Logo
Print this page

ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԵՐԿԱԿԻ ԽԱՂԸ ԲԱՔՎԻ ԾՐԱԳՐԵՐԸ ԴԱՐՁՆՈՒՄ Է ԱՆԻՐԱԳՈՐԾԵԼԻ

Էներգակիրների գործոնն Ադրբեջանում մշտապես իր ազդեցությունն է ունեցել երկրի ներքին ու արտաքին քաղաքականության վրա, բայց այդ գործոնը մի կողմից նպաստել է իշխանության ծրագրերի իրագործմանը, մյուս կողմից էլ՝ խնդիրներ դրել բռնապետական վարչակազմի առաջ։

Անցած ամսվա վերջին տասնօրյակում ալիևյան կլանը տարփողում էր դեռևս չիրագործված և ձախողման դատապարտված գազային մի նախագծի՝ Հարավային գազային միջանցքի (ՀԳՄ) ՙհամաշխարհային՚ նշանակությունը՝ նպատակ ունենալով ընդգծել երկրի կարևորությունը հատկապես եվրոպական տարածաշրջանի համար։ Իշխող վարչակազմի գովազդը, սակայն, արդարացված չէր. ինչպես Բաքվում, այնպես էլ Արևմուտքում չեն կասկածում, որ Պարսից ծոցի էներգակիրներն իրենց ծավալներով զգալիորեն գերազանցում են ադրբեջանականին, պարզապես արևմտյան գերտերություններին անհրաժեշտ է ելք դեպի կասպիական ավազան և ասիական տարածաշրջանի երկրներ, ինչը հնարավոր է Ադրբեջանի միջոցով։ Վերջին հանգամանքն Ադրբեջանի քաղաքական վերնախավի կողմից մշտապես շահարկվել է։ Դեռևս 2011 թվականին Եվրամիությունն ընդունեց իր էներգետիկ նոր դոկտրինը, որը նախատեսում էր նոր ծրագրի մշակմամբ Եվրոպային ռուսաստանյան էներգակիրների մատակարարման այլընտրանքային ուղի ստեղծել։ Այդ ծրագիրը ենթադրում էր NABUCCO գազամուղի կառուցմամբ Կասպյան տարածաշրջանի էներգետիկ ռեսուրսների արտահանում Եվրամիության երկրներ։ Նույն տարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Եվրահանձնաժողովի նախկին նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն ստորագրեցին ՙՀարավային գազային միջանցք՚ նախագծին Ադրբեջանի մասնակցության մասին փաստաթուղթը։ 

ՀԳՄ-ն հիշյալ ծրագրի մի բաղկացուցիչն է. գազն Ադրբեջանից պիտի անցնի Վրաստանի և ապա Թուրքիայի տարածքով և դուրս բերվի եվրոպական երկրներ՝ Հունաստան, Բուլղարիա, Ալբանիա, մինչև Իտալիա։ Այդ նպատակով պետք է կառուցվեին երկու կարևոր խողովակաշար՝ Տրանսանատոլիական  (TANAP) և Տրանսադրիատիկ (TAP),  նախագիծը նախատեսվել է կյանքի կոչել 2020 թվականին։ Ադրբեջանի նախագահն այս մասին վաղուց էր խոսում՝ նպատակ ունենալով գազային այդ միջանցքի կարևորության տակ քողարկել ոչ միայն երկրում իրեն զգացնել տվող ժողովրդավարության դեֆիցիտը, այլև այն շահարկել գլխավորապես ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացում։ Ադրբեջանական քաղաքական վերնախավն իր հակաժողովրդական էությունը էներգակիրների ետևում թաքցնելու խնդիր ունի. անհրաժեշտ է հնարավորինս հակազդել մարդու իրավունքների ջատագով եվրոպական կառույցների, ինչպես նաև կոռուպցիոն գործարքները հետաքննող  կազմակերպությունների գործունեությանը։ 

