[ARM]     [RUS]     [ENG]

ԱՊԱԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ԵՎ ԻՆՏԵՆՍԻՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տնային աշխատանք՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի համար

 Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն ստանձնած երեք պետություններից երկուսը՝ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն, աշխարհաքաղաքականություն թելադրող պետություններ են, և այդ առաքելության իրականացման ողջ ժամանակաընթացքում նախաձեռնության համար նրանց միջև ընթացող պայքարն ընդգծված բնույթ է կրել։ Դա հերթական անգամ դրսևորվեց Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, երբ հայկական կողմից հնչեցին նոր շեշտադրումներ բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման մասին։ Թերևս ինչ-որ առումով ինտրիգային էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իլհամ Ալիևին գրած նամակը, որում ընդգծված էր, որ  առաջիկա ամիսները ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հնարավորություն կընձեռեն։ ՙՄեր բոլորիս հույսն է, որ ղարաբաղյան կարգավորումը կլինի շատ շուտով, բայց կարգավորումը պետք է արտահայտի մեր շահերը, մեր ձգտումները, մեր նպատակները՚,- լրագրողների հետ  ճեպազրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ Հարցին՝ գործնականում հնարավո՞ր է Ստեփանակերտի վերադարձը բանակցությունների սեղանի շուրջ, ի պատասխան նախարարը նշել էր, որ ինքը կսահմանափակվի միայն ասելով, որ կարևորագույն նպատակը բանակցային գործընթացում Արցախը վերստին ներգրավելն է։ 

Բանակցություններին Արցախի մասնակցությունը, բնականաբար, պաշտոնական Բաքվի շահերից չի բխում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստեփանակերտյան ասուլիսին ջղային արձագանքը դրա վառ վկայությունն էր։ Բաքուն պարզապես չի ուզում ընդունել, որ խնդրի լուծման ամենակարևոր բաղադրիչը ճիշտ ձևաչափով բանակցություններն են, և որ անտրամաբանական է խնդրի քննարկումը մի այնպիսի ֆորմատով, որով այն չի կարող լուծվել։ Նման մոտեցումը, որի շուրջ դրական են  արտահայտվել նաև համանախագահող պետությունները, մեղմ ասած, Բաքվի սրտովը չէ։ Ադրբեջանը շահագրգռված չէ հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ, քանի դեռ այն չի բխում իր շահերից։ Այդ անփոփոխ վարքագծին ծանոթ են և՜ միջնորդական առաքելություն իրականացնողները, և՜ միջազգային հանրակցությունն՝ ընդհանրապես։ Առայսօր ադրբեջանական կողմի գործողությունները միտված են եղել ստատուս քվոի չեզոքացմանը և հրադադարի մասին 94-95 թվականների համաձայնագրերից հրաժարվելուն։ Ապրիլյան քառօրյա պատերազմի սանձազերծումն այդ նպատակն էր հետապնդում. հակամարտության գոտում փոխել իրավիճակը, մեջտեղ բերել նոր փաստաթուղթ, որը թույլ կտար Ադրբեջանին բանակցային գործընթացում հանդես գալ ավելի նպաստավոր դիրքերից։ Հայկական զինված ուժերը հակառակորդին նման հնարավորություն չտվեցին։   

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, մեկնաբանելով  հայկական կողմի դիրքորոշումը, բառացիորեն ասաց հետևյալը. ՙԵթե Հայաստանի ղեկավարությունն առաջարկում է բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը, նշանակում է՝ ցանկանում է վերջ դնել խաղաղ գործընթացին՚։ Այնուհետև նշեց, որ ինքը Փարիզում համանախագահների հետ քննարկել է այդ հարցը՝ հայկական կողմի առաջարկը որակելով ծիծաղելի։ 

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի գերակայությունը կարևորող պետությունում նման դիրքորոշում ներկայացնելով՝ Ադրբեջանի արտգործնախարարն ինքն է հայտնվել անհարմար վիճակում, քանզի ևս մեկ անգամ ապացուցել է, որ  միջազգային ասպարեզում Ադրբեջանը լուրջ գործընկերոջ տպավորություն չի թողնում։ Հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ շահագրգիռ բոլոր կողմերը բավականաչափ իրազեկված են 1994-ի մայիսին Բիշքեկում և Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումների և ապա` ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի մանրամասներին, երբ Լեռնային Ղարաբաղը ճանաչվել է հակամարտության լիիրավ կողմ։ Ադրբեջանի ներկայացուցչի ստորագրած փաստաթղթերն ադրբեջանական  արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի կողմից լուրջ չեն ընդունվում։ Այս քաղաքականությունը, դժբախտաբար, քննադատության չի արժանանում  միջնորդների կողմից, մինչդեռ սա կարգավորման գործընթացի հանդեպ բացարձակ քամահրանք է։ 

