել դրան։ Բայց փաստն այն է, որ Ադրբեջանը մշտապես հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով, ինչն ինքնիրեն բացառում է խնդրի կարգավորումը։ Նման պայմաններում, ըստ Ն. Փաշինյանի, երկու կարևոր պայման կա. առաջին՝ էլ ավելի բարձրացնել ՀՀ և ԱՀ անվտանգության մակարդակը, և, երկրորդ, կոչ անել միջազգային հանրությանը, որպեսզի նա Ադրբեջանին բերի կառուցողական դաշտ։ ՙԿարծում եմ, Ադրբեջանը և միջազգային հանրությունը պետք է հստակ արձանագրեն, որ Հայաստանն ու Արցախը Ադրբեջանի ռազմաշունչ հռետորաբանության առաջ չեն ընկրկի, առավել ևս հիմա, երբ մեր ժողովուրդն ու ազգը միասնական են ավելի քան երբևէ։ Կրկնում եմ՝ Արցախը պետք է դառնա հակամարտության կարգավորման բանակցային կողմ, և ես պատրաստ եմ լիարժեք բանակցել Հայաստանի անունից, իսկ Արցախի կողմից պետք է խոսի Արցախի իշխանությունը՝ ի դեմս ԱՀ Նախագահի՚,- ասաց ՀՀ վարչապետը։    

Փոխզիջումների վերաբերյալ հարցին ի պատասխան` Ն. Փաշինյանն ասաց. ՙՔանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել ռազմատենչ հռետորաբանությունը և բարձրաձայնում է Երևանը, Զանգեզուրը, Սևանը, Ստեփանակերտը նվաճելու իր մտադրության մասին՝ փոխզիջումների վերաբերյալ խոսելն անիմաստ է։ Այդ մասին կարող է խոսք լինել միայն այն պարագայում, երբ մենք Ադրբեջանից կստանանք շատ հստակ ուղերձ, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՚։

Արցախի հիմնախնդիրը ՀՀ վարչապետը դիտարկում է մարդու իրավունքների ոտնահարման տեսանկյունից, այլ ոչ  թե որպես տարածքային պահանջ ՙԼեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածքային հակամարտություն չէ։ Այն ծագել է այն պատճառով, որ արցախահայությունը որոշել է պաշտպանել իր ամենանվազագույն իրավունքները, մասնավորապես՝ կյանքի, ինքնության և անվտանգության, այն պահից, երբ խորհրդային Ադրբեջանն իրական սպառնալիքներ է ստեղծել Արցախի ժողովրդի գոյության համար։ Այդ սպառնալիքներն արտահայտվել են ոչ թե բանավոր կերպով, այլ կոնկրետ գործողություններով՝ խաղաղ բնակչության դեմ ռազմական պայքար մղելով՚։

Լրագրողների հարցերից մի քանիսը վերաբերում էին Ն. Փաշինյանի ղեկավարած համաժողովրդական շարժմանը։ Ուկրաինացի լրագրողի այն հարցին, թե կարելի՞ է, արդյոք, այդ շարժումը համեմատել Մայդանի հետ, Ն. Փաշինյանը պատասխանեց. ՙԵս արդեն մի քանի անգամ ասել եմ, որ սխալ է հայաստանյան իրադարձությունները համեմատել ոչ միայն Վրաստանի և Ուկրաինայի, այլև որևէ մեկ այլ երկրի իրադարձությունների հետ։ Եթե ուշադիր հետևեք և ուսումնասիրեք մեր թավշյա հեղափոխության պատմությունը, ապա կտեսնեք, որ այն չունի նախադեպը, և որ այն բացառիկ, նոր երևույթ է՝ հիմնված սիրո և համերաշխության վրա՚։ 

Համաձայնության կառավարությունը, որի մասին խոսել էր Ն. Փաշինյանը, այժմ էլ  նա իրատեսական է համարում։ Խորհրդարանական ուժերի հետ կսկսվեն քննարկումներ, որոնց արդյունքում կձևավորվի կառավարությունը։ Նրա խոսքով՝ ՙՔաղաքացիական պայմանագիր՚ կուսակցությունն ունի և ունեցել է կառավարության իր տեսլականը։ 

Ի՞նչ է ակնկալում հայությունից: ՙԱյդ հարցին կարող եմ մեկ բառով պատասխանել՝ հայրենադարձություն։ Լինի դա կապիտալի, լինի դա գաղափարների, նախագծերի, և, իհարկե, առավել կարևոր է հենց մարդկանց հայրենադարձությունը։ Ես հասկանում եմ, որ հայրենադարձությունը  այն որոշումը չէ, որ մարդը կարող է կայացնել և այն իրականացնել մեկ օրում։  Բայց ես կարծում եմ, որ այն պիտի դառնա համահայկական օրակարգի առաջնային հարցերից մեկը՚։

Վարչապետը խոսեց նաև միջազգային կապերից, հատկապես՝ Իրանի հետ հարաբերություններից։ Իրանը մեր անմիջական հարևանն է, ասաց նա, և մենք պլանավորում ենք լրջագույնս զարգացնել նրա հետ հարաբերությունները՝ մտահոգված լինելով հատկապես վերջին զարգացումներով։ Ըստ Ն. Փաշինյանի՝ տարաձայնությունների լուծման լավագույն ճանապարհը բանակցություններն են։ 

Ինչ վերաբերում է Եվրամիությանը, Ն. Փաշինյանի կարծիքով՝ պետք է խորացվեն նրա հետ հարաբերությունները։ Այս առումով նա կարևորեց համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը։ Հայաստանի քաղաքացիները Եվրոպա գնալու համար մուտքի արտոնագրի կարիք չպիտի ունենան, ասաց նա։  

Ռուսաստանն էլ կշարունակի մնալ գործընկեր, այս մասին ևս հավաստիացրեց ՀՀ վարչապետը՝ իրազեկելով Վ. Պուտինի հետ ունեցած զրույցի մասին. ՙՀեռախոսազրույց ունեցա ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ, և պետք է ասեմ, որ տեղի է ունեցել շատ անկեղծ ու կառուցողական խոսակցություն։ Պայմանավորվեցինք այդ խոսակցությունը շարունակել մայիսի 14-ին՝ Սոչիում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում։ Ես արտահայտել եմ մեր դիրքորոշումը՝ ասելով, որ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները պետք է խորանան և զարգանան նաև Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում։ Մենք պետք է ձգտենք առավել արդյունավետ դարձնել մեր անդամակցությունն այդ կազմակերպություններին։ Հայ-ռուսական հարաբերություններում սպասում ենք միայն դրական զարգացումներ՚։

ՀՀ վարչապետը խոսեց նաև ներքին խնդիրներից. քաղբանտարկյալների հարցը պետք է լուծվի օրենքի շրջանակներում, ասաց նա։ Իսկ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անպայման կլինեն։ 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