[ARM]     [RUS]     [ENG]

Ի՞ՆՉ ԱՆԵԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՖԻՑԻՏԻ ԵՎ ԶԵՆՔԻ ԱՎԵԼՑՈՒԿԻ ՀԵՏ

Անցած շաբաթ միջազգային հանրության ուշադրությունը սևեռված էր Նյու Յորքում ընթացող Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի և ապա Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի աշխատանքներին։

Դրանց մասնակցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջին հանդիպումից հետո նա ուղղակի կապով հայկական հանրությանն իրազեկեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ  կարճատև զրույց է ունեցել, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել իրավիճակն օպերատիվ վերահսկելու նպատակով երկու կողմերի ղեկավարության միջև մշտական կապ հաստատելու շուրջ։ Նպատակը՝ նվազեցնել լարվածությունը սահմանագծում և կանխել միջադեպերը։ ՙՄենք պայմանավորվել ենք օպերատիվ կապի կոմունիկացիա ստեղծել, իսկ թե ինչպիսին կլինի այն տեխնիկական առումով, պայմանավորվածություն ձեռք չենք բերել՚,- նշել է Ն. Փաշինյանը։ ՀՀ վարչապետն այդ մասին տեղեկացրել է ԱՀ Նախագահ Բակո Սահակյանին։Հաշվի առնելով արցախյան և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին վերջին ամսվա ընթացքում տիրող լարվածությունը, որի հետևանքով, ցավալիորեն, ունեցանք մարդկային կորուստներ, կարևոր է նման պայմանավորվածության ձեռքբերումը։ Սակայն պարզ չէ, թե ինչպիսին կլինի ադրբեջանական կողմի վարքագիծը մոտ ապագայում։ Մեր ունեցած դառը փորձը ստիպում է ասել՝ դա ցույց կտա ժամանակը։ Առայժմ Հայկական զինված ուժերը 100%-ով պահում են այդ պայմանավորվածությունը։ 

Դուշանբեի հանդիպումից երկու օր առաջ՝ սեպտեմբերի 26-ին, ՀՀ վարչապետը Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ 73-րդ նստաշրջանում հանդես եկավ ելույթով և քաղաքակիրթ աշխարհին ի ցույց դրեց Ադրբեջանի մտադրությունը՝ Ղարաբաղը մաքրել հայերից, այնպես, ինչպես եղել է  Նախիջևանում։ ՙՍա իրավունք է տալիս Լեռնային Ղարաբաղին ասել, որ Ադրբեջանի մաս կազմելը Ղարաբաղի բնակչության համար կնշանակի լիակատար բնաջնջում,- շեշտել է Փաշինյանը և հավելել,- հետևաբար, Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որևէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն՚։ 

Առհասարակ, Իլհամ Ալիևն իր արտաքին քաղաքականությունն առաջ տանելիս չի կարողանում ձերբազատվել ներքին խնդիրներից, որոնք ակամայից ազդում են Ադրբեջանի արտաքին քաղաքական օրակարգի վրա։ Պատահական չէ, որ միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակությունը, վստահելի և ընկալելի գործընկերոջ վարկանիշը Ադրբեջանում միայն ջղաձգումներ են առաջացնում՝ կրկնապատկելով իշխող վարչակազմի ագրեսիվությունը։  Մյուս կողմից էլ նկատի ունենանք, որ Ռուսաստան-Արևմուտք հակասությունների առանցքում հայկական ժողովրդավարությունը որպես խաղաքարտ է օգտագործվում։ Այս տեսանկյունից դիտարկենք անցած կիրակի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների առնչությամբ  միջազգային դիտորդների կողմից հնչեցված դրական գնահատականը և դրա ադրբեջանական արձագանքը։ Ադրբեջանի նախագահն իր համար ցավոտ այս թեմային յուրովի է արձագանքել՝ ՙԹվիթերի՚ իր միկրոբլոգում գրառում անելով, թե ՙմիջազգային դիտորդների դրական արձագանքը Հայաստանի Հանրապետությունում կայացած նոր ընտրություններին պետք է հետաքննվի՚։ ՀՀ արտգործնախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, արձագանքելով Ադրբեջանի նախագահին, հայտարարել էր, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները և դրանց վերաբերյալ աշխարհի արձագանքը հստակ ցույց են տալիս, թե ինչու է հարևան երկրի նախագահն այդքան նյարդայնանում։ 

