Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Ի՞ՆՉ ԷՐ ԴԱ, ԵԹԵ ՈՉ՝ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Էվիկա ԲԱԲԱՅԱՆ

 Դարձյալ փետրվար է, դարձյալ՝ Սումգայիթում հայկական ջարդերի ու զանգվածային սպանությունների հերթական տարելիցը։ Ավելի քան 30 տարի առաջ տեղի ունեցած այս իրադարձությունը ցնցեց ողջ հայությանը։ Ինչպե՞ս կարող էր նման բան տեղի ունենալ XX դարի վերջում, քաղաքակրթության ու տեխնիկական առաջընթացի դարաշրջանում, այն էլ՝ Խորհրդային Միությունում։ Հիշում եմ, ինչպես էր այդ ողբերգության լուրը հասնում Բաքու, և ինչպիսին էր Բաքվի հայերի արձագանքը. չի կարող պատահել, ինչի՞ մասին է խոսքը, Խորհրդային Միությունում դա ի սկզբանե անհնար է. կուսակցությունն ու կառավարությունը թույլ չեն տա... Մեր օրերում նման դատողությունները, մեղմ ասած, միամիտ են հնչում, բայց այն ժամանակ մարդիկ հավատում էին, որ Խորհրդային Միությունում ծնվելն ու ապրելը մեծ երջանկություն է, որ կոմունիստական գաղափարախոսությունն ամենաճիշտն է, որ գոյություն ունի ժողովուրդների բարեկամություն, որ նեղ պահին կա՜մ պետք է շտապ օգնություն կանչել, կա՜մ՝ ոստիկանությանը դիմել, նրանք միշտ օգնության կհասնեն։ Բայց, ավաղ, Սումգայիթում փետրվարյան այն չարաբաստիկ օրերին ողջ այդ հավատը հօդս ցնդեց։ Կուսակցությունը չպաշտպանեց խորհրդային պատմության մեջ առաջին զանգվածային բռնության ալիքի զոհերին, շտապ օգնությունը չէր պատասխանում շտապ կանչերին, իսկ ՙքաջարի՚ ոստիկանությունը հանցագործությունը թույլ չտալու փոխարեն ինքն էր դառնում դրա մեղսակիցը։

Սումգայիթի բոթը Ստեփանակերտ հասավ այն ժամանակ, երբ մարդիկ հանրահավաքներ էին անցկացնում՝ ոտքի ելած հանուն իրենց հողում ապրելու իրավունքի։ Նախ վրեժխնդրության կոչ հնչեց։ Եվ այդ պահին նրանց կարելի էր հասկանալ։ Այո, արցախցին տարբերվում է իր տաքարյունությամբ, նա ավելի շուտ կմեռնի, քան թույլ կտա անարգել իրեն կամ ազգակիցներին։ Բայց, միևնույն ժամանակ, արցախցին հեռատես է ու խոհեմ և, որքան էլ ծանր լինի համբերելը, չի տրվի սադրանքի։
Ճիշտ է, հանրահավաքին հնչեց հայտարարություն, որ սումգայիթյան ողբերգությունն աշխարհին թույլ կտա տեսնել բարբարոսների իրական դեմքը, հասկանալ արցախցիների ազգային-ազատագրական պայքարի իմաստը, դատապարտել մեղավորներին ու մեծ խանդավառությամբ ողջունել Մայր Հայաստանի հետ Արցախի վերամիավորումը։ Բայց, ավաղ... Չտեսան, չդատապարտեցին, չհասկացան, կամ պարզապես չցանկացան հասկանալ։ Ինչո՞ւ
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան 1946թ. դեկտեմբերի 11-ի իր 96(1) բանաձևում հայտարարել է, որ ցեղասպանությունը հանցագործություն է, որը խախտում է միջազգային իրավունքի նորմերը և հակասում Միավորված ազգերի կազմակերպության ոգուն ու նպատակներին, և որ քաղաքակիրթ աշխարհը դատապարտում է այն` ճանաչելով, որ ողջ պատմության ընթացքում ցեղասպանությունը մեծ կորուստներ է պատճառել մարդկությանը, և որպեսզի մարդկությունը ձերբազատվի այդ սարսափելի