[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱԹՈՒՄԻ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ. ՄԻ ՔԱՆԻ ՓԱՍՏԵՐ

Մայիսի 28-ին համայն հայությունը մեծ հանդիսավորությամբ և բազմազան միջոցառումներով նշեց Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը: Հայկական պետականության վերականգնումը մեր հինավուրց ժողովրդի մեծագույն հաղթանակն էր:

 Հոդվածս գրում եմ Կտրիճ Սարդարյանի 2007թ. հրատարակած ՙՀայաստանը համաշխարհային հեղափոխության արևելյան խաչմերուկում՚ վերտառությամբ գիրքն ընթերցելուց հետո. ՙՄեզ ուղեցույց պետք է լինեն մեր պատմությունը և նրա դասերը։ Բազմաթիվ անգամ է կրկնվել, որ մենք ոգևորվել ենք քաղաքական մեծ իրադարձություններով՝ կորցնելով իրապաշտությունը, մխրճվել ենք նրա հորձանուտը, իսկ հետո, երբ ամեն ինչ հետևում է մնում, և ունենում ենք ցավալի կորուստներ, սկսում ենք մեղադրել բոլորին և ամեն մեկին։ Մոռանալով, որ կատարվածի համար նաև մենք ենք մեղավոր, որովհետև միշտ ուրիշներին քննադատելով ոչինչ չենք սովորել մեր պատմությունից։ Ուրիշներին քննադատելով՝ ծածկել ենք մեր սխալները, դրանով իսկ հող նախապատրաստել գալիք նույնանման սխալների համար։ Այսպես եղավ նաև, երբ Թուրքիան պարտվեց Առաջին աշխարհամարտում։ Այդ պահից սկսած Հայաստանի քաղաքական գործիչները մոռացան, թե ինչպիսի մեծ դժվարությամբ ձեռք բերվեց Հայաստանի անկախությունը... Դաշնակցությունը, դառնալով կառավարող կուսակցություն, չկարողացավ միջպետական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ...՚ (էջ 252)։ Բայց չէ՞ որ մինչև պետականության վերականգնումը հայ քաղաքական կուսակցությունները թուրքական օրիենտացիա էին ընտրել։ Այսպես՝ դրա հաստատումն է  Ալ. Խատիսյանի ելույթում նշվածը. ՙՔանի որ Կովկասն անջատվել է Ռուսաստանից, հնարավոր է, որ հայերն ընտրեն իրենց համար թուրքական օրիենտացիա՚ (ՀՍՍՌ ԿՊՊԱ, .Պ. 200, գ.7.թ. 11)։ Հայտնի է նաև, որ մինչև Առաջին համաշխարհային պատերազմը դաշնակցությունը սերտ կապեր է ունեցել երիտասարդ թուրքերի պարագլուխների հետ և այլն։ Գուցեև իշխող  կուսակցությունը հաշվի է առել պատմության դասերը և Թուրքիայից ՙերե՞ս  թեքել՚: Պատմական գրականությունից դեռ 70-ական թվականներից գիտեմ, որ Թուրքիայի  դաշնակից Գերմանիան Հայկական հարցի ՙլուծման՚ իր տարբերակն ուներ. Գերմանիայի դեսպան Բեռնշտորֆն առաջարկում էր ՙՀայաստանը  միացնել Վրաստանին՝ վերցնելով գերմանական զորքերի պաշտպանության ներքո՚։ ՙԲեռնշտորֆն անձամբ Կովկասը միայն երկու՝ թաթարական և վրացական պետությունների միջև բաժանելու, իսկ հայկական տարածքները Վրաստանին միացնելու կողմնակից էր՝ գտնելով, որ դրանով կբացառվեր Թուրքիայի հետ հարաբերությունների վտանգումը, որն ամեն կերպ կընդդիմանար հայկական քիչ թե շատ կենսունակ պետության ստեղծմանը։ Միաժամանակ Գերմանիան այդ եղանակով կկարողանար առանց Թուրքիայի հետ հարաբերությունները վտանգելու տիրել Կովկասի մեծագույն մասին՝ իր գերիշխանությունը և վերահսկողությունը տարածելով ոչ միայն բուն Վրաստանի, այլև հայկական այն տարածքների վրա, որոնք ներառվելու էին Վրաստանի կազմում։ Բացի դրանից, ըստ գերմանական դեսպանի, Վրաստանը հայկական ուժերի և կապիտալի միջոցով ծաղկուն կապրեր, ինչը վերջին հաշվով ծառայելու է նաև Գերմանիայի շահերին։ Ըստ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունու՝ գերմանական դեսպանի տեսակետին հակառակ, թուրքական կառավարությունը ձգտում էր Հայաստանը տեսնել ոչ թե Վրաստանի, այլ Ադրբեջանի կազմում։ 

