Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՙԻ ՎԵՐՋՈ, ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ՈՐՈՇԵԼՈՒ՝ ՄՆԱ ԱՆԿԱԽ, ԹԵ՞ ՄԻԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ՚։

Բելգիացի հյուրերն Արցախին սատարելու պատրաստակամություն են հայտնել  

 Արցախում են Բելգիայի Թագավորության դաշնային խորհրդարանի անդամ, ՙՌեֆորմիստական շարժում՚ կուսակցության (ղեկավարում է Բելգիայի վարչապետը) միջազգային կապերի գծով նախագահ Ժան- Ժակ Ֆլաոն և նույն կուսակցության միջազգային կապերի գծով փոխնախագահ Ջուլի Սզմայը։ Նրանք Արցախ են ժամանել Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի և հանձնախմբի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանի ուղեկցությամբ։ Հոկտեմբերի 31-ին Բելգիայից ժամանած հյուրերը մամլո ասուլիս անցկացրին Արցախի Հանրապետության ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։ 

Դաշնային խորհրդարանի անդամ պարոն Ֆլաոն ուրախ է Արցախում գտնվելու և մեր երկրի իրողություններին ծանոթանալու համար։ ՙԱյսօր ես իմացա, որ նաև ահաբեկիչ եմ։ Ես նամակ ստացա Բելգիայում Ադրբեջանի դեսպանատնից։ Այդուհանդերձ, շատ ուրախ եմ, որ մենք գտնվում ենք այստեղ՚։ Առաջին անգամ է նա լինում Արցախում, իսկ Հայաստանում՝ երկրորդ անգամ։ Նաև առաջին անգամ է, որ նման նամակ է ստանում. ինչ-որ մարդիկ փորձում են նրան ճնշել, տարհամոզել, ստիպում են ինչ-որ բան անել։ Դա ոչինչ չի փոխի և ինքը կմնա Արցախի բարեկամը։ Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամ երկիր է և, կարծես թե, ժողովրդավարական պիտի լինի։ Ադրբեջանական դեսպանության նմանատիպ արձագանքը շատ զարմանալի և մտահոգիչ թվաց նրան։ Քանի որ Բելգիայում Հարավային Կովկասի տարածաշրջանի և մասնավորապես Արցախի Հանրապետության վերաբերյալ տեղեկացվածությունը ոչ այնքան բարձր մակարդակի է, վերադառնալուց հետո նրանք այցի մանրամասները կներկայացնեն և՜ քաղաքական գործիչներին, և՜ հասարակության լայն խավերին։ Բելգիացի խորհրդարանականի խոսքով՝ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակը պետք է իր հանգուցալուծումը ստանա։ 

Նաև որպես Բելգիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ՝ պարոն Ֆլաոն, չբացելով փակագծերը, ասաց, որ մտադիր է հանդես գալ կոնկրետ նախաձեռնությամբ։ Միաժամանակ իրազեկեց, որ արտաքին գործերի նախարարը նույնպես ՙՌեֆորմիստական շարժում՚ կուսակցությունից է։  

Ջուլի  Սզմայի համար այցը հետաքրքիր է Արցախի ժողովրդի հետ ծանոթանալու և նրա հետ շփվելու տեսանկյունից։ Նա բարձր է գնահատում այստեղ ապրող ժողովրդի հաստատակամությունը, որը պայքարում է հանուն սեփական իրավունքների և կայուն զարգացման։ Տպավորվել էին ՙThe HALO Trust՚ կազմակերպությունում ունեցած շփումները։ Մեծ ցավով ասաց, որ ցայսօր արցախյան ընտանիքները կորուստներ են կրում, իսկ դա նշանակում է, որ  մարդիկ աջակցության կարիք ունեն։   

Ադրբեջանական ճնշումների հետ կապված՝ տիկին Սզմայը նշեց, որ եթե կա ճնշում և ինչ-որ գործընթացի վրա ազդելու ցանկություն, ապա դա ակամայից առաջացնում է հակազդեցություն։ ՙԱդրբեջանի ջանքերը հակառակ էֆեկտն են տալու, իսկ ես ավելի ու ավելի եմ սիրելու ձեր հանրապետությունը՚,-ընդգծել է բելգիացի հյուրը։ 

Նրանք անդրադարձան նաև ԱՀ ղեկավարության հետ ունեցած հանդիպումներին և գոհունակություն հայտնեցին մեր երկրում ծավալված ժողովրդավարական գործընթացների առնչությամբ։ Պատրաստակամություն հայտնեցին սատարել Արցախին ժողովրդավարության կառուցման ճանապարհին։ 