Անդրադառնալով ղարաբաղյան խաղաղ կարգավորման թեմային՝ ևս մեկ անգամ փաստենք հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու սկզբունքին հայկական կողմերի հավատարմությունը։ Դրա վկայությունն այն է, որ ՀՀ և Արցախի ղեկավարները բոլոր առիթներն օգտագործում են բոլոր հարթակներում դատապարտելու այն պետությունների քաղաքականությունը, որոնք զինում են ադրբեջանական բանակը։ Խոսքը վերաբերում է նաև Հայաստանի գործընկեր պետություններին։ Չենք կարող շրջանցել սեպտեմբերի 24-ին Մինսկում կայացած ՀՀ և Բելառուսի խորհրդարանների համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ ՀԱՊԿ գործունեությանն ու տարածաշրջանային անվտանգության խնդիրներին։ 1in.am-ի փոխանցմամբ՝ փոխնախագահն ընդգծել է, որ հայ-բելառուսական միջխորհրդարանական հարաբերությունները կարևորվում են ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին մեր երկու պետությունների անդամակցությամբ։ Անվտանգության հարցերը շարունակում են առանցքային լինել մեր տարածաշրջանի համար։ Նրա խոսքով՝ դեռևս 2000թ. ՀԱՊԿ-ի շրջանակում երկու պետություններն ընդունել են հռչակագիր, որի համաձայն՝ անդամ պետությունների ռազմատեխնիկական համագործակցությունը պետք է առաջնային բնույթ կրի։ Սակայն գաղտնիք չէ, որ ՀԱՊԿ-ի անդամ որոշ պետություններ զենք են վաճառում Ադրբեջանին։ Այդ վաճառված զենքը կրակել, կրակում և հավանաբար կրակելու է նույն կազմակերպության անդամ Հայաստանի ուղղությամբ։ Սա մտահոգիչ է, ասել է Շարմազանովը և հավելել, որ վերջերս Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակչությունն է հայտնվել ադրբեջանական զինված ուժերի թիրախում, ինչը միջազգային նորմերի կոպտագույն խախտում է։ Նման ապակառուցողական քաղաքականությունը Հայաստանի գործընկերների կողմից պետք է դատապարտվի։ 

Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Բաքու, որը տեղի ունեցավ ծրագրված օրից՝ սեպտեմբերի 25-ից երկու օր հետո։ Դրա հետ կապված՝ Ադրբեջանում առանձնակի հույսեր չունեին։ Առավել ուշագրավ էր BBC -ի մեկնաբանությունը.  Պուտինը Բաքու է ժամանելու մեծ մտրակով և փոքր քաղցրաբլիթով։ Իսկ  ադրբեջանական ոչ պաշտոնական մամուլը գրեց, որ այդ այցն ավելի շատ պրոզաիկ բնույթ է կրելու։ Պաշտոնական Բաքուն հույս ուներ ռազմական համագործակցության հարցը  դարձնել օրակարգային և Պուտինի այցն օգտագործել ՌԴ-ից զենքի գնման հարցում որոշ ՙմութ կետեր՚ լուսավորելու նպատակով։ Ադրբեջանական որոշ շրջանակներում կարծում են, որ հնարավոր կլինի վերականգնել զենքի գնման նախկին ծավալները։ 

Սա  ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական քարոզչություն, քանի որ նման կանխատեսումների համար Բաքուն իրական հիմքեր չուներ։ ՙՄութ կետերի՚ մասով դժվար կլինի ենթադրություններ անել, քանի որ խոսքը գնում է Ադրբեջանին  ռուսական անորակ զենք վաճառելու մասին, ինչին անդրադարձ է եղել ադրբեջանական և միջազգային մամուլում։

Ադրբեջանական քաղաքական-փորձագիտական շրջանակներում ՌԴ նախագահի այցից առանձնակի ակնկալիքներ չունեին։  Ոչ պաշտոնական շրջանակներում, ըստ երևույթին, ընդունում են, որ Մոսկվայի հետ հույսեր կապելն ավելի շատ  պատրանքների տեսքով  կարող է լինել։      

Ի հիասթափություն Ադրբեջանի՝ Ռուսաստանը, որպես ՀԱՊԿ-ի առաջատար պետություն և ՀՀ-ի դաշնակից, արդեն ընդունել է Ադրբեջանին նախկին ծավալով զենք վաճառելու անթույլատրելիությունը։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն՝ ՌԴ-ն լավագույնս է իրազեկված երկու հայկական պետությունների սահմանին ադրբեջանական կողմից ձեռնարկվող սադրանքներին։ Ղարաբաղյան հակամարտության թեման շոշափելու ժամանակ ՌԴ նախագահը,  անկասկած,  Ալիևին հորդորել է հարգել հրադադարի ռեժիմը և հրաժարվել ագրեսիվ նկրտումներից։ Մտրակ ասելով՝ գուցե հենց սա է նկատի ունեցել BBC-ն, քաղցրաբլիթն էլ, հավանաբար, Մոսկվայի քաղաքականությունն է՝ չաջակցել Բաքվի հասցեին ժողովրդավար Արևմուտքի քննադատություններին։

Ի՞նչ պիտի անի Ադրբեջանը ժողովրդավարության դեֆիցիտի և կուտակվող զենքի հետ։ Ադրբեջանի համար բարդ խնդիր է։ Նրան մնում է կարգուկանոն հաստատել իր շուրջը՝  թե՜ տան ներսում, և թե՜ նրանից դուրս։

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