[ARM]     [RUS]     [ENG]

ՙԿԱՆԱՅՔ՝ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ՚ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ

Ամռան կեսերին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարեց, որ սկսում է արշավ հանուն խաղաղության, հանուն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման: Նախաձեռնությունը կոչվեց ՙԿանայք՝ հանուն խաղաղության՚:

Այդ հայտարարությունից մոտ երկու ամիս անց՝ հոկտեմբերի 7-ին, Արցախում էին ռուս հասարակական-քաղաքական, գրական- մշակութային եւ լրատվական ոլորտների հայտնի կին գործիչներ: Ժամանել են ՀՀ վարչապետի տիկին  Աննա Հակոբյանի հրավերով: Արցախում խմբին միացավ նաեւ հանրապետության առաջին տիկին Անահիտ Սահակյանը:  

Խումբը մեկնել է առաջնագիծ: Ադրբեջանը փորձել է խոչընդոտներ ստեղծել ռուս մասնակիցների այցի համար: Սակայն սպառնալիքները ոչինչ չեն փոխել: Նրանք, ովքեր միացել էին ՀՀ վարչապետի տիկնոջ կոչին, հասան ոչ թե պարզապես Ստեփանակերտ, այլ հենց առաջնագիծ՝ խրամատներ: Աննա Հակոբյանի շնորհակալությունն առաջին հերթին հենց նախաձեռնությանը միացած կանանց էր ուղղված. ՙՇնորհակալ եմ, որ արձագանքեցիք: Չնայած ձեզանից յուրաքանչյուրն այնպիսի կենսագրություն ունի, որ անգամ ամաչում եմ ձեզ շնորհակալություն հայտնել՚: Նախաձեռնության նպատակը խաղաղության հաստատումն է: Աննա Հակոբյանը հենց խրամատներից է խաղաղության արշավին միանալու կոչն ադրբեջանցի մայրերին հղել: ՙՄենք հորդորում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավված կողմերին եւ միջնորդ երկրներին` խնայել սահմանի այս ու հակառակ կողմերում կանգնած հայ եւ ադրբեջանցի 18-20 տարեկան զինվորների կյանքերը, չդժբախտացնել նրանց ծնողներին եւ երեխաներին, չխաղալ հարյուրավոր ընտանիքների ճակատագրերի հետ, հրաժարվել հակամարտության լուծման ռազմական ճանապարհից եւ հարցի կարգավորումը փնտրել բացառապես բանակցությունների սեղանի շուրջ: Մենք կոչ ենք անում ադրբեջանցի կանանց եւ մայրերին` միանալ այս արշավին եւ նույն ուղերձը հղել քաղաքական որոշումներ կայացնողներին՚,- մասնավորապես ասված է ուղերձի մեջ, որն Աննա Հակոբյանը ներկայացրեց առաջնագիծ հասած խմբին: 

Սահմանի մյուս կողմից Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի պաշտոնակատար Լեյլա Աբդուլայևան է անդրադարձել ռուս կանանց Արցախ կատարած այցին` զուտ մարդասիրական նախաձեռնությանը քաղաքական գնահատականներ տալով: Ռուսաստանից ժամանած հյուրերը զարմացած են: ՙԵթե չփորձես օգնել, ապա դու դառնում ես ուղղակի դիտորդ, եւ մենք` չցանկանալով դիտորդի կարգավիճակում լինել, այսօր այստեղ ենք: Մենք ուզում ենք մյուս կողմի հետ էլ խոսել, չենք ուզում, որ մեզ արգելափակեն միայն նրա համար, որ  խաղաղության արշավի շրջանակներում  այստեղ ենք՚,- ընդգծում է ՌԴ Պետդումայի պատգամավոր Սվետլանա Ժուրովան: 

Ժամանած խմբի անդամներից ոմանք Արցախում առաջին անգամ չեն: Ոմանք առիթ են ունեցել ժամանակ առ ժամանակ Արցախում անցկացվող ընտրություններին մասնակցել դիտորդական առաքելությամբ: ՙԿանանց երկխոսություն՚ ռուսական քաղաքական կուսակցության ղեկավար Ելենա Սեմերիկովան 1990-ականների սկզբին Արցախում էր: Այնպես որ՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության մասին լսելով չէ, որ գիտի: ՙՇատ հուզված եմ: Եվ որքան մոտենում էինք խրամատներին, այնքան ավելանում էր հուզմունքս: 1990-ականներին, երբ ես եւ իմ երեխան փրկվեցինք մահից, ես խոստացա, որ կանեմ ամեն ինչ, որպեսզի այս հողում երբեք պատերազմ չլինի: Դրա համար էլ այստեղ եմ՚,- հուզմունքը հազիվ է զսպում Ելենա Սեմերիկովան: 

Արշավին միացողները կստանան զարդեր` պատրաստված հալեցրած փամփուշտից: Այս մասին  հայտարարել է Աննա Հակոբյանը, ով առաջնագիծ էր հասել հենց նման զարդերով: Այդ զարդերը կդառնան ՙԿանայք` հանուն խաղաղության՚ արշավի խորհրդանիշը: ՙԵս կուզենայի, որ մենք կարողանայինք անգամ ինքնաձիգից ու տանկից զարդեր պատրաստել: Դրանք կլինեին շատ մեծ, հսկայական: Բայց կարեւորը՝ այլեւս չէին կրակի: Այնպես որ՝ ես շատ եմ ուզում այդ զարդերը, եւ շնորհակալություն՝ հիանալի գաղափարի համար՚,- նոր գաղափարից ոգեւորված է նաեւ ռուս հասարակական գործիչ Աննա Ֆեդերմեյսերը: 

Հյուրերին ընդունել է նաեւ Նախագահ Բակո Սահակյանը: Նա ողջունել է նման նախաձեռնությունը, նշելով, որ բարեկամական կապերի խորացման ու ընդլայնման համար սա լավ հարթակ է: Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ նախաձեռնությունը շարունակական բնույթ կունենա:

ՈՐՊԵՍ ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

Բաքվից այս նախաձեռնությանը բավական ուշադիր հետեւում եւ ժամանակ առ ժամանակ արձագանքում են: Եթե այցի նախօրեին ավելի շատ սպառնալիքներ էին հնչում նախաձեռնության մասնակիցների հասցեին, ապա Արցախ կատարած այցից հետո սպառնալիքներն ավելի նյութական տեսք ստացան: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի մի շարք քաղաքացիների Արցախ այցելության համար կընդգրկի ՙսեւ ցուցակում՚: Ինչպես նշվում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում, Արտաքին գործերի նախարարությունն ուսումնասիրում է ՌԴ քաղաքացիների խմբի կողմից Արցախ այցելելու մասին տեղեկությունը: Անհրաժեշտ տվյալների հաստատումից հետո որոշում կընդունվի նրանց անունները ՙսև ցուցակում՚ ընդգրկելու մասին: Սա էլ խաղաղության արշավին ադրբեջանական կողմի ՙմասնակցությունը՚:

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