[ARM]     [RUS]     [ENG]

ՆԱԽԻՋԵՎԱՆԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԿԵՏ Է, ՈՐԸ ԿԱՐՈՂ Է ԱԴՐԲԵՋԱՆԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԻԹ ԴԱՌՆԱԼ

Նախիջեւանը վտանգավոր կետ է, որը ցանկացած պահի կարող է ադրբեջանա-թուրքական արկածախնդրության առիթ դառնալ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց թուրքագետ Ռուբեն  ՄԵԼՔՈՆՅԱՆԸ։

 Մեկնաբանելով Նախիջեւանում ռազմաբազա տեղակայելու՝ Անկարայի մտադրության մասին թուրքական լրատվամիջոցների հրապարակումները՝ Մելքոնյանը նշեց, որ այդ հարցը կարող է դիտարկվել երկու հարթությունում. տեղեկատվական՝ արձագանք ստանալու նպատակով, եւ քաղաքական-պատմական։

Փորձագետի խոսքով՝ Թուրքիան Նախիջեւանի նկատմամբ հավակնություններ ուներ դեռեւս 1920-ականներին։ Թուրքական Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը Նախիջեւանը ներառել էր Թուրքիայի քարտեզի մեջ, սակայն պատմական իրադարձությունները զարգացան այնպես, որ Նախիջեւանը Թուրքիայի մաս չդարձավ։ Այնուամենայնիվ, Անկարան հնարավոր ամեն ինչ արեց, որպեսզի Նախիջեւանն անցնի Ադրբեջանի ենթակայությանը։

ՙԱյդ ժամանակների իրադարձություններն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում, որ Թուրքիան օգտագործել է իր ամբողջ ներուժը, որպեսզի Նախիջեւանն առանձնահատուկ կարգավիճակ ստանա՝ ինքնավարությամբ եւ ներառվի Ադրբեջանի կազմում։ Եվ այսօր, նայելով այդ քարտեզին, որում ներառված են Նախիջեւանը, Սիրիայի եւ Իրաքի տարածքների մի մասը, ակնհայտ է դառնում, որ այժմյան Թուրքիայի իշխանություններն այն կյանքի են կոչում՚,- նշեց Ռուբեն Մելքոնյանը։

Նրա խոսքով, եթե հետեւենք, թե Սիրիայի որ հատվածում են թուրքական իշխանությունները ռազմական գործողություններ իրականացնում, հատկապես որտեղ են խախտում սահմանն ու Իրաք ներխուժում, ապա Նախիջեւանի հանդեպ Անկարայի քայլերը միանգամայն սպասելի եւ իրատեսական են։ Թուրքիան արդեն մի քանի տարի փորձում է ռազմաբազաներ տեղակայել իր սահմաններից դուրս։ ՙՈրքան ես հիշում եմ՝ Անկարան առաջին ռազմաբազան տեղակայեց Կատարում, եւ նոր հնարավորություններ է փնտրում։ Այդ տեսանկյունից Նախիջեւանն առավել հարմար թիրախ է՚,- կարծում է Մելքոնյանը։

Միաժամանակ նա կոչ է անում այդ հարցը դիտարկել ոչ այնքան Բաքվի եւ Անկարայի հարաբերությունների համատեքստում, այլ ավելի լայն աշխարհաքաղաքական առումով, քանի որ Նախիջեւանն այլ պետությունների հետաքրքրությունների ոլորտում է, եւ որոշ երկրներ որոշակի պարտավորություններ ունեն նրա հանդեպ։ Առաջին հերթին՝ Ռուսաստանը։

ՙ1920-ական թվականների նույն պայմանագրում նշվում էր, որ Ռուսաստանն ու Թուրքիան չպետք է թույլ տան երրորդ երկրների կողմից Նախիջեւանի բռնազավթումը։ Այսպիսով, ինչ-որ առումով այս երկրները պարտավորություն ունեն։ Եվ ես չեմ կարծում, որ Նախիջեւանում թուրքական ռազմաբազայի տեղակայումը համապատասխանում է Ռուսաստանի շահերին։ Սակայն հաշվի առնելով Թուրքիայի քաղաքականությունը, Էրդողանի ագրեսիվ եւ անկանխատեսելի պահվածքը, կարելի է ասել, որ դա նոր եւ բավական լուրջ մարտահրավեր է, որը զարգացում կունենա եւ կարող է դուրս գալ տարածաշրջանի սահմաններից ու ավելի գլոբալ մասշտաբով իրադարձությունների օրակարգային հարց դառնալ։ Եվ, բնականաբար, այդ բազան հակահայկական բնույթ ունի եւ սպառնալիք է Հայաստանի համար՚,- նշեց նա։

Պատասխանելով հարցին, կարո՞ղ է, արդյոք, Բաքուն Նախի-

ջեւանի ուղղությամբ ռազմական արկածախնդրության գնալ՝ հաշվի առնելով, որ առաջին ամիսը չէ, որ այնտեղ սպառազինություն եւ զինվորականներ են կուտակվում, Մելքոնյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից որեւէ արկածախնդրություն բացառել չի կարելի՝ հաշվի առնելով, որ այն ահաբեկչական պետություն է, եւ այդ երկրի իշխանություններն ահաբեկչական մտածողություն ունեն։ Նախիջեւանն այն վտանգավոր կետերից է, որը ցանկացած պահի կարող է ադրբեջանական կամ ադրբեջանա-թուրքական արկածախնդրության առիթ դառնալ. ՙՍակայն կրկնեմ, որ բոլոր գրված եւ չգրված օրենքներով՝ Նախի-

