[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿ ՆՊԱՏԱԿ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄ

Անկախ նրանից՝ ներքին, թե արտաքին սպառման համար է

 1994թ. հրադադարի հաստատումից առ այսօր պատերազմի քարոզչությունն Ադրբեջանում  շարունակում է մնալ ալիևյան վարչակազմի քաղաքականության գլխավոր բաղադրիչը։ Վկայությունը՝ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմը։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունն այն թեման է, որը գործում է իշխանություն-հասարակություն հարաբերություններում, պակաս արդյունավետ չէ ընդդիմությանը հակազդելու գործընթացում, սա քարոզչություն է և, միաժամանակ, սպառնալիք։ Միջազգային հարթակներում Իլհամ Ալիևը հակամարտության հետ կապված ինչ էլ որ պայմանավորվի, ինչ հարցի շուրջ էլ բանակցի, պատերազմի քարոզչությունից չի կարող հրաժարվել։ Դուշանբեում Փաշինյան-Ալիև կարճատև զրույցի ընթացքում  ձեռքբերված պայմանավորվածությունը, դրա  տեխնիկական ապահովման բացակայությամբ հանդերձ, դրական արձագանք ունեցավ երկու հայկական պետություններում։  Լարվածության նվազեցումն, իրոք, բարենպաստ մթնոլորտ կստեղծի բանակցությունների համար։ Ստեփանակերտն այս տեսանկյունից  դիտարկեց պայմանավորվածությունը, միաժամանակ զգոնության կոչ անելով, ևս մեկ անգամ հասկանալ տալով, որ արցախյան կողմը կասեցնելու է ցանկացած ագրեսիա։ Բայց, իհարկե,  լավ կլինի, որ գործը դրան չհասնի։    

Ներկա իրողությունների ֆոնին շատ կարևոր է, թե Ադրբեջանի քաղաքական վերնախավն իր հասարակությանն ինչի՞ է նախապատրաստում։ Այդ երկրի լրատվամիջոցների հրապարակումները տալիս են հարցի պատասխանը։ Դուշանբեի հանդիպումից հետո  ադրբեջանական  աղբյուրն անհրաժեշտ համարեց վկայակոչել ՌԴ արտաքին գործերի նախարարության գնահատականը Ալիև-Փաշինյան հանդիպմանը, մասնավորապես շեշտելով, որ  ՌԴ-ն ողջունում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ցանկացած պայմանավորվածություն և, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, պատրաստ է անհրաժեշտ միջնորդական օգնություն ցուցաբերել Հայաստանին ու Ադրբեջանին։ 

Սա, ինչպես ասում են, արտաքին սպառման համար է։ Անցնենք փաստերին։ Սեպտեմբերի 29-ին, Փաշինյան-Ալիև հանդիպման հաջորդ օրը Բաքվում մեկուկես հազար մարդու մասնակցությամբ հանրահավաք անցկացվեց։ Մասնակիցները պահանջել են ՙօկուպացված հողերի ազատագրում և տարածքային ամբողջականության վերականգնում՚։ Հանրահավաքը կազմակերպվել էր, այսպես կոչված, Ղարաբաղի ազատագրության կազմակերպության կողմից։ Վերջինիս ղեկավար Ակիֆ Նագին իր ելույթում հայտարարեց, որ նպատակ ունեն ՙՂարաբաղի ազատագրության հարցում հանրային ակտիվությունը հասցնել գագաթնակետին՚։  

Եթե մի փոքր սևեռվենք հանրահավաքի կարգախոսներին ու նաև ելույթ ունեցողների կենսագրական տվյալներին, ապա կազմակերպված այդ ակցիայի մեջ կզգանք իշխանության ներկայությունը։ Օրինակ՝ կար այսպիսի կարգախոս.  ՙՂարաբաղի հարցում իշխանությունը և ընդդիմությունը պետք է համախմբվեն՚։ Մեկ այլ կարգախոս. ՙՄենք պետք է ցույց տանք հասարակության ամբողջական կամքը և իշխանությունից պահանջենք արմատական քայլերի ձեռնարկում տարածքները վերադարձնելու ուղղությամբ՚։ Որոշ մասնակիցներ էլ իրենց ելույթներում իշխանությունից հաշվետվություն են պահանջել անցած 25 տարիների գործունեության համար։ Ադրբեջանի հատուկ ծառայությունների նախկին սպա Իլհամ Իսմաիլն իր ելույթում ասել է, թե իշխանությունները զբաղված են եղել ղարաբաղյան հարցի լուծման իմիտացիայով։ Նա այնուհետև հավելել է, որ պետք չէ ժողովրդին կերակրել պատրանքներով, թե իբր Ռուսաստանը Ղարաբաղը վերադարձնելու է Ադրբեջանին։ Նախկին ներքին գործերի նախարար Իսկանդար Համիդովը կոչ է արել խնդիրը լուծել ռազմական ճանապարհով։ Ղարաբաղյան պատերազմի մի վետերան, ով  ներկայում պաշտոնաթող գնդապետ  է, պատրաստակամություն է հայտնել կատարելու իր երկրի գերագույն գլխավոր հրամանատարի՝ ՙօկուպացված հողերի ազատագրման՚ հրամանը։ Հնչել են պատերազմական գործողություններ վերսկսելու կոչեր։             