աղետից, անհրաժեշտ է միջազգային համագործակցություն։ Իսկ ՄԱԿ-ի՝ Ցեղասպանության հանցանքի կանխարգելման ու դրա համար պատժի մասին կոնվենցիայի հոդված 1-ն ասում է. ՙՑեղասպանությունը, անկախ նրանից, թե այն իրագործվում է խաղաղ, թե պատերազմական ժամանակներում, հանդիսանում է հանցագործություն, որը խախտում է միջազգային իրավունքի նորմերը, և որի դեմ իրենք (Կոնվենցիայի տակ իրենց ստորագրությունը դրած երկրները) պարտավորվում են կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել ու պատժել այդ հանցագործության համար։
Նշված Կոնվենցիայի հոդված 2-ը պարզաբանում է, թե ինչ է հասկացվում ցեղասպանություն եզրի տակ` ցեղասպանություն են համարվում այն գործողությունները, որոնք իրականացվում են որևէ ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խումբ՝ որպես այդպիսին, մասամբ կամ ամբողջությամբ ոչնչացնելու մտադրությամբ։
Արդյո՞ք այս հոդվածը տարածվում է սումգայիթյան ողբերգության վրա։ Անգամ Վիքիպեդիայի ժլատ տողերն են հաստատում՝ ՙՍումգայիթի ջարդն Ադրբեջանական ԽՍՀՄ Սումգայիթ քաղաքում 1988թ. փետրվարի 27-29-ը էթնիկ հողի վրա տեղի ունեցած անկարգություններն են, որոնք ուղեկցվում էին հայազգի բնակչության նկատմամբ զանգվածային բռնությամբ, թալանով, սպանություններով, հրկիզումներով և գույքի ոչնչացմամբ՚։ Պաշտոնապես դա ճանաչել է նաև Մոսկվան. 1988թ. փետրվարի 29-ին Մոսկվայում՝ ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի նիստում, ճանաչվել է, որ Սումգայիթում զանգվածային ջարդերն ու սպանություններն իրականացվել են ազգային հողի վրա։
Եվ այսպես, 31 տարի առաջ փետրվարի վերջին օրերին 210 հազար բնակչություն ունեցող Սումգայիթ քաղաքը, որից 18 հազարը հայեր էին, 3 օրվա ընթացքում անկարգությունների ու բռնության թատերաբեմի վերածվեց։ Ամբողջ երեք օր ազատությամբ ու անպատժելիությամբ արբեցած խաժամուժ ամբոխը բռնություններ էր գործում, սպանում, վառում անմեղ մարդկանց, որոնց միակ մեղքը կայանում էր նրանցում, որ հայ են։
Տարիների ընթացքում մեր թերթը բազմիցս անդրադարձել է այս թեմային, հանդիպել սումգայիթյան փախստականների հետ, ովքեր պատմում էին՝ ինչպես նրանց հաջողվեց ողջ մնալ, և ինչ էր տեղի ունեցել իրականում։ Եթե թերթելու լինենք մեր մամուլի անցած տարիների էջերը, կարելի է ծանոթանալ ականատեսների վկայություններին։ Այս անգամ որոշեցինք նրանց մոտ ցավալի հիշողություններ չարթնացնել, ինչպես հասկանում եք, անցյալը վերհիշելը ծանր ապրումներով է ուղեկցվում մարդկանց համար, ովքեր տարել են ողջ այդ սարսափը։ Պարզապես նշենք, որ Սումգայիթի հայերի` առանց բացառության բոլոր սպանություններն իրականացվում էին մի առանձին դաժանությամբ, տասնյակ, երբեմն էլ հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ, ովքեր եթե անմիջական մասնակցություն չէին ունենում այդ կտտանքներում, ապա հաճախ խրախուսում ու բարոյապես աջակցում էին ջարդարարներին...Մի շարք դեպքերում տեղ են գտել աննախադեպ սադիզմն ու բարբարոսությունը...
