Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱՐՑԱԽԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՙՀԻԴՐՈՀՐԵՇՏԱԿ-ՊԱՀԱՊԱՆԸ՚

Ալեքսանդր ԹՈՎՄԱՍՅԱՆ

 Վերջերս լույս տեսավ պատմական գիտությունների դոկտոր, Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի ՙԱդրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հիդրոքաղաքականությունը՚ մենագրությունը։

6 գլխից բաղկացած գրքում արծարծվում են միջազգային հարաբերություններում գլոբալ հիդրոքաղաքականության հարցերը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հակիրճ պատմությունը, տարածաշրջանում, ինչպես նաև աշխարհի մի շարք այլ վայրերում առկա ջրի խնդիրը։ Համեմատաբար փոքրածավալ հետազոտությունը (150 էջ) մեծ քանակի հետաքրքիր տեղեկատվություն է պարունակում երկրագնդում ջրային ռեսուրսների աճող դերի ու երկրների միջև հարաբերություններում դրանց նշանակության մասին։
Անհիշելի ժամանակներից ջրի խնդիրն անդրադառնում էր ցեղերի ու պետությունների հարաբերությունների վրա։ Իսկ 21-րդ դարում այն էլ ավելի սրվեց բնակչության աճի, էկոլոգիական խնդիրների և գլոբալ տաքացման պատճառներով։ Հեղինակի կողմից հիշատակված ազգամիջյան մի շարք խնդիրներից առանձնացնենք միայն մեկը, որն առնչվում է Տիգրիս և Եփրատ գետերի օգտագործման հետ կապված` Թուրքիայի ծրագրերի հետ։ Դամասկոսն այս կապակցությամբ հայտարարում է, որ Թուրքիայի կողմից նշված գետերի վրա հիդրոնախագծերի իրականացումից հետո Սիրիան 2025 թվականին կստանա ջրի այնքան ծավալ, որը կազմում է ներկայումս նրան բաժին հասնող ջրի 16 տոկոսը, իսկ Իրաքը՝ 27 տոկոսը։ Այս մեղադրանքներին Թուրքիայի նախկին նախագահ Ս. Դեմիրելը դեռևս 1992թ. հունիսին այսպես էր արձագանքել. ՙՄենք հո չենք ասում, որ նրանք պետք է մեզ հետ կիսեն իրենց նավթային պաշարները։ Նրանք էլ չեն կարող մեր ջրային պաշարներից բաժին պահանջել։ Սա իքնիշխանության հարց է։ Մենք իրավունք ունենք անելու այն՝ ինչ ուզում ենք՚։
Առանձին գլխում ներկայացնելով Արցախի ջրային պաշարները (գետեր, լճեր, ջրամբարներ), Դավիթ Բաբայանը վեր է հանում 1921-1988թթ. ԼՂԻՄ-ում Ադրբեջանի վարած հիդրոքաղաքականությունը։ Այս ուղղությունը նույնպես Ստեփանակերտի նկատմամբ խտրականության դրսևորման ևս մի օղակ էր Բաքվի ընդհանուր քաղաքականության մեջ։ Նրանց գլխավոր հրամայականը (ինչպես նշում է հեղինակը) Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական զարգացմանն ամեն կերպ խոչընդոտելն էր՝ հայազգի բնակչության արտահոսքի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու միտումով։ Միաժամանակ, ԼՂԻՄ-ի ջրային պաշարներն առավելագույնս օգտագործվում էին հենց Ադրբեջանի կարիքների բավարարման համար։
Գրքում բերված բազմաթիվ փաստերը, ծավալուն վիճակագրությունը համոզիչ կերպով վկայում են Բաքվի նպատակաուղղված ջանքերի արդյունքների մասին։ Այսպես, 1980-ականների վերջում ԼՂԻՄ-ի 218 հազար հա գյուղատնտեսական նշանակության հողերից միայն 26,2 հազարն (12 տոկոս) էր ոռոգվում։ Մինչդեռ գոյություն ունեցող հիմնադրամները թույլ էին տալիս ոռոգվող վարելահողերի մակերեսը հասցնել մինչև 100 հազար հա-ի: Ունենալով ջրային հարուստ աղբյուրներ, մարզը ոռոգվող ջրի տևական անբավարարություն էր զգում, իսկ Ադրբեջանի սահմանակից շրջաններում (Աղդամ, Ֆիզուլի, Ջաբրայիլ և այլն) իրավիճակը շատ ավելի բարվոք էր։ Սարսանգի ջրամբարը (Արցախում ամենախոշորը) ոռոգում էր 128 հազար հա տարածք, որից 110 հազար հա-ն՝ ԼՂԻՄ-ի սահմաններից դուրս։ Իսկ սեփական գյուղատնտեսական հողերը Սարսանգի ջրով ոռոգելու նպատակով խողովակաշարերի կառուցմանը հասնելու մարզային ղեկավարության փորձերն արգելափակվում էին Բաքվի իշխանությունների կողմից։ Այս ամենը չէր կարող իր ազդեցությունը չունենալ հացահատիկայինների, բանջարեղենի ու մրգերի բերքատվության վրա։
