[ARM]     [RUS]     [ENG]

ՉԻ ԿԱՐԵԼԻ ԶԻՋՈՒՄՆԵՐ ԱՆԵԼ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՇՎԻՆ

altՀՅԴ-ն այս կարգախոսը հնչեցրեց Արցախում 
Ս. թ. մարտի 30-ից ապրիլի 1-ը Երևանում տեղի է ունեցել Հայ Դատի խորհրդաժողովը, որին մասնակցել են այդ կառույցի՝ աշխարհի 25 երկրներում գործող գրասենյակների պատասխանատուները։ Քննարկվել են ներկա աշխարհաքաղաքական իրավիճակը, արտաքին մարտահրավերները և դրանց հետ կապված մտահոգությունները։ 
Արցախի հանրությանն այդ ամենին իրազեկելու նպատակով ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեն ապրիլի 13-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կազմակերպեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Լևոն ՄԿՐՏՉՅԱՆԻ և Հայ Դատի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո ՄԱՆՈՅԱՆԻ հանդիպումը 
Արցախի կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, մտավորականության և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։ Բանախոսներն անդրադարձան հայկական հիմնախնդիրներին, Հայ Դատի ռազմավարությանը, ինչպես նաև կառույցի կողմից կատարվող աշխատանքներին։
ՀՅԴ Բյուրոյի անդամ Լևոն Մկրտչյանի ելույթը Հայ Դատի ռազմավարության և դրանից բխող անելիքների մասին էր։ Նա շեշտեց, որ Երևանում տեղի ունեցած՝ Հայ Դատի կազմակերպությունների համաշխարհային խորհրդաժողովը՝ գրեթե բոլոր հանձնախմբերի ներկայացուցիչների մասնակցությամբ, ուշադրություն է դարձրել ոչ այնքան ռազմավարական կամ հայեցակարգային խնդիրներին, որքան՝ գործնական ծրագրերին։ Դրանց մեջ առանձնահատուկ տեղ են գրավում Արցախի հիմնախնդիրը և դրան առնչվող անելիքները։ Լ. Մկրտչյանը կարևորեց ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ և Ազգային ժողովում տեղի ունեցած հանդիպումները, որոնց ընթացքում ներկայացվել են այն ծրագրերը, որոնք առաջիկայում կուսակցությունը մտադիր է իրականացնել։ 
Ընդհանուր ժողովի ժամանակ խնդիր դրվեց մշակել Հայ Դատի ռազմավարության նոր՝ առաջիկա 4 տարիների նախագիծը, ինչը, Լ. Մկրտչյանի խոսքերով, ամենակարևոր և սկզբունքային հիմնահարցն էր։ Դրա հիմքում այն իրողությունն է, որ մեր տարածաշրջանը մտնում է ուժերի վերաբաշխման և ազդեցության ոլորտների ճշտման մի նոր փուլ, որն աշխարհաքաղաքական այս գործընթացներում ամենատարբեր և ամենաբազմազան խնդիրներն է դնում դաշնակցության առջև։ ՀՅԴ բյուրոյի անդամի վկայությամբ՝ կուսակցության ռազմավարության մեջ հատուկ շեշտված է, որ, այսպես կոչված, հայկական թղթածրարը, որում արտացոլված են հայ ժողովրդի ազգային նպատակները, մեկ ամբողջություն է՝ կազմված  ռազմավարական միևնույն արժեքն ունեցող խնդիրներից և ուղղություններից։ 
