ԲԱԶՄԱԹԻՎ ԵՆ ԿՈՉԵՑՅԱԼՆԵՐԸ, ՍԱԿԱՎ՝ ԸՆՏՐՅԱԼՆԵՐԸ...

Մեր հանրապետության տարածքում գործում են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, քաղաքական կուսակցություններ։

Որոշների գործունեության մասին ունեի բավարար տեղեկություններ, դրանց մի մեծ մասն էլ իր գոյության մասին զգացնել է տալիս դեպքից դեպք, ավելի ճիշտ՝ ընտրությունից ընտրություն։ Վերջերս ձեռքս ընկավ մի գրքույկ, որի տպագրությունը նախաձեռնել էր ՙՔաղաքացիական հասարակություն՚ հասարակական կազմակերպությունը։

Տեղեկատուի տվյալներով` Արցախում գրանցված են և գործում են շուրջ 138 հասարակական կազմակերպություններ, 23 հիմնադրամ և 9 քաղաքական կուսակցություն (2008թ. մայիսի 1-ի դրությամբ)։ Այս կազմակերպություններից 21-ը գործում է շրջկենտրոններում, իսկ մյուսները՝ Ստեփանակերտում։ Անզեն աչքով էլ նկատելի է, որ մի շարք կուսակցություններ ու հասարակական կազմակերպություններ ունեն հստակ ու կոնկրետ ծրագրեր, մի մասն էլ այնքանով` որքանով։ Իսկ թե ինչով են զբաղվում մեր երկրում գործող քաղաքական կուսակցությունները, ինչպիսի աջակցություն ու փոխհատուցում են ստանում կառավարությունից հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները, ինչ խնդիրներ են նրանց հուզում, ինչպիսի ներուժ ու հնարավորություններ ունեն` փորձեցինք պարզել մեր հարցախույզի ընթացքում։
ԱՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Նվեր Բաղդասարյանի իրազեկմամբ` հանրապետության տարածքում գործող հասարակական կազմակերպություններին կառավարության որոշմամբ տարեկան տրվում է 88մլն 430 հազ. դրամի դոտացիա։ Լրավճար ստանում են 36 հասարակական կազմակերպություններ, որոնք իրենց ծախսերի մասին Ֆինանսների նախարարություն են ներկայացնում պարզեցված տարբերակով բյուջետային հաշվետվություն։
Քանի՞ նոր կուսակցություններ ու հասարակական կազմակերպություններ են ավելացել կամ գործունեությունը դադարեցրել վերջին 10 տարվա ընթացքում։ Հարցի պատասխանը փորձեցինք գտնել պետռեգիստրում։
ԱՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Գայանե Մաքսիմովայից տեղեկացանք, որ 2018թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետության տարածքում գործում են 256 հասարակական կազմակերպություն, 15 կուսակցություն և 88 հիմնադրամ։ Տասնհինգ կուսակցությունից երկուսը՝ ՙԱրդարություն՚-ը և ՙԱնկախության սերունդ՚-ը, գրանցվել են 2018 թվականին։
Նորաստեղծ ՙԱրդարություն՚ կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի խոսքով` քաղաքական դաշտում հայտ ներկայացնելով` փորձելու են իրեն ներուժն օգտագործել ի շահ երկրի ու ժողովրդի։ Նրա կարծիքով` չնայած առևերույթ է, որ կան և՜ քաղաքական կուսակցություններ, և՜ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, սակայն քաղաքական և քաղաքացիական հասարակության դաշտն ակտիվ չէ, և այդ ուղղությամբ անելիքներ դեռ կան։ Նրանք անհանգստացած են երկրի ապագայով և ցանկություն ունեն ներդրում ունենալ այդ գործընթացում, գտնում են, որ իրենք` որպես կուսակցություն, պահանջված են, և հավաքվել են ոչ թե մեկ անձի կամ մեկ մեծահարուստի շուրջ, այլ գաղափարակիրներ են, անհատականություններ, որոնցից յուրաքանչյուրն իր ոլորտում որոշակի ներդրում ունի և կայացած է որպես գործիչ։ Նրանք առավել շատ փորձել են համախմբվել տեսանելի խնդիրների շուրջ։ ՙԱրդարություն՚ կուսակցությունը կոչված է լինելու այնպիսին, որտեղ անձնակենտրոնությունը, ընկերական շահը տեղ չունեն։ Ստեղծման առաջին իսկ օրից նրանք