Սարդարապատում, Բաշ Ապարանում և այլ շրջաններում հայ ժողովրդի 1918թ. մայիսյան հերոսամարտը փաստորեն խափանեց Կովկասի բաժանման  ինչպես գերմանական, այնպես էլ թուրքական պլանները՝ թուրք զավթիչներին հարկադրելով ուղղակի բանակցությունների մեջ մտնել հայկական կողմի հետ: Սարդարապատի ճակատամարտից հետո թուրքերը հասկացան, որ հայերի դեմ մարտերը շարունակելու դեպքում ոչ թե որևէ ուժ, այլև շատ ու շատ ուժեր են պետք հայկական ճակատի համար։ Ահա այդպիսի պայմաններում Հայաստանը գրավելու հարցում թուրքական կառավարությունում առաջանում են լուրջ տարաձայնություններ։ Թուրքական կառավարության անդամների մի մասը պահանջում էր կենսագործել հայերին բնաջնջելու պլանը, գրավել ամբողջ Հայաստանը, հաշվեհարդար տեսնել նաև արևելահայերի  նկատմամբ, որից հետո արշավել դեպի Բաքու` պանիսլամական պլանները կենսագործելու համար։ 

Կառավարության անդամների մյուս մասը պահանջում էր Սարդարապատի և Ղարաքիլիսայի ճակատամարտերից հետո ժամանակավորապես հետաձգել Հայաստանի մյուս շրջանների գրավումը` հաշվի առնելով, որ, ինչպես  վերևում նշեցինք, մարտերը շարունակելու դեպքում լրացուցիչ զինված մեծ ուժեր են հարկավոր։ Այդ մասն առաջարկում էր Հայաստանին տալ ինքնավարություն՝ դրանով ապահովելով թուրքական բանակի թիկունքը և անարգել կերպով  արշավել Բաքվի վրա: Բաքուն գրավելուց և Բաքվի կոմունային վերջ տալուց հետո միայն կազմակերպել Հայաստանի մյուս մասերի գրավումը և հայերի բնաջնջումը։ Չմոռանանք նշել, որ թուրքական արևելյան բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Վեհիր փաշան հետևյալն է հայտարարել. ՙ...Մենք հայերին պետք է տանենք մեր հետևից մինչև այն ժամանակ, քանի դեռ մեզ զինվորներ են պետք ռազմաճակատի համար, իսկ հետո քրդերի օգնությամբ կստիպենք նրանց շնչասպառ լինել այն մեշոկում, որտեղ նրանք նստած են՚ (ՀՍՍՌ ԿՊՊԱ, Պ.200, գ.)։

