[ARM]     [RUS]     [ENG]

ՉՀԱՄԱՐՁԱԿՎԵՔ ԽՈՍԵԼ ՀՈՒՄԱՆԻԶՄԻ ՄԱՍԻՆ

Պաշտոնական Բաքուն հիշում է միջազգային իրավունքի մասին, երբ միայն խոսքը գնում է  մարդասպանների ու հանցագործների մասին

 Չորս տարի առաջ այս օրերին հայ ժողովուրդն ամբողջ աշխարհում քարացավ անտանելի ցավի ու լարված սպասման մեջ։ Նոյեմբերի 11-ին խոցելով ուսումնամարզական թռիչք իրականացնող Արցախի պաշտպանության բանակի ուղղաթիռը, ադրբեջանական կողմն այնուհետև տաս օր ողբերգության վայրին մոտենալու հնարավորություն չէր տալիս ո՜չ միջազգային միջնորդներին, ո՜չ փրկարարներին՝ միտումնավոր կերպով խոչընդոտելով օդաչուների մարմինների տարհանմանը։ Չնայած անգամ տեղեկություններին այն մասին, որ նրանցից մեկը կարող էր դեռ ողջ լինել։ Եվ միայն արցախյան հատուկ նշանակության ուժերի մեծագույն վարպետությունը թույլ տվեց վերջակետ դնել անմարդկայնության և հումանիտար նորմերի բացարձակ քամահրման` մի կողմից և հերոսության ու անձնազոհության՝ մյուս կողմից, ձգձգված դիմակայության մեջ։

Փայլուն ռազմագործողության արդյունքում նոյեմբերի 22-ին մեր հատուկ նշանակայիններին հաջողվեց դուրս բերել մայոր Սերգեյ Սահակյանի, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանի ու լեյտենանտ Ազատ Սահակյանի մարմինները։ Անկման վայրի մոտ Ադրբեջանի ԶՈւ կազմակերպած դարանն իրենց իսկ համար ձախողման ու կորուստների վերածվեց։ Ուղղաթիռի աղետի հետ կապված՝ միաժամանակ ողբերգական և հերոսական պատմությունը դարձավ դասական մարմնացումն այն ամենի, ինչ իր մեջ ներառել է ղարաբաղյան հակամարտությունը՝ կողմերից յուրաքանչյուրի բարոյական ու մարդասիրական դիրքորոշումների ակնհայտ ցուցադրությամբ։ Ուղղաթիռի խոցումն ինքնին անթույլատրելի է հրադադարի ռեժիմի գործելու պայմաններում, և այն հանգամանքի հաշվառումով, որ մեքենան չի խախտել շփման գիծը, ընդամենը ռազմական միջադեպ կմնար, եթե չլիներ դրան հաջորդած պաշտոնական Բաքվի խայտառակ ու անազնիվ պահվածքը։ 

Զինվորական պատվի չգրված օրենքներին համաձայն թույլ տալ վերցնել զոհվածների մարմինները կամ թե վայրենի գռեհկությամբ հաճույք ստանալ հարազատների վշտից՝  հրճվելով տարհանման հարցում ունեցած սեփական իշխանությամբ՝ ուրիշների համար աներևակայելի երկընտրանքն Ալիևի ու նրա մարտիկների համար քաղաքակրթվածության ևս մեկ քննություն դարձավ, որն Ադրբեջանում,  ըստ ավանդույթի, աղմուկով տապալեցին։ Ցուցաբերելով իրեն բնորոշ լկտիություն, այնպիսի հասկացությունների անգամ նշույլի բացակայություն, ինչպիսիք են մարդկային կարեկցանքը և ուրիշի վշտի հանդեպ հարգանքը, Բաքվում արիության ու ռազմահայրենասիրական ավանդույթներին հայ ժողովրդի հավատարմության ամենաիսկական դասը ստացան։ Դաս, որն, այնուամենայնիվ, Ադրբեջանում շատ քչերն են ի վիճակի հասկանալ։ Քանի որ անգամ տարհանումից հետո Բաքվում ավանակային համառությամբ շարունակում էին պնդել, որ մարմինները մնում են կործանման վայրում, թեև հատուկ նշանակության ուժերի ռազմագործողությունը հաստատել էր ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի գրասենյակի ղեկավարը, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունն արտասահմանյան պետությունների ռազմական կցորդներին էր ներկայացրել դրա հաջող անցկացման ապացույցները։ 