Ընթացիկ այցին և տպավորություններին վերաբերող հարցին պատասխանելիս տիկին Սզմայն առանձնացրեց ՙԹումո՚ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայացած հանդիպումը, նրա կարծիքով, հայկական փորձն ուսանելի պիտի լինի Բելգիայի համար։ 

Բելգիացի խորհրդարանականի կարծիքով՝ երկկողմ համագործակցության հնարավորություններ կան։ Նա առաջին հերթին մատնացույց արեց տուրիզմի ոլորտը, քանի որ Բելգիայում ներկա դրությամբ զարգանում է բնական տուրիզմի գաղափարը։ Բելգիական կողմի համար հետաքրքիր են հայկական մշակութային և կրոնական արժեքները։ Պարոն Ֆլաոն հայկական գինին և խոհանոցը շատ է հավանել։ Նրա կարծիքով՝ եվրոպացիների շրջանում անհրաժեշտ է համապատասխան աշխատանք տանել՝ զբոսաշրջիկների հոսքը դեպի Արցախ ակտիվացնելու ուղղությամբ։ 

Արցախյան իրողությունների վերաբերյալ ճիշտ պատկերացումներ ձևավորելու առումով շատ կարևոր են այս կարգի այցերը։  2019-ի հունվարի 1-ից Բելգիայի Թագավորությունը կդառնա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ։ Երկրի վարչապետն ու արտաքին գործերի նախարարը, ովքեր նույնպես ներկայացնում են ՙՌեֆորմիստական շարժում՚ կուսակցությունը, միջազգային այդ կարևոր կառույցում ընթացք կտան արաբա-իսրայելական, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտություններին վերաբերող քննարկումներին։ Կփորձեն նվազեցնել լարվածությունը հակամարտության գոտիներում։ Կարևորվեց հարավկովկասյան երեք հանրապետությունների՝ Եվրոպայի խորհրդին անդամակցելու հանգամանքը։ Բելգիացի խորհրդարանականն իր խոսքն ուղղեց Ադրբեջանին՝ ասելով, որ Եվրոպայի խորհրդին անդամակցելը նշանակում է հարգել ժողովրդավարությունն ու այլ ազգերի իրավունքները։ Եվրոպական ընտանիքին միանալու ձգտումն իրականություն դարձնելու համար պետք է հարգվեն եվրոպական արժեքները։ Եվրոպական միությունը կփորձի ազդել տարածաշրջանի երեք պետությունների վրա, որպեսզի շտկվեն անցյալի սխալները, կփորձի փոխել ներկա կացությունը՝ առաջնորդվելով ապագայի տեսլականով։ ՙԻ վերջո, Արցախի ժողովուրդն է որոշելու՝ մնա անկախ, թե՞ միանա Հայաստանին։ Դա ձեր իրավունքն է և մենք պետք է զորավիգ լինենք  ձեզ այդ նպատակի իրագործման հարցում՚,-ընդգծել է խորհրդարանականը։

 ՙԱԱ՚-ի հարցն ուղղված էր Ժան-Ժակ Ֆլաոյին։ ՙՌեֆորմիստական շարժում՚ կուսակցության հայեցակարգի տեսանկյունից ինչպե՞ս է ինքը դիտարկում Արցախի անվտանգության հարցը։ Այն համարո՞ւմ է, արդյոք, եվրոպական անվտանգության բաղադրիչ, թե՞ ոչ։ 

Պատասխանելով հարցին՝ խորհրդարանականն իրազեկեց, որ ներկա դրությամբ Եվրոպայում քննարկվում է ներգաղթյալների հարցը, որոնց գերակշիռ մեծամասնությունը մահմեդականներ են։ Այս համատեքստում կարևորվում է եվրոպական տարածքում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքները։ Եվրոպայի խորհրդին անդամակցելու հայտ են ներկայացրել արևմտյան բալկանյան պետությունները, ինչպես նաև Ուկրաինան։ ՙՀարավային Կովկասին և հատկապես Հայաստանին մերձենալու Եվրոպայի խորհրդի ձգտումը բավականաչափ կարևոր է, և այս տարածաշրջանի անվտանգության ու կայունության հարցում Եվրոպան կարող է ստանձնել որոշակի դերակատարություն,-ընդգծեց պարոն Ֆլաոն և հավելեց,- միջազգային բարդ հարաբերություններում դժվար է միանգամից պատասխանել բոլոր հարցերին, բայց ամեն դեպքում եվրոպական քաղաքականության առանցքում մարդու իրավունքներն են՚։               

 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