[ARM]     [RUS]     [ENG]

ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԲԱՔՎԻ ՀԻՄՆԱԶՈՒՐԿ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ

 

 

 

Արևմուտք-Ռուսաստան գլոբալ դիմակայությունը վերստին դրսևորվեց Բրյուսելում կայացած Հյուսիսատլանտյան դաշինքի հերթական գագաթնաժողովից հետո. ռազմաքաղաքական այս միավորման ծրագրերի ֆոնին ևս մեկ անգամ երևակվեց հետխորհրդային տարածքում համաշխարհային ուժային կենտրոնների միջև առկա շահերի հակամարտությունը։ Գագաթնաժողովում ընդունված հռչակագրում Դաշինքի անդամ 29 երկրների առաջնորդներն իրենց աջակցությունն են հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը և  Ռուսաստանին կոչ արել զորքերը դուրս բերել Աբխազիայից ու Հարավային Օսիայից՝ հրաժարվելով ճանաչել նրանց անկախությունը։ Նույնպիսի վերաբերմունք է արտահայտվել նաև  Ուկրաինայի և Մոլդովայի նկատմամբ ու դարձյալ ռուսական զորքերը դուրս բերելու կոչ է արվել։ Համատեղ ընդունված փաստաթղթում մասնավորապես նշված էր, որ Ռուսաստանը պարտավոր է դադարեցնել Աբխազիայի և Հարավային Օսիայի ռազմականացումը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Ռուսաստանին հորդորել է փոխհամաձայնության գալ Արևմուտքի հետ, քանի որ սահմանակցում է Դաշինքի պետություններին։ 

Նախ՝ հարկ ենք համարում հիշեցնել, որ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից երեք տարի անց՝  2011-ին, ՌԴ այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարություն էր արել, ըստ որի՝ եթե Ռուսաստանը պատերազմի մեջ չմտներ Վրաստանի հետ, ՆԱՏՕ-ն ավելի կընդլայնվեր դեպի Արևելք։ Այսօր Դաշինքն աստիճանաբար ընդլայնում է Հայաստանի հետ համագործակցությունը՝ նրան ներառելով խաղաղասիրական ամենատարբեր ծրագրերում։ Պարզ է, եթե Հյուսիսատլանտյան դաշինքը խոսում է Վրաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության մասին, այս հանգամանքը պիտի ակտիվացներ Ադրբեջանի ղեկավարության ռազմաշունչ հռետորաբանությունը։ Դրան մենք ականատես եղանք։      

Իրենց զգացնել տվեցին նաև ԱՄՆ-Իրան հարաբերությունները, հնչեցին փոխադարձ սպառնալիքներ։ Իրանի նախագահ Ռոհանին Վաշինգտոնին նախազգուշացրեց խուսափել Իրանի հետ պատերազմից՝ Թրամփին խորհուրդ տալով ՙկրակի հետ չխաղալ՚։ 

 

Ակնառու էր նաև Ռուսաստան-Թուրքիա և ԱՄՆ-Թուրքիա շահերի բախումը։  Չնայած Միջին ու Մերձավոր Արևելքում Դաշինքի շահերն առաջ տանողը  Թուրքիան է, այդուհանդերձ, վերջինս շարունակում է հնարավորինս դրական հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ։ ԱՄՆ պետքարտուղարությունը ճգնում է համոզել ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիային՝ ձեռքբերելու Raytheon Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգեր՝ ռուսական նմանատիպ համակարգերի փոխարեն։ Ռուսաստանից նման համակարգեր գնելը կնշանակի, որ Թուրքիան Եվրոպայում աջակցում է Մոսկվայի անընդունելի վարքագծին։ Այսպես է արտահայտվել պետքարտուղարի օգնականը, որի  խոսքերը վկայակոչել է հայկական լրատվամիջոցը և հիշեցրել, որ Թուրքիան 2 անգամ մերժել է ամերիկյան համակարգեր ձեռքբերելու առաջարկը՝ նախապատվությունը սկզբում տալով Չինաստանին, այնուհետև՝ ռուսաստանյան C-400 համակարգերին։   

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, բրյուսելյան իրադարձություններից առաջ և հետո նրա ագրեսիվությունն արտահայտվեց ռազմաշունչ հռետորաբանության ուժգնացմամբ, այլ երկրներից զենքի գնման մասին ի հայտ եկան նոր տեղեկություններ։ Այս անգամ էլ պարզվեց, որ մեր հարևանին զենք մատակարարողը Սլովակիան է։ Հայաստանն այդ փաստին պաշտոնական մակարդակով արձագանքեց. ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանն ընդունեց Սլովակիայի Հանրապետությունից ժամանած գործարարներին, նրանց հետ քննարկեց Հայաստանում ներդրումների հնարավորության հարցը և ապա հյուրերի ուշադրությունը սևեռեց  անուղղակիորեն Ադրբեջանին զենք մատակարարելու փաստին։ Սլովակիայից Իսրայել են արտահանվել հաուբիցներ և Դանա ինքնագնաց հրթիռանետային համակարգեր, որոնք Իսրայելից անմիջապես փոխադրվել են Ադրբեջան, ասել է Մելքումյանը՝ շեշտելով, որ հայկական կողմը դա անթույլատրելի է համարում։  

