[ARM]     [RUS]     [ENG]

ԹՈՒՐՔԻԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ Է ՉՄԻԱՆԱԼ ՀԱԿԱԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնի Ադրբեջան կատարած այցին հաջորդեց Պենտագոնի պատվիրակության ուղեւորությունը Բաքու։

Մինչ այդ հնգօրյա այցով Ադրբեջանում էր գտնվել Իսրայելի պաշտպանության արդեն նախկին նախարար Ավիգդոոր Լիբերմանը։ Վերլուծաբանների մոտ այդ առթիվ կայուն տպավորություն էր ձեւավորվել, որ ամեն ինչ արվում է, որպեսզի Ադրբեջանը միանա հակաիրանական պատժամիջոցներին եւ ինչ-որ առումով վերածվի ԱՄՆ-ի եւ Իսրայելի աշխարհաքաղաքական շահերի իրացման համար ենթակառուցվածքային եւ լոգիստիկ հարթակի։

Թեմայի շուրջ ադրբեջանական մամուլի հրապարակումներից կարելի էր ենթադրություն անել, որ Ալիեւի կառավարությունը կանգնած է լրջագույն մարտահրավերի առջեւ՝ շարունակե՞լ Իրանի հետ նախատեսված ծրագրերը, թե՞ հրաժարվել եւ նվազագույնի հասցնել ոչ միայն քաղաքական, այլեւ առեւտրատնտեսական հարաբերությունները։ Այս կապակցությամբ մենք ժամանակին ուշադրություն էինք հրավիրել երկու կարեւոր հանգամանքի վրա։ Առաջինն այն է, որ Նախիջեւանի հետ ցամաքային կապն Ադրբեջանն իրականացնում է Իրանի տարածքով, իսլամական հանրապետությունն է գազ եւ էլեկտրաէներգիա մատակարարում Նախիջեւանին։ Երկրորդ, Իրանը մեծ ազդեցություն ունի Ադրբեջանի հարավային՝ հիմնականում թալիշաբնակ շրջաններում եւ հարաբերությունների վատթարացման դեպքում կարող է հակակշիռ քայլերի դիմել։ Այդուհանդերձ, ժամանակ առաջ Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Մուստաֆաեւը հայտարարել էր, որ ՙորոշակի հանգամանքների բերումով դադարեցվում է Ռեշտ-Աստարա երկաթգծի ֆինանսավորումը՚։ Խոսքը 500 միլիոն դոլարի վարկի մասին է, որ Ադրբեջանը տրամադրել է իրանական կողմին՝ կառուցելու նշված երկաթուղին։ Այդ դեպքում Պարսից ծոց-Ադրբեջան-Ռուսաստան տրանսպորտային միջանցքի գործարկումը կդառնա իրականություն։ Մուստաֆաեւի հայտարարությունից վերլուծաբանները եկել էին եզրակացության, որ Ադրբեջանը մասնակիորեն միանում է հակաիրանական պատժամիջոցներին։ Ըստ երեւույթին, դա իրականությանը մոտ մտահանգում էր։ Բայց անցյալ շաբաթ տեղի ունեցավ երկու նշանակալի իրադարձություն։ Թեհրան այցելեց Թուրքիայի նախագահ Էրդողանը եւ հստակ հայտարարեց, որ իր երկիրը, չնայած Միացյալ Նահանգների գործադրած ճնշումներին, չի խզի տնտեսական կապերն Իրանի հետ։ Ընդհակառակը, Թուրքիան մտադիր է մեծացնել ապրանքաշրջանառության ծավալները։ Փոխարենը Թուրքիան Իրանից կստանա նավթ եւ գազ։ Կարելի է վստահաբար ասել, որ իրանա-թուրքական բանակցություններում քննարկվել է նաեւ Ադրբեջանի հարցը, եւ Թուրքիան երաշխավորել է, որ Ադրբեջանը չի միանա հակաիրանական պատժամիջոցներին։ Որպես այդ պայմանավորվածությունների ցուցիչ պետք է դիտարկել Իրանի տեղեկատվության եւ անվտանգության նախարար Ալավիի՝ նախապես չծրագրված այցը Բաքու։ Ի՞նչ ուղերձ է Ադրբեջանի իշխանություններին փոխանցել իրանցի բարձրաստիճան պաշտոնյան՝ որեւէ ակնարկ այդ առթիվ ադրբեջանական կողմը չի անում։ Իսկ դա նշանակում է, որ Ալավիի այցը չափազանց կարեւոր էր, եւ քննարկվել են հարցեր, որոնց մասին կողմերը գերադասում են չբարձրաձայնել։
Իրանա-ադրբեջանական հարաբերությունների այս նոր փուլում, անկասկած, մեծ է Թուրքիայի դերակատարությունը, որի ազդեցությամբ Ադրբեջանը, հավանաբար, կսահմանափակի ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ հակաիրանական կոալիցիա կազմելու շուրջ քննարկումները։ Ադրբեջանական մամուլում հրապարակումներ են տարածվել Իրանում էթնիկ ադրբեջանցիների թեմայով։ Ընդգծվում է հատկապես, որ Իրանի ներկայիս հոգեւոր առաջնորդն էթնիկ ադրբեջանցի է, էթնիկ ադրբեջանցիներ կան իրանական իշխող վերնախավում։ Սա անուղղակի ազդակ է, որ Ադրբեջանը դեմ չի գնա ներիրանական քաղաքական այդ կոնսենսուսին, չի լարի հարաբերությունները հարավային հարեւանի հետ։ Բայց ադրբեջանական կողմն իր ՙբարձրության՚ վրա չէր գտնվի, եթե այդ ֆոնին չավելացներ Իրանից ՙհամարժեք բարեկամական քայլերի՚ մասին նկատառումը։ Ենթատեքստը պարզ է. Ադրբեջանում հույս ունեն, որ Թեհրանում կվերանայեն Հայաստանի հետ հարաբերությունները եւ Լեռնային Ղարաբաղի հարցում կորդեգրեն այլ մոտեցում։ Ամեն ինչ, սակայն, գտնվում է կանխատեսումների հարթությունում։ Որքա՞ն որոշիչ կլինի Թուրքիայի ազդեցությունը Բաքվի վրա կամ Թուրքիան որքանո՞վ հավատարիմ կգտնվի Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու ուղեգծին՝ ցույց կտա ժամանակը։
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