[ARM]     [RUS]     [ENG]

ԻՆՉՈ՞Ւ է ՊՈՒՏԻՆԸ ՇՏԱՊՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆ

 

 

 

Անդրկովկասը մեծ փոփոխությունների շեմին

 

Օրերս Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 25-ին այց կկատարի Բաքու։ Այդ տեղեկատվությունը հաստատեց Ռուսաստանի նախագահի` միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։

Հիշեցնենք, որ Պուտինը սեպտեմբերի 1-ին Սոչիում արդեն բանակցություններ է անցկացրել իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ։ Կողմերը ստորագրել են տնտեսական և քաղաքական բնույթի 17 փաստաթուղթ, ընդունել հուշագիր հինգ ՙճանապարհային քարտեզների՚ շուրջ, որոնք կազմում են մինչև 2024թ. համագործակցության առանցքային ուղղությունների զարգացմանը վերաբերող գործողությունների ծրագիրը, քննարկել են ինչպես երկու երկրների միջև փոխհարաբերությունների, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային իրավիճակի զարգացման  առկա խնդիրները։ Այնուամենայնիվ, Կալաշնիկովը հայտարարել է, որ Բաքու այցի ընթացքում երկու նախագահները ՙկհղկեն բոլոր այն հարցերը, որոնց շուրջ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել կամ ձեռք չեն բերել Սոչիում կայացած բանակցությունների ընթացքում՚: Ճիշտ է, չի հստակեցրել` հատկապես ինչ հարցեր են դրանք: Բայց այն, որ դրանք կան, ցույց է տալիս ռուս-ադրբեջանական երկխոսության ոչ սովորական ինտենսիվությունը, որն առնչվում է ռազմատեխնիկական համագործակցությանը, էներգետիկային և, ինչն առավել հավանական է, լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրներին:

Գոյություն ունեն նաև սուր խնդիրներ տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման մեջ` հաշվի առնելով հարևան Մերձավոր Արևելքում` ընդանուր առմամբ և Սիրիայում` մասնավորապես հասունացող բարդ գործընթացները: Բոլորը հասկանում են, որ ցանկացած ապակայունացում Իրանում օբյեկտիվ կերպով կշոշափի Ադրբեջանը` ողջ անդրկովկասյան տարածության վրա քաոսի տեղափոխմամբ: Այլ բան է, եթե Բաքուն ձգտի նվազագույնի հասցնել բացասական գործընթացների զարգացումը տարածաշրջանում, իրական հենակետ դառնա զարգացման մեջ: Վերջապես, չի կարելի աշխարհաքաղաքական լայն համատեքստում թերագնահատել լեռնայինղարաբաղյան հակամարտության գործոնը: Ուստի ռուս-ադրբեջանական ակտիվ երկխոսությունը, հյուսիսում ՙթեժ կետ՚ չունենալու Թեհրանի ցանկությունը զսպող հանգամանքներ են դառնում այդ ուղղությամբ իրադարձությունները ՙթեժ բեմագրով՚ զարգանալ թույլ չտալու համար: Ակնկալվում է, որ մինչև այս տարվա ավարտը Ռուսաստանում կկայանա եռակողմ գագաթնաժողով` Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ, որի ժամանակ շատ բան կարող է որոշակիություն ստանալ:

Աչքի է զարնում ևս մեկ կարևոր առանձնահատկություն: Ռուս-ադրբեջանական երկխոսության ակտիվացման համապատկերին, որը զարգանում է բազմաթիվ առևտրատնտեսական ու այլ համատեղ նախագծերի շուրջ, Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ դիտվում է ռեսուրսների սպառում անդրկովկասյան ուղղությամբ: Պատճառներն ակնհայտ են: Անկարան ինքը ծանրաբեռնվել է իր տարածքային ամբողջականության համար վտանգավոր աշխարհաքաղաքական խնդիրներով` սահմանի ողջ պարագծով ու զգում է Ռուսաստանի աջակցության կարիքը: Մոսկվա-Բաքու ակտիվ երկխոսությունն Անկարայում, համենայնդեպս առայժմ, չի ընկալվում որպես Ադրբեջանում Թուրքիայի ազդեցության խաթարման վրա կողմնորոշված միտում: Միևնույն ժամանակ Անկարան առավել մեծ ուշադրությամբ է հետևում իրադարձությունների զարգացմանը:

Հայտնի է դարձել, որ Պուտինի Բաքու կատարվելիք այցի նախօրյակին այնտեղ կայցելի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` թուրք գեներալ Նուրի փաշայի գլխավորած Կովկասյան իսլամական բանակի կողմից Բաքվի ազատագրման 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնատելու համար: Նկատենք, որ Թուրքիայի նախագահը վերջին անգամ Ադրբեջան այցելել է հուլիսին: Անկարան, սիրիական ուղղությամբ դաշինքի մեջ լինելով Ռուսաստանի և Իրանի հետ, այս ու այն կողմ է ընկնում Իդլիբի խնդրի լուծման հարցում: Էրդողանը Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների Թեհրանում կայացած գագաթնաժողովում պահանջել է զինադադար հայտարարել այդ նահանգում: Այնուհետև հայտարարել է, որ մտադիր է ևս մեկ անգամ հանդիպում ունենալ Պուտինի հետ, իսկ հիմա ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիային Իդլիբում ռազմագործողությանը միանալու կոչով է դիմել: Սա խաղ է փոխզիջումների տապալման սահմանագծին, միանգամից մի քանի աշխարհաքաղաքական հարթակներում գործողությունների մեջ առկա բարդությունների ցուցադրություն:

Հեռանկարում բարձր է հավանականությունն այն բանի, որ Թուրքիայի` ադրբեջանական ուղղությամբ Իրանի տարածաշրջանային մրցակցի, շահերը կարող են խոչընդոտ դառնալ Անկարայի և Թեհրանի միջև փոխհարաբերություններում: Մոսկվան և Բաքուն սա տեսնում ու քաջ գիտակցում են: Ահա թե ինչու իրար ընդառաջ արված իրենց կոնկրետ քայլերը` երկարամյա համագործակցության պարամետրերի որոշմամբ, կարող են հատկանշական կարևորություն ունենալ: Իհարկե, դրա հետ մեկտեղ չարժե մոռանալ նաև տարածաշրջանում Ռուսաստանի ամենամերձավոր դաշնակցի` Հայաստանի շահերի մասին: Բայց այդ մասին հաջորդ անգամ:

www.regnum.ru

Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