Իլհամ Ալիևին սպասարկող քարոզչամիջոցներից մեկը հունիսի 8-ին մեծ ցավով տեղեկացրեց, որ Իտալիայի կառավարությունն ադրբեջանական գազախողովակաշարի Տրանսադրիատիկ հատվածի (TAP) կառուցմանը դեմ է արտահայտվել։ Reuters գործակալության փոխանցմամբ՝ Իտալիայի կոալիցիոն կառավարությունում Բնական միջավայրի նախարարի պաշտոնը զբաղեցնող Սերջո Կոստան հայտարարել է, որ ինքը դեմ է անիմաստ և երկրի համար ոչ անհրաժեշտ խողովակաշարի կառուցմանը։ Խոստացել է հարցը ներառել կառավարության նիստի օրակարգում։ 

Հարավային գազային միջանցքի նախագծերից մեկի՝ TAP-ի վերաբերյալ  իտալական կառավարության նոր որոշումը, ըստ նախարար Կոստայի, բխում է նրանից, որ այն կարող է լարվածության պատճառ դառնալ իտալական կողմի և BT-ի (Բրիտիշ պետրոլիումի) կողմից ղեկավարվող կոնսորցիումի միջև։ Բացի այդ, խողովակաշարի կառուցումն էկոլոգիական ռիսկեր է իր մեջ պարունակում, որի մասին առավել խիստ է արտահայտվել Իտալիայի հարավային շրջանի ղեկավարը՝ ասելով, որ դրա կարիքը իրենք չունեն, քանի որ երկիրը գազի մեծ պոտենցիալ ունի։ 

Նախկինում նման իրավիճակ ստեղծվել էր նաև Ադրբեջան-Հունաստան հարաբերություններում. հունական կառավարությունը պնդել էր, որ  ադրբեջանական կողմից որոշ զիջումներ է ակնկալում։ Կարելի է պատկերացնել, թե ինչպիսի իրավիճակում են հայտնվել Ալիևն ու Էրդողանը հունիսի 12-ին Թուրքիայում ՀԳՄ-ի Տրանսանատոլիական (TANAP) խողովակաշարի գործարկման հարցին նվիրված հանդիպմանը։

Արևմուտք-Ադրբեջան հարաբերությունների մասով, կարծում ենք, անաչառ դիտարկումներ է ներկայացնում ՙԹուրան՚ գործակալությունը, որի վերլուծականում մասնավորապես շեշտը դրվում է ս.թ. ապրիլի 11-ի նախագահական ընտրություններից  մինչ այսօր ներառող ժամանակահատվածի զարգացումների վրա։ Նախագահական ընտրությունների հարցում Արևմուտքը զսպվածություն դրսևորեց. չողջունեց, ոչինչ չասաց դրանց ոչ լեգիտիմ բնույթի և անցկացման պայմանների մասին։ ԱՄՆ-ի և Եվրամիության ուղերձներում չի ճանաչվել Ալիևի ՙհաղթանակը՚, դրանցում էներգետիկայի ոլորտում փոխհամագործակցության առաջարկներ էին, դրա հետ մեկտեղ նաև` ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու և կոռուպցիայի դեմ պայքարի կոչեր։ Դա թույլ է տալիս ենթադրել, որ Արևմուտքն Ալիևի վարչակազմից որոշ ակնկալիքներ ունի, և խոսքն այստեղ վերաբերում է ոչ միայն նավթագազային նախագծերին և հատկապես Արևմտյան նավթային կապիտալի ներդրման համար պայմանների ստեղծմանը։ Դրանցից զատ՝ կարևորվում են ինստիտուցիոնալ բարեփոխումները, կլանային և օլիգարխիկ հենքի վրա գոյատևող, բայց արդեն իրեն սպառած թիմի հեռացումն իշխանությունից, պայքարը կոռուպցիայի դեմ և հանուն տնտեսության լեգալացման։  Պայմաններից մեկն էլ հակաիրանական պատժամիջոցներին մասնակցելն է։ 

