[ARM]     [RUS]     [ENG]

ԴԻՄԱԳՐԱՎԵԼ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ, ԱՊՐԵԼ ՄԻԱՍԻՆ ԵՎ ԱՌԱՆՑ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ

Համագործակցություն, որն ուղղված չէ որևէ պետության դեմ   

 Հոկտեմբերի 11-12-ը Երևանում ՙԱպրել միասին՚ կարգախոսով կանցկացվի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 17-րդ գագաթնաժողովը։ Այն աննախադեպ է լինելու բովանդակային և մասշտաբային առումով. 80-ից ավելի երկրներից կժամանեն մոտ 3500 պատվիրակներ, դրանց թվում՝ 26 պետությունների ղեկավարներ։ Գագաթնաժողովին ներկա կլինի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութունը հիմնադրվել է 1970 թվականին, համարվում է ֆրանսերենի և համընդհանուր արժեքների ամրագրման ու տարածման միջազգային հաստատություն՝ խարսխված հավասարության, փոխլրացման և համերաշխության գաղափարների վրա։ Պաշտոնական տեղեկություններով՝ նրանում ընդգրկված են 58 լիիրավ և  դիտորդի կարգավիճակ ունեցող 26 պետություններ, որոնք սփռված են աշխարհի հինգ մայրցամաքներում։ Առաջատար պետություններն են Ֆրանսիան ու Կանադան։ 

2008թ. հոկտեմբերին Կանադայի Քվեբեկ քաղաքում տեղի ունեցած ՖՄԿ գագաթնաժողովում ասոցացված անդամի կարգավիճակ ձեռքբերելուց ի վեր՝ ՀՀ-ն ակտիվորեն մասնակցում է կազմակերպության մարմինների աշխատանքներին։ 2012թ. Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաքում՝ Կինշասայում կայացած ՖՄԿ գագաթնաժողովում, որին մասնակցում էր Հայաստանի նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ-ն ձեռք բերեց կազմակերպության լիիրավ անդամի կարգավիճակ՝ դառնալով 54-րդ անդամ-պետությունը։ Դրանից երկու տարի առաջ՝ 2010-ին, Մոնթրոյի գագաթնաժողովում (Շվեյցարիա) ՖՄԿ-ի պետություններն առաջին անգամ իրենց դիրքորոշումն արտահայտեցին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ և հաստատեցին իրենց աջակցությունը խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին։ ՙԿոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին՝ ձեռնպահ մնալ սպառնալիքի կամ ուժի գործադրման ցանկացած փորձից, որը կարող է վտանգել խաղաղության գործընթացը, և առաջարկում ենք շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա՝ որպես այս հակամարտության հավասարակշռված և տևական լուծման հիմք՚,- նշված էր գագաթնաժողովի՝ ֆրանկոֆոն տարածությունում խաղաղության ամրապնդման մասին բանաձևում։   

Հայաստանի Հանրապետության համար ՖՄԿ-ն մի հարթակ է, որը հնարավորություն է տալիս երկկողմ հարաբերություններ զարգացնել աշխարհի այնպիսի պետությունների հետ, որոնք առանձնակի առնչություններ չունեն Հայաստանի հետ։ Դրանք գտնվում են տարբեր մայրցամաքներում, քաղաքակրթական տարբեր մակարդակների վրա՝ ներառելով Եվրոպա, Ամերիկա, Աֆրիկա մայրցամաքների, Միջին Արևելքի, Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների պետությունները։ Դրանք բոլորն էլ ինքնիշխան, Միավորված ազգերի կազմակերպության անդամ պետություններ են, այսինքն՝ միջազգային կառույցներում նրանք բոլորն էլ ունեն քվեարկելու իրավունք։ 

Քանի որ ՖՄԿ-ի գերակայությունների առանցքում ժողովրդավարությունն է, մշակութային և քաղաքակրթական երկխոսությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, խաղաղության ապահովումն ու հակամարտությունների խաղաղ կարգավորումը, բնականաբար, այս ձևաչափը կարող է արձանագրել աշխարհի բոլոր մայրցամաքները ներկայացնող պետությունների հարգալից վերաբերմունքն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի նկատմամբ՝ ընդունելով դրա ամբողջական իրացման անհրաժեշտությունը։ Այս տեսանկյունից Ֆրանկոֆոնիան, որպես համընդհանուր արժեքների միասնություն, մեզ համար կարող է որոշակի հետա-քրքրություն ներկայացնել։ 

ՖՄԿ-ին Հայաստանի անդամակցությունն, անշուշտ, կարևոր է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության նկատմամբ կազմակերպության անդամ-պետությունների անաչառ դիրքորոշման տեսանկյունից, որը հնարավոր է միայն ճիշտ պատկերացումների առկայության դեպքում։ 

