[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԽՆԴԻՐԸ ՊԵՏՔ Է ԴՐՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

altՄոսկվայում կգնա՞ն այդ քայլին
Ռուսաստանի Դաշնության փորձագիտական որոշ շրջաններում վերջերս ակտիվացել են 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի վերանայման շուրջ քննարկումները։ 
Այն կնքվել է քեմալական Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի միջև և միանշանակ վկայում է թուրք դիվանագիտության հաղթանակի մասին։ Պայմանագիրն ստորագրելիս Մոսկվան առաջնորդվել է բացառապես Թուրքիայի պահանջներով՝ նվիրելով նրան Սևրի պայմանագրով նշված հայկական բոլոր տարածքները։ Մինչդեռ Խորհրդային Ռուսաստանը իրավասու չէր սեփական հայեցողությամբ տնօրինելու հայ ժողովրդի ճակատագիրը։ Պայմանագրի վերանայման կողմնակից ռուսաստանյան քաղաքագետներն ընդգծում են, որ ցայսօր այն բացասական ազդեցություն ունի ռուս-հայկական հարաբերությունների վրա։
ՙԱԱ՚-ի համար Մոսկվայի պայմանագիրը մեկնաբանում է ԼՂՀ  ԱԺ ՙԴաշնակցություն՚ խմբակցության ղեկավար, պատմաբան Արմեն ՍԱՐԳՍՅԱՆԸ։
Պատմաբանը, նախևառաջ, շեշտեց, որ ինքը շատ ուրախ կլինի, եթե Մոսկվայում որոշեն պետական մակարդակով վերանայել այդ պայմանագիրը։ Նա  հետաքրքիր որակեց նման նախաձեռնությունը՝ ասելով, որ հույժ կարևոր է իմանալ Մոսկվայի պայմանագրի կնքման մանրամասները։ Եվ քանի որ խոսքը վերաբերում է Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններին, բնականաբար, այն կազդի նաև Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների վրա։
Մոսկվայի պայմանագիրը կնքվել է Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո (պաշտոնապես համարվում է1920թ. դեկտեմբերի 2-ը)։ Ի դեպ, այդ ժամանակ դաշնակցականների հետ կնքվեց պայմանագիր, ըստ որի՝ հայ իրականության մեջ չպետք է  մեկ կուսակցություն լինի, և որ խորհրդային կարգերի հաստատումը միայն լավ ապագա է խոստանում հայ ժողովրդին։ Մարդիկ ցնծում էին՝  կարծելով, թե բոլշևիկյան Ռուսաստանը թիկունք է լինելու Հայաստանի համար։ Դաշնակցականները փորձում էին ապացուցել, որ հակառակն է սպասվում։ Իսկ Քեմալ Աթաթուրքը, ով Թուրքիայի կոմունիստական կուսակցության հիմնադիրն էր,  այս առիթով ձևականորեն սոցիալիզմի դրոշ բարձրացնելով՝ տպավորություն ստեղծեց, թե իբր Արևելքում սոցիալիզմ տարածողը հենց ինքն է լինելու։ Դրա դիմաց նա Լենինից ստացավ զենք և ամեն ինչ։ Փաստ է նաև, որ համընդհանուր ոգևորության ու ցնծության օրերին հայ կոմունիստներից ոմանք անցան Աթաթուրքի կողմը. կար այն համոզմունքը, թե Խորհրդային Ռուսաստանը կօգնի Հայաստանին։ ՙԲայց Աթաթուրքը լավ էր հասկանում, որ կոմունիստական կուսակցությունն իր երկրի ներսում ՙտրոյական ձի՚ է, որն իր վերջը տալու է, և այդ իսկ նպատակով  1921թ. հունվարի 15-ին, այսինքն Հայաստանի խորհրդայնացումից մեկուկես ամիս անց, նա ընդամենը մեկ օրում ոչնչացրեց