ԿԸՀ-ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ

Հուլիսի 3-ին ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրավիրել էր արտահերթ նիստ, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը: 

 Հանձնաժողովի նախագահը նախ ներկայացրել է  նիստի անցկացման դրդապատճառները, որոնք պայմանավորված են  ԱԺ պատգամավորների թափուր տեղերի առաջացմամբ: Բանախոսի տեղեկացմամբ` 2018թ. հուլիսի 2-ին Ազգային ժողովից ստացվել  են համապատասխան արձանագրություններ, համաձայն որոնց` դադարեցվել են մեծամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրված  Լեռնիկ Լենտրուշայի Հովհաննիսյանի և Արմո Մարդիի Ծատրյանի պատգամավորական լիազորությունները` սեփական դիմումների համաձայն: Ըստ գործող օրենսդրության` հանձնաժողովը 70 օրյա ժամկետում պարտավոր է հայտարարել նոր ընտությունների օր, որը կհամարվի լրացուցիչ ընտրությունների անցկացման օր: Նիստում որոշվել է  թիվ 10 և  թիվ 11 ընտրատարածքներում  ԱՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների օր նշանակել 2018թ. սեպտեմբերի  9-ը: Համաձայն ժամանակացույցի` վերոհիշյալ ընտրական գործողությունների մեկնարկը տրվում է 2018թ. հուլիսի 3-ին: Թեկնածուների գրանցման փաստաթղթերը Քաշաթաղի և Մարտակերտի տարածքային ընտրական հանձնաժողովներ ներկայացնելու ժամկետ է սահմանվել 2018թ. հուլիսի 16-26-ը, իսկ պատգամավորության թեկնածուների գրանցումը կկատարվի 2018թ. հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 5-ի ժամը 18.00-ն: Նախընտրական քարոզչության  շրջան է համարվելու  2018թ. օգոստոսի 6-ից մինչև սեպտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածը: 

Ս. Արզումանյանը նշեց, որ ամառային սաստիկ շոգերը, հնարավոր է, սակավ ակտիվության պատճառ հադիսանան, այդուհանդերձ, հանձանժողովը ուշիուշով հետևելու է գործընթացին: Ըստ հանձնաժողովի նախագահի տեղեկատվության` թիվ 10 ընտրատարածքն ընդգրկում է Քաշաթաղի և Շուշիի շրջաններն ամբողջությամբ, իսկ  թիվ 11 ընտրատարածքում են գտնվում Շահումյանի շրջանի բոլոր, Ասկերանի շրջանի 12 և Մարտակերտի շրջանի 16 համայնքներ:

 Նիստի ընթացքում  օրակարգային երկրորդ հարցի վերաբերյալ ևս որոշում ընդունվեց, համաձայն որի` թիվ 10 ընտրատարածքում ընտրությունը կազմակերպելու և անցկացնելու լիազորություն տալ Քաշաթաղի տարածքային ընտրական հանձնաժողովին, իսկ թիվ 11 ընտրատարածքում` Մարտակերտի տարածքային ընտրական հանձնաժողովին: Ս. Արզումանյանը Մարտակերտի ՏԸՀ-ի հետ կապված պարզաբանումներ արեց` նշելով, որ այն ժամանակավոր կտեղակայվի նախկին Կենսաթոշակային հիմնադրամի շենքում: Նախապատրաստական աշխատանքների շրջանակներում նախագահն անդրադարձավ նաև ՏԸՀ անդամության թեկնածուների պատրաստվածության, նրանց իրավասության և լիազորությունների հարցերին` նշելով, որ հիմնական ուսուցողական ծրագրերը պլանավորվել են նոր Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո` հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ 2020թ. նախանշված են համապետական ընտություններ: Ինչ վերաբերում է լրացուցիչ ընտրություններին, ապա հանձնաժողովը մտադիր է համապատասխան բնակավայրերում ՏԸՀ անդամության թեկնածուների համար  մասնագիտական դասընթացներ կազմակերպել:   

Նիստի ընթացքում հաստատվել են  ընտրությունների կազմակերպման և անցկացման ծախսերի նախահաշիվը, որը կազմում է  30մլն 182 հազ. դրամ, ինչպես նաև հիմնական միջոցառումների  ժամանակացույցը, որն ընդգրկում է տվյալներ ընտրությունների  օր նշանակելուց մինչև դրանց արդյունքների ամփոփումն իրականացվելիք թվով 59 հիմնական գործողությունների կատարման (միջոցառումների անցկացման) ժամկետների ու դրանց կատարման պատասխանատուների մասին: Ս. Արզումանյանը նշեց, որ միջոցառումների ժամանակացույցը և դրանից բխող համապատասխան այլ իրավական ակտերն ու փաստաթղթերը կտրամադրվեն շահագրգիռ գերատեսչություններին ու պատասխանատու կատարողներին: Հիշյալ ժամանակացույցին և Ազգային ժողովի լրացուցիչ  ընտրությունների ողջ ընթացքին վերաբերող բոլոր հիմնական նորություններին ու փաստաթղթերին հնարավոր կլինի ծանոթանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում (cecnkr.am): 

Նիստի ավարտին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել պատասխանատուներին` առաջիկա ընտրությունների հետ կապված ժամանակացույցով նախատեսված բոլոր միջոցառումները սահմանված ժամկետներում և պատշաճ մակարդակով իրականացնելու նպատակով: 

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