[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԸ ԵՂԵԼ ԵՎ ՄՆՈՒՄ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ

25 տարի առաջ Բաքուն դիմել էր Ստեփանակերտին՝ ուղղակի բանակցությունների խնդրանքով

 Բանակցային գործընթացում Արցախի (ԼՂՀ) մասնակցության անհրաժեշտության մասին Սոչիում ԵԱՏՄ գագաթնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված հրամայականն արագ ու հիստերիկ արձագանք գտավ Ադրբեջանի կողմից։

Համանման էր և ադրբեջանական կողմի արձագանքն Արցախի ներկայացուցչի մասնակցությանն ավելի վաղ Աբխազիայում տեղի ունեցած միջազգային հանդիպմանը։ Ադրբեջանական կողմի բողոքի տոնն ու պահելաձևը ՌԴ ԱԳՆ¬ին ստիպեցին հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ։

ՙԼեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի դիրքորոշումը երբեք չի ենթադրել հրաժարում միջազգային իրադարձություններին մասնակցելուց միայն այն բանի համար, որ այնտեղ կարելի է պատահաբար ՙդեմ առ դեմ՚ հանդիպել ղարաբաղյան ներկայացուցիչների հետ՚,¬ այսպես է ՌԴ ԱԳՆ¬ն արձագանքել Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության կողմից քննադատությանը, որը դատապարտել էր վերջերս Սուխումիում տեղի ունեցած ՙանջատողական ռեժիմի ներկայացուցիչների հանդիպումը Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնատար անձանց հետ՚։

Ռուսական կողմը հասկանում է լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Արցախի (ԼՂՀ) ներկայացուցիչների մասնակցության կարևորությունը։ Այն համատեքստում, երբ Արցախը գրեթե 30 տարի շարունակ դե ֆակտո հանդիսանում է կայացած պետություն, վաղուց վարում է ինքնուրույն միջազգային գործունեություն, համագործակցում է ինչպես առանձին երկրների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ, ՌԴ ԱԳՆ դիրքորոշումը միանգամայն օրինաչափ է ու ճիշտ։ 

1992 թվականից բանակցություններ են տարվում հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Մինչդեռ հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն առնվազն 1993թ. ամառվանից միշտ եղել և շարունակում է մնալ հակամարտության և բանակցային գործընթացի լիարժեք կողմ։

Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը շատ է հիշեցնում Ուկրաինայի դիրքորոշումը Ղրիմի հարցում։ Այս հանրապետությունների ղեկավարություններն այդպես էլ չեն կարողանում ձերբազատվել այս կամ այն տարածքին տիրանալու իրավունքի կենդանական բնազդից, տարածքներ, որոնք բաժին են ընկել նրանց պատահականության կամոք ու նախկին ԽՍՀՄ քաղաքական անկատար համակարգի բերումով։ Ղրիմի մարզը փոխանցվել է Ուկրաինական ԽՍՀ կազմ 1954թ.՝ ԽՍՀՄ քաղաքական ղեկավարության (Ն. Խրուշչովի) կամքով, այլ ոչ թե օրինավոր իրավաբանական ընթացակարգերով, ինչը նրա ժողովրդի իրավունքների կոպիտ խախտում էր։ Համանման իրավիճակ էր ստեղծվել և Ղարաբաղում, որն ամբողջությամբ որպես ինքնավարություն փոխանցվեց նոր կազմավորված Ադրբեջանական ԽՍՀ¬ին՝ 1921թ. հուլիսին ՌԿԿ\բ Անդրկովկասի բյուրոյի որոշմամբ, իսկ երկու տարի անց իր տարածքի միայն մի փոքր մասով մտավ ԱդրԽՍՀ կազմ` որպես ինքնավար մարզ։

Այսօր Ռուսաստանը միանգամայն հիմնավորված Արցախը համարում է իր ռազմավարական շահերի գոտի։ Ու դրա համար կան պատմական հիմքեր։ 1813թ.՝ ավելի քան 200 տարի առաջ, ղարաբաղյան Գյուլիստան գյուղում կնքվեց խաղաղ պայմանագիր Պարսկաստանի հետ, համաձայն որի Ռուսաստանի կայսրության կազմում ընդգրկվեցին Ղարաբաղը, Շիրվանը, Լենքորանը, Դաղստանը և այլ հողեր։ Այն ժամանակ Ադրբեջան անունով ոչ մի պետություն այդ տարածքներում ամենևին գոյություն չուներ։

