Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՐՑԱԽԱ-ԻՐԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՂԱՑՈՒՄԸ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԵՐԻ ՇԱՀԵՐԻՑ Է ԲԽՈՒՄ

 

 

 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

 

Մերձավոր Արևելքում Իրանի՝ որպես տարածաշրջանային դերակատարի, գործողությունների գլխավոր հակազդողներն էին Թուրքիան, Իսրայելը և Սաուդյան Արաբիան։ Ներկայում, երբ Սպիտակ տունը վարում է Թուրքիային մարգինալացնելու քաղաքականություն, Իրանի դիրքերը թուլացնելու գործընթացում ինքնաբերաբար բարձրացվում է մյուս երկուսի նշանակությունը։ Իսկ Հարավային Կովկասում այդ երկու երկրների դաշնակիցն Ադրբեջանն է, հետևապես, վերջինս կարելի է օգտագործել որպես հարթակ Իրանի դեմ հրահրվող ռազմական սադրանքների ժամանակ։ Այս խնդիրը, բնականաբար, չենք կարող անտեսել, քանի որ Արցախի Հանրապետությունն Իրանի Իսլամական Հանրապետության հետ ունի ընդհանուր սահման։
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի՝ Իրան կատարած այցից հետո, մարտի 10-ին և 12-ին Իրան-Ադրբեջան սահմանային հատվածում տեղի ունեցան զինված ընդհարումներ։ Առաջինը՝ Իրանի հետ Արցախի սահմանի մերձակայքում՝ ՙՀորադիզ՚ սահմանապահ ջոկատի կողմից վերահսկվող տարածքին կից, երկրորդը՝ Թալիշստանում։ Առաջին ընդհարումն ուղեկցվել է փոխհրաձգությամբ, որի արդյունքում վիրավորվել են ադրբեջանցի երկու սահմանապահներ։ Նրանցից մեկը մահացել է հիվանդանոցի ճանապարհին։ Չնայած որոշ փորձագետներ կատարվածի մեջ բացառել են քաղաքական ենթատեքստը` այն հիմքով, որ միջադեպը թմրամիջոցների ապօրինի առքուվաճառքի հետ էր կապված, այդուհանդերձ, չեն ժխտել նաև Իրան-Ադրբեջան սահմանին առկա խնդիրը։
Մեզ համար մտահոգիչն այն է, որ փոխհրաձգությունը տեղի է ունեցել իրանա-ադրբեջանական սահմանի այն հատվածում, որը գտնվում է Արցախին շատ մոտ։ Սրանից կարելի է պարզ հետևություն անել՝ ինչ-ինչ նպատակներով սադրանքներ են կազմակերպվում Արցախ-Իրան սահմանի հարևանությամբ, կամ էլ՝ Արցախի տարածքը ներառվում է նման գործողություններում։ Իրանագետները վկայակոչում են այն փաստը, որ վերջին մեկ տասնամյակի ընթացքում սահմանային նման միջադեպեր արձանագրվում են այն ժամանակ, երբ Ադրբեջանի և Իրանի միջև անվստահության մթնոլորտ է առաջանում։
Միացյալ Նահանգների կողմից տարվող հակաիրանական քաղաքականության, ինչպես նաև Իսրայել-Ադրբեջան ռազմատեխնիկական ինտենսիվ փոխհամագործակցության պայմաններում իրանական սահմանապահ ծառայությունները ցուցաբերում են զգոնության բարձր մակարդակ։ Կա նաև թմրամիջոցների տեղափոխման հետ կապված հարց. դրանք Աֆղանստանից բերվում են Իրան, այդտեղից էլ փորձում են արտահանել տարբեր երկրներ։ Մեզ հայտնի են հայկական կողմից թմրամիջոցների տեղափոխումը կանխարգելելու փաստեր։
Հայկական երկու պետությունները մշտապես կարևորել են Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացումն ու խորացումը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրանական այցի նախապատրաստման շրջանակներում ԻԻՀ- ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հարցազրույց էր տվել ՙMehr՚ լրատվական գործակալությանը և ընդգծել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունում ստատուս-քվոյի պահպանման մեջ Իրանի շահագրգռվածությունը։ Թումանյանի շեշտադրումներից մեկն էլ վերաբերում էր հայկական և իրանական լրատվամիջոցների միջև փոխհամագործակցության ընդլայնմանը։
