[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՓՈԽԱՐԵՆ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ

Խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը օրեր առաջ էր հայտարարել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաք կազմակերպելու մտադրության մասին: Այնինչ` Ստեփանակերտի քաղաքապետարանը սահմանված կարգով չէր ծանուցվել: Տեղեկացվել էր ոստիկանությունը: 

 Հանրահավաքից ժամեր առաջ Ստեփանակերտի համայնքային ավագանին նիստ հրավիրեց՝ հանրահավաքի կազմակերպիչների մասնակցությամբ, եւ հայտարարեց. Վերածննդի հրապարակում հավաքի անցկացումը չի թույլատրում, եւ առաջարկեց այլընտրանքներ: ՙՕրինակ՝ Նելսոն Ստեփանյանի անվան զբոսայգին, Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտը, ի վերջո՝ ՙՄենք ենք, մեր սարերը՚ հուշարձանի հարակից հրապարակը՚,- թվարկում է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Կազմակերպիչները խոստացան դա հաշվի առնել հետագա հանրահավաքների համար, իսկ հայտարարված հանրահավաքի տեղը փոխելուն չհամաձայնեցին: Քաղաքապետարանն իր որոշման մասին ծանուցում ուղարկեց ոստիկանությանը: 

Քաղաքապետարանի որոշմանն արձագանքելով՝ հունիսի 13-ին ոստիկանությունն արգելափակել է Վերածննդի հրապարակը: Հրապարակ հասած ոստիկանության նորանշանակ պետ Իգոր Գրիգորյանի եւ հավաքի կազմակերպիչների՝ Ազգային վերածնունդ կուսակցության (ԱՎԿ) ղեկավարների բանակցությունների արդյունքում որոշվեց հանրահավաքը հրապարակի հարեւանությամբ գտնվող Նելսոն Ստեփանյանի անվան զբոսայգում անցկացնել: Հայկ Խանումյանը ընդգծում է. հունիսի սկզբին սկսած քաղաքացիական շարժման  փոխարեն Արցախում քաղաքական շարժում է սկսվում, որի պահանջների ներկայացման համար ձեւավորված Հանրային խորհուրդը բավարար չէ: ՙՀանրային հարթակում մարդիկ իրենց բողոքները, խնդիրներն են ներկայացնում: Մենք ներկայացնում ենք ճգնաժամի պատճառները եւ մեր քաղաքական լուծումներն առաջարկում՚,- մանրամասնում է ԱՀ ԱԺ պատգամավոր, ԱՎԿ նախագահ Հայկ Խանումյանը:

Քաղաքական առաջին պահանջը կարճ է ձեւակերպում՝ նախագահի հրաժարականը: Շարքում դատական համակարգի բարեփոխումների պահանջն է, քաղաքական դաշտի ազատականացումը, մամուլի ազատության ապահովումը, քաղհասարակության ամրապնդումը: 

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը ներարցախյան իրավիճակն արտառոց չի համարում: Օրենքը հավաքները չի արգելում: Յուրաքանչյուրն ազատ է իր կարծիքն արտահայտելու, հանրահավաք հրավիրելու հարցում: Պարզապես դա պետք է անել օրենքով սահմանված կարգով ու թույլատրված վայրերում: ՙԱյս զարգացումները մեկ անգամ ևս ցույց տվեցին, որ Արցախն իսկապես ժողովրդավարական երկիր է, եւ յուրաքանչյուր ոք կարող է իր կարծիքն արտահայտել: Հիմա, երեկ մի 30 մարդ էր հավաքվել: Նորմալ է: Եթե անգամ մեկ մարդ լինի՝ իրավունք ունի գալ ու իր կարծիքն արտահայտել՚,- ընդգծում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետը:

Պահանջներն այս պահին Ազգային վերածնունդ կուսակցությունը միայնակ է ներկայացնում եւ միայնակ էլ պատասխանատվություն է ստանձնում հանրահավաքների կազմակերպման հարցում:  

Հանրահավաքի կազմակերպիչները համոզված են՝ իրավիճակը հնարավոր է հարթել ներարցախյան ռեսուրսով: Այս պահին այդ ռեսուրսից մտադիր են կիրառել հանրային ճնշման գործիքը:

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