[ARM]     [RUS]     [ENG]

ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՀՐԱՎԻՐԵԼ ԵՆ ԱՄՆ

Ո՞վ է խավար ստեղծում ռուսաստանյան անդրկովկասյան վերլուծության մեջ

 Ադրբեջանի ԶԼՄ-ների ներկայացուցիչները ՌԴ ԱԳՆ տեղեկատվության ու մամուլի դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովային դիմել են նամակով, որն ստորագրված էր ավելի քան 20 գործակալությունների ու թերթերի ներկայացուցիչների կողմից։ 

Նամակում ասված է հետևյալը. ՙԻնչպես հայտնի է, սույն թվականի հունիսի 1-ին Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության ու մամուլի դեպարտամենտի տնօրենի տեղակալ Արտյոմ Կոժինի ճեպազրույցին Trend տեղեկատվական գործակալության հատուկ թղթակից Արտյոմ Սոկոլովը հարց է տվել հայ-ադրբեջանական լեռնայինղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող բանակցություններում Լեռնային Ղարաբաղի անջատողական ռեժիմի ներկայացուցիչների մասնակցության ՙանհրաժեշտության՚ մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ։ Պատասխանելով հարցին՝ Ա. Կոժինն ասել է. ՙԸնդհանրապես, բարձրագոչ հայտարարությունները, որոնք չենք տեղավորվում այդ հարցի շուրջ, մասնավորապես, ԵԱՀԿ-ի կողմից նախանշված համապատասխան ռելսերի մեջ, հավանաբար, ոչ կառուցողական են՚։ Բայց, ի զարմանս մեզ, ՌԴ ԱԳՆ-ի կայքում հրապարակված ճեպազրույցի սղագրության մեջ պարոն Կոժինի պատասխանը ներկայացված է հետևյալ կերպ. ՙՁեր բարձրագոչ հայտարարությունները, որոնք չեն տեղավորվում, մասնավորապես, ԵԱՀԿ-ի կողմից նախանշված ռելսերի մեջ, հավանաբար, ոչ կառուցողական են պատկերանում՚։ Հետևաբար, ՙընդհանրապես՚ բառը փոխարինվել է ՙՁեր՚ բառով, այդկերպ, պատասխանը, իբր, վերաբերում էր լրագրողի հարցին, այլ ոչ թե Հայաստանի վարչապետի հայտարարությանը։ Դրանով իսկ Ռուսաստանի արտաքինքաղաքական գերատեսչությունը ոչ միայն խեղաթյուրել է ռուս դիվանագետի մասնագիտական պատասխանը, որը համապատասխանում է բանակցային գործընթացի իրական բնույթին, այլև փորձել է ողջ պատասխանատվությունը դնել լրագրողի վրա, ով տվել է միանգամայն կոռեկտ ու տեղին հարց՚։ 

Եվ այնուհետև. ՙՄենք համարում ենք, որ այդ հանգամանքը ՌԴ ԱԳՆ-ին պատիվ չի բերում։ Ուստի Ռուսաստանի արտաքինքաղաքական գերատեսչությունը պետք է բացառի կեղծարարությունն ու վերականգնի ճշմարտությունը՚։ Այդ դեպքի մասին, ինչից Բաքուն փորձում է սկանդալ սարքել, Regnum տեղեկատվական գործակալությունն արդեն տեղեկացրել է։ Խնդիրն այն է, որ կա բանավոր հայտարարություն, բայց նաև` սղագրություն։ Միջազգային իրադրության արդիական խնդիրների շուրջ թղթակիցների հարցերին ԱԳՆ-ի տված պատասխանները պատկանում են դիվանագիտական կարևոր փաստաթղթերի դասին։ Չենք բացառում, որ Կոժինը վրիպում է թույլ տվել, որն այնուհետև ուղղվել է սղագրության մեջ։ Անշուշտ, տեղեկատվության ու մամուլի դեպարտամենտը կպարզաբանի իրավիճակը։ Բայց այլ բանի մասին է խոսքը։ Ակնհայտ է դարձել այն, որ Բաքուն լրջորեն  ընդունել է լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) մասնակցության անհրաժեշտության մասին Փաշինյանի խոսքերը, և նրա համար կարևոր էր պարզել դրա հանդեպ Ռուսաստանի  վերաբերմունքը։ Դրա համար ոչ քիչ պատճառներ կան։ 