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հուլիսի 20-ին անցկացրած մամուլի ասուլիսում իրազեկեց, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ունեցած հանդիպմանը հայտնել է իր մտահոգությունը Ադրբեջանին զենք վաճառելու առնչությամբ։ Վարչապետը հավաստիացրել է, որ այդ խոսակցությունը շարունակվելու է բոլոր հնարավոր առիթներով։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում փոխադարձ պարտավորությունների ճշտում պիտի իրականացվի։ ՙԵթե մենք ՀԱՊԿ ենք, ապա մենք ձեր առաջ ունենք պարտավորություն, դուք՝ մեր։ Եկեք ճշտենք դրա շրջանակն ու պահպանենք այն։ Մեր խնդիրն է՝ բարձրացնել մեր մասնակցության արդյունավետությունը ՀԱՊԿ շրջանակում, մեծացնել կազմակերպության արդյունավետությունը։ Մենք դրա համար ամեն ինչ անելու ենք՚,- ընդգծել է Փաշինյանը։ 

Այս զարգացումների համատեքստում դիտարկենք նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ ՙԵվրասիա դեյլի՚ ռուսալեզու կայքին տված հարցազրույցի որոշ շեշտադրումներ։ Նա մասնավորապես նշել է, որ 2016թ. ապրիլյան մարտերից հետո հայկական կողմն առաջին հերթին ռազմական հետևություններ է արել։ Ադրբեջանին թույլ չի տրվելու պահպանել իրավիճակի սրման տեղը, ժամանակը և մասշտաբը որոշելու մենաշնորհային իրավունքը։ Հետևություններ են արվել նաև՝ գործնական և մարտավարական մի շարք հարցերի հետ կապված, ինչի արդյունքում իրականացվել են անհրաժեշտ փոփոխություններ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են զորքերի տեղակայումը, մարտական խնդիրների իրականացումն առաջնագծում։ ՀՀ պաշտպանության նախարարը հավաստիացրել է, որ հայկական կողմը լայնորեն նախապատրաստվում է հավանական ռազմական գործողություններին՝ հաշվի առնելով ոչ միայն նախորդ ռազմական գործողությունների արդյունքները։ 

Ադրբեջանի համար հույժ կարևոր ազդակներ են ուղարկվել նաև Ստեփանակերտից. հուլիսի 24-ին հրավիրած մամուլի ասուլիսում ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, ներկայացնելով սահմանին տիրող իրավիճակի վերլուծությունը, հայտարարեց, որ հակառակորդը հետ է քաշել իր հիմնական կուտակումները։ Արցախում լարվածության աճ կանխատեսում են աշնանը, որը կարող է և չլինել։ Առաջին կիսամյակի ընթացքում ադրբեջանական կողմից ակտիվ աշխատել են հետախուզական միջոցները, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերն ու ցամաքային հետախուզությունը, ավելի հաճախակի են դարձել մարտավարական, բանակային ավիացիայի թռիչքները։ Մնացականյանի բնորոշմամբ՝ առաջնագծում իրավիճակն, ընդհանուր առմամբ, կայուն հանգիստ է, բայց հնարավոր է, որ լոկալ դեպքերը վերածվեն լայնամասշտաբ գործողությունների։     

Բաքուն իր համար աշխարհաքաղաքական հաշվարկներ է անում՝ անտեսելով մի կարևոր հանգամանք. ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այն հարթությունն է, որում ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմական բախումը գրեթե անհավանական է, քանի որ նախ՝ Դաշինքի հետ Հայաստանի հարաբերությունները հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների դեմ չեն ուղղված, և ապա՝ Հարավային Կովկասում նոր պատերազմ թույլ չտալը բխում է երկու ուժային կենտրոնների ռազմավարությունից։ 

Արկածախնդրության սիրահար Ադրբեջանին պարզապես ի ցույց դնենք ՀՀ պաշտպանության նախարարի նախազգուշացումը. ՙԱյնպես չի լինելու, որ միջնորդներին հաջողվելու է համոզել հայկական կողմին՝ դադարեցնելու պատասխան պատժիչ գործողությունները՝ ադրբեջանական կողմից ռազմական գործողությունների վերսկսման դեպքում՚։   

 

 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