[ARM]     [RUS]     [ENG]

ԴՊՐՈՑԸ՝ ԱՊԱԳԱ ՍԵՐՆԴԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԸ

Վեհանուշ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հանդիպում-քննարկում Ասկերանում

Ասկերանում օրերս տեղի է ունեցել շրջանի հանրակրթական դպրոցների տնօրենների, փոխտնօրենների և կազմակերպիչների հետ հանդիպում-քննարկում։

Քննարկմանը բացման խոսքով հանդես է եկել Ասկերանի շրջվարչակազմի նորանշանակ ղեկավար Հակոբ Ղահրամանյանը։ Նրա խոսքով՝ հանդիպում-քննարկումը կրում է շրջանի կրթության համակարգի հարցերին և խնդիրներին ծանոթանալու նպատակ։
Խոսելով կրթական համակարգի մասին՝ շրջվարչակազմի ղեկավարն ասել է, որ զարգացած երկիր կառուցելու համար առաջին հերթին անհրաժեշտ է գիտելիքահենք տնտեսություն, իսկ դրա համար անհրաժեշտ է ունենալ զարգացած ու առաջադեմ կրթական համակարգ։
ՙԲացի տնտեսական շարժիչ ուժ լինելուց, դպրոցը նաև ապագա սերնդի դաստիարակության հիմքն է։ Կարծում եմ՝ ունենք և՜ կամք, և՜ ցանկություն վերականգնելու մեր դպրոցների և ուսուցիչների երբեմնի, ոչ հեռավոր անցյալի հեղինակությունը։ Շրջանի հանրակրթական դպրոցներում այսօր ունենք լավ մասնագետներ և դպրոցներ, որոնց փորձն օրինակ կարող է հանդիսանալ շատերի համար՚,-մասնավորապես նշել է Հ. Ղահրամանյանը։
Ասկերանի շրջվարչակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը, ներկայացնելով շրջանի կրթության պատկերը, նշել է, որ շրջանում գործում են 25 միջնակարգ, 8 հիմնական և 5 տարրական դպրոցներ։ Դպրոցներում ընդհանուր կրթության մակարդակը բավարար է։ Անցյալ տարի առարկայական օլիմպիադաներում Ասկերանի շրջանն առաջին մրցանակային տեղն էր գրավել. այսօր էլ ընթացող հանրապետական փուլում ունեն գերազանց արդյունքներ։ Խոսելով խնդիրների մասին՝ ոլորտի պատասխանատուն նաև ասել է, որ այս տարի նախատեսված է վերանորոգել շրջանի Նախիջևանիկի և Ավետարանոցի դպրոցները, իսկ 2020 թվականին՝ սահմանային Խնապատ և Խրամորթ գյուղերում պետք է նոր դպրոցներ կառուցվեն։
ՙՙԱպագա սերունդներ՚ հիմնադրամի միջոցներով Նախիջևանիկի դպրոցում կստեղծվի համակարգչային կենտրոն, Ասկերանում կկառուցվի բացօթյա խաղահրապարակ, երիտասարդների համար` ֆիթնես կենտրոն։ ՀՀ կենտրոնական բանկի խողովակներով նաև 8 համակարգիչ ենք ստացել. դրանք տրամադրվել են շրջանի դպրոցներին։ Շրջանում ունենք մաթեմատիկա և ֆիզիկա առարկաների ուսուցիչների պակաս։ Ցանկանում ենք ստեղծել այնպիսի պայմաններ, որ աշակերտներն ստանան նաև արտադպրոցական ուսուցում։ Ասկերանում ունենք նաև ՙԱրմաթ՚ լաբորատորիաների ցանց։ Մեծ թվով երեխաներ հաճախում են ՙԹումո՚ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն՝ արձանագրելով բարձր ցուցանիշներ՚,-իրազեկել է Կ. Մայիլյանը։
Հանդիպմանն ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, խոսելով կրթության քաղաքականության, նոր ծրագրերի և կրթական համակարգում իրականացվող միջոցառումների մասին, նշել է, որ նման հանդիպումներում են ի հայտ գալիս ուսուցիչների մտահոգություններն ու դպրոցներում առկա խնդիրները։
Ըստ ԿԳՍ նախարարի՝ ամեն ինչի հիմքում կրթությունն է և, հետևաբար, շատ կարևոր է բոլորի ջանքերի համադրումը և համագործակցությունը՝ ի նպաստ կրթության։
Խոսելով հետագա անելիքների մասին՝ Ն. Աղաբալյանը մասնավորապես նշել է. ՙՆախարարությունն աշխատանքներ է իրականացնում կրթության նոր հայեցակարգի և ռազմավարության մշակման ուղղությամբ։ Այդ առիթով ուզում եմ տեղեկացնել, որ մարտ ամսին նախատեսվում է Արցախում կազմակերպել արցախյան կրթական ֆորում, որին կմասնակցեն ուսուցիչներ, տնօրեններ կրթական համակարգի փորձագետներ և ոլորտում մեծ հաջողությունների հասած մասնագետներ։ Ֆորումի ժամանակ կներկայացվեն ոլորտի նորությունները։ Վերանայվելու է ուսուցիչների ատեստավորման կարգը, նրանց տարակարգեր շնորհելու համակարգը, ուսուցիչների ընդունելության ընթացակարգը՝ դրանցով իսկ խրախուսելով լավագույն ուսուցիչների աշխատանքը՚։
Հանդիպմանը դպրոցների ներկայացուցիչները հանդես են եկել իրենց հուզող հարցերով և առաջարկներով։