ՙՄեր ժողովրդի առջև ծառացած գլխավոր խնդիրները քաղաքական առումով ընդգրկում են 5 հիմնական ուղղություններ,- ընդգծեց բանախոսը և հավելեց,- առաջինը հայ-թուրքական հարաբերությունների և Հայոց ցեղասպանության հիմնահարցերն են։ Այդ ուղղությունը վերջին տարիներին գործնական մեծ դաշտ է տեղափոխվել։ Հաջորդ ուղղությունում արցախյան հիմնախնդիրն է, որտեղ ներկա դրությամբ նկատվում են շատ վտանգավոր միտումներ։ Ադրբեջանա-թուրքական տանդեմը, որը բավականին հստակ հանդես է գալիս բոլոր ճակատներում, աշխատում է միասնական, բացի այդ՝ ադրբեջանցիներն ու թուրքերն սկսել են ձևավորել իրենց սփյուռքը՝ միաժամանակ նախաձեռնելով հզոր քարոզարշավ, ինչը մեզ համար, բնականաբար, խնդիրներ է հարուցում։ Մեկ այլ ուղղությունում Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրն է, որը կապված է աշխարհաքաղաքական ներկա իրողությունների հետ։ Եվ՝ Ջավախքի հիմնահարցը. ներկայում բավականին լուրջ գործընթացներ են տեղի ունենում հայության այդ հատվածում՚։
Բոլոր ուղղությունները փոխկապակցված են, և եթե մեկ ուղղությունում արձանագրվում են հաջողություններ, ապա դրանք միանգամից անդրադառնում են մյուս ուղղությունների վրա։ Անհաջողությունները նույնպես հարվածում են մյուս ուղղություններին։ 
Բանախոսը, անդրադառնալով մայիսյան հաղթանակի 20-ամյակին՝ նշեց, որ մեր ժողովուրդը կարողացավ Արցախյան ազատամարտի շնորհիվ որակական տեղաշարժ արձանագրել, որը պայմանականորեն մեզ բերեց համաշխարհային մասշտաբով մի նոր դաշտ։ Նրա բնութագրմամբ՝ եթե մինչև Արցախյան ազատամարտն ունեինք գոյապահպանության խնդիր, ապա արցախյան հաղթանակներից և հատկապես Հայաստանում պետականաշինության հաջող ընթացքից հետո մենք արդեն ունենք լինելության խնդիր։ Ասել է թե՝ գոյապահպանության հարցից մեր երկիրն անցել է իր՝ հայկական գործոնը համաշխարհային առումով ամրագրելու հիմնախնդրին։ Այժմ մեր ժողովուրդը շանս ունի 21-րդ դարում հանդես գալ ոչ թե իբրև ժողովուրդ, որը ֆիզիկապես պահպանվելու մտահոգություն ունի, այլ ժողովուրդ, որը համաշխարհային քաղաքակրթության մեջ իր տեսակի շարունակականությունն արդեն պահպանում է բոլորովին այլ հիմքի վրա։ Իր սեփական ներուժի վրա հենվելով։
Լ. Մկրտչյանի խոսքերով՝ ոչ ոք չէր հավատում, որ 60-ական թվականներին Հայոց ցեղասպանության գործընթացը կարող էր հաջողություն ունենալ։ Ցեղասպանության ուղղության մեջ կուսակցության հիմնական նպատակն է ցեղասպանության միջազգային ճանաչումից անցնել պահանջատիրության միջազգային ճանաչմանը։ Սա չի նշանակում, թե հերթական անգամ հողերի պահանջ է ներկայացվում, այլ նշանակում է հետևողական աշխատանք, որպեսզի հիմնավորվի ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի իրավունքը՝ պահանջատեր լինելու Թուրքիայից, ընդ որում՝ բոլոր ուղղություններով։ Իսկ դրանք կարող են տարբեր լինել. վերջին իրադարձությունը եկեղեցիների վերադարձի համար այն պայքարն էր, որը Հայ Դատի հանձնախմբերը, ողջ ամերիկահայությունը սկսեցին ԱՄՆ Կոնգրեսում։ Նույն կերպ աշխատանք ծավալվեց Ջավախքի ուղղությամբ։ Ջավախահայությանը շոշափելի տնտեսական օգնություն ցուցաբերելու հարցը դրվեց, և այսօր կուսակցության ջանքերով ԱՄՆ-ի՝ Վրաստանին ուղղված ծրագրերի փաթեթի մեջ արտացոլված է Ջավախքին տրվող տնտեսական օգնությունը, որը պետք է ուղղվի ճանապարհաշինությանը, փոքր բիզնեսի զարգացմանը, ինչպես նաև ժողովրդավարության զարգացմանը։ Այս ամենն ուղղված է այն բանին, որ ջավախահայությունն իրեն լավ զգա  Վրաստանում՝ իր ողջ ներուժով։