կոմունիստական կուսակցությունը,- նշեց Ա. Սարգսյանը։- Քեմալը  թուրք կոմունիստների վզից քարեր կախեց, ժայռի վրա կանգնեցրեց և նրանց բոլորին ուղարկեց անդունդ։ Դրանից հետո հայ բոլշևիկների ոգևորությունը կրկնապատկվեց, քանի որ նրանք սպասում էին, թե բոլշևիկյան Ռուսաստանը կթշնամանա Թուրքիայի հետ։ Սակայն իրականությունը ցույց տվեց, որ Քեմալի հաշվարկները ճիշտ էին։ Լենինը տեսավ, որ այլևս հենարան չունի Թուրքիայի ներսում, մտածեց, որ Հայաստանը խորհրդային է, այսինքն՝ իրեն է պատկանում, ուրեմն կարելի է մեծ քայլ կատարել դեպի Թուրքիա։ Նա չէր կարող թույլ տալ, որ Թուրքիան հեռանա իրենից։ Հունվարի 15-ին հետևեց մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրը. պրոլետարական հեղափոխության առաջնորդն իր ստորագրությունը դրեց այդ փաստաթղթի տակ՚։ 
Ա. Սարգսյանն ուշադրություն է հրավիրում Մոսկվայի պայմանագրի անօրինության վրա։ Այդ ժամանակ ճանաչված չէին ինչպես Ք. Աթաթուրքի կառավարությունը, այնպես էլ բոլշևիկյան Ռուսաստանը։ Այսպես, 1921-ի մարտի 16-ին երկու չճանաչված երկրների կառավարությունները կնքեցին պայմանագիր։ Այս պայմանագրի կնքմանը հայկական կողմը չմասնակցեց. առհասարակ, Խորհրդային Հայաստանը ոչ ոք չէր ներկայացնում, ինչը համարվում է հայ կոմունիստների ճակատագրական սխալներից մեկը։
Պատմաբանը բավարար չի համարում միայն Մոսկվայի պայմանագրի վերանայումը՝  գտնելով, որ նախևառաջ պետք է չեղյալ հայտարարվի նույն թվականի հոկտեմբերին կնքված Կարսի պայմանագիրը, ինչին Ռուսաստանը մասնակից դարձրեց Հայաստանին, Վրաստանին ու Ադրբեջանին։ Արդյունքում բոլշևիկյան այս ղեկավարներն իրենց ստորագրությունը դրեցին Կարսի պայմանագրի տակ, և այդ ճանապարհով էլ Մոսկվայի պայմանագիրը վավերացվեց հայերի կողմից։ Ի դեպ, 1921թ. աշնանը բոլշևիկյան Ռուսաստանը դեռ ճանաչված երկիր չէր։ Այդ երկու պայմանագրերը գրեթե նույն իմաստն ունեն։ Պետք է ընդգծել, որ Թուրքիան իր արտաքին քաղաքականության մեջ մաքսիմալիստ է եղել. Առաջին աշխարհամարտից այդ երկիրը դուրս եկավ պարտված, և փաստորեն եթե չլիներ բոլշևիկյան Ռուսաստանը, Թուրքիան լրիվությամբ կմասնատվեր, ինչի արդյունքում մենք կունենայինք  Սևրի պայմանագրով Հայաստան։ Թուրքիան պարտություն կրեց Առաջին համաշխարհային պատերազմում, իսկ Ռուսաստանը նրան հաղթողի տիտղոս ու հողեր տրամադրեց։ Կա ուշագրավ մի հանգամանք. ռուսական պատվիրակությունը սահմանը գծելու ժամանակ խնդրեց Թուրքիային,  որպեսզի  համաձայնվի, որ գոնե Անին, որպես հայկական մշակութային քաղաք, մտցվի Խորհրդային Հայաստանի կազմի մեջ, սակայն թուրքական պատվիրակությունը մինչև վերջ պայքարեց ու չկատարեց այդ խնդրանքը։ 
Քաղաքագետի խոսքերով՝ Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը մեծ դաս են իրենց մեջ պարունակում։ Դա պետք է աչքի առաջ ունենալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում։
