[ARM]     [RUS]     [ENG]

ՀՐԱՏԱՊ ԴԱՐՁՈՂ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Հասարակությունը ՙսևերի՚ և ՙսպիտակների՚ բաժանելը հակասում է մեր պաշտպանունակության ամրապնման խնդրին՚,-ՙԳԱ՚-ին հայտարարել է ռազմական փորձագետ Դավիթ ՋԱՄԱԼՅԱՆԸ։

 -Պրն Ջամալյան, ներկա փուլում որո՞նք են հայկական դիվանագիտության հիմնական շեշտադրումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում և արդյո՞ք նրանք համապատասխանում են իրավիճակին։

-Պաշտոնական Երևանի կոշտ դիրքորոշումն Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման հարցում, ըստ իս, լիովին համարժեք է ստեղծված իրողություններին։ Նոր իշխանությունն իր սրբագրումներն է մտցրել հակամարտության կարգավորման մեթոդաբանության ու հեռանկարների վերաբերմամբ Երևանի ունեցած պաշտոնական դիրքորոշման մեջ՝ անելով սկզբունքային երկու և, իմ կարծիքով, կարևոր շեշտադրում։ Առաջինը՝ բանակցություններում Արցախի Հանրապետության լեգիտիմ ներկայացուցիչների պարտադիր մասնակցությունը, երկրորդը՝ Հայաստանի Հանրապետության հետ Արցախի Հանրապետության դե յուրե վերամիավորման հեռանկարը։ Այդ կապակցությամբ, համարում եմ, կարևոր է նշել հետևյալը։ Հետևողականորեն ու նպատակամետ կերպով կարգավորման այսպես կոչված Մադրիդյան սկզբունքներից հեռանալը, որոնց կործանարարությունը հայկական պետականության կենսունակության համար ակնհայտ է, իմ կարծիքով, պաշտոնական Երևանի համար առաջնահերթ խնդիր է։ Արցախի Հանրապետության դեմ 2016թ. Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան ու այդ ագրեսիան ետ մղելու արդյունքում Արցախի ներկա սահմանների վերահաստատումը թաղեցին Մադրիդյան սկզբունքները։ Արդեն զինադադար կնքելուց հետո նախկին իշխանությունը կարևոր քայլ արեց այդ սկզբունքներից շեղվելու ճանապարհին՝ որպես առաջնահերթ նպատակ հռչակելով հակամարտության կողմերի միջև վստահության մեխանիզմների ստեղծումը։ 

-Սակայն Ադրբեջանը նման ՙառաջնահերթության՚ հետ չհամաձայնեց…

-Այո, ադրբեջանական կողմն արեց ամեն հնարավորը, որպեսզի նվազագույնի հասցնի նման մեխանիզմների ստեղծման հնարավորությունն իսկ։ Իմ կարծիքով, ներկա իշխանության խնդիրը նրանում է, որ քաղաքական-իրավական առումով հայեցակարգային հստակ մոտեցումներով հեռանա Մադրիդյան տխրահռչակ սկզբունքներից։ Բայց, դրա հետ մեկտեղ, պետք է զուգահեռաբար ամրապնդել երկրի պաշտպանունակությունը, որպեսզի ադրբեջանական ռազմաքաղաքական վերնախավի գիտակցության մեջ միշտ ծանրակշիռ կասկածներ մնան՝ կապված մարտական գործողությունների հաջող ելքի հետ։ 

Միևնույն ժամանակ հայկական հասարակությունը ՙսևերի՚ և ՙսպիտակների՚ բաժանելն իսկապես չի նպաստում այդ խնդրի լուծմանը։ Այո, ադրբեջանական սպառնալիքի հրատապ դառնալն արագորեն կհամախմբի հասարակությանը, բայց քաղաքական, հասարակական խմբերի տարբեր հատվածների` միմյանց հանդեպ արմատացած անվստահությունը, այնուամենայնիվ, բացասաբար կանդրադառնա երկրի պաշտպանության կազմակերպման արդյունավետության վրա։ ՙՍևերի՚՝ այսպես ասենք, արատավորված անձանց կատեգորիային մեր երկրում կարելի է դասել միայն պետական գույքը հափշտակողներին ու կաշառակերներին՝ անկախ զբաղեցրած դիրքից և այս կամ այն քաղաքական խմբին պատկանելությունից, ու այն էլ անթերի ապացուցչական բազայի առկայության պարագայում։ Այնուհետև. առավել ևս կոշտ պետք է լինի մեր իշխանությունների արձագանքը հայկական պետությունների սահմանին իրավիճակի սրացման հանդեպ։ Չի կարելի թուլություն ցուցաբերել, քանի որ դա հակառակորդին շատ ավելի հանդուգն ու լկտի կդարձնի։ Բայց, դրա հետ մեկտեղ, մեր պատասխանը և, մասնավորապես՝ առաջին դեմքի արձագանքը չպետք է չափազանց հուզական լինեն։

-Ինչո՞ւ է դա կարևոր։

-Հուզական անհավասարակշռությունը պետական գործչի կերպարը դարձնում է խոցելի, ինչից առանց հապաղելու կօգտվեն երկրի թշնամիները։ Օրինակ, հակառակորդի երեք զինվորների ոչնչացման մասին հայտարարությունը վարչապետը կարող էր իր թիմից որևէ մեկ ուրիշին հանձնարարել...Բնականաբար, լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման սպառնալիքի առջև ղեկավարությունը երկիրը պետք է պատերազմի պատրաստի։ Այդ առումով ՙՇանթ-2018՚ զորավարժությունները մեր համարժեք պատասխանն են Ադրբեջանի կողմից եկող անթաքույց սպառնալիքին։ Զորավարժությունների բեմագիրն առավելագույնս մոտեցված էր իրադրության հավանական զարգացմանը` ադրբեջանական լայնամասշտաբ ագրեսիայի պարագայում։ Այդ համատեքստում զորավարժությունները բեմադրված էին իրականությանն առավելագույնս համապատասխան՝ պատկերանալով անգամ առավել քան իրական։ Օրինակ, հարկավոր էր հավատարիմ մնալ ժանրի օրենքներին և զորավարժությունների որոշակի փուլում պատերազմ հայտարարել ոչ թե իրական, այլ պայմանական հակառակորդին։ Այնուամենայնիվ, դրանք մանրամասներ են, թեև ոչ պակաս կարևոր...

 

Զառա ԳԵՎՈՐԳՅԱՆ

www.golosarmenii.am