Այսօր ակնհայտ է, որ չկա և չի կարող լինել ադրբեջանա¬ղարաբաղյան հակամարտության կարգավորում` առանց Արցախի մասնակցության։

Այն բանի ականատեսը, թե Լեռնային Ղարաբաղն ինչպես է դե ֆակտո և դե յուրե դարձել հակամարտության կողմ ու բանակցությունների մասնակից, Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի Դաշնության նախագահի լիազոր ներկայացուցիչ և 1992-96թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ, դեսպան Վլադիմիր Նիկոլաևիչ ԿԱԶԻՄԻՐՈՎՆ էր։

-Վլադիմիր Նիկոլաևիչ, հուլիսի 28-ին լրանում է ԼՂՀ և Ադրբեջանի պաշտոնական իշխանությունների միջև անցկացված առաջին բանակցությունների 25 տարին։ Այդ բանակցությունների շնորհիվ հաջողվեց լուծել մի շարք սուր և կարևոր հարցեր։ Դատելով ադրբեջանական ներկա դիրքորոշումից, Բաքվում բոլորովին մոռացել են, որ Արցախի պաշտոնական իշխանությունների հետ առաջին բանակցությունները նախաձեռնվել էին հենց Ադրբեջանի կողմից։ Ինչո՞վ է, ըստ Ձեզ, բացատրվում նման դիրքորոշումը։

-Իրոք, 1993թ. հուլիսի 28-ին՝ Աղդամի (խոշոր քաղաք Ադրբեջանի արևմուտքում) ընկնելուց 4 օր անց, ճակատային գծում Մարտակերտի մոտակայքում անցան Ադրբեջանական Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի ռազմակառավարական պատվիրակությունների հանդիպումներն ու առաջին բանակցությունները։ Դրանք գլխավորում էին Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սաֆար Աբիևը և Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանը։ Ձեռք բերվեցին ոչ մեծ պայմանավորվածություններ և 7 օրով երկարաձգվեց կրակի դադարեցումը՝ ԱՀ-ԼՂ ՙբարձր մակարդակով՚ հանդիպում նախապատրաստելու համար։ Ճիշտ է, նման հանդիպման մասին պայմանավորվածությունը քանիցս կրկնվել էր, բայց Բաքուն սկզբից այն ձգձգում էր, այնուհետև այդպես էլ ՙմոռանում՚։

Ռուսաստանի միջնորդական առաքելությունը, ինչպես և ԵԱՀԿ Մինսկի խումբը սատարում էին այդ շփումները ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև։ Հատկապես Մոսկվան, որտեղ 1992թ. սեպտեմբերի 15-ին տեղի ունեցան հակամարտության այս կողմերի ներկայացուցիչների միջև առաջին գաղտնի հանդիպումները։

Ի տարբերություն ԵԱՀԿ Մինսկի խմբի, Ռուսաստանն ի սկզբանե ճանաչել էր նրա արտասովոր, եռակողմ կոնֆիգուրացիան։ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները մասնակցեցին արդեն Ժելեզնովոդսկում 1991թ. սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած հանդիպմանը։ Իսկ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղը որպես հակամարտության կողմ ճանաչելուն մոտեցավ ընդամենը 1993թ. սեպտեմբերին՝ ամենաառաջին հանդիպմանը Հռոմից դուրս՝ Մոսկվայում։ 

Այդ հիմա են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները բավականին ներդաշնակ աշխատանքի օրինակ ցուցաբերում, ճանաչում են 1994թ. հրադադարի և 1995թ. փետրվարի 4-ի հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագրերի նշանակությունը, որոնք ձեռք էին բերվել Ռուսաստանի նախաձեռնությամբ։ Իսկ այն տարիներին արևմտյան գերտերությունները չէին շտապում ճանաչել այն, ինչը ձեռք էր բերվել Մոսկվայի կողմից և անգամ՝ հակառակը։ 