Իրանի նման հավասարակշռված քաղաքականությունը պայմանավորված է, նախևառաջ, Արցախի Հանրապետության հետ ունեցած սահմանով, որը ձգվում է մինչև 138 կմ։ Այն պարագայում, երբ Իրան-Ադրբեջան հակասությունների առանցքում մշտապես դիտարկվում է Իրանական Ադրբեջանի (պատմական Իրանի հյուսիսային մասն է, որը դարձել է ՙհարավային Ադրբեջան՚՝ այդ երկրի ի հայտ գալու պահից) խնդիրը, Իրանի ղեկավարությունը, պարզ է, երբեք չի ցանկանա հայկական կողմի հետ ներկայում ունեցած սահմանագծի որևէ փոփոխություն։ Դա ուղղակիորեն կհակասի նրա շահերին։ Ադրբեջանի ղեկավարությունն այսօր էլ երկրի հարավում շարունակում է ուժեղացնել հակաիրանական գաղափարախոսությունը, որը ոչ այլ ինչ է, քան պանթուրքիզմի քարոզչություն։
Արցախ-Իրան հարաբերությունների զարգացումը պաշտոնական Ստեփանակերտը դիտարկում է գլխավորապես տարածաշրջանում խաղաղության պահպանման տեսանկյունից։ Վկայակոչենք 2017-ի դեկտեմբերին ԱՀ արտգործնախարար Մ. Մայիլյանի հարցազրույցն իրանական ՙՇարղ՚ օրաթերթին: Արտգործնախարարն ասել էր, որ ԱՀ-ն գնահատում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության նկատմամբ Իրանի հավասարակշռված քաղաքականությունը, մասնավորապես այն, որ 1992թ. առաջին կեսին հակամարտության կարգավորման գործընթացում Իրանը հանդես է եկել որպես միջնորդ, ինչը վկայում է տարածաշրջանի խաղաղության ապահովման գործում այդ երկրի շահագրգռվածությունը։ Այսօր էլ պաշտոնական Թեհրանը պատրաստակամություն է հայտնում կրկին միջնորդական առաքելություն իրականացնել այդ գործընթացում։ Մայիլյանը, միաժամանակ, ուշադրություն է հրավիրել այն խնդրին, որ Արցախի և Իրանի միջև սահմանն առայսօր մնում է փակ, չնայած երկու ժողովուրդների միջև առկա բարիդրացիական հարաբերություններին։
Փակ սահմանի խնդիրը՝ մի կողմից, մյուս կողմից էլ՝ Արցախի հարևանությամբ իրանա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զինված բախումներն ու տարաբնույթ ռազմական սադրանքներն ուշադրություն են պահանջում երկու կողմից։ Այս համատեքստում, կարծում ենք, հետաքրքրություն է ներկայացնում ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցում ՀՀ վարչապետի իրանական այցի մեկնաբանությունը։ Պաշտոնական Բաքվին ակնհայտորեն չի բավարարում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Իրանի դիրքորոշումը, որովհետև այն չի համադրվում ստատուս-քվոն փոխելու Ադրբեջանի ձգտումներին։ Ալիևյան կլանին սպասարկող լրատվամիջոցը, ընդհանրացնելով վարչապետի այցի արդյունքները, հետևություն էր արել, որ Բաքուն պետք է հակաիրանական անվտանգային համակարգի ստեղծման ուղղությամբ քայլեր ձեռնարկի։
Մեր պարագայում, երբ Ադրբեջանի և Իրանի միջև ռազմական սադրանքները տեղի են ունենում Արցախ-Իրան սահմանի հարևանությամբ, հրատապ է դառնում այդ սահմանի անվտանգության ուժեղացումը, որը բխում է երկու կողմերի շահերից։