Ո՞Վ Է ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՙՔԱՐՏ ԲԼԱՆՇ՚ ՏԱԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Եվ ինչո՞ւ հանկարծ Նովրուզ Մամեդովը կողմնորոշվեց դեպի Արևմուտք
Եվրոպական կառույցների ուշադրության կենտրոնում դարձյալ ադրբեջանական քաղբանտարկյալների և մարդու իրավունքների վիճակի հետ կապված հարցերն են, որոնց մասին Եվրամիության պաշտոնյաներն սկսեցին խոսել ամենայն ակտիվությամբ։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության կոմիսարիատի խոսնակը հունիսի 18-ին տեղեկացրեց, որ 2018թ. մայիսից սկսած՝ Ադրբեջանի պահվածքը լուրջ հարցեր է առաջացնում մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքի տեսանկյունից և հակասում է Եվրամիություն-Ադրբեջան հարաբերությունների դրական զարգացման գործընթացին։ Խոսնակը մատնացույց է արել ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների ձերբակալությունների փաստը, քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ իրականացվող հետապնդումները, լրագրողների և իրավապաշտպանների դեմ հարուցված քրեական գործերը։ ԵՄ-ն ուշադրություն է հրավիրել նաև Ադրբեջանում ազատազրկման դատապարտված ՙՀանրապետական այլընտրանք՚ ( REAL) ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովի և հետաքննող լրագրող Աֆղան Մուխթարլիի գործերին՝ պահանջելով ազատ արձակել այդ քաղբանտարկյալներին ու նաև հիշեցրել է, որ Բաքուն չպիտի մոռանա իր ստանձնած միջազգային պարտավորությունների մասին։ Իլհամ Ալիևին ակնարկել են, որ Ադրբեջանի Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ նրա իսկ ստորագրած համաներման մասին հրամանագիրը քաղբանտարկյալների հարցը չի լուծել.160-ից միայն 12-ն է ազատ արձակվել։
Նոր բացահայտումներ եղան ՙադրբեջանական լվացքատան՚ հետ կապված. պարզվեց, որ եվրոպացի գործիչներին կաշառելու համար ալիևյան վարչակազմը թալանել է նաև ադրբեջանցի ավանդատուներին։ Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (OCCRP) հաղորդմամբ՝ իշխող վերնախավի ներկայացուցիչները բրիտանական ընկերությունների միջոցով երկրից մոտ 3 միլիարդ դոլար են հանել՝ օգտագործելով այն եվրոպական գործիչներին կաշառելու, թանկարժեք նվերների ձեռքբերման նպատակով։ Քրեական գործի հետ կապված նոր մանրամասներ են ի հայտ եկել. 1,4 միլիարդ դոլարը փոխանցվել է Ադրբեջանի միջազգային բանկից։ Հստակ տեղեկություններ կան այն մասին, որ դրանք ադրբեջանցի ավանդատուների գումարներն են։ Ադրբեջանի քաղաքացիների սեփական եկամուտները ծախսվել են այն բանի համար, որ կանխվեն Եվրամիության կողմից մարդու իրավունքների ոտնահարումների քննադատությունը, ադրբեջանական բռնապետությունը մերկացնող զեկույցները, որպեսզի եվրոպական հարթակներում կաշառված գործիչներն աշխատեն ի նպաստ Ադրբեջանի հեղինակության։
Ի՞նչ է լինում սովորաբար Ադրբեջանում, երբ արտաշխարհից վերստին ակնարկներ են արվում բռնապետական ռեժիմի մասին։ Նման դեպքերում ալիևյան կլանն իր վարկանիշն է փորձում բարձրացնել հասարակության մեջ՝ գործի դնելով ռազմական հռետորաբանությունը, կամ էլ՝ արհեստականորեն Ադրբեջանը դասում միջազգային ասպարեզում վստահելի բիզնես գործընկերների շարքը։ Երկու դեպքերում էլ նրա հաջողությունները ձգտում են զրոյի, բայցևայնպես, իշխանությունը ձեռքերը ծալած չի ուզում նստել։ Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչն այս հարցում իր տեսակետն ունի. Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն ու Ադրբեջանում քաղաքական փոփոխությունների բացակայությունն ապակայունացման վտանգը չեն վերացրել Հարավային Կովկասում։
Նախկին դեսպանի այս տեսակետի ֆոնին դիտարկենք Ադրբեջանի վարչապետ, Ալիևի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Նովրուզ Մամեդովի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությունները։ Ադրբեջանն ընտրել է Արևմուտքի, Եվրոպայի հետ համագործակցության և առավել մերձեցման ճանապարհը, ասել է ԱՀ վարչապետը` շեշտելով, որ Ադրբեջանը մինչ այսօր չի փոխել իր դիրքորոշումը, շարունակում է մեծ նախագծեր իրագործել այդ ուղղությամբ։ Դրանցից մեկը Մետաքսի ճանապարհի վերականգնումն է, մյուսն էլ՝ Եվրոպան Ադրբեջանի հետ կապող երկաթգիծը։
