Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱԶՄԿՈՄԻՏԵ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՐԵՏԱՏՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՑԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ

Իրականացնելով Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի 1990թ. մարտի 27-ի նստաշրջանի որոշումները, գործկոմը մշակեց և սկսեց ի կատար ածել մարզի ժողովրդական տնտեսության  վերականգնմանն ու նրա հետագա զարգացմանն ուղղված ծրագիրը։

Այդ շրջանում Շարժման բոլոր ակտիվիստները հատուկ ուշադրություն էին դարձնում այն ձեռնարկությունների կոլեկտիվների հետ աշխատանքին, որտեղ հսկայական ջանքերի գնով երկարատև գործադուլից հետո ծանր շրջափակման պայմաններում կանոնավորվում էր աշխատանքային ռիթմը։  

Մարզի տնտեսության մեջ առաջին այս դրական փոփոխությունները չէին ներգծվում ադրբեջանական իշխանությունների ծրագրերի մեջ` միտված Լեռնային Ղարաբաղում իրավիճակի ապակայունացմանը` հետագայում այն բռնանվաճման ենթարկելու մտադրությամբ։

Մարտի 31-ին Բաքվում անցավ Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի պլենումը, որի ժամանակ ելույթ ունեցավ Ա. Խ. Վեզիրովին փոխարինելու եկած ոչ անհայտ հայատյաց գործիչ Ա.Ն. Մութալիբովը՝ հայերի, հատկապես ղարաբաղցի հայերի հասցեին վիրավորանքներով և ուղղակի սպառնալիքներով հագեցած զեկույցով։ Զեկուցողը, չթաքցնելով իր հանցավոր, ծայրահեղական մտադրությունները, Կազմկոմիտեից ու հանրապետական իշխանական համապատասխան կառույցներից պահանջեց անցնել վճռական գործողությունների՝ վերականգնելու Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի լիակատար ինքնիշխանությունը՝ օգտագործելով արտակարգ դրության ու զինվորական պարետության բոլոր հնարավորությունները։

Վերադառնալով մարզ, Կազմկոմիտեի ղեկավար Վ. Պոլյանիչկոն, ինչպես նաև պլենումին հրավիրված ինքնակոչ ՙԼեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ՚ գեներալ Վ. Սաֆոնովը, առանց հապաղելու անցան հանրապետության առաջին դեմքի առաջադրանքների կատարմանը։ Այժմ արդեն ամեն օր Ստեփանակերտով մեկ շրջում էր բարձրախոսով զրահամեքենա, որից ՙպոլյանիչկոներն ու սաֆոնովները՚ կեղտի տարափ էին թափում ղարաբաղցիների վրա, տարածում Շարժման ակտիվիստների անունները խայտառակող թերթիկներ։ 

Ստահոդ քարոզչությունն էլ ավելի սաստկացնելու նպատակով հանրապետության ղեկավարության և Կազմկոմիտեի քաղաքական շաղակրատներն սկսեցին օգտագործել Կենտրոնական հեռուստատեսությունը` իրենց հաղորդումներով լկտիորեն խցկվելով նրա հեռուստածրագրերի մեջ։ Հայերին մրոտելու մրցակցության-ձգտման մեջ հետ չէր մնում և հանրապետական մամուլը, հատկապես ՙըՈՍՌվրՍՌռ ՐՈոՏփՌռ՚ թերթը։ ՙՀռետորների՚ այդ ոհմակում առանձնանում էր Կազմկոմիտեն, որի հաղորդագրություններից հետևում էր, որ ղարաբաղցի հայերը Կենտրոնին ցուցաբերած իրենց դիմակայությամբ ու Ա. Գիրենկոյի և Ռ. Նիշանովի հետ հանդիպման բոյկոտով  հրահրեցին հունվարի 19-ին Բաքվում տեղի ունեցած ադրբեջանցիների ՙբողոքի՚ գործողությունները։

Բայց սա դեռ ամենը չէ։ Նրանք իրենց թույլ տվեցին անգամ Ղարաբաղի հայերին մեղադրել երկրում տիրող անկարգություններին, գործադուլներին և անգամ ԽՄԿԿ շարքերում սկիզբ առած երկպառակություններին հաղորդակից լինելու մեջ։