Ստեփանակերտում չափազանց սուր էր խմելու ջրի խնդիրը, հատկապես ամռան շրջանում։ Բայց իրավիճակը բարելավելու ոչ մի փորձ չէր ձեռնարկվում։ Այս և նմանատիպ այլ պատճառներով հայազգի բնակչությունը դուրս էր մղվում մարզից, այն դեպքում, երբ ադրբեջանական բնակչության թիվն ավելանում էր։ 1921-1981թթ. ԼՂԻՄ-ում ի հայտ եկան ադրբեջանական նոր գյուղեր։ Ընդ որում, դրանք այնպես էին տեղակայված, որ մարզի բոլոր կարևոր, շրջկենտրոններն իրար կապող մայրուղիները, որպես կանոն, անցնում էին կամ Ադրբեջանի սահմանամերձ շրջանների, կամ Ղարաբաղի ներսում ադրբեջանական գյուղերի միջով։ Նոր գյուղերը հիմնադրվում էին գետերի կամ դրանց վտակների ակունքներում, որպեսզի ջրային պաշարները վերահսկվեին։ Ջրի յուրօրինակ պահապաններ էին սրանք, որոնց հետ ստիպված էինք հաշտվել։ Ադրբեջանի ժողովրդագրական ագրեսիայի ակնառու օրինակ էր Խոջալլու գյուղը։ 1926թ. մարդահամարի համաձայն` գյուղն ամբողջությամբ հայկական էր` 888 բնակչով։ 50-ական թվականների վերջում այստեղ սկսեցին բնակություն հաստատել ադրբեջանցիներ։ Այսպես հայկական գյուղի կողքին հայտնվեց ադրբեջանական Խոջալլուն։ 1977թ. հայկական գյուղն արդեն չէր հիշատակվում։ Իսկ 1989թ. այն արդեն զուտ ադրբեջանական բնակավայր էր՝ 1661 բնակչով։ Նման բախտի էին արժանացել նաև մարզի հայկական այլ գյուղեր։
Հեղինակը ներկայացնում է նաև քիչ հայտնի, շատերի կողմից մոռացված մի փաստ, որը վկայում է այն մասին, որ 30-ական թվականներին Ադրբեջանին ինչ-որ կերպ հաջողվեց հօգուտ իրեն փոխել Հայաստանի հետ իր սահմանը Քելբաջարի շրջանում՝ իր կազմում ներառելով Մեծ և Փոքր Ալ լճերի մերձակա տարածքները։ Արդյունքում Ադրբեջանը վերահսկողություն ստացավ Արփա և Որոտան գետերի ակունքների վրա։ Հայ կոմունիստների կողմից շռա՞յլ նվեր չէր սա` պրոլետարական իմպերիալիզմի դրոշի տակ:
Դավիթ Բաբայանն անդրադարձ է կատարում նաև Ադրբեջանի կողմից իրականացվող հիդրոահաբեկչության քաղաքականությանը։ Այսպես, 70-ական թվականների կեսերին ԼՂԻՄ-ի բնակչությունը, չգիտես ինչու, սկսեց առաջատար դիրքեր դուրս գալ` ըստ ուռուցքաբանական հիվանդությունների տարածվածության, և այդ միտումը 80-ականներին ավելի աճեց։ Հեղինակը դա կապում է խմելու ջրի հետ, որին ավելացնում էին քիմիական նյութեր։ Քաղցկեղով հիվանդների թիվն ամենաշատը Ստեփանակերտում էր։ Այստեղ ջուրը հասնում էր Ղայբալու գետից (գլխավորապես ադրբեջանցիներով բնակեցված Շուշիի շրջանից), իսկ ջրի վերահսկողությունն իրականացվում էր ադրբեջանցի ոստիկանների կողմից։ Հատկանշական է, որ Շուշիի շրջանն ուռուցքաբանական հիվանդությունների քանակով ԼՂԻՄ-ում վերջին տեղն էր զբաղեցնում: Իսկ այն հայտնի փաստը, որ 1991թ. ադրբեջանցիները Ստեփանակերտը խմելու ջրով ապահովող գետերից մեկի մեջ խիստ թունավոր քիմիական նյութ՝ կրեոլին էին լցնում, ապացուցում է նման տեսակետի համոզիչ լինելը։ Այն ժամանակ տասնյակ մարդիկ հոսպիտալացվեցին, բազմաթիվ ընտանի կենդանիներ ոչնչացան։
Մենագրության մեջ դիտարկվում է Արցախի ջրային պաշարների ներկա իրավիճակը, հիդրոէներգետիկայի զարգացման հեռանկարները, ջրային ոլորտում Իրանի հետ համագործակցության հնարավորությունը, ինչու չէ, նաև Ադրբեջանի հետ, եթե վերջինս հրաժարվի իր ագրեսիվ մտադրություններից։
Եզրափակելով, Դավիթ Բաբայանը հրամայական պահանջով ընդգծում է, որ հակամարտության հանգուցալուծման շրջանակներում Արցախն ու Հայաստանը պետք է առաջին հերթին ապահովեն Ղարաբաղի էկոլոգիական անվտանգությունը և խուսափեն այս հարցում Հայաստանի համար առկա իրական սպառնալիքից։
Այս համատեքստում բացառիկ նշանակություն են ձեռք բերում Քարվաճառի ու Քաշաթաղի շրջանները։ Առանց այս շրջանների Արցախը չի կարողանա ապահովել բնակչության անվտանգությունն ու պահպանել պետականությունը, իսկ Հայաստանը կարող է կորցնել իր գլխավոր ջրային հարստությունը՝ Սևանա լիճը, որը սնուցվում է Քարվաճառի շրջանում սկիզբ առնող Արփա և Որոտան գետերի ջրերով։ Այս յուրատեսակ ՙհիդրոհրեշտակ-պահապան՚-ի մասին հայ քաղաքական գործիչները երբեք չպետք է մոռանան։
Գոլոս Արմենիի