Logo
Print this page

ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ ՙՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԶՍՊՈՒՄԸ՚ ԳԼՈԲԱԼ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Քաղաքական ու ռազմական հռետորաբանությամբ ուղեկցվող ԱՄՆ-Ռուսաստան գլոբալ դիմակայությունն առավելագույնս իրեն զգացնել է տալիս նախկին Խորհրդային միության ազդեցության գոտիներում՝ սևծովյան, մերձավորարևելյան և հարավկովկասյան տարածաշրջանները վերածելով հակամարտության ՙթեժ գոտիների՚։

Արևմուտքի՝ Ռուսաստանի հետ համագործակցելու չկամությունը տանում է դեպի գլոբալ դիմակայության խորացում։ ԱՄՆ-ի կողմից կիրառվող ՙփափուկ ուժի՚ քաղաքականության (ժողովրդավարական արժեհամակարգի տարածման հայեցակարգ) արդյունքում Մերձավոր Արևելքում տեղի ունեցավ Իրաքի, Լիբիայի տիրապետող վարչակարգերի անկում։ Իշխանափոխության նույն բեմագիրը Սիրիայում, միանշանակ, ՌԴ-ի շահերից չի բխում։ Ուկրաինան կողմնորոշվեց դեպի Արևմուտք, Հարավային Կովկասում զարգացման նույն ճանապարհն ընտրեց  Վրաստանը։ Աշխարհաքաղաքական այս փոխակերպումների պայմաններում Ռուսաստանը փորձում է առաջ մղել իր շահերը։ 

ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ներկայիս գերլարվածությունը փոքր-ինչ թուլացնելուն ուղղված քայլերը, բնականաբար, պետք է սպասել հենց Մոսկվայից ու Վաշինգտոնից։ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի նոյեմբերի 11-ի հայտարարության  ենթատեքստում այս միտքը տեսանելի էր։ Պեսկովի խոսքով՝ ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև վստահության դեֆիցիտն օրեցօր աճում է, որի պատճառը Պուտին-Թրամփ հանդիպման նախապատրաստման ձգձգումն է։   

Նկատելի էր Պեսկովի շուրթերով Կրեմլի ուղերձը Միացյալ Նահանգներին. երկու կողմերը հավասարապես անհանգստացած են միջին և փոքր հեռահարության հրթիռների հետ կապված իրավիճակով, և առայժմ պարզ չէ, թե ինչպիսին կլինի այդ փաստաթղթի ճակատագիրը. ՙուրեմն, հարկավոր է նստել ու բանակցել՚։ 

Հակադիր ուժային կենտրոնները, կարծես, իրենց անելիքը վատ չեն պատկերացնում։ Այդուհանդերձ, ՙնստելն ու բանակցելը՚ տարբեր պատճառներով վերածվել է դժվար լուծելի խնդրի։ Խոսակցություններ կային Պուտին-Թրամփ հանդիպումը Փարիզում անցկացնելու մասին՝ Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում։ Դա տեղի չունեցավ, ըստ  երևույթին, կողմերի ոչ բավարար մակարդակի պատրաստվածության պատճառով։   Մոսկվայից ակնկալում են Պուտին-Թրամփ հանդիպումն անցկացնել ՙՄեծ քսանյակ՚-ի (G 20) հերթական գագաթնաժողովում, որը ծրագրվել է անցկացնել Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսում։ Այդ մասով էլ հստակ պայմանավորվածություն չկա. ռուսաստանյան աղբյուրը վկայակոչում է արգենտինյան խողովակներով ստացված տեղեկատվությունն առ այն, որ Թրամփը Բուենոս-Այրեսում կայանալիք գագաթնաժողովի շրջանակներում հանդիպումների թիվը նվազագույնի է հասցրել։           

Հարկ ենք համարում անդրադառնալ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Ռուսաստան և Հարավային Կովկաս կատարած այցելություններին։ Ռուսաստանի Դաշնությունում  Բոլթոնի ունեցած հանդիպումներից հետո պաշտոնական շրջանակներին հարող ռուսաստանյան պարբերականները գրեցին, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև գործընկերության փուլն ավարտված է, և ԱՄՆ-ը ռուսական կողմից այսուհետ պետք է ակնկալի ասիմետրիկ պատասխաններ։ Մոսկվան ակնարկել է ՙռազմավարական զսպման՚ մասին։ ԱՄՆ-Ռուսաստան հերթական դիմակայության առանցքում գլխավորապես Միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին 1987թվականին կողմերի միջև ստորագրված պայմանագիրն է։ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Մոսկվան խախտել է այդ պայմանագիրը։  