ԽՍՀՄ Գլխավոր դատախազության պաշտոնական տվյալներով՝ անկարգությունների ժամանակ զոհվել են 26 հայ և 6 ադրբեջանցի քաղաքացիներ, վիրավորվել հարյուրից ավելին։ Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ այս թիվը խիստ նվազեցված է և չի համապատասխանում իրականությանը։ Ոչ պաշտոնական տվյալներով` սպանված հայերի թիվը հարյուրների է հասնում։
Սումգայիթյան ջարդերի գործով միակ դատավարությունը, որը գոնե ինչ-որ արձագանք է գտել ԽՍՀՄ ԶԼՄ-ներում, երեք ջարդարարների՝ Ահմեդ Ահմեդովի, Իլհամ Իսմայլովի, Յավար Ջաֆարովի դատավարությունն էր, որը տեղի էր ունեցել Մոսկվայում 1988թ. հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 18-ը՝ ԽՍՀՄ Գերագույն դատարանում։ Դատավարության նյութերը, քաղվածքները, բնականաբար, երբևէ չեն հրապարակվել խորհրդային կենտրոնական մամուլում... Բայց 1998թ. Ստեփանակերտում լույս տեսավ ՙՍումգայիթում հայազգի բնակչության դեմ իրականացված հանցագործությունների քրեական գործով դատավարության օրագիր՚ խորագիրը կրող գրքույկը: Հեղինակը՝ ծննդով ստեփանակերտցի, այն ժամանակ Մոսկվայի պետհամալսարանի մեխմաթ-ի ասպիրանտ Պավել Գևորգյանը, մի ամիս շարունակ որպես թարգմանիչ մասնակցում էր ԽՍՀՄ Գերագույն դատարանի հիշյալ դատավարությանը։ Հեղինակը հնարավորություն ուներ ոչ միայն ծանոթանալու մեղադրական եզրակացության հետ, այլև դրանից ամբողջ հատվածների կրկնօրինակներ ձեռքբերել...
Տեղի ունեցածի իրական պատկերը, որն ամբողջացավ տուժածների հարցաքննությունների արձանագրություններով, վկաների ցուցմունքներով, բացահայտեցին այնպիսի մանրամասներ, որոնց առջև կխամրեր ցանկացած երևակայական պատմություն...
Ուրեմն, ինչո՞ւ է ՄԱԿ¬ը լռում, ինչո՞ւ են լռում այդ Կոնվենցիայի տակ ստորագրած երկրները։ Էլ ի՞նչ ապացույցներ են պետք, որպեսզի վանդալիզմի այդ քայլը ցեղասպանություն որակվի։ Միջազգային հանրության անվճռականությունը, նրա տատանվելը, հանցագործին ու զոհին նույն նժարի վրա դնելու ձգտումը հանգեցրին նրան, որ Սումգայիթին հետևեցին Կիրովաբադը, ապա՝ Բաքուն, Շահումյանը, Մարաղան, Թալիշը...
Եվ միայն Աստված գիտի՝ կշարունակվի՞ այս շարքը։
Մեզ համար, սակայն, Սումգայիթից հետո պարզ դարձավ՝ Արցախի հայության համար հետդարձի ճանապարհ չկա։
Հայերի համար Սումգայիթը դարձավ 1915թ. Օսմանյան Թուրքիայում իրականացված Ցեղասպանության շարունակությունը, իսկ ադրբեջանցիներն ասոցացվում են թուրք ենիչերների ստոր հետնորդների հետ։
Մենք էլ, ինչպես արժան է իսկական քրիստոնյաներին, խնկարկենք անմեղ զոհված մեր ազգակիցների հիշատակը։ Ու մեզ բնորոշ լավատեսությամբ հուսանք, որ արդարությունը վաղ թե ուշ կհաղթանակի։