Հարկ է առանձնապես նշել Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի գործողությունները, որը որոշումներ էր ընդունում և օրենսդրական բազա ապահովում Կազմկոմիտեի ու զինվորական պարետատան ողջ այդ հակահայկական հանցավոր գործունեության համար։ 1989թ. ապրիլի 20-ի հրամանագրում ԱդրԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունն իշխանության այդ մարմիններից պահանջեց ՙ...պատասխանատվության կանչել այն անձանց, ովքեր ապօրինի ընտրարշավ են կազմակերպում և մասնակցում դրան...՚՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրություններին ընդառաջ։ Հաջորդ օրն ընդունվեց հրամանագիր ԼՂԻՄ-ի բոլոր շրջանների ու Ստեփանակերտ քաղաքի վարչատարածքային բաժանման մեջ մասնակի փոփոխությունների մասին, ըստ որի համատեղ բնակեցման վայրերի կազմից առանձնացվում էին ադրբեջանցիներով բնակեցված մասերը՝ 9 նոր գյուղխորհուրդների կազմավորմամբ։ Նույն այդ հրամանագրով Խոջալու բնակավայրը դասվեց շրջանային ենթակայության քաղաքների կարգին, իսկ Ստեփանակերտի Կրկժան բնակելի զանգվածը վերաձևավորվեց քաղաքային տիպի ավանի։ Որպես հիմք ընդունելով այս հրամանագրերից առաջինը, Կազմկոմիտեն և զինվորական պարետատունն էլ ավելի խստացրեցին  ստուգումների և անձնագրային վերահսկողության առանց այդ էլ խիստ ռեժիմը` դրան հետևող ձերբակալություններով մարզի հայազգի բնակչության շրջանում։ Երկրորդ փաստաթուղթը, օրինականացնելով ադրբեջանցիներով բնակեցված վայրերում արտադրական օբյեկտների ու բնակարանների չթույլատրված շինարարությունը, իրավաբանական ու ֆինանսական  հնարավորություն ստեղծեց Լեռնային Ղարաբաղում այնպիսի գործունեության հետագա զարգացման համար, որը, վերջին հաշվով, կբերեր մարզի ժողովրդագրական ցուցանիշների փոփոխությանը։

 

Այս հրամանագրերը, ինչպես նաև նմանատիպ մյուս բոլոր օրենսդրական փաստաթղթերը, ստեղծվում և ընդունվում էին հաստատված սահմանադրական նորմերի խախտմամբ՝ առանց ժողովրդական իշխանության շրջանային ու մարզային մարմինների հետ համաձայնության։ Լեռնային Ղարաբաղի  մարզխորհրդի նախագահի և շրջ(քաղ)խորհուրդների գործկոմների նախագահների ստորագրություններով բողոք ուղարկվեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահություն, ԽՍՀՄ Սահմանադրական հսկողության կոմիտե, ԽՍՀՄ դատախազություն, որում հեղինակները հրաժարվում էին գործադրել ԱդրԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության 1990թ. ապրիլի 21-ի  հրամանագիրը, այն համարելով սադրիչ և Լեռնային Ղարաբաղում ազգամիջյան ճգնաժամը խորացնող։ Բողոքի վերջում ասվում էր, որ մարզում հրամանագիր իրականացնելու փորձերը ՙ...կբերեն անկանխատեսելի հետևանքների, որոնց համար պատասխանատվությունն ընկած է հանրապետության ու երկրի ղեկավարության վրա՚։ Ձևավորված ավանդույթի համաձայն՝ մեր բողոքն անպատասխան մնաց։

1990թ. ապրիլի 24-ին լրացավ Թուրքիայում հայերի ցեղասպանության 75-րդ տարելիցը։ Հակառակ զինվորական պարետատան արգելքին, որոշվեց ԼՂԻՄ-ի պատմության մեջ առաջին անգամ նշել այդ սգո օրը և Ստեփանակերտի բնակիչների հավաք անցկացնել ՙԵղբայրական գերեզմանոց՚ հուշահամալիրում։ Սգո հավաքը, որին ներկա էին ավելի քան 10 հազար մասնակիցներ, ելույթի խոսքով բացեց Համլետ Գրիգորյանը։ Նրանից հետո ելույթ ունեցան բանաստեղծներ Գուրգեն Գաբրիելյանը, Հրաչյա Բեգլարյանը, Սոկրատ Խանյանը, Արկադի Թովմասյանը և ուրիշներ։ Նմանատիպ սգո հավաքներ մարզի շրջկենտրոններում կազմակերպեց նաև ընդհատակում գործող ՙՄիացում՚ կազմակերպությունը։