մտել են ակտիվ դաշտ և քայլ առ քայլ փորձելու են իրականացնել այն ծրագրերը, որոնց մասին բարձրաձայնվել են կուսակցության համագումարում։ Ակտիվորեն մասնակցում և մասնակցելու են հանրային հնչողություն ունեցող բոլոր քննարկումներին` բարձրաձայնելով հասարակության մեջ տեղ գտած թերությունները։ Նրանք ոչ միայն քննադատողի դերում են, այլև առաջարկում են տարբերակներ և լուծման ուղիներ։ Մասնակցելու են նաև տեղական ինքնակառավարման ու հանրապետական նշանակության (ԱԺ ընտրություններ, ԱՀ նախագահի ընտրություն) բոլոր ընտրություններին։ Նրանց համոզմամբ` իրենք լինելու են ժողովրդի կուսակցություն և ներկայացնելու են ժողովրդի շահերը, իսկ նրանց մտահոգության առարկան վաղվա օրվա նկատմամբ սերունդների անհանգստությունն է։
Եթե ուշադիր հետևելու լինենք զանգվածային լրատվամիջոցներին (թերթեր, հեռուստատեսություն, ռադիո), ապա պարզ կդառնա, թե որ ՀԿ-ները, կուսակցությունները, հիմնադրամներն են ակտիվ գործունեություն ծավալում, իսկ որոնք են պասիվները։
Ակտիվներից հարկ է առանձնացնել ԱՀ զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունը, ԼՂՀ աշխատանքի և Հայրենական մեծ պատերազմի վետերանների միությունը, ՙՄայրություն՚ ՀԿ-ն, ՙԱմերիկայի հայ ավետարանչական ընկերակցություն ՀԿ ԼՂՀ ներկայացուցչություն՚-ը, ՙՀայ օգնության միության Արցախի մեկուսի մասնաճյուղը՚, ՙԱրցախի ազատամարտիկների միությունը՚։ Երիտասարդական կազմակերպություններից՝ ՙՀայկի Սերունդ՚-ը, ՙԱռաջ, Հայաստան՚-ը, նորաստեղծներից՝ ՙԱնկախության սերունդ՚-ը։ Ինչ վերաբերում է հիմնադրամներին, նրանց մի զգալի մասը պահի դրությամբ դադարեցրել է գործունեությունը, սակայն ստեղծվում են նորերը և իրենց հայրենանվեր գործունեությամբ փորձում նպաստել երկրի շենացմանը: Ուշադրության են արժանի ՙՄարտունի՚, ՙԽաչմաչ՚, ՙՃարտար՚, ՙԹալիշ՚, ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը և մի շարք այլ հիմնադրամներ։ ԼՂՀ աշխատանքի և Հայրենական մեծ պատերազմի վետերանների միության նախագահ Սերգեյ Բարսեղյանի կարծիքով` 150 հազար բնակչություն ունեցող Արցախի համար չափազանց մեծ թիվ են կազմում կազմակերպություններն ու կուսակցությունները, սակայն նրանց թվում կան այնպիսիք, որոնք լուրջ գործով են զբաղված, արդյունավետ աշխատանք են իրականացնում հասարակական-կուսակցական լայն խավերի շրջանում։ Ըստ Ս. Բարսեղյանի, մի շարք ՀԿ-ներ, կուսակցություններ ու հիմնադրամներ շնորհակալ գործ են կատարում, նրանց շարքում կան ակտիվ անհատականություններ, ովքեր ունեն հստակ գործունեության ոլորտ, սակայն դրանց կողքին նկատելի են նաև այնպիսիները, ովքեր, շեղվելով իրենց ծրագրային դրույթներից, առավել շատ զբաղված են պոպուլիստական ՙգործունեությամբ՚։
Չափազանց շատ են երիտասարդական կազմակերպությունները, որոնք իրենց մասին զգացնել են տալիս դեպքից դեպք։ Նույնը կարելի է ասել կանանց, մոր և մանկան հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների մասին, որոնց շարքից կարելի է առանձնացնել մեկ-երկուսին։ ՙԱրցախի երիտասարդության զարգացման կենտրոն՚ ՀԿ նախագահ Սուսաննա Պետրոսյանի հետ զրույցի ընթացքում պարզեցինք, որ ՀԿ-ն պաշտոնապես գրանցվել է 2011թ.