Փաստարկներ չեմ բերի այս հակամարտությունում երեք կողմերի առկայության օգտին, բայց հիմա դա ակնհայտ է։ Բոլորին` բացի Բաքվից, որը, երբ իրեն պետք էր լինում, առաջինն էր գնում Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ շփումներ հաստատելու քայլին, զանգում և գրում էր նրան, առաջարկում չհրետակոծել Աղդամն ու Ստեփանակերտը, հանդիպել Մարտակերտի ներքևում։ Ավելին, հրադադարն էլ կնքել էր արդեն 1994թ. մայիսի 9-ին միայն ԼՂ¬ի հետ՝ այն բանից առաջ, երբ Երևանը տվեց նաև իր ստորագրության համաձայնությունը։ Այդ ի՞նչ կարգավիճակով էր նա գործ ունենում Ստեփանակերտի հետ, եթե ոչ որպես հակամարտության կողմ։ Չգիտեմ՝ հայտնի՞ է դա Ադրբեջանի ներկա ղեկավարությանը, թե՞ բոլորը՝ իրենց իսկ փորձագետները, պատմաբանները, արխիվի աշխատակիցներն ամեն ինչ թաքցրել են նրանից։

-Ծանոթանալով Ադրբեջանի պաշտոնատար անձանց հայտարարություններին, տպավորություն է ստեղծվում, որ ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման ուղեգիծը նրանց համար հիմնախնդրի հանգուցալուծման միակ միջոցն է։ Դժվար է հավատալ, որ Բաքվի ղեկավարությունը չի հասկանում, որ առանց բանակցություններում Արցախի մասնակցության, եթե անգամ Հայաստանը ինչ¬որ զիջումների գնա, հիմնախնդիրը լուծելն անհնար է։ Եվ որ հարձակողական մարտական գործողություններ սկսելը հղի է աղետով ոչ միայն Արցախի, այլև Ադրբեջանի և ողջ տարածաշրջանի համար։ Բայց Ադրբեջանի կողմից ժամանակակից սպառազինության արագ տեմպերով ավելացումը բացահայտորեն նպատակ է հետապնդում ճնշող գերազանցության հասնել Արցախի և Հայաստանի բանակների նկատմամբ։ Եվ երաշխիքները, որ ժամանակակից տեխնիկան չի գործադրվի, գնալով քչանում են։ Միջազգային ի՞նչ պայմանավորվածություններ կարող են երաշխիք հանդիսանալ տարածաշրջանում ռազմական գործողություններ չսկսելու համար։ 

-Ունենալով ոչ քիչ ներուժ և խոցված 1991-94թթ. պատերազմի ելքով, Ադրբեջանական Հանրապետության ղեկավարությունը շարունակ սպառնում է ղարաբաղյան հակամարտությունը լուծել ուժով և որպես իր սպառնալիքների հավաստիք` հրահրում է միջադեպեր, անգամ իրեն թույլ տալով երբեմն փորձել սեփական ուժերը, չի ցանկանում թույլ տալ այդ միջադեպերի հետաքննություն ԵԱՀԿ գծով։ Միաժամանակ դա նրա համար սեփական ժողովրդին այդօրինակ ցուցադրական հայրենասիրությամբ խաբելու միջոց է։ Քանի որ այնտեղ չեն կարող չհասկանալ նոր մեծ պատերազմի դաժան հետևանքներն իրենց երկրի ու իրենց համար։ Այն վտանգ է պարունակում ոչ միայն այդպես էլ չկարգավորված հակամարտության բոլոր երեք կողմերի ժողովուրդների, այլև ողջ տարածաշրջանի համար։

ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահ¬պետությունները, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որոնք չեն մոռացել նախկին պատերազմը և այն, թե ով է, որ ոչ մի կերպ չէր ցանկանում այն դադարեցնել, չեն կարողանա անտարբեր մնալ։ Եվ դա բոլորովին պետք չէ Բաքվին ու նրա վերնախավին։  Ու թեև ռազմական գործողությունների չվերսկսման միանշանակ երաշխիք, իհարկե, չկա, դա, այնուամենայնիվ, զգուշավորություն է հաղորդում Բաքվին։ Բացի այդ, նոր պատերազմը վերջնականապես կխաթարեր ոչ միայն նրա հեղինակությունը, այլև նրա բանակցունակությունն իսկ, որը, հակառակ արդեն պետության հասուն տարիքի, դեռևս հարցականի տակ է մնում։  Այս անգամ օրինակներ չեմ բերի, Ղարաբաղի մասով էլ դրանք քիչ չեն։

                                                                                                                               www.russia-artsakh.ru

Էդուարդ ՍԱԽԻՆՈՎ