Բաքվում ոչ պաշտոնական մակարդակով կազմակերպվել է վերը նշվածից այնքան էլ չտարբերվող մեկ ուրիշ միջոցառում։ Ըստ հաղորդագրության՝ Ֆարհադ Մամեդովի ղեկավարած Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը (ՌՀԿ) մի քանի հասարակական  կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպել է խորհրդաժողով՝ ՙԱնջատողականությունը՝ որպես միջազգային կարգին ուղղված մարտահրավեր՚ թեմայով։ 

Դիտարկենք Մամեդովի դատողությունները. Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծվեց Միավորված ազգերի կազմակերպությունը, որն ամրագրեց պետությունների միջազգային սահմանները, և այդ ամենի հիմքում դրվեց երկրների տարածքային ամբողջականությունը։ Բայց դա աշխարհը չփրկեց նոր տարածքային հակամարտություններից և անջատողականությունից, եզրակացրել է Մամեդովը։ Այս նախաբանից հետո նա անցել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մեզ ծանոթ բանաձևերին, որոնք անընդհատ շահարկվում են Ադրբեջանի կողմից։ Մամեդովի կարծիքով՝ այսօր ամբողջ աշխարհում անջատողական գործընթացները հրատապ են, և այդ առումով ոչ մի երկիր չի կարող իրեն ապահովագրված համարել։ 

Նախևառաջ, հարցականի տակ է ընկնում միջազգային նշանակության խորհրդաժողով անցկացնելու վերաբերյալ տեղեկատվությունը, որովհետև մասնակիցների մասին տվյալներ չեն վկայակոչվում։ Եթե միջազգային կարգին ուղղված մարտահրավեր է քննարկվում Բաքվում, տրամաբանական կլիներ այդ խորհրդաժողովին արտերկրի պատվիրակների մասնակցությունը, այդ դեպքում գոնե պարզ կլիներ, թե ՙանջատողականություն՚  հասկացության տակ ինչ են նկատի ունեցել միջոցառման նախաձեռնողները։ Այս առումով միանգամայն պարզ է դառնում ՌՀԿ-ի ղեկավար Ֆարհադ Մամեդովի կողմից նախաձեռնված քարոզչական աշխատանքը։ 

Ադրբեջանցի քաղաքական փորձագետի դատողություններն ամենապարզ տրամաբանության մեջ չեն տեղավորվում։ Նրա ընկալմամբ՝ եթե ՄԱԿ-ի կողմից արդեն ամրագրվել են պետությունների միջազգային սահմանները, դա նշանակում է, որ  ժողովուրդներն առհասարակ չպիտի ձգտեն ինքնորոշման։ Մամեդովը խոսում է տարածքային ամբողջականության մասին՝ մոռանալով ժողովրդի ազատ  ինքնորոշման իրավունքը։ Նրա ՙհետազոտող՚ միտքը չի ընկալել այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Խոսքը մասնավորապես վերաբերում է նոր պետությունների ի հայտ գալուն։ Իսկ այդ պատերազմում հաղթած պետությունը՝ Խորհրդային Միությունն ի վերջո փլուզվել է, ինչի հետևանքով աշխարհի քաղաքական քարտեզի վրա անկախ երկրի կարգավիճակով իրենց տեղն են զբաղեցրել նախկին միութենական հանրապետությունները։ Հասկանալի է, Մամեդովն այդ մասին չի ուզում ոչ խոսել, ոչ էլ լսել, որովհետև թեմայի մեջ խորամուխ լինելու դեպքում սկսելու է հասկանալ Արցախի Հանրապետության կազմավորման իրավական ու պատմաքաղաքական հիմքերը։ Ամբողջ խնդիրն այն է, որ ՌՀԿ-ի ղեկավարի համար սա ցավոտ թեմա է, հետևաբար, նա հեռուն գնալու ցանկություն չունի։ Մամեդովն ի վերջո եզրակացնում է, որ Հայաստանին պետք է պահել տնտեսական մեկուսացման մեջ՝ ուժեղացնելով Ադրբեջանի ռազմական ներուժը։ Ահա այսպիսին է Մամեդով Ֆարհադի ռազմավարությունը, որը ներկայացվել է նաև որպես Ադրբեջանի ռազմավարություն։                

Բաքվի հանրահավաքում հնչած կոչերն ու Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի արտահայտությունները փոխկապակցված են։ Դրանք  ներքին ֆոն են ստեղծում իշխանության համար, որով հասարակությանն ի ցույց է դրվում Արցախի Հանրապետության նկատմամբ իշխող վարչակազմի մտադրությունների անփոփոխ լինելը։ Ռուսաստանցի փորձագետ Վլադիմիր Եվսեևի կարծիքով՝ Ադրբեջանը Հայաստանում ստեղծված իրավիճակը պատերազմ սկսելու համար բարենպաստ է համարում։ Բաքվում հույս ունեն շփման գծում հաջողություն արձանագրել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներքին խմորումները դեռ շարունակվում են, և ՀՀ նոր իշխանություններն իրենց ուշադրությունը դրանց վրա են կենտրոնացրել։ 

Այդ մեկնաբանությանը կարելի է մեկ հավելում անել. պատերազմի քարոզչության հերթական փուլը և  պատերազմի բացահայտ կոչերը կարելի է դիտարկել նաև ներքին սպառման հարթությունում, որի նպատակը  առկա հիմնահարցերից ժողովրդի ուշադրությունը շեղելն է։ Թե՜ ներքին և թե՜ արտաքին քարոզչությունը հավասարապես կիրառելի է ալիևյան վարչակազմի կողմից, քանի որ երկու դեպքում էլ նպատակը ալիևյան ռեժիմի պահպանումն է։    

 

 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