Այս ֆոնին առավել անտրամաբանական է հնչում Մամեդյարովի կողմից մայիսի կեսերին արված մեկ այլ հայտարարություն։ Հանդիպելով համանախագահներին ու ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին, նա ասել էր, որ հակամարտության շուտափույթ կարգավորման համար Ադրբեջանը պատրաստ է` ինտենսիվ բանակցությունների։ Ապակառուցողական դիրքորոշում և ինտենսիվ բանակցություններ. սա կարելի է առաջարկել Ադրբեջանի ԱԳՆ-ին՝ որպես տնային աշխատանք։

Ղարաբաղյան խաղաղ կարգավորման  բանակցություններին խոչընդոտելու Ադրբեջանի պատրաստակամությունն այլևս կասկածի տեղ չի թողնում։ Եվ մայիսի 8-ին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ի կողմից ՄԱԿ-ում տարածված փաստաթուղթը, թերևս, այդ քաղաքականության գնահատականն էր իր մեջ պարունակում։ Փաստաթղթում մասնավորապես նշված էր, որ տապալելով ցանկացած նախաձեռնություն, ագրեսիվ կերպով պարտադրելով առճակատման տրամաբանություն, փորձելով սանձազերծել նոր պատերազմ՝ ադրբեջանական իշխանությունները հույս ունեն փոխել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը, որտեղ հստակ երևում է Արցախի ժողովրդի՝ իր ապագան որոշելու վճռական դերակատարության աճող ընկալման միտումը։ ԱՀ արտաքին քաղաքական գերատեսչության գնահատմամբ՝ ադրբեջանական կողմից շարունակվող ռազմական սադրանքները, Արցախը մեկուսացնելու ջանքերը Հարավային Կովկասի խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված սպառնալիքներ են։

Ի դեպ, տարածաշրջանում խաղաղության պահպանման առաջնահերթ խնդիրն է կարևորվել մայիսի 28-ին պաշտոնական այցով Երևանում  գտնվող Ֆրանսիայի արտգործնախարար ԺանԻվ Լը Դրիանի և ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի առանձնազրույցում։ ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ նախարարները հանգամանալից  անդրադարձ են կատարել ղարաբաղյան հիմնախնդրին։ Կողմերը համակարծիք էին, որ գործընթացի հաջողության համար կարևոր է խաղաղությանը միտված մթնոլորտի ձևավորումը։ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այնուհետև այցելել է Բաքու՝ ալիևյան կլանին հիշեցնելու Ադրբեջանի հանձնառությունը՝ հակամարտությունը հանգուցալուծելու բացառապես խաղաղ ճանապարհով։ 

Նույնպիսի շեշտադրումներով է Երևանում ընթացել Զ. Մնացականյանի և ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքիի հանդիպումը։ 

Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ-ի աշխատաոճին՝ նշենք, որ մայիսի 28-ին Էլմար Մամեդյարովն այցելել է Միացյալ Նահանգներ, ինչի նպատակը, ըստ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների, ՄԱԿ-ի գրասենյակում կազմակերպվելիք միջոցառումներին մասնակցելն է, բացի այդ, նախատեսված էին հանդիպումներ  կառույցի ղեկավարության և այլ պաշտոնյաների հետ։ Չի բացառվում, որ Բաքուն հերթական անգամ շրջանառության մեջ դնի բանակցությունները ՄԱԿ-ի հարթակ տեղափոխելու թեման։ Չի բացառվում նաև, որ այդ կառույցում գտնվեն պաշտոնյաներ, ովքեր Ադրբեջանին հասկանալ կտան, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը խոչընդոտելը հեռանկարային քաղաքականություն չէ։

Վերոհիշյալ զարգացումների համատեքստում հարկ է միջազգային հանրակցության ուշադրությունը սևեռել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից  Հայաստանի պետական սահմանին ձեռնարկված գործողություններին, մասնավորապես` Նախիջևանի հատվածում թուրքական զորամիավորումների տեղակայման,  ադրբեջանական և թուրքական զինտեխնիկայի կենտրոնացման փաստերին։ Բացի նրանից, որ այստեղ Հայաստանը սահմանակցում է Ադրբեջանին, սա նաև ՀԱՊԿ-ն Ադրբեջանից բաժանող սահմանագիծ է։ 

Նախաձեռնության համար պայքարը մի կողմ թողնելով՝ Մինսկի խմբի համանախագահները պետք է աչքի առաջ ունենան այս զարգացումները և հարավկովկասյան տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության հարցերը քննարկելիս նախևառաջ գնահատական տան թուրք-ադրբեջանական տանդեմի՝ ապակայունացման տանող գործողություններին։ 

 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