ՓԱՇԻՆՅԱՆԸ՝ ՄԱԿ-ՈՒՄ. ՂԱՐԱԲԱՂԸ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ, ԵԹԵ ՉԵՆՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԹՈՒՅԼ ՏԱԼ ՆՈՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որեւէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն։ Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանում իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 Նա, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին, մասնավորապես, նշել է.

ՙԼեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է գերակշռել մեր արտաքին քաղաքական օրակարգում։ Արցախի Հանրապետության կարգավիճակը եւ անվտանգությունը լինելու են Հայաստանի Հանրապետության բացարձակ առաջնահերթությունը բանակցային գործընթացում։

Հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ ուղղակի սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների համար։ Հայաստանը կշարունակի իր կառուցողական ներգրավվածությունը հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով, որին էլ տրված է հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ մանդատը։

Ադրբեջանը պետք է փոխի բանակցությունների հանդեպ իր անհարգալից վերաբերմունքը, պետք է լիովին հրաժարվի ցանկացած ռազմական լուծման գաղափարից եւ իրագործի բոլոր նախորդ համաձայնագրերը։

Ավելին, եթե Ադրբեջանն իսկապես հավատարիմ է խաղաղ գործընթացին, ապա պետք է սկսի երկխոսել այս հակամարտության հիմնական սուբյեկտի՝ Լեռնային Ղարաբաղի հետ։

Ադրբեջանն ամեն առիթով հայտարարում է, որ Ղարաբաղը պետք է լինի իր տարածքի մի մասը։ Միեւնույն ժամանակ հայտարարում է, որ չի բանակցելու Լեռնային Ղարաբաղի հետ։ Խնդիրն այն է, թե ինչպես կարող է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնություն ներկայացնել՝ առանց նույնիսկ ԼՂ-ի հետ երկխոսելու։ Դա հնարավո՞ր է։ Դա հնարավոր է, եթե Ադրբեջանի ղեկավարությանը հետաքրքրում է ոչ թե ժողովուրդը, այլ միայն բուն տարածքը։

Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի ղեկավարության մտադրությունն այն է, որ Ղարաբաղը մաքրվի հայերից, ինչպես եղավ Նախիջեւանում։ Սա իրավունք է տալիս Լեռնային Ղարաբաղին ասել, որ Ադրբեջանի մաս կազմելը Ղարաբաղի բնակչության համար կնշանակի լիակատար բնաջնջում։ Հետեւաբար, Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որեւէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն։

Ամփոփելով՝ թույլ տվեք վերահաստատել. հակամարտությունը կարող է եւ պետք է կարգավորվի միայն կողմերի փոխադարձ զիջումների միջոցով՝ խաղաղության եւ ոչ թե պատերազմի մթնոլորտում։

Եվ վերջում չափազանց կարեւոր եմ համարում իմ երախտագիտությունը հայտնել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերի եւ մոտեցումների հանդեպ իր անվերապահ աջակցության համար՚։