Հաջորդ օրը սգո հավաքին ելույթ ունեցած Շարժման բոլոր ակտիվիստներին կանչեցին զինվորական պարետատուն, նրանց ներկայացվեցին մեղադրանքներ արտակարգ դրությունը խախտելու մեջ և մեկ օր անց ձերբակալեցին։ Մի քանի հազար վրդովված քաղաքացիներ հավաքվեցին հրապարակում` կուսակցության մարզկոմի շենքի դիմաց, որտեղ գտնվում էր զինվորական պարետատունը` պահանջելով ազատ արձակել սգո հավաքի՝ ապօրինի ձերբակալված մասնակիցներին, ովքեր վաստակած հարգանք էին վայելում մարզի բնակիչների կողմից։ Ի պատասխան՝ գեներալ Վ. Սաֆոնովի հրամանով զինվորներն սկսեցին բողոքի ակցիայի մասնակիցներին ծեծել ռետինե մահակներով և կրակ բացեցին՝ հասցնելով վիրավորումներ, այդ թվում՝ ծանր։  Դարձյալ անմեղ մարդկանց արյուն թափվեց։ Այս դեպքերից հետո բոլոր ձերբակալվածներին, բացի մանկավարժական ինստիտուտի դոցենտներ Համլետ Գրիգորյանից ու Արկադի Թադևոսյանից, ազատ արձակեցին՝ պատիժը փոխարինելով 1000 ռուբլի տուգանքով և մինչև մայիսի 10-ը տնային կալանքով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ երկու ձերբակալվածներին՝ որպես սգո հավաքի կազմակերպիչների, կալանավորել են 15 օրով և փոխադրել Պյատիգորսկ քաղաքի ՙըպսօռ սպոպՊՖ՚ բանտը:

Շարունակելով Ստեփանակերտի բնակիչներին հրահրել անօրինական գործողությունների, զինվորական պարետատունը, առանց որևէ պարզաբանման, ապրիլի վերջին 10-օրյա տնային կալանքի ենթարկեց Շարժման` մարզում հայտնի ավելի քան 30 առաջնորդների ու ակտիվիստների՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամ Ռոբերտ Քոչարյանին, ՙԽորհրդային Ղարաբաղ՚ մարզային թերթի խմբագրի տեղակալ Արկադի Ղուկասյանին, ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ Էդվարդ Գազարովին, ձեռնարկությունների տնօրեններ Էռնեստ Հայրապետյանին, Արմո Ծատրյանին և Ռոլես Աղաջանյանին, մանկավարժական ինստիտուտի դոցենտներ Արզիկ Մխիթարյանին և Համլետ Մովսիսյանին, մարզադաշտի տնօրեն Ռազմիկ Պետրոսյանին և ուրիշների։

Փորձելով կանգնեցնել Ադրբեջանի իշխանությունների հակահայկական գործունեության կամայականությունները, մարզի, Ստեփանակերտ քաղաքի, շրջանների ղեկավարությունը և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Լեռնային Ղարաբաղի պատգամավորները նամակ ուղարկեցին ԽՍՀՄ նախագահ Մ.Ս.Գորբաչովին, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ղեկավարներին, Նախագահական խորհրդի անդամներին, կուսակցական և խորհրդային գործիչներին, կենտրոնական թերթերի խմբագրություններին։ Նամակի հեղինակները դատապարտում էին Կազմկոմիտեի և զինվորական պարետատան հանցավոր քայլերը, որոնք փորձում էին մարզը խեղդել բարոյապես ու տնտեսապես, ինչպես նաև վրդովմունք էին հայտնում` կապված իշխանությունների գործողությունների հետ, ինչպես` ՙ...հայազգի բնակչության շրջանում հակառուսական տրամադրություն ստեղծելը՝ այդ նպատակի համար օգտագործելով բանակը՝ որպես սադրանքների ու բռնության գործիք՚։ Ընդ որում, ազգությամբ ռուս անձանց անունից թերթիկներ էին տարածվում այն մասին, թե, իբր, ՙհայերը կազմակերպել են ռուսների ցեղասպանություն Բաքվում՚։ Նամակը վերջանում էր համառ խնդրանքով` անկախ հանձնաժողով ուղարկել ԼՂԻՄ, որը ՙ... հայազգի բնակչությանը կպաշտպանի ցեղասպանության շարունակումից այլ միջոցներով՝ մարզը ապարտեիդի վերածելուց՚։