Բանն այն է, որ ի սկզբանե Ադրբեջանը դրական էր ընդունում Փաշինյանի իշխանության գալը, ընկալում էր այն որպես` այսպես կոչված, ՙղարաբաղյան կլանի՚ տապալում, որը, Բաքվի քաղաքագետների մեծամասնության գնահատմամբ, ՙՀայաստանը դարձրել է Ռուսաստանի արբանյակը՚։ Դրանով էին Բաքվի պաշտոնական իշխանություններն իրենց հասարակությանը բացատրում լեռնայինղարաբաղյան հիմնախնդիրը ո՜չ դիվանագիտական, ո՜չ ուժային մեթոդներով լուծելու անկարողությունը՝ չէ՞ որ ՙԵրևանի թիկունքում Մոսկվան է կանգնած՚։ Երբ Հայաստանում սկսվեցին հայտնի իրադարձությունները, ադրբեջանական մամուլը գոհունակություն էր հայտնում ռազմաքաղաքական վերնախավի փոփոխության շուրջ` հույս հայտնելով, որ ՙնոր վերնախավը պատրաստ կլինի համագործակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՚։ Այդ առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ ՙԱդրբեջանը հուսով է, որ Հայաստանում իշխանության կգան ողջամիտ ուժեր, որոնք կկարողանան սթափ գնահատել տարածաշրջանում ձևավորվող իրադրությունը՚։

Նման գնահատականները սնուցում էին ռուսաստանյան որոշ քաղաքագետների դատողություններ։ Այսպես, Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը ՙՄոսկվա-Բաքու՚ պորտալին տված մեկնաբանության մեջ՝ այն առնչությամբ, թե Հայաստանում ուժերից որ մեկի հետ Բաքվի համար ավելի հեշտ կլիներ բանակցություններ վարել, հայտարարել է, որ Փաշինյանի թեկնածությունը, հնարավոր է, լավագույնը կլիներ Ադրբեջանի համար տվյալ դեպքում, քանի որ գուցե նա առավել պատրաստակամ կլինի ՙփոխզիջումների ու առաջ գնալու լեռնայինղարաբաղյան կարգավորման մեջ՝ ի շահ երկու ժողովուրդների՚։ Բայց Փաշինյանը Սոչի այցելեց, որտեղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հավաստիացրեց հայ-ռուսական  ռազմավարական գործընկերության անսասանության մեջ, իսկ Ստեփանակերտում հայտարարեց  հակամարտության կարգավորման շուրջ, բայց  Արցախի Հանրապետության մասնակցությամբ, Բաքվի հետ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին։ Սկզբում Ադրբեջանը մտահոգություն էր հայտնում Փաշինյանի այդ խոսքերի առնչությամբ, իսկ այնուհետև, ինչպես համարում է Բաքվի քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն, բախվեց ՙառավել ծայրահեղ դիրքորոշման հետ՚։ 

Բաքվում սկսեցին գլուխ կոտրել այն բանի շուրջ, թե  ինչու է Կրեմլը ՙհայկական հեղափոխության՚ պահին զբաղեցրել ընդգծված չեզոք դիրքորոշում, և ինչու են Արևմուտքում սկսել Հայաստանի ՙժողովրդավարական հեղինակությունը՚ կերտել: ՙՕգնության՚ եկան Մոսկվայի որոշ փորձագետներ։ Հրապարակախոս Ալեքսանդր Դուգինն իրավիճակն այսպես է մեկնաբանել Բաքվի Haqqin.az պորտալին. ՙՄենք գիտենք, որ Ռուսաստանում ուժեղ է հայկական լոբբին, որն իր ուղեգիծն է տանում։ Իսկ չէ՞ որ դրա հետ մեկտեղ Ադրբեջանի հետ մերձեցման վկայություն կա՚։ Իր հերթին լրագրող Մաքսիմ Շևչենկոն ՙԷխո Մոսկվի՚ ռադիոկայանի եթերում ասել է հետևյալը. ՙՏարիներ են ծախսվել այդ հակամարտության կարգավորման վրա։ Ադրբեջանին 5 շրջաններ հանձնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել` որպես Հայաստանի կողմից արված հաշտեցման ժեստ։ Բայց Փաշինյանի իշխանության գալուց հետո ամեն ինչ փոշիացավ։ Ռուսաստանը շահագրգռված կլիներ Սերժ Սարգսյանի ուղեգծի շարունակման մեջ, ով էլ խոստացել էր վերադարձնել ադրբեջանական շրջաններն այն բանից հետո, երբ վարչապետ դառնա։ Այնպես որ ամեն բան վերադարձել է իր ելակետային դիրքին՚։ 

