ԼՂՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՙԿԼՈՐ ՍԵՂԱՆԻՆ՚

Մարտի 21-ին Մոսկվայում, Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտում անց է կացվել միջազգային գիտագործնական ՙկլոր սեղան՚` ՙԹուրքական գործոնը Մերձավոր Արևելքում և հետխորհրդային տարածքում՚: Միջոցառման նպատակն էր ՌԴ ազգային անվտանգության համատեքստով գիտագործնականորեն իմաստավորել արդի Թուրքիայի քաղաքականությունը Մեծ Կովկասի տարածաշրջանում և նախկին ԽՍՀՄ տարածքում: 
Քննարկվել են հետևյալ թեմաները. միջազգային անվտանգության  հիմնախնդիրները Թուրքիա և Մեծ Մերձավոր Արևելք տարածաշրջանային համատեքստում, թուրքական պետության անկայունության ներքին գործոնները, Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը, Թուրքիայի դիրքորոշումը, Կովկասում ՌԴ, Թուրքիայի և տարածաշրջանի մյուս պետություների մասնակցությամբ  ինտեգրման նախագծերի հեռանկարները, Թուրքիայի կրոնական և հասարակական-քաղաքական ազդեցությունը հետխորհրդային տարածքում և Ռուսաստանի թուրքաբնակ տարածաշրջաններում: 
ՙԿլոր սեղանի՚ աշխատանքին մասնակցել են 60-ից ավելի փորձագետներ և լրագրողներ, կարդացվել է 13 զեկուցում, մասնակիցներից շատերը  բանավեճերի ժամանակ հանդես են եկել ելույթներով: 
Համաժողովում ներկայացվել են ռուսաստանյան առաջատար գիտական ինստիտուտներ և վերլուծական կենտրոններ:
 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից հանդես է եկել ԼՂՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, պատմագիտության թեկնածու Ռուբեն Զարգարյանը` ՙԼեռնային Ղարաբաղն ու Ռուսաստանը ինտեգրման նախագծերում, և Թուրքիայի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության մեջ՚ զեկուցմամբ, որն ակտիվորեն պաշտպանել են   ՙկլոր սեղանի՚ մասնակիցներն ու վարողները: Իր ելույթում Ռ. Զարգարյանը վերլուծության է ենթարկել Արևելամիջերկրածովյան շրջանակներում ինտեգրման նախագծերին ԼՂՀ և Ռուսաստանի մասնակցության հեռանկարները: Ընդգծվել է, որ ղարաբաղյան պետության բարեհաջող կազմավորումը մեկն է այն գործոններից, որոնք ձևավորում են տարածաշրջանի կայունության և զարգացման համակարգը: 
Ռ. Զարգարյանի զեկուցման մյուս թեման նվիրված էր ԼՂՀ¬ի  և Հայաստանի նկատմամբ պաշտոնական Թուրքիայի վարած առճակատման քաղաքականությանը: Ընդսմին, զեկուցողը նշել է, որ Թուրքիայի համար շատ ավելի շահեկան կլիներ, եթե նա  իր հակաղարաբաղյան և հակահայկական դիրքորոշումը փոխարիներ  ԼՂՀ¬ի և Հայաստանի հետ համագործակցելու քաղաքականությամբ: Նկատելով, որ մի շարք թուրք քաղաքագետներ հայտարարում են, թե Թուրքիան ըմբռնում է ԼՂՀ անկախության անշրջելիությունը, Զարգարյանն ընդգծել է` Թուրքիան, իբրև վստահության  միջոց և բարի կամքի դրսևորում, լիովին կարող էր ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և նրա հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ, ինչը կնպաստեր  հակամարտության կարգավորման առաջընթացին: 
Ռ. Զարգարյանի ելույթի երրորդ թեման վերաբերում էր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական հարցերին, Ադրբեջանի ապակառուցողական և ագրեսիվ քաղաքականությանը, ԼՂՀ միջազգային-իրավական դիրքորոշմանը: Զեկուցողը նշել է, որ ԼՂՀ յոթ վերաինտեգրված շրջանների նկատմամբ Ադրբեջանի տարածքային նկրտումները պետք է դիտարկել իբրև անընդունելի և ոչ տեղին, որոնք խոչընդոտում են ԼՂՀ¬ի  և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը:  Նրա խոսքերով, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը, ագրեսիան վերսկսելու` Բաքվի վարչախմբի  հարաճուն  սպառնալիքները, ինչպես նաև  ադրբեջանական կողմի սահմանային  ռազմական սադրանքների  աճը  կարող են իբրև դաս ծառայել  այն իմաստով, որ   միայն ու միայն բանակցությունները բավարար չեն խաղաղության ապահովման և կարգավորման համար և անհրաժեշտ է պատասխանատվությամբ վերաբերվել միջազգային իրավունքին:  
ՙԲաքվի վարչախումբը ցուցադրաբար անտեսում է միջազգային իրավունքը, ձեռնարկում հակաիրավական քայլեր, որպեսզի կասկածի տակ դրվեն ԼՂՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը՚,-ասել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարի խորհրդականը, նշելով, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքակիրթ և հաստատուն կարգավորումը պետք է հիմնվի հետևյալ 5 սկզբունքների վրա. ԼՂՀ կարգավիճակի որոշում` որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բացառիկ իրավունք, միջազգային հանրության կողմից ԼՂՀ պետական անկախության լիակատար ճանաչում, ԼՂՀ¬ի և Ադրբեջանական Հանրապետության անկախության փոխադարձ ճանաչում, Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականության վերականգնում, վեճերի խաղաղ լուծում և ուժի կամ ուժի սպառնալիքի չգործադրում: 
Զեկուցման մեջ ընդգծվել է` անհրաժեշտ է ի վերջո ԼՂՀ անկախությունը ճանաչել որպես մի գործոն, որով պայմանավորված են ոչ միայն Կովկասյան տարածաշրջանի, այլև Արևելամիջերկրածովյան Նեոբյուզանդական քաղաքակրթության տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը: