ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Մարինա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 15 տարի է անցել այն սարսափելի օրվանից, երբ Եվրոպայով մեկ տարածվեց Բուդապեշտում կատարված հրեշավոր հանցագործության մասին լուրը։ Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը 2004թ. լույս 19-ի գիշերը մուտք գործեց Գուրգեն Մարգարյանի սենյակ և քնած հայ սպային կացնով 16 հարված հասցրեց՝ գլուխը գրեթե անջատելով մարմնից։ Այնուհետև Սաֆարովը փորձել է ներխուժել երկրորդ հայ սպայի՝ Հայկ Մակուչյանի սենյակ, որպեսզի նրան ևս սպանի։ Բոլոր երեքը ՙԳործընկերություն հանուն խաղաղության՚ ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում անցկացվող անգլերեն լեզվի դասընթացների մասնակիցներ էին։

Հանցագործությունը կատարելուց անմիջապես հետո Սաֆարովին Ադրբեջանում հերոս հռչակեցին, ու նրա օգտին զանգվածային քարոզչական արշավ սկսվեց։ Նպատակը մեկն էր. հայ սպաներին մեղադրել սպանություն հրահրելու մեջ, հանցագործին արդարացնել ու հունգարական արդարադատության ձեռքից խլել, նրան Ադրբեջան վերադարձնել ու պատժից ազատել։
Դատավարության ընթացքում, սակայն, հայ մասնակիցների հասցեին հնչեցրած մեղադրանքներից ոչ մեկը չհաստատվեց, Բաքվին չհաջողվեց հասնել Սաֆարովի արագ արտահանձնմանը, իսկ ապրիլի 13-ին Բուդապեշտի քաղաքային դատարանը նրան ցմահ ազատազրկման դատապարտեց՝ առանց առաջին 30 տարում ներման խնդրագիր ներկայացնելու իրավունքի։ 2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարության և Ադրբեջանի իշխանությունների միջև հանցավոր գործարքի արդյունքում մարդասպանին Բաքու վերադարձրին, անմիջապես ներում շնորհեցին և ամեն տեսակի պատիվների արժանացրին. նրան բնակարան նվիրեցին, բարձրացրին զինվորական կոչումը և վճարեցին խիստ ռեժիմի հունգարական բանտում եղած 8 տարիների աշխատավարձը։
Հետագայում հայկական կողմը դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան` Սաֆարովին Հունգարիա կամ պատիժը կրելու համար որևէ երրորդ երկիր վերադարձնելու պահանջով։ 2016թ. ՄԻԵԴ-ը տվյալ գործով որպես պատասխանող կողմ է ճանաչել Ադրբեջանին և Հունգարիային, և ներկայումս սպասվում է որոշման կայացումը։ Ավելի վաղ, 2014թ. մայիսին, ԵԽԽՎ Հանձնաժողովը դատապարտեց Սաֆարովի պարագայում դատապարտյալներին հանձնելու մասին Եվրոպական կոնվենցիայի 12-րդ հոդվածի կիրառումը, իսկ նույն տարվա նոյեմբերին Վեհաժողովի մշտական կոմիտեն բանաձև ընդունեց, որում Ադրբեջանին դատապարտեց մարդասպանի վաղաժամ ազատ արձակումն արդարացնելու նպատակով կոնվենցիան կիրառելու համար՝ ընդգծելով, որ դա ՙօրենքի գերակայության սկզբունքների և միջազգային հարաբերություններում բարեխղճության խախտում էր՚։
Սա՝ ինչ վերաբերում է հարցի իրավական կողմին։ Սակայն տվյալ պարագայում ոչ պակաս կարևոր է նրա քաղաքական բաղադրիչը, այդ թվում նաև հասկանալու համար այն իրավիճակը, որը ձևավորվել է տարածաշրջանում Բուդապեշտում կատարված սպանությունից հետո։ Ավելի ճիշտ, Իլհամ Ալիևի իշխանության գալուց հետո։
Ալիև կրտսերն Ադրբեջանի նախագահ է ընտրվել 2003թ. հոկտեմբերի 31-ին։ Ընդամենը երեքուկես ամիս անց Ռամիլ Սաֆարովն իրագործեց Գուրգեն Մարգարյանի սպանությունը։ Ինչպես տվյալ գործի, այնպես էլ տարածաշրջանային գործընթացների հետագա ողջ զարգացումը հանցագործության պատվիրատուի և կազմակերպչի վերաբերյալ հարցի բազմաթիվ և առավել քան համոզիչ պատասխաններ տվեց։ Որևէ կասկած չկա նրանում, որ բուդապեշտյան հանցագործությունը դարձավ Իլհամ Ալիևի առաջին արյունոտ ուղերձը, ով այդկերպ հայտարարեց այդ պաշտոնում ունեցած սեփական մտադրությունների ու ծրագրերի մասին։ Դրանով իսկ Ալիևը հայտարարեց հայատյացությունն ու հայերի նկատմամբ ցեղասպանական գործողություններն իր երկրի պետական քաղաքականության աստիճան բարձրացնելու մասին։ Դրա յուրօրինակ բարձրակետը դարձավ Ռամիլ Սաֆարովի հունգարական փաստաբանի աննախադեպ հայտարարությունը, ով 2006թ. ապրիլին դատարանի դահլիճում իր ավարտական խոսքում հայտարարեց. ՙՀայի սպանությունն Ադրբեջանում հանցագործություն չի համարվում՚։ Այդ բանաձևը բազմիցս համոզիչ հաստատում է ստացել Իլհամ Ալիևի կառավարման բոլոր 15 տարիների, այդ թվում նաև 2016թ. ապրիլյան պատերազմի ընթացքում։ Եվ եթե 2012թ. Բաքվի բռնապետը ձեռնպահ է մնացել մարդասպան Սաֆարովի հետ անձամբ հանդիպում ունենալուց, ապա 4 տարի անց նա ցուցադրաբար պետական պարգև է հանձնել զինծառայող Էլնուր Ֆերզալիևին, ով գլխատել է հայ զինվոր Քյարամ Սլոյանին, իսկ այնուհետև տեսախցիկի առաջ սահմռկեցուցիչ ՙռազմավարի՚ հետ կեցվածք ընդունել ու այդ տեսակադրերը սոցցանցերում տարածել։
Այսօր Բաքվում ջանք չեն խնայում, որպեսզի հասնեն այն երկու դիվերսանտների ազատ արձակմանը և Ադրբեջան վերադարձնելուն, ովքեր 2014թ. ամռանը ապօրինաբար ներթափանցել են Արցախի տարածք ու այնտեղ ահաբեկչական գործողություններ իրականացրել: Փախստականների ընտանիքից 17-ամյա դեռահասի, ինչպես նաև հայկական բանակի մայորի սպանության համար նրանցից մեկը Ստեփանակերտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման է դատապարտվել։ Բոլոր նախորդ տարիներին նախագահ Ալիևն անհաջող կերպով փորձում է այդ երկուսին Ադրբեջան վերադարձնել, որտեղ նրանք, անկասկած, նույնպես ներման կարժանանան, կխրախուսվեն ամեն տեսակի պատիվներով ու ազգային հերոսներ կհայտարարվեն։ Բայց միայն Բաքվում հաշվի չեն առնում, որ այս անգամ գործ ունեն ոչ թե Հունգարիայի ծախու վարչապետի, այլ Արցախի Հանրապետության իշխանությունների հետ։
Ադրբեջանական բանակի և պետության համար իսկական խայտառակություն դարձած բուդապեշտյան հանցագործությունը, ինչպես նաև Բաքվին Սաֆարովի հանձնումը խստորեն դատապարտվել են միջազգային կազմակերպությունների և համաշխարհային առաջատար գերտերությունների կողմից։ Սակայն նման ստորացմանն ընտելացած Իլհամ Ալիևը ոչ միայն մտադիր չէ հրաժարվել իր հանցավոր քաղաքականությունից, այլ 2015թ. օգոստոսին էլ, հերթական անգամ խոստանալով ինչ գնով էլ լինի դիվերսանտներին ազատել, հայտարարել է, որ Սաֆարովի պարագայում ամեն ինչ ճիշտ է արել և իրեն չի հետաքրքրում այդ հարցի շուրջ որևէ մեկի ունեցած կարծիքը։
Այսօր Ռամիլ Սաֆարովը հանգիստ ապրում է Բաքվում, շարունակում ազգային հերոս համարվել և ծառայողական առաջխաղացումներ ստանալ։ Իսկ ադրբեջանական քարոզչամեքենան առիթը բաց չի թողնում հայերին հիշեցնելու այդ մասին` ժամանակ առ ժամանակ ՙհերոսի՚ մասին ինչ-որ բամբասանքներ ու անհեթեթություններ տարածելով, ՙհերոս՚, ով ունակ է միայն գիշերով քնած մարդուն վախկոտաբար սպանել։ Այդ համապատկերին համանախագահները երկու երկրների բնակչությանը խաղաղության պատրաստվելու կոչ են անում, իսկ Բաքվում ինչ-որ հերթապահ միջոցառումներ են կազմակերպում, որոնց միակ ուղերձն Ադրբեջանի իրագործած ամեն բանում հայերին մեղադրելն է։ Համաձայնեք, այդ նողկալի խրախճանքը դժվար է այլ կերպ, քան քաղաքական լկտիության բարձրագույն դրևորում անվանել։ Ինչպես նաև՝ միջնորդների կողմից Իլհամ Ալիևին տրված ինդուլգենցիա հետագա արյունոտ հանցագործությունների համար։
www.golosarmenii.am