[ARM]     [RUS]     [ENG]

ՊԵՏՆԱԽԱՐԱՐԻ ՎԵՐՋԻՆ ՄԵՍԻՋԸ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ

Երեկ առավոտյան Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի վերաբերյալ լուրը թերևս ամենաանսպասելին էր:

Նույն օրը դրան  հետևել է պետնախարարի մամուլի ասուլիսը, որտեղ էլ անդրադարձել է իր` նախագահ Բակո Սահակյանին հրաժարականի դիմում ներկայացնելու վերաբերյալ որոշմանը, որն Արայիկ Հարությունյանը հիմնավորում է Արցախի հանրության մեջ երկրում բարեփոխումների նոր փուլ իրականացնելու պահանջի և տրամադրության ձևավորմամբ: Դրան անշուշտ նպաստել էր Հայաստանի  վերջին իրադարձությունները` Թավշյա հեղափոխությունը, չնայած պատճառ է հանդիսացել կենցաղային հողի վրա առաջացած վեճը: 

Արայիկ Հարությունյանը նշել է, որ ժողովրդի պահանջը հասունացել է, ստացել հանրային հնչողություն և իշխանությունները պարտավոր են հաշվի առնել այդ իրողությունը:  Նա նաև նշել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկումներ են ընթացել նախատեսվող բարեփոխումների շուրջ, որոնք թույլ պիտի տային վերականգնել վստահությունը հասարակության շրջանում: Այդ առումով, հսկայական գործ կա անելու քաղաքացիական հասարակության զարգացման ճանապարհին: 

Տնտեսության մեջ փոփոխությունները, արդեն նախկին պետնախարարն անհրաժեշտ և շարունակական գործընթաց է համարում, գտնելով, որ Արցախն այդ առումով բավականին լավ տեմպերով է առաջանում /վերջին տարիներին ՀՆԱ ցուցանիշը ավելի քան 10 տոկոս է կազմել/: Նա կարևոր է համարում նաև այս տարիներին գրանցված ժողովրդագրական աճը և միգրացիոն երևույթների կրճատումը: Այնուամենայնիվ, գտնում է, որ դա բավարար ցուցանիշ չէ հանրության այսօրվա տրամադրությունների ֆոնին: 

ՙԲարեփոխումներն ուղղված քաղացիական հասարակարգի զարգացմանը, և ժողովրդավարական արժեքների ամրապնդման առումով ստիպում են կոնկրետ, լուրջ քայլեր իրականացնել: Այս ամենն, իհարկե, ենթադրում է կադրային փոփոխություններ, և մայիսի վերջից նախագահ Բակո Սահակյանը սկսել էր կատարել առաջին քայլերը, որոնք պիտի շարունակվեին՚,-ասաց Ա. Հարությունյանը:   Հայտնի կենցաղային վեճը, որոշ առումով, տեմպեր է հաղորդել այդ ընթացքին, քանի որ փոխվել են նաև հանրության պահանջներն ու տրամադրությունները: 

Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ ինքը և հրաժարականի մյուս դիմում ներկացնողները  իրենց քայլով օգնում  են հանրապետության նախագահին ավելի արագ իրականացնել այդ ուղղությամբ առկա ծրագրերը, պայմանավորվածությունները: Նա շեշտեց, որ հրաժարականի դիմումը չի նշանակում, որ ինքը  հրաժարվում է ժողովրդին ծառայելուց, ավելին, շեշտեց, որ ակտիվ քաղաքական գործունեություն է ծավալելու: Պատրաստակամություն հայտնեց մշտապես աշխատել ժողովրդի հետ, ժողովրդի համար: Հրաժարականի գլխավոր պատճառներից մեկը, իր ձևակերպմամբ` գուցե ամենագլխավոր պատճառը հենց դա է, քանի որ հաճախ պետական պաշտոնյայի կարգավիճակը թույլ չի տալիս առավել ակտիվ գործել, այդ թվում նաև քաղաքական դաշտում: 

Ի՞նչ է անելու Արցախում գործող ամենախոշոր քաղաքական ուժի ղեկավարը պետնախարարի պաշտոնը թողնելուց հետո. այս մասին Արայիկ Հարությունյանը նշեց, որ կուսակցությունը պետք է մեծ դերակատարություն ունենա այդ բարեփոխումների իրականացման մեջ, պատրաստակամություն հայտնեց օժանդակել իշխանություններին դրանք իրագործելու ճանապարհին, և ասաց, որ իշխանության ու հասարակության միջև հանդես կգա կապող օղակի դերում: 

