[ARM]     [RUS]     [ENG]

ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՎԱ՞ԶՔ, ԹԵ՞ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

Բոլթոնը, կարծես, անտեղյակ է ապրիլյան պատերազմի մանրամասներից

 ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Ռուսաստան կատարած այցից հետո եղավ Բաքվում, որից հետո՝ Երևանում։ Ադրբեջանում գտնվելու ժամանակ նրա հայտարարություններում մի քանի շեշտադրումներ հնչեցին, մասնավորապես նշվեց, որ  կարևոր հարցերի շուրջ ինտենսիվ բանակցություններ է անցկացրել նախագահ Ալիևի և արտգործնախարար Մամեդյարովի հետ, իսկ Ղարաբաղի հարցով նոր գաղափարներ չի բերել։ Նա նույնիսկ շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին՝ կարգավորման հեռանկարի վերաբերյալ իր պատկերացումները կիսելու համար։ Ասել է նաև, որ ինքը չի եկել՝ տարածաշրջանում փոխելու ԱՄՆ-ի քաղաքականությունը։ Եկել է ավելի խորն ուսումնասիրելու իրավիճակը, քանի որ ամերիկյան կողմի համար հակամարտության խաղաղ կարգավորումը ռազմավարական նշանակություն ունի։ 

Երևանյան հանդիպումների ժամանակ էլ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականը ուշագրավ նորություններ հայտնեց։ ՀՀ վարչապետի հետ  զրույցում ուղղակիորեն, առանց դիվանագիտական հնարքների, ասաց, որ ամերիկյան սպառազինությունն ավելի լավն է, և Հայաստանի ղեկավարությունը պետք է մտածի այդ ուղղությամբ։ ՙԽնդիրն այն է, որ պետք է ընտրություն կատարես ռուսական և ամերիկյան ռազմական տեխնիկայի միջև։ Մենք կնախընտրեինք վերջին տարբերակը,-ընդգծել է Բոլթոնը և հավելել,- մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան ամեն դեպքում ավելի լավն է, քան ռուսականը՚։  Բոլթոնն առաջարկել է հայաստանյան իշխանություններին դիտարկել այդ հնարավորությունը։ 

Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյան, մյուս կողմից էլ, կարևորել է ներհայաստանյան ժողովրդավարական գործընթացները. ՙԱզատություն՚ ռադիոկայանին տված հարցազրույցում նա նշել է, որ ժողովրդավարության հեռանկարը ֆունդամենտալ հարց է Հայաստանի համար այն առումով, որ ՀՀ-ն լիիրավ օգտագործի իր ինքնիշխանությունը և չենթարկվի արտաքին ազդեցության։ Խորհուրդ է տվել չկաշկանդվել պատմական կաղապարներով, միաժամանակ, ընդգծել, որ ԱՄՆ-ի տեսանկյունից որքան ավելի ուժեղ է ժողովրդավարությունը, այնքան ավելի մեծ է հնարավորությունը շփվելու Միացյալ Նահանգների և նույն արժեքները կրող այլ երկրների հետ։   

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, ինչպես ասում են, տնային աշխատանք տվեց ՀՀ-ի ղեկավարությանը, հավանաբար, ինքն էլ համոզված չլինելով, որ հայկական կողմը դրան ամենայն պատասխանատվությամբ կվերաբերվի։ Նման բան ինչպե՞ս կարող է լինել, եթե Հայաստանն անդամակցում է ՀԱՊԿ-ին և, որպես այդ անվտանգության համակարգի բաղադրիչ, պարտավոր է հետևել իր ստանձնած պարտավորություններին։ Իսկ ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունը նրա համար են, որպեսզի այդ արժեքները կրող պետությունը չենթարկվի արտաքին ճնշումների, այս դեպքում՝ ամերիկյան թելադրանքին։  

Փաստորեն, մասամբ ճիշտ էր այն կանխատեսումը, որ Բոլթոնն Ադրբեջանին նոր գաղափար է հուշելու։ Ինչու՞ մասամբ, որովհետև այդ նոր գաղափարն ամերիկյան զենքի գնումն է, որն առաջարկվեց ոչ միայն պաշտոնական Բաքվին, այլև Երևանին։ Եվ եթե Բաքվի համար այդ առաջարկի ընդունումը խնդրահարույց չէ, ապա նույնը չի կարելի ասել հայկական կողմի պարագայում։

Այնպես չէ, որ Սպիտակ տունն այս ամենը չի հաշվարկել։ Հաշվարկելով հանդերձ, Հայաստանին փորձում է մղել ռիսկային քայլերի։ 

