[ARM]     [RUS]     [ENG]

Վլ. ԵՎՍԵԵՎ. ՙԱԴՐԲԵՋԱՆԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԲԱՐԵՆՊԱՍՏ Է ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ՚.

168 Ժամի՚ զրուցակիցն է ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր ԵՎՍԵԵՎԸ

 – Պարոն Եվսեև, վերջին մի քանի օրերի ընթացքում չեն դադարում մտահոգիչ լուրերը հայ–ադրբեջանական սահմանից։ Ադրբեջանական կողմը կրկին սկսել է ակտիվորեն գնդակոծել հայկական տարածքները նաև Նախիջևանից։ Ըստ Ձեզ՝ այս փուլում ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի նմանատիպ ակտիվությունը, և ինչի՞ պետք է պատրաստ լինել։

– Նման զարգացումների հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պետք էր սպասել։ Պատահական չէր նաև այն, որ վերջերս Նախիջևանում ադրբեջանական կողմը դիրքերի փոփոխման գործողություններ նախաձեռնեց՝ նոր դիրքեր գրավեց, առաջ մղեց նախկին դիրքերը, դուրս եկավ ուղիղ կրակային դիրքի, կարևոր ճանապարհներն առավ նշանառության տակ։ Ուստի ընդհանուր առմամբ սրումը սպասելի էր, այդ հատվածում ակտիվությունը՝ ևս։ Նախիջևանի ուղղության պարագայում կխոսեի նաև թուրքական գործոնի մասին, որովհետև Թուրքիան ունի ներկայություն Նախիջևանում, ունի շահեր՝ ազատ առևտրի գոտի, երկաթուղի, և այլն։ Իհարկե, առանց Ադրբեջանի դա տեղի չի ունենում, երկու կողմից էլ կա հստակ հետաքրքրություն։

Թուրքիայի հետաքրքրությունն Ադրբեջանին աջակցելն ու Հայաստանի նկատմամբ ճնշման նոր բաղադրիչ ստեղծելն է, այդ մասին Թուրքիայի նախագահը նաև հրապարակային է արտահայտվում։ Կարծում եմ՝ այս ուղղությունից նախաձեռնվող գործողությունների նպատակը ՀՀ ԶՈՒ ուշադրությունը ԼՂՀ-ից շեղելն է, թուլացնելը ԼՂՀ պաշտպանությունը։ Սա ցանկություն է՝ առավելագույն չափով թուլացնել Արցախի պաշտպանությունը, քանի որ չեմ կարծում, թե Նախիջևանից մասշտաբային հարձակում տեղի ունենա։ Հայաստանը պետք է կարողանա տվյալներ, փաստեր հավաքել այդ խախտումների մասին, ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է պնդի հետաքննական մեխանիզմների ներդրման հարցը, պետք է Ադրբեջանից պահանջել համաձայնություն այս հարցում։

Ծայրաստիճան վտանգավոր է թուլացնել արցախյան ուղղությունը, որը կարող է հանգեցնել 2016 թվականի ապրիլյան պատերազմի կրկնությանը, առանց այն էլ դրա հավանականությունը բավականին բարձր է, չի կարելի թուլացնել Արցախը, պետք է ֆիքսել բոլոր խախտումները տեխնիկական միջոցներով և միջազգային հանրության հետ աշխատանք իրականացնել՝ պահանջելով պատժել իրավիճակի սրման մեղավորներին։

– Կարծիքներ են շրջանառվում, որ Ադրբեջանին ձեռնտու չէ պատերազմը, և Ադրբեջանը պատերազմ չի սկսի։

– Բնականաբար, որևէ երկրի ձեռնտու չէ պատերազմը որևէ երկրի հետ։ Բայց պատերազմի վերսկսման հավանականությունը չափազանց բարձր է այն պատճառով, որ Ադրբեջանը ստեղծված իրավիճակը բարենպաստ է համարում, կարծում, որ գուցե չլինի համարժեք պատասխան։

– Շատ վերլուծաբաններ կարծիք են հայտնում այն մասին, որ ադրբեջանական կողմն օգտվում է հայ–ռուսական հարաբերություններում առաջացած խնդիրներից ՀՀ–ում տեղի ունեցած հեղափոխությունից հետո՝ ձգտելով խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, մեծացնելով ճնշումը՝ քաղաքական և ռազմական, Հայաստանի նկատմամբ։ Ըստ այդ վարկածների՝ չի բացառվում, որ սիրիական Իդլիբի շուրջ ռուս–թուրքական բանակցություններում քննարկվել է նաև ԼՂ հակամարտության հարցը, այն, որ Իդլիբի շուրջ թուրքական զիջման փոխարեն՝ ռուսական կողմը ՙթույլ կտա՚ Ղարաբաղյան ուղղությամբ թուրք–ադրբեջանական առավելություն։ Ստեղծված իրավիճակում այս գործոնն ի՞նչ նշանակություն ունի։