Թուրքիան մինչ օրս էլ հայերին ոչնչացնելու մտքից կամ ծրագրից չի հրաժարվել, չնայած Թուրքիայի  ԶՈՒ  գլխավոր հրամանատար, միաժամանակ Թուրքիայի դիկտատոր, արևմտահայերի դահիճ գեներալիսիմուս Էնվեր փաշան 1918թ. հունիսի 13-ին Կ. Պոլսի  կոնգրեսի ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության  պատվիրակությանը հայտարարել էր հետևյալը. ՙՏաճիկ մինիստրները  երկու շաբաթ մտածում էին՝ ստեղծե՞լ Հայաստան, թե՞ ոչ և, ի վերջո, որոշեցին ստեղծել, որովհետև այդպես ավելի ձեռնտու է թե՜ հայերի և թե՜ թուրքերի համար՚։ ՙԶանգ՚ 1918թ. Պ6-(74)։ Այնուհետև այդ արնախումը պատվիրակության ղեկավար Ալ. Խատիսյանին ասում է. ՙԵս լուծեցի դժվարին խնդիր, ստեղծեցի Հայաստանը, գոհացում տալու համար հայերի  ազգային պահանջին՚ (նույն  ՙԶԱՆԳ՚-ում)։ Մեկը չկար Էնվերի  արնոտ դնչին  խփեր ու ասեր. ՙՈչ, այդ դժվարին խնդիրը դու չես  լուծել, այլ ինքը՝ հայ ժողովուրդն է լուծել իր համառ պայքարով, իր  Սարդարապատով, Բաշ Ապարանի ու Ղարաքիլիսայի ճակատամարտերով, որոնցով   ապացուցեց իր ապրելու և հարատևելու անսասան կամքն ու   վճռականությունը՚։ Ընթերցողը կասի՝ ինչո՞ւ չկար, չնայած ուշացումով էր, բայց  կար. 1922թ. օգոստոսին Միջին Ասիայում այդ հրեշի վերջը տվեց ղարաբաղցի Հակոբ Մելքումովն իր զորախմբով։ Այնպես որ, մայիսյան  հերոսամարտերում տարած հաղթանակը հայոց պետականության վերականգնման, Հայաստանի Հանրապետության հռչակման նախադրյալներ ստեղծեց և ոչ այլ ինչ։ 

 Այն ստեղծվեց 1918թ. մայիսի 28-ին։ Նախ մայիսի 26-ին գումարվեց  Անդրկովկասյան սեյմի վերջին նիստը, որը վրացիների պնդումով ընդունեց նրա լուծարման մասին որոշումը և հենց այդ օրն էլ հռչակվեց Վրաստանի անկախությունը։  Նույն օրը գումարվեց Հայոց Ազգային խորհրդի նիստ, որտեղ Վրաստանի անկախությունն ընդունվեց որպես կատարված փաստ։ Ազգային խորհուրդն իր վրա վերցրեց հայկական շրջանների նկատմամբ ժամանակավոր կառավարության գործառույթները։ Իսկ երբ մայիսի 27-ին   հայտարարվեց Արևելակովկասյան մուսուլմանական հանրապետությունը (ԱԿՄՆ) և, ինչպես վերևում նշեցինք, առաջին անգամ իրանական Ատրպատականի անունով պայմանականորեն կոչվեց Ադրբեջան: Հայոց Ազգային խորհուրդը Հայաստանի անկախության խնդիրը քննարկեց մայիսի 28-ի նիստում, ընդ որում, այդ օրը պետք էր պատասխան տրվեր նաև Բաթումում  թուրքերի կողմից հայկական պատվիրակներին ներկայացված վերջնագրին, քանի որ հաջորդ օրը լրանում էր դրա ժամկետը։ (Թուրքերը վերջնագրով պահանջում էին Նախիջևանի գավառը, Շարուր -Դարալագյազ, Երևանի գավառների կեսը (Երևան քաղաքը մնում էր Ադրբեջանին, ահա թե ինչու է Իլհամ Ալիևը  սուր ճոճելով ասում. ՙԵրևանը մերն է՚), ամբողջ Սուրմալուի գավառը, գրեթե ամբողջ  Էջմիածնի գավառը՝  Էջմիածին քաղաքով, Ալեքսանդրապոլի գավառի մեծ մասը  Ալեքսանդրապոլ քաղաքով, Ախալքալաքի և Ախալցխայի  ամբողջ գավառները)։ Միաժամանակ պահանջում էր թույլ տալ իր զորքերն անարգել կերպով փոխադրել Կոկվասի բոլոր  երկաթուղիներով։ 

Մայիսի 28-ի նիստում որոշվեց հռչակել Հայաստանի անկախությունը, միևնույն ժամանակ որոշվեց  նոր պատվիրակություն ուղարկել Բաթում՝ թուրքերի հետ   հաշտության պայմանագիր կնքելու նպատակով։ 