Լրագրողների հարցերը բազմաթիվ էին, դրանք վերաբերում էին ինչպես պետնախարարի կողմից հրաժարականի հիմավորումներին ու դրանցում առկա որոշ հակասությունների, այնպես էլ հրաժարականի վերաբերյալ հասարակության մեջ առկա ասեկոսեներին, որոնք Ա. Հարությունյանը չհնչեցրեց իր խոսքում: Համապատասխանո՞ւմ են, արդյոք լուրերն իրականությանը, որ Արայիկ Հարությունյանի վրա ճնշումներ են գործադրվել և հրաժարականի որոշումը կայացվել է ժամերի ընթացքում, ինչը հերքվեց նրա կողմից, նա  նման լուրերը ՙծիծաղելի՚ համարեց: 

Եթե Ա. Հարությունյանի կառավարությունը վերևում ներկայացված ցուցանիշներով  տնտեսական աճ ապահովող գործադիր մարմին էր, ապա ինչո՞ւ է նա և իր կառավարության որոշ անդամներ հրաժարականի դիմում ներկայացրել, հատկապես, որ հասարակության կողմից պետնախարարի հրաժարականի պահանջ չի ներկայացվել: Նա նշեց, որ իր հրաժարականն առնչություն չունի ակցիայի մասնակիցների պահանջի հետ: Իսկ այն հիմքերը, որ դրվել են տնտեսության մեջ իր թիմի կողմից, լավ նախադրյալներ են ստեղծել երկրի հետագա զարգացման համար: 

Ո՞ւմ է տեսնում պետնախարար Արայիկ Հարությունյանն իրենից հետո այդ պաշտոնում, արդյո՞ք, դա ԱԱԾ պետ Արշավիր Ղարամյանն է, ինչպես շրջանառվում է բնակչության շրջանում. այս հարցերին ի պատասխան նշվեց, որ ժամերի ընթացքում արդեն հայտնի կլինեն անուններ: Կլինի՞ դա ԱԱԾ պետ Արշավիր Ղարամյանը` ոչ: Չնայած, Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ մեծ հարգանք է տածում վերջինիս նկատմամբ և երկիրը  կշահի, եթե Ա. Ղարամյանի նման պետական պաշտոնյան իր գիտելիքները, փորձը օգտագործի` այդ թվում նաև որպես պետնախարար: 

Հնարավոր է, արդյո՞ք, որ պաշտոնաթող պետնախարարը ընդիմություն ձևավորի, այս հարցին պատասխանելով, նա ասաց, որ նման զարգացման հնարավորություն միշտ  հնարավոր է, եթե կուսակցության սկզբունքներից, ընտրված ճանապարհից շեղում լինի: Նա նշեց, որ հրաժարականի քայլով կնպաստի նախագահի բարեփոխումների ծրագրին: Պատրաստվո՞ւմ է, արդյոք, Արայիկ Հարությունյանը դնել իր թեկնածությունը 2020թ. նախատեսվող նախագահական ընտրություններին, նա խորհուրդ տվեց չշտապեցնել դեպքերը, քանի որ ամեն ինչ երկրի քաղաքական կյանքում շատ արագ է փոփոխվում և տեղի են ունենում անկանխատեսելի իարադարձություններ, որոնք փոխում են քաղաքական օրակարգը: Հատկապես, որ ունենք ծանր մարտահրավերներ, առաջնագիծ և հետևանքները կարող են անկանխատեսելի լինել: Պետնախարարը մեսիջ ուղարկեց հանրությանը, նշելով, որ  այս փոփոխություններով փորձում են  համերաշխություն մտցնել հանրության մեջ, քանի որ վերջինս երկրի համար գլխավոր թեման, երազանքը, նպատակը ստորադասել է` առաջ քաշելով այլ խնդիրներ: 

Հարց եղավ վերջերս հանրության կողմից իրականացված բողոքի ակցիայի արդյունքում ստեղծված Հանրային խորհրդի մասին, որը պիտի կանոնակարգի և իշխանություններին ներկայացնի հանրային հնչողություն ստացած հարցերը: Որքանո՞վ, երաշխավորված կլինի այդ Խորհրդի կողմից բարձրացված հարցերի լուծումը, հաշվի առնելով այն պրակտիկան, որ նույն այդ հարցերը բազմիցս լրագրողների և հասարակության կողմից հնչեցվել և լուծում չեն ստացել: Նշվեց, որ Արցախում նույնպես իրավիճակ է փոխվել և իշխանությունները պարտավոր և պատրաստակամ են առաջիկայում առավել ուշադիր լինել դրանց նկատմամբ: 

Հրաժարականների ցանկը Ա. Հարությունյանի խոսքով շարունակվելու է: Ամեն դեպքում, նա  համոզմունք հայտնեց, որ  կադրային ճիշտ քաղաքականություն է վարվում և Արցախը զարգացման ճիշտ ճանապարհ է ընտրել: 

Վերջում նա կոչ արեց իր հետ երկրի քաղաքական գործընթացներում մասնակցության ցանկություն ունեցողներին անդամագրվել ՙԱզատ Հայրենիք՚ կուսակցությանը, իսկ կուսակից ընկերներին հորդորեց ըմբռնումով մոտենալ իր որոշմանը, քանի որ այն բխում է երկրի շահերից: 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