-ին, բայց աշխատանքներ տարվում են 2006-ից։ Այն սկզբից ակումբի ձևաչափ ուներ և, ընդլայնելով աշխատանքային ճակատը, վերափոխվել է։ Նրանց բոլոր ծրագրերն ուղղված են երիտասարդների հետ տարվող աշխատանքներին։ Կազմակերպության ղեկավարի ջանքերով ստեղծվել է անգլախոսների առաջին ակումբը՝ անվճար ուսուցմամբ, ունեցել են կինոակումբ, դիսկուսիոն երկխոսության ակումբ։ Նրանց ուշադրությունից դուրս չեն մնացել կրթությունը, գիտությունը, առողջ ապրելակերպը, մշակույթը, սպորտը, էկոտուրիզմը, բնապահպանությունը, ռոբոտաշինությունը, լեզվական կարողությունների զարգացումը` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն։ Մեկ տարվա ընթացքում նրանք ունեցել են շուրջ 2000 շրջանավարտ։ Նրանց մոտ դասավանդել են Արգենտինայից, Գերմանիայից ժամանած կամավորներ։ Առողջ ապրելակերպի շրջանակներում կազմակակերպվել են ճամբարներ։ Մասնակիցներ են ունեցել և՜ Հայաստանից, և՜ Արցախի տարբեր շրջաններից։ Իրականացվել են թրեյնինգներ, տարբեր կրթական ծրագրեր, անցկացվել վարպետաց դասեր։ Էկոտուրիզմի վերաբերյալ նույնպես մի շարք ծրագրեր են կյանքի կոչվել Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների հետ համատեղ` էկո-Խնձրիստան, էկո-Աստղաշեն, էկո-Պատարա, այս երեք գյուղերում այսօր էլ այդ առումով շարժը նկատելի է։ ՀԿ-ի ղեկավարն գործող ծրագրերից հաջողված է համարում ՙՓրկենք չծնված երեխաների կյանքը՚ ծրագիրը, որով ՙո՜չ՚ են ասում հղիության արհեստական ընդհատումներին։ Ծրագիրն իրականացվել է երկու փուլով և հետևողական աշխատանքի շնորհիվ ունեն շուրջ 60 փրկված երեխա։ Նրանց կողմից իրականացվել են նաև բազմաթիվ միջազգային ծրագրեր, եղել են Շվեյցարիայում, Իսպանիայում, Ռուսաստանում, Բելառուսում։ Հարավային Կորեայում մասնակից են դարձել Խաղաղության փառատոնին և գիտական կոնֆերանսին։ Այդ ամենն արվում է անձնական կապերի, համախոհների հետ համագործակցության արդյունքում։ Քրտնաջան աշխատանքի շնորհիվ նրանց հաջողվել է կյանքի կոչել բազմաթիվ այլ ծրագրեր։ Ըստ կազմակերպության ղեկավարի` հասարակական գործունեությամբ զբաղվելը ոչ միայն պատասխանատվության ստանձնում է, այլև մեծ ջանքերի լարում, որպեսզի որպես հասարակական կազմակերպություն կայանաս։ Նրանք մեծ ակտիվությամբ են ներգրավված նաև պետական ու հասարակական ուղղվածության տարբեր ծրագրերում։ Ֆեյսբուքում ստեղծել են ՙՀամախոհներ՚ հարթակը, որով հնարավորություն են ստացել իրենց ծրագրերում ներգրավել նաև Սփյուռքի մեր հայրենակիցների ներուժը։ Ստեղծել են ՙՕգնիր հայրենիքիդ՚ փակ խումբ ֆեյսբուքում, որի շնորհիվ հնարավորություն է ստեղծվել օգնել բազմազավակ ընտանիքներին, այսօր այդ ծրագիրը հաջողությամբ իրագործում են սահմանամերձ ու վերաբնակեցված բնակավայրերում և արդեն 100-ից ավելի ընտանիքների օգնության են հասել։ Նրանց կողմից իրականացվում են նաև տարաբնույթ դաստիարակչական, բժշկական աշխատանքներ ու խորհրդատվություններ։ Այս ՀԿ-ն կառավարությունից տարվա կտրվածքով ստանում է մեկուկես միլիոն դրամ լրավճար, ինչը շատ քիչ է իրենց աշխատանքային ծավալի համար, բայց այլ միջոցներ հայթայթում են ընկերների, գաղափարակիրների շնորհիվ։ ՀԿ-ի ղեկավարը շնորհակալ է այն քաղաքացիներից, ովքեր պատրաստակամորեն աջակցում են իրենց ծրագրերին, հատկապես ՙՕգնի՜ր հայրենիքիդ՚ ծրագրին, նրանց վստահությունը ոգևորող է ու պարտավորեցնող։
Ըստ Ս. Պետրոսյանի` հասարակական գործունեությունը ոչ բոլորին հասու առաքելություն է, որը պետք է կարողանալ պատվով կատարել։

Հ.Գ. Հասկանալի է, որ մեկ հրապարակման մեջ հնարավոր չէ անդրադառնալ բոլոր կազմակերպություններին ու նրանց գործունեությանը։ Մենք փորձեցինք ընդհանուր պատկերացում տալ գործընթացի և մեկ-երկու կազմակերպության ծրագրերի մասին, իսկ եզրահանգումները թողնել ընթերցողին։

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