Դա Կենտրոնին ուղղված մեր հերթական անպատասխան ուղերձն էր։ Բնականաբար, հարց է ծագում՝ ուրիշ էլ ի՞նչ են խնդրում նամակի հեղինակները, եթե ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1989թ. նոյեմբերի 28-ի որոշմամբ՝ ԼՂԻՄ¬ում իրադրության կայունացմանն ուղղված միջոցները վերահսկելու և իրականացնելու համար արդեն ստեղծվել էր Վերահսկիչ¬դիտորդական խորհրդային հանձնաժողովը, որը ենթարկվում էր ԽՍՀՄ Գերագույն խորհրդին։ Այդ անկախ (ստեղծողների մտահղացմամբ) հանձնաժողովի նախագահ էր նշանակվել ոչ պակաս հեղինակավոր (ըստ զբաղեցրած պաշտոնների) ԽՍՀՄ ժողպատգամավոր, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության անդամ, Հրապարակայնության, քաղաքացիների իրավունքների ու դիմումների հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովիչ Ֆոտեևը։ Դժբախտաբար, բոլոր այս գործողություններն ուշադրությունը շեղելու նպատակով խաղացվող թատրոն էր։ Իր ստեղծման հենց սկզբից այս հանձնաժողովը հանցավոր անգործություն էր ցուցաբերում և իր գոյության ընթացքում ԼՂԻՄ¬ում ոչ մի միջոցառում չանցկացրեց։ Ինչպես ավելի ուշ պարզվեց, հանձնաժողովը, փաստորեն, գոյատևում էր ի դեմս միայն իր նախագահի, ով հազվադեպ էր հայտնվում մարզում և, լինելով կամազուրկ անձնավորություն, լրիվությամբ Վ.Պոլյանիչկոյի ու Վ. Սաֆոնովի ազդեցության տակ ընկավ։ Որպես հանձնաժողովի նախագահ, Վ. Ֆոտեևը պասիվ դիտորդի դերում էր և չէր կանխում Կազմկոմիտեի ու զինվորական պարետատան հակահայկական հանցավոր գործունեությունը՝ դառնալով այդ հանցագործությունների մեղսակիցը։ Արդյունքում մարզը խեղդվում էր շրջափակման մեջ, իսկ Վ. Սաֆոնովը, որի ծառայողական պարտականությունների մեջ էր մտնում նաև ճանապարհների ապաարգելափակումը, շարունակում էր ոչինչ չանել՝ իբր, այդ գործողությունների համար Վ. Ֆոտեևից գրավոր թույլտվության սպասելով։ 

Մարզում ստեղծված իրավիճակը, ըստ երևույթին, համապատասխանում էր Կենտրոնի մտադրություններին, որն ինչ¬ինչ պատճառներով չէր լուծարում ձևական հանձնաժողովը նրա` անգործություն ցուցաբերող նախագահի գլխավորությամբ։

Այստեղ տեղին է նշել, որ Վ.Ս. Ֆոտեևը, մինչև Լեռնային Ղարաբաղ գալը, 1984 թվականից ԽՍՀՄ Չեչենա¬Ինգուշեթական մարզկոմի առաջին քարտուղարն էր և 1989թ. անհայտ պատճառներով թողել էր այդ պաշտոնը։ 

Դժբախտաբար, Վերահսկիչ¬դիտորդական միութենական հանձնաժողովի նախագահը Լեռնային Ղարաբաղ կատարած իր հազվադեպ և կարճատև այցերի ժամանակ Պոլյանիչկո¬Սաֆոնով տանդեմի հետ միասին հանցավոր եռյակ էր կազմում, որն իր գործողություններով միտումնավոր ապակայունացնում էր մարզի իրավիճակը։ Այս ՙգործիչներն՚ իրենց համար հասանելի բոլոր միջոցներով փորձում էին խաթարել Արցախի պատմության մեջ առաջին՝ Հայաստանի Գերագույն խորհրդի ընտրությունները, որոնք նշանակված էին մայիսի 20-ին։ Նախօրեին մարզ էին մտցվել լրացուցիչ զորքեր, որոնք շրջապատել էին բոլոր ընտրատեղամասերը։ Ընտրությունների օրը քաղաքում շրջող զրահամեքենաների վրա տեղադրված բարձրախոսներից ՙպոլյանիչկոներն ու սաֆոնովները՚ սպառնում էին ձերբակալել ընտրարշավի բոլոր մասնակիցներին։ Հակառակ բոլոր այս փորձերին, քաղաքական կարևոր միջոցառումը տապալել չհաջողվեց, և ընտրությունները, որոնց մասնակցեցին ավելի քան 90 հազար ընտրողներ, կայացան։  Լեռնային Ղարաբաղի 11 ընտրատարածքներում Հայկական  ԽՍՀ Գերագույն խորհրդի ժողպատգամավորներ ընտրվեցին Սլավիկ Առուշանյանը, Վահրամ Աթանեսյանը, Գրիշա Բաղյանը, Մանֆրեդ Բախշյանը, Համլետ Գրիգորյանը, Էդուարդ Ղուկասյանը, Ռազմիկ Դանիելյանը, Իշխան Ավետիսյանը, Գեորգի Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը և Վիգեն Շիրինյանը։ Ժողովրդական պատգամավոր են ընտրվում նաև Բուտիրկայի բանտում կալանավորված Արկադի Մանուչարովը, Ռոբերտ Քոչարյանը, Վլադիմիր Աղաջանյանը, Ռազմիկ Պետրոսյանը և Ռոլես Աղաջանյանը։ 

Ակտիվ մասնակցություն ունենալով ընտրություններին, մարզի բնակչությունը ևս մեկ անգամ հստակ հայտարարեց Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման անհրաժեշտության մասին։