[ARM]     [RUS]     [ENG]

ՏԱՐԱՍՈՎ. ԱՄՆ-Ը ՓՈՐՁՈՒՄ Է ԽԱՂԱԴՐՈՒՅՔ ԿԱՏԱՐԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎՐԱ

Թեև Բոլթոնը թե Երևանում, թե Բաքվում հայտարարեց, թե չի եկել փոխելու ամերիկյան քաղաքականությունը Հարավային Կովկասում և ԼՂ հակամարտության շրջանակում, ուշագրավ էին նրա դիտարկումներն այն մասին, որ ՀՀ-ում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, եթե ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու նրա ղեկավարած ուժը ստանան այնպիսի աջակցություն, ինչպես կարծիքի հարցումներն են կանխատեսում, ապա ընտրություններին հաջորդող ժամանակահատվածը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում վճռական քայլեր անելու ամենահարմար պահն է։

 Ուշադրությունից հնարավոր չէ դուրս թողնել նաև Բոլթոնի այն դիտարկումը, որ ԱՄՆ-ը պետք է նախատեսի ԼՂ հակամարտության կողմերին ամերիկյան սպառազինություն վաճառելու հարցը, քանի որ այն ոչ միայն ավելի լավն է, քան ռուսականը, այլև ԱՄՆ-ը դիտարկում է մրցակցությունը՝ որպես առաջընթացի շարժիչ ուժ։ Թրամփի խորհրդականը չխորշեց խոսել նաև տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունից՝ նշելով, որ Հայաստանի նկատմամբ արտաքին ճնշումը նվազեցնելու ամենակարճ ուղին ԼՂ հակամարտության կարգավորումն է, և ՌԴ-ի` հակամարտության կողմերին սպառազինություն վաճառելու քաղաքականությունը չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը։

ՙ168 Ժամի՚ հետ զրույցում ռուսական ՙՌեգնում՚ գործակալության սյունակագիր, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը նշեց, որ Բոլթոնի հայտարարությունները Հարավային Կովկասում ոչ այլ ինչ էին, քան պոպուլիզմ։ Ըստ նրա, ԱՄՆ-ը չունի հստակ ռազմավարություն այս տարածաշրջանում ամրապնդվելու, թեև դիտարկում է այդ հարցը, և Բոլթոնի այցը Հարավային Կովկաս պետք է դիտարկել այդ ցանկության կոնտեքստում։ Նրա խոսքով, Հարավային Կովկասում ամրապնդվելու ցանկությունը մի քանի պատճառներ ունի, որոնցից մեկն Իրանն է, մյուսը` Ռուսաստանը։

ՙԵթե Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել հակաիրանական քաղաքականությունը, ապա այս տարածաշրջանի կարևորությունը Միացյալ Նահանգների համար մեծանում է, ԱՄՆ-ը հստակ հասկանում է, որ Ադրբեջանի հետ կարելի է հույսեր կապել Իրանի դեմ քաղաքականության հարցում, քանի որ Ադրբեջանում հստակ հակաիրանական տրամադրություններ կան միշտ, Հայաստանի ու Վրաստանի դեպքում խնդիրն ավելի բարդ է, քանի որ Հայաստանի համար Իրանը կարևոր նշանակություն ունի՝ լինելով շրջափակման մեջ գտնվող երկիր, իսկ Վրաստանը բավականին հեռու է։ Չեմ կարծում, թե իրերի ներկայիս դրության պայմաններում ամերիկյան այդ ծրագրերը հաջողության հասնեն, այնուամենայնիվ ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները կոալիցիա է ակնկալում այս տարածաշրջանային երկրներից։

Եթե անդրադառնամ այն մեկնաբանություններին, որոնք Բոլոթոնը հնչեցրեց տարածաշրջանում, ապա ամերիկյան քաղաքականության հստակ ծրագիր,  ճանապարհային քարտեզ այս տարածաշրջանում չերևաց։ Այս ամենն ավելի շատ նման էր տրամադրությունները շոշափելուն։ Օրեր առաջ Բոլթոնը Ռուսաստանում էր, որտեղ նա հստակ բանակցություններ վարեց հստակ հարցերի շուրջ, իսկ Հարավային Կովկասում պոպուլիստական հայտարարություններով հանդես եկավ, ընդհանուր թեզերով խոսեց, ներկայացրեց ամերիկյան քաղաքականությունը՚,- ասաց վերլուծաբանը։

ՙՀասկանալի է, որ ցանկանում են խաղադրույքներ կատարել Փաշինյանի վրա, բայց Փաշինյանը և բոլոր երկրները հասկանում են, որ այս տարածաշրջանում էլ ավելի լուրջ և ազդեցիկ երկիր կա՝ ի դեմս Ռուսաստանի։

Բոլթոնը Հայաստանից քայլեր է ակնկալում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, բայց Փաշինյանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ինձ հակասական է թվում` նա մեկ նշում է, որ պետք է ԼՂ-ն վերադարձնել բանակցային սեղան, բայց շարունակում է բանակցությունները նախկին ձևաչափով, այսպես կարելի է անվերջ խոսել։

Հայաստանը, կարգավորման ճանապարհային քարտեզ չունի, ամերիկացիներն առաջ են մղում Մադրիդյան սկզբունքները։ Հաշվի առնելով բանակցային գործընթացի գաղտնիությունը՝ մեզ տարօրինակ է թվում այն ամենը, ինչ կատարվում է. Նյու Յորքում նախարարները բանակցում են մի քանի ժամ, մի քանի ժամ պետք է բանակցել ինչ-որ հստակ օրակարգի շուրջ, հնարավոր չէ ժամեր շարունակ դատարկ խոսել, բայց մենք չգիտենք, թե ինչ է քննարկվում այդքան ժամանակ։

Այսինքն՝ նրանք մի քանի ժամ խոսում են, բայց դա գաղտնի է։ Տպավորություն է, որ ինչ-որ բան է պատրաստվում, քանի որ Բաքվում Փաշինյանին մեղադրում են, ռուս-հայկական հարաբերություններում խնդիրներ կան, բայց Պուտինի միջնորդությամբ կողմերը Դուշանբեում համաձայնության են գալիս օպերատիվ կապ հաստատելու հարցի շուրջ։ Այսինքն` սա նշանակում է, որ կողմերի միջև կա պայմանավորվելու հնարավորություն։ Մեզ գործընթացից հայտնի չէ գրեթե ոչինչ, բայց ժամանակը ցույց կտա, որ գործընթաց կա, որը նկատելի է բոլոր կողմերի հայտարարություններում՚,- ասաց Տարասովը։

 

;