Հիշյալ գործակալության բնորոշմամբ՝ դրանք չհիմնավորված ակնկալիքներ են, և դատելով այս ամենից, ավելի շուտ կարելի է ալիևյան կլանից ակնկալել ռեժիմի խստացում, սոցիալական լարվածության ֆոնին ընդդիմադիր գործիչների նկատմամբ նոր ճնշումներ ու ձերբակալություններ։ Նման պարագայում չի բացառվում, որ արևմտյան քաղաքականությունն իր ազդեցությունն ունենա  հասարակության տրամադրությունների վրա։ 

Ադրբեջանական ոչ պաշտոնական լրատվամիջոցն անուղղակիորեն սեփական երկրի հանդեպ Արևմուտքի երկակի խաղն է ցուցադրում, և դրանով թերևս հաստատում, որ էներգակիրների մեծ պաշարները, ընդհանրապես, չեն կարող ապահովել ավտորիտար ռեժիմների հավերժական գոյությունը, ինչին ձգտում է Իլհամ Ալիևը։ Տեղեկատվական այս կայքը չի վկայակոչել Մերձավոր Արևելքի փորձը, որը միջազգային հանրությանը ցույց տվեց  բռնապետական վարչակարգերի տապալման գործընթացում այդ հարստությունների՝ որպես ազդեցիկ գործոնի անտեսումը։ 

Ադրբեջանն այս առումով չի կարող բացառություն լինել։ Նավթագազային գործոնի նշանակության նվազումն իրեն զգացնել է տալիս ներքին և արտաքին քաղաքական զարգացումներում։ Հակառակ ալիևյան կլանի՝ տնտեսական հնարավորությունների հենքի վրա քաղաքականություն կառուցելու փորձերին, երկրի ընդդիմադիր ուժերը քաղաքական պայքարի նոր փուլ են սկսում։ Այդ մասին իրազեկում են ադրբեջանական աղբյուրները՝ ընդգծելով, որ ոչ հեռավոր անցյալում իշխանության հրահանգով գործունեությունը դադարեցրած կայքերն արդեն սկսել են բարձրաձայնել իրենց իրավունքների վերականգնման մասին։ Եվս մեկ նորություն.Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը պատրաստվում է Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով նոր զեկուցող նշանակել։ Թե ով կլինի զեկուցողը, կորոշի ԵԽԽՎ-ի մարդու իրավունքների և իրավական հարցերով հանձնաժողովը։ Նման նախաձեռնությամբ հանդես են եկել 24 պատգամավորներ։ Նախաձեռնողները նշել են, որ դեռևս 2013թ. գերմանացի պատգամավոր Քրիստոֆ Շտրասերի կողմից Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին պատրաստված զեկույցը ԵԽԽՎ-ն չի հաստատել, և այնուհետև պարզվել է, որ կառույցի որոշ ներկայացուցիչներ ուղղակի կաշառված են եղել ալիևյան կլանի կողմից։ Եվ այս բացահայտումը կառույցում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հիմք է հանդիսացել, ինչն արտահայտվել է նրա լիազորությունների  սահմանափակմամբ. նրան թույլ են տվել միայն մասնակցել Վեհաժողովի նիստերին։ Ըստ գործակալության՝ քաղբանտարկյալների թեման Ադրբեջանում համարվում է ամենահրատապը։ 

Ընդհանրացնելով վերը շարադրվածը՝ փաստենք, որ Արևմուտքն իր երկակի խաղով Ադրբեջանին դնում է դժվար կացության մեջ՝ նրա ծրագրերը դարձնելով անիրագործելի. Ալիևին չի հաջողվում էներգետիկ գործոնի միջոցով ո՜չ քողարկել իր իշխանության անօրինականությունը և ո՜չ էլ իր համար բարենպաստ դիրք զբաղեցնել ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացում։  

 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.