[ARM]     [RUS]     [ENG]

Վալերի ԿՈՆՈՎԱԼՈՎ. ՙԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԻՄՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ՚

Ռուսաստանյան հայտնի գիտնական, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Դոնի Ռոստովի Հարավային դաշնային համալսարանի սոցիոլոգիայի և տարածաշրջանագիտության ինստիտուտի կոնֆլիկտաբանության ու ազգային անվտանգության ամբիոնի պրոֆեսոր Վալերի ԿՈՆՈՎԱԼՈՎԸ նույն համալսարանից իր պաշտոնակից Մաքսիմ ՎԱՍԿՈՎԻ հետ միասին մասնակցել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի կողմից վերջերս կազմակերպված միջազգային կլոր սեղանին՝ հանդես գալով ՙԱշխարհառազմավարական գործընթացների բեմագրային կանխատեսումները Կովկասյան-Կասպյան տարածաշրջանում. երկայնական վերլուծություն՚ զեկույցով, դասախոսություններ է կարդացել համալսարանի ուսանողների համար։ Վ.Կոնովալովն արդեն երրորդ անգամ է բուհի ղեկավարության հրավերով այցելում Արցախ։ 

 -Վալերի Նիկոլաևիչ, մեկ անգամ չէ, որ եղել եք Արցախում, ինչն իրենից ներկայացնում է Ձեր դասախոսությունները գործնականում ներկայացնելու համար լավ մոդել։ Դուք նաև գիտեք, որ ցանկացած արտասահմանյան քաղաքացու Լեռնային Ղարաբաղ ժամանումը նրան ավտոմատ կերպով ներառում է հարևան Ադրբեջան մուտք գործել չթույլատրվող քաղաքացիների թվի մեջ։ 

-Լեռնային Ղարաբաղ եմ գալիս արդեն երրորդ անգամ, դեռևս 2012 թվականից, երբ Ստեփանակերտում նշվում էր Մեսրոպ Մաշտոց Համալսարանի հոբելյանը, սերտ կապեր են հաստատվել բուհի ռեկտոր Դոնարա Սերգեևնա Գաբրիելյանի, գիտության ու արտաքին կապերի գծով փոխռեկտոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ղարիբ Միխայլովիչ Բաբայանի հետ։ Նախևառաջ կցանկանայի նշել, որ այդ ժամանակներից Ստեփանակերտը նկատելիորեն փոխվել է դեպի լավը, դարձել է ավելի գրավիչ, ավելի հետաքրքիր։ Ինձ համար հաճելի է  դասախոսություններ կարդալ ՙՄեսրոպ Մաշտոց՚ տեղական բուհում ու հաճելի է տեսնել տեղի ուսանողների հետաքրքրությունը գիտության նկատմամբ։ 

Ինչ վերաբերում է հարևան երկրի արձագանքին, ապա ադրբեջանցիները, որոնց հետ շփվելու առիթ  եմ ունենում, իմ Արցախ կատարած այցելությունների առիթով ոչ մի կերպ չեն արձագանքել, բացի դրանից, այստեղ խոսելու բան էլ չկա, եթե ես որպես գիտնական պաշտոնակիցներիս հրավերով  Ղարաբաղ եմ գալիս ու այստեղ գիտական աշխատանքով եմ զբաղվում։ Ի դեպ, Ղ. Բաբայանը հենց մեր բուհի շրջանավարտն ու ասպիրանտն է։ 

Ի միջի այլոց, եթե նախորդ այցի ժամանակ տեղացիները մի տեսակ կա՜մ կասկածամտորեն, կա՜մ զգուշավորությամբ էին վերաբերվում ինձ, փորձելով պարզել այցիս նպատակը, ապա այս անգամ ոչ մի նման բան արդեն չկար։ 

-Ղարաբաղն իրենից ներկայացնում է կոնֆլիկտային երևույթների հետազոտության համար շատ արդիական դաշտ։ Ի՞նչ կարող եք ասել այդ թեմայի շուրջ։ 

-Սկսեմ նրանից, որ սովորաբար ազգամիջյան հակամարտությունների երկու երրորդն ունի ներքին բնույթ, մնացածներն արդեն արտաքին կարգի են, այդ թվում նաև Ղարաբաղը։ Այնպիսի երկրներում, ինչպես, ասենք, Կանադան կամ Մեծ Բրիտանիան է, գոյություն ունեն Քվեբեկի և Շոտլանդիայի խնդիրները, որոնք ժամանակ առ ժամանակ բարձրացնում են այդ պետություններից իրենց առանձնանալու հարցը։ Այդ հարցը լուծվում է տարաբնույթ եղանակներով. տնտեսական, մշակութային, սոցիալական ու այլ ուղիներով։ Բայց այստեղ պետք է նկատել, որ այդ երկուսը բարձր զարգացած երկրներ են, նրանք արդեն անցել են իրենց քաղաքացիական հասարակության ու իրավական պետության կառուցման ճանապարհը, որոնք յուրաքանչյուր երկրի ու ժողովրդի քաղաքակիրթ գոյության հիմքերն են, ուստի նրանց համար համեմատաբար ավելի հեշտ է լուծել  տվյալ խնդիրը։ Իսկ չէ՞ որ ցանկացած ժամանակ ու ցանկացած պայմաններում այս կամ այն ազգային փոքրամասնությունը միշտ կձգտի անկախ գոյություն ունենալուն, այնպես որ այդ խնդիրը միշտ արդիական կլինի։ Իսկ Հայաստանում, Ռուսաստանում և հետխորհրդային շատ ուրիշ երկրներում  արդիական է հենց քաղաքացիական հասարակության ու իրավական պետության խնդիրը։ Եվրոպան, օրինակ, այդ փուլը վաղուց է անցել՝ դեռևս 1648թ. Վեստֆալի հայտնի պայմանագրի ժամանակվանից, ամեն ինչ սկսվել է Մեծ Բրիտանիայում մարդու իրավունքների Խարտիայից ու այլ իրավական շարժումներից։ ԱՄՆ¬ն այդ շրջանը հաղթահարել է 1768թ., այնպես որ այդ երկրները բավականաչափ ժամանակ ունեին` իրավական գերտերություն դառնալու համար, ինչը դեռևս լուծված չէ մեր երկրներում։