– Ընդհանուր առմամբ կբացառեի այդ գործոնի ազդեցությունը։ Իդլիբի կարևորությունը շատ մեծ է Թուրքիայի համար։ Սրանք միմյանց կապելը շատ սխալ է։ Ստեղծված իրավիճակի պատճառներն այլ տեղում պետք է փնտրել։ Ինչպես ասացի, ես կարծում եմ, որ այն փոփոխությունները, որոնք ՀՀ-ում են տեղի ունենում, դիտարկվում են Ադրբեջանում՝ որպես խիստ դրական, թեև Հայաստանում չեն համաձայնի այս կարծիքին։ Խիստ դրական այն իմաստով, որ ՀՀ նոր իշխանությունների ներգրավվածությունը երկրի ներքին գործերում չափազանց մեծ է, կառավարությունում նոր մարդիկ են հայտնվել, որոնք կառավարման փորձ չունեն։

Ադրբեջանական կողմը հույսեր ունի, որ, եթե այսօր գնա լարման, գուցե նոր դեմքերը, այդ թվում՝ պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը չտան անհրաժեշտ պատասխան, չիրականացնեն այն աշխատանքը, ինչը կանեին արհեստավարժ գործիչները։ Ադրբեջանը հասկանում է, որ Հայաստանում ներքին խմորումները դեռ կշարունակվեն շուրջ երկու տարի, այս ընթացքը ԼՂ հակամարտության համար չափազանց վտանգավոր է։ Այս ընթացքում կարող է կրկնվել ՙապրիլը՚, քանի որ Ադրբեջանում կարծում են, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը բարենպաստ է պատերազմ սկսելու համար։

– Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և նման ագրեսիայի դեպքում կարող է դիմել ՀԱՊԿ–ին՝ համապատասխան աջակցություն ստանալու նպատակով։ Նման իրավիճակներում այս թեման Հայաստանում շատ է արծարծվում։ Մեկ այլ տեսակետի համաձայն, թիրախավորելով հայկական գյուղերը ՀՀ նոր իշխանությունների օրոք՝ Ադրբեջանը ստուգում է ՀՀ նոր իշխանությունների ու ՀԱՊԿ–ի, Մոսկվայի միջև համաձայնությունների, հարաբերությունների ամրությունը։ Հայաստանը դեռ չի դիմել ՀԱՊԿ–ին, բայց չի բացառվում, որ ինչ–որ պահի դիմի։ Ինչպիսի՞արձագանք է պետք սպասել ՀԱՊԿ–ից։

– ՀԱՊԿ-ին այս հարցում օգտագործելը դժվար է, ԼՂ հակամարտության հետ կապված հարցերում Ղազախստանը կպաշտպանի Ադրբեջանին։ ՀԱՊԿ ներկայիս գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեպքը ՀԱՊԿ անդամ երկրների մոտ խիստ բացասական վերաբերմունք է առաջացրել ՀՀ նոր իշխանությունների նկատմամբ։ Ուստի ՀԱՊԿ ներուժն այս հարցում օգտագործելու հավանականությունը շատ քիչ է, հայկական կողմն ավելորդ հույսեր չպետք է ունենա։

Սակայն Հայաստանն այլ տարբերակ ունի, կարող է Ռուսաստանի հետ աշխատել լարումը թուլացնելու համար, ՌԴ-ն ՄԽ անդամ է, Հայաստանի գործընկերն է, հայ-ռուսական համատեղ զորամիավորում կա, հայ-ռուսական հարաբերություններում առկա են անհրաժեշտ հիմքեր Ռուսաստանի միջոցով Ադրբեջանի ագրեսիան թուլացնելու համար։ ՀՀ-ն պետք է աշխատի նաև Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ՝ սադրանքներ թույլ չտալու համար։ Սա առաջնահերթություն է։

Չնայած ՀԱՊԿ-ն չի աջակցի Հայաստանին, բայց Հայաստանը ՀԱՊԿ-ում այս հարցը պետք է բարձրացնի։ Սա պետք է Հայաստանի անվտանգային քաղաքականության մի բաղադրիչը լինի։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից ստուգումներին, կարծում եմ՝ Ադրբեջանը դրա կարիքը չունի։ Ինչպես ասացի, շատ ավելի կարևոր է այն հանգամանքը, որ Հայաստանի հակառակորդ երկիրն այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում՝ համարում է բարենպաստ ռազմական գործողությունների վերսկսման համար։ Ադրբեջանը հիանալի կերպով հասկանում է, թե ինչպիսին կարող է լինել ՀԱՊԿ-ի արձագանքը կամ ՀԱՊԿ-ում ԼՂ հակամարտության հետ կապված հարցի քննարկումները։

– Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ կառավարությունը հիմքեր ունի կարծելու, որ Հայաստանը կպահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Որքանո՞վ են հիմնավոր ՀՀ իշխանությունների այս ակնկալիքները։

– Հիմնավոր չեն, չեմ կարծում, որ կպահպանի։ Փաշինյանն այս թեմայի շուրջ զրուցել է Լուկաշենկոյի, Նազարբաևի հետ, Փաշինյանը նրանց կողմից աջակցություն չունի։ Խաչատուրովի դեպքը եղել է, իրատեսական է, որ առաջիկայում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովից հետո նախագահությունը կանցնի Բելառուսին, և Հայաստանը կկորցնի այդ պաշտոնը։ Բայց Հայաստանը բարձրաստիճան պաշտոն ունի ԵԱՏՄ-ում և պետք է փորձի պահպանել ու օգտագործել այն՝ հօգուտ Հայաստանի։