ջեւանն ավելի լայն քաղաքական խաղի առարկա է, ավելի գլոբալ հարց, որը պետք չէ դիտարկել բացառապես Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերի հարթությունում։ Սա ավելի լայն թեմա է, եւ ես կարծում եմ, որ տարածաշրջանի պետությունները, այդ թվում՝ Ռուսաստանն ու Իրանը, զսպող մեխանիզմներ կկիրառեն՝ ադրբեջանա-թուրքական ագրեսիան կանխելու համար։ Իրանը նույնպես շահագրգիռ կողմ է, եւ նրա շահերից չի բխում Նախիջեւանում Թուրքիայի ակտիվացումը՚,- նշեց Ռուբեն Մելքոնյանը։

Նա ընդգծեց, որ Նախիջեւանում ադրբեջանական զինուժի, սպառազինության կուտակումը, բանակային կորպուսի կազմավորումն ուղղակի սպառնալիք են Հայաստանի համար։

Պատասխանելով հարցին, կարո՞ղ է, արդյոք, Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների վատթարացման ֆոնին Անկարայի եւ Մոսկվայի մերձեցումը բացասական հետեւանքներ ունենալ Հայաստանի համար, հաշվի առնելով նաեւ հայ-ռուսական հարաբերությունների որոշակի սառեցումը, փորձագետը նշեց, որ Ռուսաստանին եւ Թուրքիային, բնականաբար, որոշակի շահեր են կապում, սակայն հաշվի առնելով Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը եւ Ռուսաստանի բավական խորը ռազմաքաղաքական շահերն ու հաշվարկները, հազիվ թե Մոսկվան Անկարային թույլ տա ընդլայնել եւ ուժեղացնել իր ներկայությունն ու ազդեցությունը տարածաշրջանում, հատկապես՝ Նախիջեւանում։ Գոյություն ունեն զսպող մեխանիզմներ, որոնք կօգտագործվեն։

Սակայն, մյուս կողմից, հաշվի առնելով Անկարայի քաղաքականությունը, հարկ է հիշել, որ տարածաշրջանում լարվածության դեպքում Թուրքիան կփորձի լուծել իր տեղային հարցերը, եւ Նախիջեւանը հենց այդպիսի ամենակարեւոր տեղային հարցն է։ ՙՉի կարելի բացառել, որ քաղաքական խոշոր առեւտրի պարագայում Անկարան կփորձի Նախիջեւանում իր դիրքերն ամրապնդել՝ Ռուսաստանին կամ ԱՄՆ-ին որոշակի զիջումների գնալով, դրա դիմաց պահանջելով հարգել Նախիջեւանի նկատմամբ Թուրքիայի իրավունքները՚,- ասաց Մելքոնյանը՝ հույս հայտնելով, որ իրենց շահերից ելնելով՝ գերտերությունները որոշակի քայլեր կձեռնարկեն դա կանխելու համար։

Այս ենթատեքստում նա նշեց Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելու անհրաժեշտությունը։ ՙՀայաստանի եւ Ռուսաստանի լավ հարաբերություններն անմիջականորեն կապված են մեր երկրի անվտանգության հետ, այսինքն՝ այդ հարաբերությունների վատթարացումը Հայաստանի անվտանգությանն ուղղակի սպառնալիք է ներկայացնում՚,- ասաց նա։

Ներքաղաքական զարգացումներից անկախ՝ անհրաժեշտ է պահպանել այս կայուն դրական հարաբերությունները, եւ եթե խոչընդոտներ կան, ապա դրանք պետք է անպայման վերացվեն։ Առաջնային պետք է լինի հայ-ռուսական բարեկամությունը։

Նա հիշեցրեց, որ 1920-ական թվականներին, երբ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններն այնքան էլ լավ չէին, երկիրը տարածքներ կորցրեց, եւ ոչ միայն։ ՙՄենք մշտապես ասում ենք, որ ռուս-թուրքական հարաբերությունների լավացման դեպքում Հայաստանն է տուժել, սակայն չի կարելի մոռանալ, որ այդ ժամանակ Հայաստանն էլ է սխալներ կատարել։ Ուստի ես չէի ցանկանա, որ 100 տարի անց պատմությունը կրկնվեր՚,- նշեց Մելքոնյանը՝ հավելելով, որ Հայաստանը չպետք է ընդառաջ գնա արկածախնդրային հաշվարկներին եւ նույն սխալները գործի՝ տուրք տալով նորաձեւ քայլերին և ուղղություններին։

Ըստ որում՝ նա չբացառեց Ռուսաստանի կողմից պատժիչ քայլերը։ Սակայն ուզում ես հավատալ, որ եթե Երեւանի եւ Մոսկվայի հարաբերություններն անգամ չլավանան, Ռուսաստանը, ելնելով իր սեփական շահերից՝ իրավիճակը կպահի գոնե ստատուս քվոյի մակարդակում։ Անկախ Հայաստանի հետ հարաբերություններից՝ նրան ձեռնտու չէ տարածաշրջանում Թուրքիայի հզորացումը, քանի որ դրա դեմ պայքարելը շատ ավելի բարդ կլինի։

Ըստ որում՝ փորձագետը վստահություն հայտնեց, որ Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունները ոչ միայն կբարելավվեն, այլեւ կունենան ավելի բարձր եւ լավ մակարդակ։

ՙՉի կարելի մոռանալ, որ մեր հարեւաններ Ադրբեջանը եւ Թուրքիան ցանկացած պահի արկածախնդրության պատրաստ են, եւ սա գիտակցելով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման գնալը նվազագույնը քաղաքական կարճատեսություն է՚։