Մայիսի 30-ին Թիֆլիսի մամուլում Նիկոլ Աղբալյանի ձևակերպմամբ հրապարակվեց Հայոց Ազգային խորհրդի կոչը,  որտեղ ասվում էր. ՙԱնդրկովկասյան քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության  հանդեպ Հայոց Ազգային խորհուրդն իրեն  հայտարարում է հայկական գավառների գերագույն միակ իշխանությունը: Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է  կառավարության բոլոր գործառույթները հայկական գավառների քաղաքական-վարչական ղեկը վարելու համար՚:  1919թ. մայիսի 28-ը տոնելով անկախության հռչակման տարեդարձը` մեր ազգային տոնացույցի մեջ մտավ որպես սրբազան օրերից մեկը։ 

1918թ. մայիսի  30-ին հայկական պատվիրակությունն արդեն Բաթումում էր, որը Թուրքիայի պատվիրակության  ղեկավար, արդարադատության նախարար և պետության խորհրդի նախագահ  Խալիլ բեյին գրավոր կերպով հայտնեց Հայաստանի փաստացի անկախության մասին ու ստիպեց նստել բանակցությունների, և հունիսի 4-ին ստորագրվեց հայ-թուրքական հաշտության պայմանագիր, որի 1-ին հոդվածում նշված է, որ ՙՕսմանյան կայսերական կառավարության և Հայկական  Հանրապետության կառավարության միջև հաստատվում են հաշտություն ու մշտական  բարեկամություն՚։ 

Այդ պայմանագրով Օսմանյան կայսրությունն ընդունեց և ճանաչեց Հայաստանի անկախությունը, և երկու պետությունների միջև համագործակցություն սկսվեց։ Պատվիրակության ղեկավար Ալ. Խատիսյանը Թիֆլիսում Ազգային խորհրդի նիստում հայտարարում է. ՙ...Թուրքերը զարգացած և ջենթլմեն մարդիկ են, և Թուրքիո հայերը չեն կրցած անոնց հետ վարվելակերպ ունենալ՚։ Խատիսյանն իր կառավարության անունից շնորհակալություն է հայտնում  թուրքական պատվիրակությունը Բաթումի պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո, իսկ թուրքական  պատվիրակության անդամ Վեհիր փաշան պատասխանում է. ՙՀայկական պետությունը մենք համարում ենք մեր երեխան՚։ Ալ. Խատիսյանը  Կ. Պոլսում գտնվելու ժամանակ  Էնվեր փաշայի մոտ հայտարարում է. ՙԹուրքիայի սահմաններն ապահովելու  համար Ռուսաստանի կողմից  պիտի Թուրքիայի հետ կապվի և նրա մեջ մտնի ֆեդերատիվ կերպով ամբողջ  ավտոնոմ Հայաստանը՚։ Էնվեր փաշան դրան  պատասխանում է հետևյալ կերպ. ՙԵս Ձեր կողմից սպասում էի դրան, Ձեզ ճշմարտություն ասած լինելու համար պետք է ասեմ, որ Դուք ձեր հույսը դրել էիք Ռուսաստանի վրա, կամ առավել ևս` Անգլիայի վրա։ Թուրքիան այժմ Ձեզ անկախություն տվեց, և այն տվեց ձեր դրության մասին երկար մտածելուց հետո։ Իմ ստորագրությունը կա, և նա երբեք չի ջնջվի։ Դուք ոչ միայն կարող եք մեզ հետ լավ դրացիներ լինել, այլ նաև մեր դաշնակիցները։ Կարիք չկա դեպքերը փութացնել, դրա համար, երբ համոզվեք, որ  մեր ընդհանուր շահերն այդ են պահանջում, դուք ինքներդ կգաք դրան՚(ՀՍՍՌ ԿՊՊԱ, Պ200, 513, թ.5-61)։

1918թ. հունիսի 21-ին  Կ. Պոլսում հայկական պատվիրակության անդամներն  ընդունվում են նաև մեծ վեզիր Թալեաթ փաշայի կողմից, որտեղ Ավետիս Ահարոնյանը կառավարության անունից հայտարարում է. ՙՁեզ կվստահեցնեմ, որ Թուրքիո հայերի վիճակները մեզ երբեք չեն շահագրգռել։ Մենք եկանք միայն խորհրդակցելու համար Կովկասյան հայերու հանրապետության մասին և որոշելու համար մեր սահմաններն ու դիրքը, մեր զորավոր  դրացին ու պաշտպան եղող Օսմանյան պետության հետ, որու բարեկամական հակումները մենք տեսանք Բաթումում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ՚։ 