Այսինքն, դավադրության տեսության վարկածի համաձայն՝ ՙհայկական ցնցումները՚, Փաշինյանի իշխանության գալը զուգադիպեցին այն պահի հետ, երբ Մոսկվայում որոշակի ուժեր պատրաստվում էին Ադրբեջանին ինչ-որ շրջաններ վերադարձնել։ Իսկ այնուհետև, ինչպես ասում են, սկսվեց իրարանցումը։ Բաքվի պարբերականները հեղեղվեցին գլխագրերով. ՙՌուսաստանը կորցնում է  Հայաստանը՚, ՙՀայաստանը դուրս են բերում Ռուսաստանի իշխանությունից Վրաստանի միջոցով՚, ՙՎրաստանը՝ ՆԱՏՕ-ում, Հայաստանը հաջորդն է՚։ Սկսվեց ուրվագծվել Փաշինյանի՝ որպես բացառապես արևմտամետ քաղաքական գործչի կերպարը, ով, ինչպես գրել է Բաքվի փորձագետ Զաուր Նուրմամեդովը, ՙՀայաստանը դուրս կբերի ռուսական ազդեցությունից՚։ Բայց ինչու՞ է Ադրբեջանն սկսել ահազանգել։ Չէ՞որ դեռևս վերջերս Հայաստանին Ռուսաստանից հակառակ ուղղությամբ դրեյֆի կոչ էր անում։ Մեր կարծիքով, պատասխանն այն է, որ Բաքվում սկսել են հասկանալ, որ Արևմուտքը կարող է առաջարկել լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորման իր բեմագիրը, որը հեռու է Ադրբեջանի  ձգտումներից, և տվյալ դեպքում զսպող բնույթի միակ ուժը կարող է դառնալ միայն Ռուսաստանը։ Բայց դրա համար պետք է Մոսկվայի աչքերում քաղաքականորեն վարկաբեկել Երևանին, ռուսներին համոզել նրանում, որ ՙՓաշինյանն ու նրա կուսակիցները պատրաստվում են դաշնակցային հարաբերությունների խզմանը՚։ Այսպես են ձեռնարկվում հայկական գլուխկոտրուկները խեղաթյուրված խճապատկերի մեջ դասավորելու փորձերը։ Իսկ մենք կասենք բացեիբաց. Հայաստանի նոր արտաքին քաղաքականությունը դեռ միայն ձևավորվում է։ Անդրկովկասում փոխվում են իրավիճակը և լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ մթնոլորտը։ Ընդ որում` Ադրբեջանի համար անսպասելի ուղղությամբ։ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել է, որ Վաշինգտոնը նախատեսում է Հայաստանին աջակցության տրամադրման ծրագրեր։ Դեռ ավելին, ինչպես հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ՙԱզատություն՚ ռադիոկայանի հայկական ծառայության եթերում, Փաշինյանը պատրաստվում է այցելել ԱՄՆ։ Ներկայիս  Հայաստանը հայության միայն մի փոքր հատվածն է, հայություն, որի ռեսուրսը կարող է ակտիվացվել ու կակտիվացվի։ Պատահական չէ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական նամակ է հղել ադրբեջանական առաջնորդին, որում փոփոխություններ է խոստացել ղարաբաղյան ուղղությամբ մոտակա ամիսներին։ Եվ դարձյալ ինտրիգ։ Թուրք քաղաքագետ Էնգին Օզերը չի բացառում, որ Փաշինյանը կարող է ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Նրա խոսքով` ՙեթե նման բան տեղի ունենա, ապա հնարավոր կլինի հասկանալ նաև Սիրիական Արաբական Հանրապետության կողմից այդ նույն Աբխազիայի ու Հարավային Օսիայի ճանաչման տրամաբանությունը՚։

Մի այլ թուրք փորձագետ, Մեհմեդ Փաթիխ Օզտարսուն, համոզված է նրանում, որ ՙգործ ունենք մի քանի իրար հետ կապ չունեցող փոփոխությունների հետ։ Այնպիսիք, ինչպիսիք են Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը, ճիշտ ինչպես և տարածաշրջանի այլ երկրների քաղաքականությունը՚, և ՙդժվար է հաշվարկել բոլոր հնարավոր ասպեկտները կարճաժամկետ հեռանկարում՚։ Իրոք, ամեն ինչ դեռ առջևում է։

        Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ

regnum.ru