Այդ պահից անցել է չորս տարի։ Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի սկզբունքների և նորմերի աննախադեպ խախտումն այդպես էլ անպատիժ մնաց։ Չնայած նրան, որ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարության մեջ փաստացի հաստատեցին, որ ուղղաթիռը չի հատել շփման գիծը՝ աղետի վայրն սկզբում անվանելով ՙչեզոք՚, իսկ այնուհետև` ՙոչ մեկին չպատկանող հող՚, և չնայած նրան, որ Բաքվում հրաժարվեցին անվտանգության երաշխիքներ տրամադրել անգամ ԵԱՀԿ ներկայացուցիչներին` ողբերգության վայր այցելության համար։ Բավականին լայն արձագանք հարուցելով աշխարհում՝ ուղղաթիռի աղետը դարձավ Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի լկտիաբար ոտնահարման հերթական ակնհայտ հաստատումը, այդ թվում նաև, երբ խոսքը գնում է մահացածների հանդեպ քաղաքակիրթ աշխարհում ընդունված վերաբերմունքի մասին։ 

Այսօր ալիևյան ռեժիմը հանկարծ հիշել է հումանիզմի ու միջազգային նորմերի մասին։ ՙՀումանիզմի՚ տենդը համակել է Բաքվի պաշտոնյաներին Արցախում Ադրբեջանի հատուկ ծառայությունների առաջադրանք իրականացրած ու դատարանի կողմից մի շարք ծանր հանցագործությունների համար դատապարտված մարդասպան ու հանցագործ դիվերսանտներին վերադարձնելու նոր փորձի կապակցությամբ։ Հանդես գալով բոլորը բոլորի դիմաց գերիներին փոխանակելու նախաձեռնությամբ, Բաքվում բոլոր ուժերով ճգնում են ՙհումանիտար ակցիայի՚ տպավորություն ստեղծել՝ օգտագործելով բառեր և կատեգորիաներ, որոնք վաղուց Ադրբեջանի ու նրա իշխանությունների հետ ոչ մի առնչություն չունեն։ Մի ռեժիմ, որը զոհված օդաչուների մարմիններն ու նրանց հարազատների վիշտն  օգտագործել է քաղաքական նպատակներով և սեփական բնակչության ստորագույն բնազդների բավարարման ու բորբոքման համար, ի բնե զուրկ է հումանիզմի ու միջազգային նորմերի մասին անգամ ծպտուն հանելու որևէ իրավունքից։

Նոյեմբերին տեղի ունեցած ողբերգությունը, ինչպես նաև մեկուկես տարի հետո դրան հաջորդած ապրիլյան իրադարձությունները լավագույնս ապացուցեցին քաղաքակրթվածության և բարբարոսության միջև առկա այն խորագույն ջրբաժանը, որն, ըստ էության, հենց հակամարտության էությունն է, որն ամեն անգամ, յուրաքանչյուր նոր միջադեպի հետ, միանշանակ ու առանց կասկածի նշույլի հաստատում է առաջին հերթին հենց Ադրբեջանը։ 

…Նշելով մեր օդաչուների մահվան չորրորդ տարելիցը՝ արժանին հատուցենք նրանց լուսավոր հիշատակին։ Եվ հպարտությամբ կրկին վերհիշենք այն մարտիկների անօրինակ արիությունը, ովքեր դարերով սատար են կանգնած Բարությանը և ովքեր այդ նոյեմբերին պաշտպանեցին Մարդու արժանապատվությունն ու պատիվը։ 

Մարինա ԳՐԻԳՈՐՅԱՆ

www.golosarmenii.am