ՙԱյս պահին ես չեմ տեսնում այն նախադրյալները, որոնցով Ռուսաստանը կարող է Թուրքիայի հետ գնալ առճակատման՝ վերանայելու համար Մոսկվայի կամ Կարսի պայմանագիրը,-շեշտեց Ա. Սարգսյանը, հավելելով,- իսկ եթե վերանայվի Կարսի պայմանագիրը, ուրեմն տարածքային խնդիր պիտի քննարկվի, քանի որ Մոսկվայի և Կարսի պայմանագրերն առաջին հերթին լուծել են տարածքային խնդիրներ։ Հետաքրքիր է, որ ռուս քաղաքագետները բարձրացրել են այդ հարցը՚։ 
Հարցը բազմիցս բարձրացվել է պատմաբանների կողմից, բայց դա դեռևս Ռուսաստանի պետական քաղաքականություն չի կարող կոչվել։  Իսկ հայ պատմաբաններն իրենց պահանջը հիմնավորել են նրանով, որ հայկական կողմը չի մասնակցել պայմանագրի կնքմանը, երկու պետությունները՝ Ռուսաստանը և  Թուրքիան, ճանաչված չէին։ Կարսի պայմանագիրն ստորագրելիս նույնպես ճանաչված չէին։ 
Վկայակոչելով պատմական անցյալը՝ ՙԴաշնակցություն՚ խմբակցության ղեկավարն  ընդգծեց, որ Ռուսաստանը մշտապես իր պետական շահն է առաջ տարել մեր տարածաշրջանում։ Իսկ այդ շահը երբեք չի փոխվելու։ Այսպես, հայտնի է, որ 1914թ. ռուսական ցարական զորքերն ազատագրեցին Արևմտյան Հայաստանը ու հետ քաշվեցին, իսկ մեկ տարի անց տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը։ Սրանք խնդիրներ են, որոնք չպիտի անտարբերության մատնվեն։ Հայ և ռուս ժողովուրդները դարավոր բարեկամներ են, բայց ճակատագրական պահերին Ռուսաստանը վարել է անհեռատես, բարեկամին ոչ վայել քաղաքականություն։ Հատկապես նա  գերադասել է միշտ զիջել Կովկասը՝ Բալկաններում որևէ խնդիր լուծելու համար։ Իսկ այդ զիջումները, ինչպես վկայում է պատմությունը, մշտապես եղել են Հայաստանի հաշվին։ 
Դառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի այսօրվա առաքելությանը՝ քաղաքագետն ասաց, որ  միջազգային ուժերի ներգրավվածությունը խաղաղ կարգավորման գործընթացում ապահովում է ռազմաքաղաքական հաշվեկշռի պահպանումը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գնահատելի գործն այն է, որ խաղաղության պահպանման համար մեծ ջանքեր գործադրեցին։ Իհարկե, շատ դեպքերում նրանց որոշումները մնում են թղթի վրա, գործողությունները շոշափելի արդյունք չեն տալիս։ Այսպես, առայսօր նրանց չի հաջողվում ԼՂՀ-ի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծից հետ քաշել դիպուկահարներին։ Մինսկի խումբը պետք է օգտագործվի որպես խաղաղության պահպանման երաշխիք։               
ՙԺամանակին հայ կոմունիստների կոպիտ սխալի պատճառով կնքվեցին Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, իսկ 1994-ին՝ զինադադարի համաձայնագիրը։ Նման գործընթացները սովորաբար հանգեցնում են պատերազմի սպառնալիքի մեծացմանը։ Ղարաբաղի խնդիրն արտաքին ուժերի իրավասության տակ դնելը հաջողություն չի խոստանում. խնդրի լուծումը պայմանավորված է ԼՂՀ ճանաչման գործընթացով՚,- եզրակացրեց պատմաբանը։                
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