Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ. ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ

Պաշտոնական Բաքուն Հայաստանի հասցեին սպառնալիքների նոր չափաբաժին է թափել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով ի սկզբանե չէր փայլում օրինակելի վարքագծով, իր հանցավոր պահվածքի անպատժելիությունից հղփացած, ընդ որում, հանցավոր` ոչ միայն հայերի, այլև իր ղեկավարած երկրի քաղաքացիների նկատմամբ, որոշել է, որ կարող է Հայաստանի ղեկավարությանը ցուցումներ տալ, թե Արցախի հարցում ինչ մոտեցում պետք է ցուցաբերել։

Ապշերոնյան սուլթանը ՙՀայաստանի նոր ղեկավարությանը՚ կոչ է արել ՙմոտ ապագայում բանակցությունների ճանապարհով օկուպացիոն ուժերը դուրս բերել գրավված տարածքներից ու Ադրբեջանի քաղաքացիներին հնարավորություն տալ վերադառնալ հարազատ, պատմական, բնիկ հողերը՚՝ հակառակ դեպքում սպառնալով ռազմական ուժի կիրառմամբ։

Միանգամից նշենք ՙգրավված՚ և ՙադրբեջանական պատմական հողեր՚ հասկացությունների անորոշությունը։ Հիշեցնենք, որ նման տարածքների շարքին Բաքուն դասում է ոչ միայն ազատագրված տարածքները, այլև ողջ Արցախը, այսինքն` պահանջում է վերադարձ դեռևս ԽՍՀՄ շրջանում գոյություն ունեցող իրավիճակին։ Ավելին, Ալիևը բազմիցս ՙադրբեջանական պատմական տարածք՚ է հայտարարել նաև Հայաստանի տարածքը, իսկ 2018թ. փետրվարին ՙադրբեջանցիների վերադարձը Երևան՚ հռչակել  որպես ՙքաղաքական և ռազմավարական նպատակ՚։ Նշանակում է՝ Արցախի հարցում հայկական կողմերի տարածքային զիջումները, առավել ևս միակողմանի, ոչ միայն չեն բերի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, այլև հսկայական խնդիրներ կստեղծեն Հայաստանի և հայկական պետականության համար։ Կարելի է չկասկածել, որ հարմար առիթի դեպքում թուրք-ադրբեջանական տանդեմը վերջինիս հանդեպ էլ կներկայացնի իր մտացածին ՙիրավունքը՚։ 

Հատկանշական է, որ Բաքվից հերթական ռազմաշունչ արտահայտությունների համազարկը հնչեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հակամարտության գոտի կատարած այցից անմիջապես հետո: Համանախագահներն էլ, տեղեկանալով Երևանի և Բաքվի միջև ուղղակի կապ հաստատելու և Ադրբեջանի հետ Հայաստանի ու Արցախի սահմաններում լարվածության նվազեցման մասին, չգիտես ինչու, որոշեցին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ինտենսիվ բանակցությունների վերսկսման համար կարելի է խոսել ոչ թե վստահության մթնոլորտի ձևավորման անհրաժեշտության, այլ դրա պահպանման կարևորության մասին։ Կարծես վստահությունն արդեն կա։ Միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման անհրաժեշտության մասին միջնորդներն այս անգամ ևս նույնիսկ չհիշատակեցին։ Փոխարենը ուրախությամբ հաղորդեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են մինչև տարեվերջ մեկ անգամ ևս հանդիպել։ Բանակցությունների` Արցախ-Ադրբեջան-Հայաստան եռակողմ ձևաչափի վերականգնման հարցը նույնպես միջնորդները նախընտրեցին լռությամբ շրջանցել, թեև դրա չափազանց կարևորության մասին Ստեփանակերտում նրանց հանգամանորեն բացատրել էին։ Ճիշտ է, այս անգամ ռուսաստանյան համանախագահ Իգոր Պոպովն ինչ-ինչ պատճառներով Արցախի մայրաքաղաք չէր ժամանել ու արցախա-ադրբեջանական սահմանի մշտադիտարկմանը չէր մասնակցել։ Սակայն Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ինքը որոշեց արտահայտվել Ստեփանակերտի՝ բանակցությունների սեղան վերադառնալու առնչությամբ, նշելով, որ բանակցությունների ձևաչափի փոփոխությունը հնարավոր է միայն երկու կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի համաձայնության դեպքում։

ՙՍա մի հարց է, որը պետք է լուծեն հակամարտության կողմերն իրենք։ Բնականաբար, մենք ելնում ենք նրանից, որ Երևանն իր բանակցային դիրքորոշումներում հաշվի է առնում Ղարաբաղի մոտեցումները։ Բայց որպեսզի ներկա երկկողմ ձևաչափը փոխվի, անհրաժեշտ է երկու կողմերի համաձայնությունը։ Որքանով տեղյակ ենք՝ նման համաձայնություն չկա՚,- ասել է նա։ Ավելին, Լավրովը նշել է, որ ինքն, ՙանկեղծ ասած, լեռնայինղարաբաղյան կարգավորման հարցի առարկայական քննարկումներ սկսելու համար նախապայմաններ առաջ չէր քաշի՚։ Քաջատեղյակ լինելով այն մասին, որ Ադրբեջանի համար բացարձակապես անընդունելի է Արցախի հետ բանակցություններ վարելու հնարավորությունը, Ռուսաստանը, ըստ էության, բացեիբաց հասկացնել է տալիս, որ Բաքուն ոչ մի գնով իր դիրքորոշումից չի հրաժարվի։ Իսկ Փաշինյանի և Ալիևի միջև Դուշանբեում ձեռքբերված պայմանավորվածությունների շուրջ Լավրովի գոհունակությունը և շփումները շարունակելու անհրաժեշտության մասին նրա հայտարարությունը կարելի է գնահատել նաև որպես երկկողմ ձևաչափի պահպանման հարցում Մոսկվայի շահագրգռվածություն։ Մոսկվան, իհարկե, իր շահերն ունի։ Բայց բանակցություններում Ստեփանակերտի մասնակցության մասով Լավրովի խոսքերը Բաքվում ընդունեցին որպես սատարում` ադրբեջանական դիրքորոշմանը, ինչը որոշակի չափով վճռականություն է հաղորդել Ալիևին՝ նման կտրուկ արտահայտություններ անելու համար։

Տեսնենք՝ ինչպես կզարգանան գործընթացները։ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, խոսելով ղարաբաղյան կարգավորման մասին, նշել է, որ ՙմինչև որ Հայաստանում ընթացող բավականին բուռն ներքաղաքական գործընթացները, որոնց ականատես ենք լինում, չավարտվեն, հազիվ թե հնարավոր լինի լրջորեն քննարկել ճգնաժամից դուրս գալու և լեռնայինղարաբաղյան հակամարտության լիարժեք կարգավորում ապահովելու կոնկրետ տարբերակներ՚։ Սակայն իրավիճակն անորոշ է ու ոչ միանշանակ՝ ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում և աշխարհում ընդհանրապես։ 

www.ra.am 

Գայանե ՄՈՎՍԵՍՅԱՆ