Դավիթ ԲԱԲԱՅԱՆ. ՙԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՆՏԱԺԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՎԱՐՈՒՄ՚

Դատում է առողջական խնդիրներ ունեցող անմեղ քաղաքացուն 

 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններն այն մասին, թե իրենք պատրաստվում են Հայաստանին հնարավորինս մեկուսացնել և ծնկի բերել, ՙԱզատ Արցախ՚-ի համար մեկնաբանել է ԱՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը։

ՙԱդրբեջանի քաղաքականությունն ակնառու է. դատում է առողջական խնդիրներ ունեցող անմեղ քաղաքացուն, ինչը ոչ այլ ինչ է, քան շանտաժի քաղաքականություն՚. Ի. Ալիևի հայտարարությանն այսպես է արձագանքել Դ. Բաբայանը:

Տարիների ընթացքում ամեն օր համոզվել ենք, որ Ադրբեջանը ֆաշիզմի քաղաքականությունն է որդեգրել։ Միջազգային հանրությունը պետք է շատ լուրջ և զգույշ վարվի նման պետությունների հետ: Սակայն սրա հետ մեկտեղ, նկատում ենք, որ միջազգային հանրությունը համապատասխան վերաբերմունք չի արտահայտում այդ ամենի նկատմամբ։ Այն, որ Համաժողովրդական օլիմպիական խաղերն անցկացվում են Ադրբեջանում, արդեն իսկ վկայում է այդ մասին: Նրա խոսքով՝ 1933 թվականի Օլիմպիական խաղերն էլ ֆաշիստական Գերմանիայում անցկացվեցին և ի՞նչ ունեցանք դրանից հետո՝ ավերածություններ, կոտորածներ, նույնն անում են այստեղ և միջազգային հանրությունը չի արձագանքում սրան՝ որոշ շահերից, նավթի բիզնեսից ելնելով:

Դ. Բաբայանն անդրադարձավ նաև Մադրիդյան սկզբունքներից հրաժարվելու մասին  Արցախից և Հայաստանից հնչող հայտարարություններին։ Մեր դիրքորոշումը հստակ է՝ վերադարձ անցյալին չի կարող լինել: Խորհուրդ տվեց էմոցիոնալ դաշտում չընկալել հարցերը, այլ սառնասրտորեն վերաբերվել դրանց։ Այն, որ մենք միշտ քննադատում ենք այս կամ այն կողմին՝ սրանով արդեն շատ փաստաթղթերի, հարցերի պատասխան ենք տալիս: Հետևաբար, կարող եմ ասել, որ արվում է ամեն ինչ՝ ի նպաստ մեր ազգային շահերի: Տարբեր հարցերի շուրջ մենք բարձրացնում ենք մեր ձայնը, օրինակ՝ ասելով, որ չի կարող սահմանների և կարգավիճակի առումով վերադարձ լինել անցյալին: 

ՙԻ տարբերություն Ադրբեջանի, մեր դիրքորոշումների և նպատակների մեջ մենք ազնիվ ենք, հստակ ասում ենք, որ անհնարին է առանց լիարժեք ձևաչափի վերականգնման կարգավորել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը՚,- եզրափակեց տեղեկատվության գլխավոր վարչության պետը:

ԱԱ