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, ապա այդ հակամարտությունն արդեն մի ուրիշ, ներքին բնույթի է, և այն ծնունդ է առնում նոր տարածքների, ռեսուրսների յուրացման համար պայքարում, իսկ ռեսուրսների համար պայքարը միշտ ընթացել ու ընթանում է։ Դարձյալ գովաբանվում է մարդու իրավունքների վերաբերյալ հարցը, տվյալ դեպքում՝ ազգի ինքնորոշման իրավունքը, այնպես որ, ինչպես տեսնում ենք, իրավական բազան է ամեն ինչի հիմքը։ Դեռ ավելին, հայերի կամ, ենթադրենք, քրդերի պարագայում դա պարզապես պայքար չէ, այլ ազգային¬ազատագրական շարժում, պատմական տարածքների խնդիր, իրենց ազատագրման ձգտում։ Հակամարտությունները պատերազմներ են՝ սկսած նախնադարյան հասարակությունից ու մինչև մեր օրերը։ Այնուամենայնիվ, ի՞նչ է պատերազմը՝ հակամարտությունը լուծելու եղանակ, երբ կողմերից ինչ-որ մեկը նախընտրում է իր խնդիրները լուծելու համար օգտագործել ամենածայրահեղ միջոցը՝ ռազմական, ուժային, արդիական լեզվով ասած, չկարողանալով կամ պարզապես չցանկանալով համաձայնության գալ հակառակորդ երկրի հետ, դրա բազմաթիվ օրինակներ կան։

-Վալերի Նիկոլաևիչ, քաղաքակիրթ, այն է՝ իրավունքի վրա հիմնված աշխարհը, հավանաբար, ունի ծագած խնդիրներն առավել արդյունավետ կերպով լուծելու հնարավորություն։ Օրինակ, ինչո՞ւ մեղքը երկու կամ ավելի կողմերի վրա դնելու փոխարեն, հենց սկզբից չպատժել սադրող կողմին ու դրանով իսկ հիմնովին վերջ չդնել հենց հակամարտությանը։ 

-Գոյություն ունեն հակամարտությունների առաջացման տարաբնույթ ավանդական հիմքեր՝ էթնիկական, քաղաքացիական, էկոլոգիական, այդ հարցն արդեն վերաբերում է տարածաշրջանի ու ոչ միայն նրա տարբեր պետությունների շահերին նաև, նրանց միջև հակասություններին. հակամարտությունը, բացի այդ, դրա մասնակիցների վրա ներգործելու ու իրենց ազդեցության ոլորտում ավելի երկար ժամանակ պահելու լավ հնարավորություն է։ Հակամարտությունների ժամանակ կիրառվում են տարատեսակ փորձված եղանակներ՝ խաղաղարար գործունեություն, բուֆերային գոտիների ստեղծում, ինչն, օրինակ, յուր ժամանակ ակտիվորեն կիրառվել է նաև Ռուսաստանի կողմից Աբխազիայում և Հարավային Օսիայում։ Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա այստեղ, հնարավոր է, ավելի նախընտրելի կլինեին այլ քայլեր, որպեսզի իրավիճակն այդչափ չսրեին։ 

Ղարաբաղում, որտեղ մենք գտնվում ենք, բացառիկ, յուրահատուկ իրավիճակ է, այդ հակամարտության զարգացումն ընթանում է իր օրինաչափություններով։ 

-Ո՞ր քայլերն եք համարում լավագույնը տվյալ հիմնախնդրի լուծման ճանապարհին։

-Ամենից առաջ՝ բարձրագույն իրավական հասարակություն կառուցելու ձգտումը։ Հանրաքվե, սահմանադրության, ինքնավարության պահանջ, այդ նույն հեղափոխություններն այդ նպատակին հասնելու փորձեր են, տարբեր իրավիճակներում դրանք տարբեր դրսևորումներ են ունենում։ Մարդիկ իրենց գործողությունների իրավական կանոնակարգման կարիք ունեն, նրանք պետք է գիտակցեն, որ իրենք պետք է պաշտպանեն իրենց իրավունքները, իսկ որպեսզի մարդը` որպես իրավունքի սուբյեկտ, գիտակցի դա, անհրաժեշտ է, որ նա սեփականություն ունենա։ Այդ պարագայում նա, իսկապես դառնալով  քաղաքացի, ինքը շահագրգռված կլինի պետության իրավական ուժեղ հիմք ունենալու մեջ, ինքը կպաշտպանի իր երկրի իրավական համակարգը, իրեն հասարակության մաս կզգա։ Եթե զարգացման հիմքում դրվեն հենց այս սկզբունքները, ապա ցանկացած երկիր՝ մեծ թե փոքր, ճանաչված, թե ոչ, իր զարգացման մեջ կընթանա ճիշտ ճանապարհով, իսկ մասնագետ-կոնֆլիկտաբանները պետք է ուշադիր ուսումնասիրեն իրավիճակներն ու ճիշտ կանխատեսումներ անեն նախքան այն պահը, երբ հակամարտությունն անցանկալի ձևեր կստանա։

 

 

www.golosarmenii.am

Զավեն ՎԱՐԴԱՆՅԱՆ