ՀՅԴ բյուրոյի անդամի համոզմամբ՝ ժամանակն է, որպեսզի արցախյան հիմնախնդրում կուսակցությունն իր միջոցներով ու հնարավորություններով, համակիրների հետ միասին, արտաքին աշխարհում ծավալի գործընթաց Արցախի իրավական ճանաչման ուղղությամբ, քանզի Արցախի ձեռքբերումները բոլոր ուղղություններով ակնառու են։ Այստեղ կերտվում է միջազգային բոլոր չափանիշներին համարժեք պետականություն։   
ՀՀ-ն պետք է հստակորեն շարունակի իր քաղաքական ուղեգիծը՝ ազգային-պետական շինարարության իմաստով, քանի որ Հայաստանը մեր ժողովրդի երազանքի իրականացումն է, հայկական անկախ պետականության շուրջ պետք է կենտրոնանա ողջ հայությունը։ Սա է Հայ Դատի ռազմավարության առանցքը։
Լ. Մկրտչյանն իր ելույթի ավարտին անհրաժեշտ համարեց շեշտել, որ 21-րդ դարում հայությունը ստացել է շանս, որը եկել է Արցախից, ուրեմն, մեր սերունդն ուղղակի պարտավոր է Արցախի հիմնախնդիրը հասցնել իր հաղթական ավարտին, որպեսզի ճանապարհ բացվի հաջորդ սերունդների համար։ Նա հիշեցրեց կուսակցության կարգախոսը. չի կարելի զիջումներ անել սերունդների իրավունքի հաշվին։  
 altԿիրո Մանոյանն ավելի կոնկրետ ներկայացրեց Հայ Դատի գործունեությունն ու աշխատանքային ծրագրերը։ Նա անդրադարձավ վերջին երկու տարիներին Հայ Դատի գրասենյակների կատարած աշխատանքին, որոնք հիմնականում զբաղված են եղել Արցախի միջազգային ճանաչման հարցով։ 
Նա մասնավորապես իրազեկեց, որ մեկ տարի առաջ Եվրախորհրդարանի պատգամավոր Արցախ բերելը հնարավոր դարձավ  Հայ Դատի Բրյուսելի գրասենյակի շնորհիվ, որը հաջողությամբ գործակցեց ՀՀ և ԼՂՀ արտգործնախարարություննների հետ։ Այսօր արդեն Եվրամիությունը հայտարարում է, որ ինքն է ցանկանում ունենալ ուղղակի շփում Լեռնային Ղարաբաղի հետ։ Այս գործընթացը, Կ. Մանոյանի խոսքերով, պետք է հավելյալ թափ ստանա։ Իսկ ԼՂ-ին ԱՄՆ-ի կողմից հատկացվող ֆինանսական օժանդակության հարցը կարևոր է ոչ այնքան նյութաֆինանսական, որքան՝ ճանաչման առումով։ Մի քանի տարի է, ինչ ԱՄՆ Կոնգրեսը քննարկում է ԼՂ-ին ֆինանսապես օժանդակելու հարցը. Սպիտակ տունն անընդհատ փորձում է նվազեցնել, քվեարկված թվի չափ գումար չհատկացնել, բայց Հայ Դատի գրասենյակը ջանքեր է գործադրում, որպեսզի նախ անփոփոխ թողնի որոշված գումարի չափը, և ապա այն պարտադիր հատկացվի ու ծախսվի։
Վերջին  ճակատը Նախիջևանն է, որն ուղղակիորեն, որպես պահանջ, բարձրացնելը բավականին բարդ խնդիր է, բայց անհրաժեշտ է անընդհատ հիշեցնել, որ կա Նախիջևանը, և այն պատմականորեն հայկական է։
Վերջում բանախոսների և ներկաների միջև ծավալվեց զրույց հայությանը հուզող խնդիրների շուրջ։   
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