Եվս մեկ կարևոր հանգամանք. կազմակերպությունում ընդգրկված մեծ թվով երկրներ ներկայացնում են այն տարածաշրջանները, որոնցում ակտիվորեն գործում են իսլամական ահաբեկչական կազմակերպություններ։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է Միջին Արևելքին և Հարավային Ասիային։ Նկատի ունենանք, որ այս երկու տարածաշրջանների պետություններն անդամակցում են ՙԻսլամական համագործակցություն՚ կազմակերպությանը (ԻՀԿ), որը, ինչպես հայտնի է, Ադրբեջանի համար հակահայկական, հակաարցախյան բանաձևեր ընդունելու միջազգային հարթակ է ծառայում։ Դա  մահմեդական ամենաազդեցիկ միջազգային կազմակերպությունն է, որը ներկա դրությամբ միավորում է հինգ տասնյակից ավելի երկրներ։ 

Տեղեկանքի կարգով նշենք, որ 1997 և 2002 թվականներին ԻՀԿ-ն իր վերաբերմունքն է արտահայտել ԼՂՀ նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ՝  ղարաբաղյան գործընթացները որակելով ՙանջատողական շարժում, որը հսկողություն է սահմանել Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանում՚։

Վկայակոչենք  2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ ապրիլի 15-ին, Ստամբուլում կայացած ԻՀԿ 13-րդ գագաթնաժողովի ընդունած հայտարարությունը, որի երկու կետերը վերաբերում էին ղարաբաղյան հակամարտությանը։ Դրանք իրենց մեջ պարունակում էին ծայրահեղ հակահայ և ակնհայտ ադրբեջանանպաստ ձևակերպումներ։ Մեջբերենք հետևյալ պարբերությունը. ՙԳագաթնաժողովը վերահաստատել է իր սկզբունքային դիրքորոշումը, որով դատապարտում է Հայաստանի ագրեսիան Ադրբեջանի Հանրապետության դեմ՚։ Այն ժամանակ, երբ քաղաքակիրթ աշխարհը դատապարտում էր Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիան՝ մատնացույց անելով խաղաղ բնակչության նկատմամբ իրականացված  ահաբեկչությունները, ՙԻսլամական համագործակցություն՚ կազմակերպությունն այդ քաղաքակիրթ հանրությանն ի ցույց դրեց իր դեմքը։               

Անհրաժեշտ ենք համարում նաև հիշեցնել ս. թ. մայիսի 7-ին  Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում անցկացված ԻՀԿ-ի անդամ պետությունների արտգործնախարարների հերթական նիստը, որում բանաձև ընդունվեց Հայաստանի դեմ։ Ադրբեջանի նախաձեռնությամբ այդ հարթակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը տրվեց կրոնական երանգ, Հայաստանի քաղաքականությանը հակադրեցին իսլամական աշխարհի ընդհանուր պատմությունն ու մշակութային ժառանգությունը։ Մահմեդական պետություններին կոչ արվեց չհամագործակցել ՀՀ-ի հետ։   

Փաստերի վկայակոչումն ինքնանպատակ չէ. ԻՀԿ-ի բացահայտ հակահայկական գործողություններին հաջողությամբ կարող է հակազդել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը՝ ամենատարբեր բնագավառներում համագործակցության, միմյանց ճանաչելու, փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման առումով։   

Թերևս հարկ կա անդրադառնալու հոկտեմբերի 8-ին Երևանում ՖՄԿ 35-րդ նախարարական համաժողովի ժամանակ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթին, որում հստակ ուղերձ կար միջազգային հանրությանը. ՙՖրանկոֆոնիան կարևոր լծակ է մեր երկրում ֆրանսերեն լեզվի էլ ավելի տարածման համար, սակայն ֆրանկոֆոնիան մեզ համար չի սահմանափակվում միայն լեզվական ընկալմամբ։ Այն մեզ բոլորիս համար արժեքների, հանդուրժողականության և բազմազանության հարթակ է, որտեղ մենք փորձում ենք արձագանքել մեր առջև ծառացած հիմնական մարտահրավերներին՝ այսօր աշխարհում մեր կողմից պաշտպանվող արժեքներին համահունչ՚։ 

Անտարակույս, ֆրանկոֆոնիայի հիմքում գտնվող բարձր արժեքները՝ ազատությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքների գերակայությունը, մշակութային բազմազանությունը և հատկապես  ատելության բացակայությունն ավելի իրական են դարձնում գագաթնաժողովի ՙԱպրել միասին՚ կարգախոսը, որն ուղղված է միջազգային հարաբերություններում խաղաղության և կայունության պահպանմանը։ 

Այն ուղղված չէ որևէ պետության և որևէ ժողովրդի դեմ։ 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