Հայ ժողովրդի դահիճ  Թալեաթ փաշան Ա. Ահարոնյանին լսելուց հետո  պատասխանում է. ՙԿայսերական  կառավարությանն ամբողջապես  բաժանում է  հայ ժողովրդի զգացմունքները, հույսերը, ինչպես նաև երիտասարդ  հանրապետությունը կարող է ապահով լինել, որ Օսմանյան կառավարությունն ամեն կերպ կաջակցի  և անհրաժեշտը կանի, որպեսզի այդ ուժեղ  և աշխատասեր ժողովուրդը  կարողանա  իրագործել իր ձգտումները՚ (ՀՍՍՌ ԿՊՊԱ  ֆ-200, գ. 13, թ. 21)։ Պատվիրակությունը լինում է նաև սուլթանի մոտ, որն  ասում է. ՙՀայաստանի անկախությունը թանկ է ինձ համար, ես Հայաստանի կառավարությունը համարում եմ իմ հարազատ  զավակը՚։

Առանց մեկնաբանության պարզից էլ պարզ է, որ Բաթումի  պայմանագիրը ստորագրելուց հետո  սուլթանական Թուրքիայի և հայկական կառավարության միջև  ստեղծվել էր ռազմաքաղաքական սերտ դաշինք, որն ավելի է ամրապնդվել  Կ. Պոլսի կոնֆերանսի շրջանում եղած բանակցությունների ժամանակ, որը շարունակվել է մինչև Թուրքիայի պարտությունն Առաջին աշխարհամարտում, երբ Հայաստանի Հանրապետությունը դրանից հետո հարաբերությունների մեջ չմտավ Թուրքիայի հետ, որը, ըստ Կտրիճ Սարդարյանի, պատճառ եղավ Հայաստանի 1-ին Հանրապետության կործանմանը և եզրակացնում է, որ առանց Թուրքիայի հետ միջպետական հարաբերություններ  հաստատելու, չի կարող լինել անկախ ու զարգացող Հայաստան։ Բայց, չգիտես ինչու, մարդիկ մոռանում են, որ Թուրքիային վստահել չի կարելի, նույնը և Ադրբեջանին։  Այո, մենք պետք է հաշտ լինենք մեր հարևանների հետ, ինչպես դաշնակցության պաշտոնաթերթ ՙՀառաջ՚-ն է գրել 1920թ. նոյեմբերի 28-ի համարում, բայց հարևանն էլ հարևան պիտի լինի։ Թուրքիան, Ադրբեջանի կողմից  մեզ  պարտադրված պատերազմի թեժ օրերին՝ 1993թ. ապրիլից փակել է ՀՀ-ի հետ պետական սահմանը։ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Թուրքիայի նախագահ Գյուլը 2008թ. սեպտեմբերի 6-ին եկավ Երևան, 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ և Թուրքիայի միջև ստորագրվեցին երկկողմանի  դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու զարգացման մասին արձանագրություններ, որոնցով պետք է բացվեին սահմանները, բայց Թուրքիայի պատճառով դա չիրականացավ։ Գուցե Թուրքիան էլ է այն կարծիքին, որ առանց իր հետ միջպետական հարաբերություններ հաստատելու չի կարող լինել անկախ ու զարգացող Հայաստան։ Բայց փաստը մնում է փաստ, որ առանց Թուրքիայի ու նրա կրտսեր եղբայր Ադրբեջանի հետ հարաբերությունների Հայաստանը և՜ անկախ է, և՜ զարգանում է, և՜ նույնիսկ ՙթավշյա հեղափոխությամբ՚ է իշխանափոխ լինում և գուցե մոտ ժամանակներս էլ կոչվի Հայաստանի չորրորդ Հանրապետություն։ 

 

Մառլեն ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ    

Կուլտուրայի վաստակավոր աշխատող, 

վաստակավոր պրոպագանդիստ