Նկատենք, որ Նովրուզ Մամեդովի կյանքում միայն պաշտոններն են փոխվում, բայց մտքի հստակություն և հատկապես տրամաբանական եզրահանգումներ նրա մոտ ոչ մի կերպ չեն ստացվում. որպես կանոն, նրա յուրաքանչյուր հայտարարություն հակասում է նախորդին։ Այս անգամ ուղղակի կարելի է նրան հարց ուղղել՝ ինչո՞ւ նավթից, գազից չխոսեցիր, գնացիր մինչև Մետաքսի ճանապարհ ու հասար հեռավոր, հորիզոնում չերևացող եվրոպական երկաթգծին։ Երկու ամիս առաջ ադրբեջանական գազը քո ձեռքով բաժանում էիր եվրոպական պետություններին՝ հընթացս էլ Ադրբեջանը ներկայացնում մի այնպիսի երկիր, առանց որի եվրոպացիների կյանքն անիմաստ է։ Բայց Իտալիայից հասկացրին, որ առանց ադրբեջանական գազի իրենք շատ ավելի լավ են իրենց զգում, դեռ ավելին՝ այդ գազն իրենց համար միայն բնապահպանական խնդիրներ է ստեղծում։
Եվ այժմ, երբ եվրոպական կառույցները ևս մեկ անգամ ուզում են ալիևյան կլանին կարգի հրավիրել՝ ի ցույց դնելով ադրբեջանական օրենքներով բանտարկված քաղաքական այլախոհներին, լրագրողներին ու իրավապաշտպաններին, կոչ անելով ազատել նրանց, վարչապետ Մամեդովի միտքը եվրոպական բարձր արժեքների հանկարծակի ազդեցությունից միանգամից ՙպայծառանում՚ է։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ նրա մոտ արժեհամակարգի փոփոխություն է եղել, կամ՝ միգուցե երազում Մամեդովին ֆրանսիացի լուսավորիչներն են այցելել…
Դիտարկենք նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ հավանական պատերազմին նախապատրաստվելու մասին հայտարարությունը։ Նա առանձնահատուկ պաթոսով ներկայացրեց ՙառավելագույն թվով զինծառայողների, զրահատեխնիկայի, զենիթահրթիռային զորամիավորումների և ավիացիոն միջոցների, հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացված լայնածավալ զորավարժությունները՚։ Ադրբեջանական բանակի մարտական պատրաստվածության գովազդը մի նպատակ ուներ՝ հիմնավորել հարձակման հնարավորությունը։
Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը հայկական կողմի համար նորություն չէ։ Հատկապես 2016-ի ապրիլին ձեռնարկած արկածախնդրության ձախողումից հետո ադրբեջանական ղեկավարությունն ավելի ագրեսիվ է դարձել և առավել մեծ թափով է սկսել պատրաստվել պատերազմին։ Հայկական կողմի հաշվարկներում այս հանգամանքն առկա է։ Հարցը հետևյալն է՝ Իլհամ Ալիևին ո՞վ է պատերազմի վերսկսման ՙքարտ բլանշ՚ տալու։ Ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացում թե՜ Ռուսաստանի և թե՜ Արևմու՜տքի դիրքորոշումը համընկնում են, այսինքն՝ ռազմական ճանապարհով խնդրի լուծումը լիովին բացառվում է։ Համանախագահների յուրաքանչյուր հայտարարությունում հենց այս միտքն է ընդգծվում։
Վերջին երկու ամիսների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները որոշ առումով երկրորդական պլան մղեցին ՀՀ արտաքին անվտանգությունը, ինչի հետևանքով հակառակորդը Նախիջևանի ուղղությունում դիրքային փոփոխություն իրականացրեց։ Հայկական կողմը սրանից ոչ միայն հետևություններ է արել, այլ նաև նախազգուշացրել է այդ ուղղությամբ հարվածի հավանականության մասին։
Այնպես որ՝ Զաքիր Հասանովի ռազմական հռետորաբանությունն իր մեջ բովանդակային ոչ մի նորություն չի պարունակում, նա ընդամենն իր նախագահի հանձնարարականներն է կատարում։ Հայկական զինված ուժերն իրենց խնդիրներն ունեն, որոնք իրականացնում են առանց ռազմական ու քաղաքական հռետորաբանության։ Ադրբեջանը պարտավոր է աչքի առաջ ունենալ մի իրողություն. միջնորդներն այսօր ի զորու են կանխել պատերազմը ղարաբաղյան հակամարտության գոտում, ինչը բխում է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման անհրաժեշտությունից։ Եվ սա հաջողվում է համանախագահող պետություններին, անգամ եթե հակամարտության քաղաքական կարգավորման հեռանկարը մնում է անտեսանելի։
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