Բոլթոնի Բաքու կատարած այցից հետո պարզ դարձավ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է վերանայել ՙԱզատության աջակցության ակտի՚  907 բանաձևը։ 1992-ին, հաշվի առնելով Արցախի դեմ Ադրբեջանի հրահրած պատերազմը, հայ լոբբիստները հասան նրան, որ ԱՄՆ կառավարությանն արգելվեց որևէ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի դեռ ՙԱՄՆ նախագահը չի համոզվել, որ պաշտոնական Բաքուն գործուն քայլեր է ձեռնարկում Հայաստանի ապաշրջափակման ուղղությամբ և ուժ չի կիրառում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ՚։ 907 բանաձևի նախաձեռնողը դեմոկրատ  սենատոր Ջոն Քերին էր։ Բանաձևի չեղարկման դեպքում Ադրբեջանն ԱՄՆ-ից անսահմանափակ օգնություն կստանա:

Փաստաթուղթը ստորագրվել է այն ժամանակվա նախագահ Ջորջ Բուշի կողմից և դարձել էր խոչընդոտ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում։ Փաստացի այդ բանաձևն ուժի մեջ մնաց  մոտ մեկ տասնամյակ, որովհետև 2001-ի սեպտեմբերի 11-ին Նյու-Յորքում իրականացված ահաբեկչությունից հետո Սպիտակ տունը, հիմք ընդունելով ազգային անվտանգության սպառնացող վտանգը, դիմեց Կոնգրեսին՝ խնդրելով յուրաքանչյուր բյուջետային տարի շրջանցել 907 բանաձևը և ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին՝ ՙահաբեկչության դեմ պայքարի, կոալիցիոն հակաահաբեկչական գործողությունների և Ադրբեջանի սահմանային անվտանգությունն ապահովելու համար՚՝ վստահեցնելով, որ այդ օգնությունը որևէ ձևով չի խանգարի Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցություններին և չի օգտագործվի Հայաստանի դեմ։ Այդ օգնությունը մի շարք կրթական և վերապատրաստման ծրագրեր էր ներառում Միացյալ Նահանգների տարբեր ռազմաուսումնական հաստատություններում։ 

Մեկ դիտարկում՝ ԱՄՆ-Ադրբեջան համաձայնության հետ կապված. noravank.am կայքը 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո բավական ուշագրավ տեղեկություններ էր հրապարակել Թալիշի ուղղությամբ իրականացված ագրեսիայի ժամանակ հայկական զինված ուժերի կողմից ոչնչացված ադրբեջանական բանակի երկու բարձրաստիճան սպաների մասին։ Պարզվել է, որ նրանք Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության շրջանակներում ուսանել են Միացյալ Նահանգներում։ Փոխգնդապետ Մուրադ Միրզաևն ուսանել է Տեխասի նահանգի ռազմական հաստատություններից մեկում և մասնակցել է Վաշինգտոնի ռազմածովային ուժերի սպայական հատուկ դասընթացներին։ Մյուսն էլ փոխգնդապետ Վուգար Յուսիֆովն էր, ով ուսանել էր Արիզոնա նահանգի ռազմական հետախուզության կենտրոնում։ 

Այդ բացահայտումը, ըստ էության, Կոնգրեսի և ադրբեջանական իշխանությունների միջև ձեռքբերված համաձայնության խախտման վառ ապացույց էր։ Հարց է ծագում. ԱՄՆ-ն հակվա՞ծ է հակասական քայլեր ձեռնարկել իր կողմից որդեգրված քաղաքականությանը, և արդյո՞ք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծման ուժային տարբերակի կողմնակից է։   

Անդրադառնանք Բոլթոնի հայտարարություններին և մասնավորապես այն մտքին, որ ինքը չի եկել՝ տարածաշրջանում փոխելու ԱՄՆ-ի քաղաքականությունը։ Այդ դեպքում ի՞նչ է ուզում փոխել։

Իրավիճակը դիտարկելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության տեսանկյունից, արձանագրենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահող պետությունների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև նկատվում է տարաձայնությունների խորացում տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։ Սա  ինքնին դրական զարգացում չէ։

Կուտակված բացասական էներգիան ցրելու անհրաժեշտության գիտակցումով հոկտեմբերի 25-ին, այսինքն՝ Բոլթոնի երևանյան հանդիպումների ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի շուրթերից հնչեց հայտարարություն առ այն, որ Մոսկվան ցանկանում է ՙբնականոն և հավասար հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի հետ՚։ Սա թույլ է տալիս հուսալ, որ համաշխարհային ուժային կենտրոնները նաև հակված են կանխատեսելի վարքագիծ ցույց տալ Հարավային Կովկասում՝ աչքի առաջ ունենալով բաժանարար գծերը չխորացնելու, տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանման խնդրի կարևորությունը։

  

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