Կրեմլը նաև ազդարարեց, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներն անուղղակիորեն ՌԴ-ի դեմ են ուղղված։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ներկայացնելով ռուսաստանյան դիրքորոշումը, ընդգծեց, որ պատժամիջոցները ՙբացարձակապես ոչ լեգիտիմ են և հակասում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դրույթներին։ Ռուսաստանի համար անթույլատրելի է քաղաքականություն կառուցել վերջնագրերի և միակողմանի պահանջների հենքի վրա՚։     

Ռուս-ամերիկյան դիմակայությունն իրեն զգացնել է տալիս նաև ուկրաինական հակամարտության գոտում, կրքերը բորբոքվում են Սև և Ազովի ծովերում գերիշխող դիրքեր գրավելու շուրջ։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա  Մոգերինին վերջերս Եվրախորհրդարանում ունեցած ելույթում Սև ծովը  հայտարարեց ՙեվրոպական՚՝ շեշտելով, որ Ղրիմի ու Սոչիի ափերին տիրապետող դիրք  կունենան ՆԱՏՕ-ի ռազմանավերը։ Սևծովյան տարածաշրջան ասելով՝ Մոգերինին նաև նկատի է ունեցել Ազովի ծովը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի կարծիքով՝ Ռուսաստանն այս տարածաշրջանում վաղուց ՙմկաններ է խաղացնում՚։ Ռուսական կողմն էլ մատնացույց արեց, որ Ազովի ծովը Ռուսաստանի և Ուկրաինայի ջրային ռեսուրսներն են, հետևաբար, ռազմական նավեր Ազովի ծովում կարող են հայտնվել միայն երկու կողմերի համաձայնությամբ։ Իսկ եթե Ուկրաինան գտնում է, որ կարող է ծով հրավիրել Դաշինքին պատկանող, կամ էլ մեկ այլ ռազմանավ, սխալվում է։ Ռուսաստանը դա թույլ չի տա։

Ռուսաստանի Սև ծով-Կասպիական տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների հանրային ինստիտուտի վերլուծության մեջ կա մի ուշագրավ դիտարկում. Եվրամիությունը ռազմական գործերով այնքան էլ չի զբաղվում, եվրոպացիները պարզապես ցանկանում են առանձնահատուկ մի կառույց ունենալ և, որ կարևոր է, ԱՄՆ-ից որոշակի հեռավորություն պահպանել։ Խոսքը եվրոպական բանակի, ոստիկանության և հետախուզության ստեղծման ուղղությամբ ԵՄ-ի ձեռնարկած քայլերի մասին է։ 

Այդ հարցը շոշափվեց նաև Փարիզում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում Թրամփի հետ հանդիպմանն ասաց, որ միասնական եվրոպական բանակի ստեղծման ծրագրերը չեն հակասում Հյուսիսատլանտյան դաշինքի առջև ստանձնած պարտավորություններին։ Դրա հետ մեկտեղ շեշտեց, որ եվրոպական բանակը պետք է Եվրոպան պաշտպանի Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից և Չինաստանից։ Խիստ հակասական այս հայտարարությունը պիտի որ զայրացներ Թրամփին։

Հետաքրքիր է՝ ի՞նչ զարգացումներ կլինեն ԵՄ-ՆԱՏՕ հարաբերություններում։ Հարց է նաև՝ ինչպե՞ս պատկերացնելՙռազմավարական զսպումը՚ և ո՞րն է դրա մեխանիզմը, եթե հակադիր ուժային կենտրոններն իրենց ռազմական ներուժով միմյանց չեն զիջում։   

Գուցե՞ զսպման մեխանիզմը հենց ուժային կենտրոնի ներսում է։ Միջազգային հանրությունը դրական տեղաշարժ է համարում ԱՄՆ-ում կայացած միջանկյալ ընտրությունները, ինչի արդյունքում Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատում, դեմոկրատները մեծամասնություն ձեռք բերեցին։ Իրանի հետ համաձայնագիրն, ի դեպ, նրանք են ստորագրել։ Քաղաքական վերլուծաբանները չեն բացառում միջազգային կարևորության այդ փաստաթղթին վերադառնալու հնարավորությունը։ 

Հետևենք իրադարձությունների զարգացմանը։

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.